Եսայու մարգարեության մեկնություն 40:21

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը:
   
   Եվ այստեղ սկզբում եղած իրերի համաձայն, Աստծո հետ ծանոթությունը երեք կերպ է իրականացնում, նախ՝ լսելիքով, երկրորդ՝ իմաստությամբ,
   երրորդ՝ տեսանելիքով: Քանզի կամ նախնիներից կլսեն, թե՝ «Սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծնnդ. 1։1), և եթե ոչ իրերի բնությամբ, ապա մտքով կիմանան, քանզի ամեն ինչի համար պետք է մի սկիզբ ու պատճառ լինի, իսկ եթե ոչ՝ աչքով կտեսնեն երկինքն ու երկիրը: Առաջինի վերաբերյալ ասում է.
   «Չլսեցի՞ք ու ձեզ չպատմվե՞ց, թե ով հաստատեց երկրի հիմքերը»:
   Երկրորդի համար ասումէ. «Չիմացաք ու չգիտեցաք» :
   Երրորդի համար ասում է. «Վեր բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք, որ Նա է, որ իշխաններին անիշխանության է դատապարտում» (40։26,23):
   Արդ, երկրի վրա չորս բան է երևում. նախ՝ երկրի հաստատությունը և ջրերի ընթացքը: Երկրորդ՝ թագավորների փոփոխվելը, աղքատների հարստանալը և հարուստների աղքատանալը:

   Երրորդ՝ մարդկանց խորհուրդների ու կամքի խափանումը, քանզի բազում բան ենք խորհում ու կամենում, բայց չեն կատարվում:

   Չորրորդ՝ մթնոլորտի և բույսերի փոփոխումը. առաջինի մասին Դավիթն ասում է. «Երկիրը հաստատեց Իր հաստատության վրա, որպեսզի չսասանվի» (Սաղմ. 103։5), և թե՝ «Աղբյուրներն առաքեց լեռների ծործորներով» (Սաղմ. 103։10): Դարձյալ, Աննան ասում է՝ «Տերն է աղքատացնում և Տերը՝ հարստացնում» (Ա Թագ. 2։7):

   Երրորդի համար [ասվում է.] «Տերը ցրում է խորհուրդներ» (Սաղմ. 32։10), իսկ չորրորդի համար՝ «Նա ձյունը տեղացնում է ինչպես բուրդ և մեգ, ուղարկում է Իր խոսքը ու հալեցնում դրանք, փչում են հողմերը և հոսում ջրերը» (Սաղմ. 147։16,18), և թե՝ «Լեռներում խոտ աճեցրիր ու բանջար» (Սաղմ. 103։14):

   Երկնքում նույնպես տեսանելի է չորս բան. նախ՝ երկնքի լայնատարած մեծությունն ու հաստատուն կամարը, երկրորդ՝ նրա գեղեցկաղարդ լինելը, երրորդ՝ անդադար շարժումը, չորրորդ՝ լուսատուների այլայլումը, այսինքն՝ երբեմն խավարելը, ինչպես Քրիստոսի խաչելության ժամանակ, երբեմն ետ դառնալն ու կանգնելը, ինչպես Հեսուի ու Եզեկիայի ժամանակ: Սրանցից հարկ է իմանալ, թե կա սրանց Արարիչը: Առաջինի համար մարգարեն ասում է, «Երկինքը հաստատեց որպես կամար» (հմմտ. Ամովս 4։13):
   Երկրորդի համար ասում է. «Ո՞վ ստեղծեց նրա համակարգությունը» (40։26):

   Երրորդի համար Ժողովողն ասում է. «Շրջելով շրջում է երկինքը», և թե՝ «Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը» (Ժող. 1։5):

   Չորրորդի համար Դավիթն ասում է. «Խավարը ստեղծեցիր, ու գիշեր եղավ» (Սաղմ․ 103։20):

   

Ա․ Լոպուխին

Մի՞թե չգիտեք, մի՞թե դուք չլսեցիք, մի՞թե չպատմվեց ձեզ սկզբից. մի՞թե դուք բան չհասկացաք երկրի հիմնադրությունից։ [21] (Սինոդական թարգ․)
   
   «Մի՞թե չգիտեք…մի՞թե չպատմվեց ձեզ սկզբից, մի՞թե դուք բան չհասկացաք երկրի հիմնադրությունից»։ Անդրադառնալով կուռքերին վերաբերող հարցին՝ մարգարեն մտքերի բնական հարաբերակցությամբ անցում է կատարում իր կռապաշտ ժամանակակիցների կարճառոտ, սակայն զորեղ պախարակմանը։ Եթե Աստվածությանն արարածի նմանեցնելը և անարգ կուռքերի տեսքով պաշտելը որևէ խելամիտ արդարացում չունի նույնիսկ հեթանոսների, ապա այն էլ առավել աններելի է Իսրայելյան ժողովրդի համար, որին վաղուց ի վեր՝ աշխարհի և մարդու պատմության ամենասկզբից սկսած մեկ անգամ չէ, որ բացահայտվել, բացատրվել և դրոշմագրվել է Աստծո մասին ճշմարիտ գիտությունը։ «Հասկանալ երկրի հիմնադրությունից» արտահայտությունն առավել ճշգրիտ կլինի հասկանալ «բնական աստվածաճանաչողություն» նշանակությամբ, որի մասին խոսում է նաև Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի այն հայտնի հատվածում (Հռոմ. 1:20):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը:
(Արարատ թարգ․) Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։
(Գրաբար) Ոչ լսէք եւ ոչ իմանայք, եւ ո՞չ պատմեցաւ ձեզ ի սկզբանէ. ո՞չ գիտացէք թէ ո հաստատեաց զհիմունս երկրի: