Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»:
Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը
Նախ՝ մարմնին խառնվելով, երկրորդ՝ հրեշտակների վարքը երկրի վրա հաստատելով, երրորդ՝ երբ բարձրացավ Խաչի վրա:
Եվ ամեն մարմնավոր տեսնելու է Աստծո փրկությունը
«Աստծո փրկությունն» է ասում, և ոչ թե՝ մի որևէ մարդու, որովհետև «սուտ է մարդու փրկությունը» (Սաղմ. 98։3), իսկ որ ասում է՝ամեն մարմնավոր՝ նրանք են, ովքեր հավատացին ու ճանաչեցին, իսկ ովքեր չհավատացին՝ լսելով ականատես եղան: Դարձյալ, ապագայի համար է ասում՝ «Ամեն լեզու խոստովանելու է Հիսուսին որպես Տեր» (Փիլիպ. 2։11):
Ա․ Լոպուխին
Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին պիտի տեսնի Աստծո փրկությունը, որովհետև Տիրոջ բերանը խոսեց այդ ամենը։ [5] (Սինոդական թարգ․)
«Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը»: Երբ ճանապարհը պատրաստ կլինի և բոլոր խոչընդոտները կվերացվեն, այդժամ կիրականանա Տիրոջ փառքի և մեծավայելչության հայտնությունը: «Տիրոջ փառքը միշտ է հայտնվել»,- արդարացիորեն նկատում է Հովհան Ոսկեբերանը՝ այդպիսով հնարավորություն տալով տեսնելու մարգարեական այս մխիթարության պատմականորեն իրականացումը հրեաների՝ բաբելոնյան գերությունից ազատվելու փաստի մեջ։ «Սակայն Տիրոջ փառքն առավելապես հայտնվեց այն ժամանակ,- շարունակում է Հովհան Ոսկեբերանը,- երբ Աստված մարդու կերպարանք ստացավ»: Այս վերջին մեկնաբանությունն առավել տարածված է, ընդ որում, հաշվի առնելով հորդանանյան անապատում Հովհաննես Մկրտչի նախորդող քարոզչությունը՝ Տիրոջ այս փառքի հայտնությունը հատկապես համընկնում է մի որոշակի իրադարձության՝ Տիրոջ Մկրտության դրվագին և դրան ուղեկցող Աստվածահայտնությանը, այսինքն՝ Երրորդության Անձերի խորհրդի հայտնությանը: Սակայն առավել լայն և ընդհանուր իմաստով դա կարելի է վերագրել նաև Աստծո Որդու մարմնավորման փաստին, որի առնչությամբ Հովհաննես Ավետարանիչը արտահայտիչ կերպով ասում է. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք Նրա փառքը, նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): «Տիրոջ փառք»-ի բուն պատկերը, որպես խավարի մեջ շողացող պայծառ ու շլացուցիչ լույս, մեկ անգամ չէ, որ հանդիպում է ինչպես Աստվածաշնչի՝ առավել վաղ շրջանում գրված գրքերում (Ելք. 13:21, Ելք. 40:35, Գ Թագ. 8:10-11), այդպես էլ նաև հենց Եսայի մարգարեի գրքում (Ես. 60։1 և 66:18):
«Եվ ամեն մարմին պիտի տեսնի» - Որպես փրկության Աղբյուր «Աստծո փառք»-ի հայտնությունը, թեև այն տեղի է ունենալու հրեաների մեջ, այդուհանդերձ այն նշանակալի է լինելու նաև մյուս բոլոր ժողովուրդների համար: Այն պիտի տեսնեն, պիտի ճանանչեն ու պիտի զգան ընկած և վերածված ողջ մարդկությունը, ինչի մասին որ հետագայում գրեթե բառացիորեն նշում է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 3:6):
«Որովհետև Տիրոջ բերանը խոսեց այդ ամենը» - Ասվածը հնարավորինս հաստատելու համար աստվածային բարձրագույն հեղինակության մատնանշումը Եսայիա մարգարեի կողմից օգտագործվող սովորական մեթոդ է և շատ արժեքավոր է մեզ համար գրքի իսկության և ամբողջականության հարցը քննելիս (Ես. 1:20, Ես. 21:17, Ես. 58։14 և այլն:)
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»:
(Արարատ թարգ․) Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։
(Գրաբար) Եւ երեւեսցին փառքն Տեառն. եւ տեսցէ ամենայն մարմին զփրկութիւն Աստուծոյ, զի Տէր խաւսեցաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: