Ա. Լոպուխին
18-21․ Եվ այդ պատճառով էլ Տերը դանդաղում է, որպեսզի ողորմի ձեզ, և ա՛յն պատճառով է դեռևս ուշանում, որպեսզի գթա ձեզ, քանի որ Տերն արդարության Աստվածն է․ երանելի են բոլոր նրանք, ովքեր ապավինել են Նրան։ [18] Ժողովուրդը պետք է ապրի Սիոնի վրա՝ Երուսաղեմում, դու երկար չես արտասվի, Նա կողորմի քեզ՝ ականջալուր լինելով քո ողբի ձայնին, և հենց որ լսի այն, կպատասխանի քեզ։ Եվ Տերը ձեզ վշտի մեջ հաց կտա, և ջուր՝ կարիքի մեջ, ու քո ուսուցիչներն այլևս չեն թաքնվի, և քո աչքերը կտեսնեն քո ուսուցիչներին։ Եվ երբ աջ կողմ կամ երբ ձախ կողմ գնալու լինեք, քո ականջները կլսեն այս խոսքերը, որոնք քո հետևից պիտի հնչեն՝ ասելով․ «Ահա՛ ճանապարհը, ընթացե՛ք դրանով»։ (Սինոդական թարգ․)
«Եվ այդ պատճառով էլ Տերը դանդաղում է․․․» - Տերը դեռևս Սիոնին ազատագրում չի շնորհում և շուտով չի էլ շնորհելու, որովհետև աստվածային արդարությունը պահանջում է, որ մեղավոր հրեաները կրեն իրենց պատիժը։
«Երանելի են․․․» - այսինքն՝ մյուս կողմից էլ նա, ով իր հույսը դրել է Աստծո վրա, երանելի է, որովհետև Աստված ունկնդիր պիտի լինի նրան իր բոլոր աղոթքներում։
«Ժողովուրդը․․․», այսինքն՝ ապաշխարած հրեաները կրկին կբնակեցնեն Երուսաղեմը։ Հետևաբար Աստծո քաղաքը չի ունենա այն տխուր ճակատագիրը, որին արժանացան Բաբելոնը և Նինվեն՝ հավիտենական ամայացման մատնվելով։
«Քո ուսուցիչներն այլևս չեն թաքնվի»․ այսինքն՝ այն ճշմարիտ մարգարեները, որոնց նախկինում Հուդայում մշտապես հալածում և հետապնդում էին՝ որպես հասարակական անդորրը խաթարողների (Գ Թագ․ 18։17, Ամ․ 7։10, Եր․ 38։4 և այլն), պիտի վայելեն ժողովրդի հարգանքը։
«Քո հետևից», այսինքն՝ «քեզանից հետո»։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Սակայն շուտով Աստուած նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ: Տէր Աստուած մեր դատաւորն է: Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
(Արարատ թարգ․) Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։
(Գրաբար) Եւ դարձեալ կանխեսցէ Աստուած գթալ ի ձեզ, եւ վասն այսորիկ բարձրասցի ողորմել ձեզ. զի դատաւոր Տէր Աստուած մեր է: Երանի ամենեցուն ոյք սպասեն նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: