Եսայու մարգարեության մեկնություն 40:13

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար:
   
   Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը
   Այս ով-ը անջրպետում է եղական միտքը, մինչդեռ հերձվածողները Որդուն և Հոգուն նույնն են համարում այն պատճառով, որ Որդին ասում է. «Ինչ լսեցի Հորից՝ պատմում եմ ձեզ» (Հովհ. 15։15), իսկ Հոգու համար ասում է. «Ինչ կլսի՝ կպատմի ձեզ» (Հովհ. 16։13): Արդ, որ Որդին հավասար է Հոր գիտությանը, Նա Ինքն է ասում. «Ոչ ոք չգիտե Հորը, եթե ոչ՝Որդին» (Մատթ. 11։28), «Ինչպես գիտե Ինձ Հայրը, այնպես էլ Ես գիտեմ Հորը» (Հովհ. 10։15): Իսկ Սուրբ Հոգու մասին Պողոսն ասում է. «Ոչ ոք չգիտե Աստծունը, եթե ոչ Հոգին, որ Նրա մեջ է» (Ա Կորնթ. 2։11), որովհետև «Հոգին ամեն ինչ քննում է, նաև Աստծո խորքերը» (Ա Կորնթ. 2։11): Եվ որ Երրորդությունը հավասարապատիվ է, նրանից է հայտնի դառնում, որ ասվում է. «Գնացեք մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28։19-20): Իսկ այն, որ ասում է. «լսեցի» և թե՝ «կլսի»՝ պատճառի՝ Հոր համար է ասում:
   Ի՞նչ է նշանակում մարգարեի խոսքը, որ ասում է. «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը», և առաքյալինը, թե՝    «Մենք Քրիստոսի միտքն ունենք» (Ա Կորնթ. 2։16):
   Պատասխան. Այս խոսքերը չեն հակասում միմյանց, որովհետև առաքյալը ոչ թե անճառելի ու անհասանելի խորհուրդը նկատի ունի, այլ միտք ունենալը, այն է՝ Հոգու հայտնությունը, երբ ըստ մեր կարողության չափի, Իր Հոգով, ինչպես ասում է, հայտնեց մեզ (Ա Կորնթ 2։10):
   Ո՞վ եղավ Նրան խորհրդակից, այսինքն՝ ստեղծվածներիցս և ոչ ոք, այլ՝ միայն Իր Որդին և Հոգին: Տե՛ս և հիշի՛ր. սա հակառակ է հրեաներին, որոնք ասում են, թե հրեշտակների հետ խորհեց և ասաց. «Մարդ ստեղծենք, համաձայն մեր պատկերի» (Ծննդ. 1։26), բայց մարգարեն ահա ասում է, թե ո՞վ եղավ Նրան խորհրդակից: Իսկ մեզ այս խոսքերից երեք բան է պարզ դառնում. նախ՝ այն, որ ոչ մեկը Աստծո «պատճառ» չէ, որ գիտության խորհրդի մեջ բերեր Նրան: Երկրորդ՝ ոչ ոք համեմատելի չէ Աստծո հետ, որ խորհրդակից դառնա Նրան: Երրորդ՝ որովհետև բոլոր խորհուրդներն ու իմաստությունները Նրանից են մեզ [հասնում]:
   

Ա. Լոպուխին

Ո՞վ հասկացավ Տիրոջ հոգին, և Նրա խորհրդատուն եղավ ու ուսուցանեց Նրան։ [13] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 40:12
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար:
(Արարատ թարգ․) Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։
(Գրաբար) Ո՞ գիտաց զմիտս Տեառն, եւ ո՞ եղեւ նմա խորհրդակից` եթէ խելամուտ արասցէ զնա: