Եսայու մարգարեության մեկնություն 40:12

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով:

   
   Ո՞վ իր ափով չափեց ջրերն ու կշռեց լեռները
   Ինչո՞ւ չի ասում, թե ստեղծեց հրեշտակներին ու պետերին: Որովհետև թեպետ նրանք պատվով մեծ են, բայց կամենում է աչքով տեսանելի բաներով ցույց տալ: Եվ ինչո՞ւ չի ասում, թե հաստատեց երկինքն ու երկիրը, այլ թե՝
չափեց. որովհետև իմանալն Աստծո համար գործել է [նշանակում]: Արդ, ո՞րն է «չափեց ջուրը» խոսքի իմաստը. նախ՝ այն, որ երբ ստեղծեց դրանք, միայն Նա գիտեր դրանց մեծությունը, Ով դրանց Արարիչն էր:
   Երկրորդ՝ չափելն ու կշռելը նախախնամելն է ցույց տալիս, որովհետև արհեստավորները չեն կարող միշտ պահել իրենց ստեղծածը, մինչդեռ Աստված միշտ իր արարածների հետ է՝ պահպանելով [նրանց], որովհետև ամենակալ է և ամեն ինչ կրում է Իր խոսքի զորությամբ, ինչպես որ ասում էլ է:
   Երրորդ՝ որովհետև անսխալաբար իմանալն այն է, որ մարդ ինչ-որ բան է չափում ու կշռում հավաստիորեն գիտենալու համար, մինչդեռ Աստված ոչ թե չափելով է իմանում, այլ տիրաբար գիտե, քանի որ Նա է ստեղծել նրանց: Ինչպես և այս խոսքն է ասում. «Ով քննում է սրտերն ու երիկամունքները» (Սաղմ. 90։10): Սակայն Նա ոչ թե քննելով գիտե, այլ իմանալը «քննել» է [կոչում], քանզի իմանալը քննելուց է: Նույնպես և այստեղ ամենագետ իմաստության պատճառով լեռների ծանրությունը կշռել է անվանում, նաև՝ երկրի չափը, երկնքի լայնությունն ու ջրերի բազմությունը: Որի պատճառով Հուդիթն ասում է. «Որ ջրերի Արարիչդ ես» (Հուդիթ 9։17):
   Չորրորդ՝ անչափելի մեծությունն է նշանակում, այնպես որ երկինքը նրա թզի չափ է, երկիրը՝ քլի, իսկ ծովի ջրերը Նրա մի ափի չափ են, իսկ լեռները կշիռ ունեն, այսինքն՝ ոչ միայն հողմերը չեն կարող խորտակել լեռներին, այլև լեռները՝ հողմերին շրջել:
   Հինգերորդ՝ սա ասում է, որպեսզի չքննվի, թե ինչու է մեզ գերեվարում ու ետ դարձնում: Երբ երկինքն ու երկիրը Իր ափի մեջ ունի՝ ոչ ոք չի կարող իմանալ Նրա խորհուրդները:
   Վեցերրորդ՝ սա ասում է բաբելացիների համար, որոնք ծովի ջրերի նման բազում էին թվում և անխոնարհելի լեռների նման բարձրացած, ուստի այսպես է ասում, քանի որ թեպետ մեզ այսպես է թվում, սակայն այդ բոլորը Աստծո մոտ ջրի մի կաթիլ են ու կշռի մեկ նիշ:
   

Ա․ Լոպուխին

12-14․ Ո՞վ չափեց ջրերը իր ափով, և երկինքը՝ իր թիզով սահմանեց, և ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին, և կշռաքարով կշռեց սարերը, և բլուրները՝ կշեռքով։ [12] Ո՞վ հասկացավ Տիրոջ հոգին, և Նրա խորհրդատուն եղավ ու ուսուցանեց Նրան։ Ո՞ւմ հետ է Նա խորհրդակցում, և ո՞վ է Նրան խրատում և Նրան ուղղորդում արդարության ճանապարհով, և Նրան գիտելիք ուսուցանում ու իմաստության ճանապարհը ցույց տալիս Նրան: (Սինոդական թարգ․)
   
   12-26-րդ համարներում ամփոփվում է խոսքի երկրորդ մասը, որը բովանդակում է ուսուցումներ և հանդիմանություններ։ Այս հատվածն էլ իր հերթին բաժանվում է երկու մասի՝ 12-17-րդ և 18-26-րդ համարներ: Դիտարկվող այս ողջ երկրորդ հատվածի ընդհանուր իմաստը Տիրոջ Իմաստության, Ամենակարողության, Մեծության և Զորության բացահայտումն է։ Առաջին կեսում այն զարգանում է դրական, իսկ երկրորդ մասում՝ ժխտական ուղղվածությամբ, այսինքն՝ կուռքերի անզորության և ունայնության հանդեպ հակադարձ համեմատականության ճանապարհով։

   Ինչ վերաբերում է նման փաստարկների նպատակին և նախորդների հետ դրանց կապերին, ապա այս ամենի լավագույն հանգուցալուծումը հետագա համատեքստն է՝ հատկապես 27-րդ համարում հնչող հարցը. «Ինչպե՞ս ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ գործը մոռացված է իմ Աստծո կողմից»։ Ակնհայտ է, որ ժամանակաշրջանի աղետները և Մեսիայի գալստյան սպասման երկարաձգումը փոքրոգի մարդկանց մտքերում զորավոր կասկածներ ծնեցին լավագույն ժամանակների գալստյան վերաբերյալ, և այդ կասկածները նրանց հանգեցրին այն մտքին, որ Աստված կա՛մ չի կարող («իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից»), կա՛մ էլ չի ուզում («իմ գործը մոռացված է իմ Աստծո կողմից») նրանց ազատագրում շնորհել։ Նմանատիպ, էութենապես աստվածանարգ մտքին հակառակվելով՝ մարգարեն իր ողջ ուժով նախատում է նման փոքրոգի և անհեռատես քննադատներին ու միաժամանակ նրանց առջև բացահայտում է Բարձրյալի ողջ մեծությունն ու զորությունը։

   «Ո՞վ չափեց ջրերը իր ափով, և երկինքը՝ թիզով սահմանեց»։  «Ափ» և «թիզ» բառերի կիրառումը, այսպես ասած, անչափելի մեծությունները՝ ջուրն ու երկինքը չափելու համար, կարող է թվալ տարօրինակ։ Ոմանք սա բացատրելու համար ենթադրում են, որ այստեղ մենք գործ ունենք սուրբգրային անթրոպոմորֆիզմի (մարդակերպության) հետ։ Սակայն հազիվ թե կարիք կա նման ենթադրություններ անելու․ առավել բնական և դյուրին կլինի այստեղ տեսնել պարզ ցուցում չափման միավորների վերաբերյալ․ «zchoal», հունարեն՝ «χειρ», այսինքն՝ «ձեռք», «ափ», և «zeref»՝ «δράξ», այսինքն՝ «թիզ» տերմիններն ինչպես մյուս ժողովուրդների, այդպես էլ հրեաների կողմից համարվել են չափման բնական միավորներ։

   Սա առավել հավանական է, որովհետև այնուհետև չափման միավորներին հաջորդում են կշռի միավորները՝ կշեռքի ու կշռաքարերի նկարագրությամբ. «․․․և կշռաքարով կշռեց սարերը, և բլուրները՝ կշեռքով»։ Նման ցուցումների նշանակությունն այն էր, որ դրանք պետք է բացեին մարդու աչքերը՝ ցույց տալու համար աշխարհի երևույթների նկատմամբ նրա բացարձակ անպատասխանատվությունը։ Եթե մարդն այնքան թույլ ու անօգնական է, որ չի կարող ճշգրիտ հաշվարկներ և չափումներ կատարել բնության ամենատարրական երևույթների առնչությամբ, ապա ուրեմն նա ինչպե՞ս կարող է համարձակվել դատողություններ անել Աստծո բացարձակ Էության մասին։

   Հենց այս միտքն է արտահայտվում հաջորդ՝ 13-14-րդ համարներում։ «Ո՞վ հասկացավ Տիրոջ հոգին, և Նրա խորհրդատուն եղավ ու ուսուցանեց Նրան»։  Եթե Աստծո կողմից արարված տեսանելի աշխարհը չի կարող մարդու մտքով պարփակվել, ապա ուրեմն այդ նույն մարդկային միտքն առավել ևս չի կարող պարփակել Աստծո զորավոր Հոգուն (Սուրբգրային մեկնություն, Երեմ. 23:18, Իմաստ. 9:13, Հռոմ. 11:34, Ա Կորնթ. 2:16)։ Այս խոսքերի դառը հեգնանքը լավագույնս բացահայտում է մարդկային քննադատության ողջ անզորությունն Աստվածային ծրագրերի մեծասքանչության և անհասանելիության առջև։ Իզուր չէ, որ Պողոս առաքյալը, Եսայի մարգարեի այս խոսքերը մեջբերելով, դրանց կանխապես հավելում է սույն բացականչությունը. «Ո՜վ խորություն աստվածային հարստության, իմաստության և գիտության։ Ինչքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները (Հռոմ. 11:31)»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով:
(Արարատ թարգ․) Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։
(Գրաբար) Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն` քլաւ: ո՞ կշռեաց զլերինս կշռով, եւ զդաշտս կշռորդաւք: