Ա. Լոպուխին
«Լսեցե՛ք, խուլեր՛, ու նայե՛ք, կույրե՛ր, որպեսզի տեսնեք»: [18] (Սինոդական թարգ․)
Այս գլխի վերջին հատվածը բովանդակում է պատգամ՝ ուղղված հրեաներին (18-րդ համար), նկարագրում է նրանց ներքին խստասրտությունն ու արտաքնապես վշտալի դրությունը (19-22-րդ համարներ), ինչպես նաև հռչակում է Իսրայելին սպասվող Աստվածային ահեղ դատաստանի մասին (23-25-րդ համարներ): Ոմանք, սակայն, այս հատվածի ամբողջ առաջին կեսը վերագրում են ո՛չ թե Իսրայելական ժողովրդին, այլ Տիրոջ «Ծառայի» (այսինքն՝ Հոր կամքը Կատարողի) կերպարին ՝ այն սիրելի Ծառային, Որի մասին խոսվում էր նաև սույն գլխի սկզբնամասում (տե՛ս Rawlinson և Властов): Ըստ այսմ, նրանք տալիս են նաև ա՛յն «տկարությունների» յուրօրինակ մեկնաբանությունը (կուրություն և խլություն), որոնք այստեղ հիշատակվում են՝ բացատրելով, որ այդ տկարությունները մեղավորի հանդեպ համբերատարության, Աստվածային հանդուրժողականության ու սիրո դրսևորումներ են։
«Լսեցե՛ք, խուլեր՛, ու նայե՛ք, կույրե՛ր․․․» - Ըստ երևույթին, սա որոշակի առումով տարօրինակ կոչ է խուլերին ու կույրերին՝ օգտվելու համար ա՛յն զգայարաններից, որոնցից նրանք զրկված են: Ակնհայտորեն այստեղ նկատի է առնվում ո՛չ թե տեսնելու և լսելու կարողությունների ամբողջական բացակայությունը, այլ դրանց լրջորեն վնասումը, ինչպես որ դա բացատրում է նաև Մատթեոս Ավետարանիչը՝ ասելով. «Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, ու իրենց ականջներով ծանր են լսում, և փակեցին իրենց աչքերը» (Մատթ․ 13:15): Մարգարեն ու Ավետարանիչն այստեղ միևնույն բանի՝ Իսրայելական ժողովրդի խստասրտության մասին են խոսում, իսկ մասնավորապես այստեղ խոսքը հրեա «բռնի ու կույր առաջնորդների»՝ օրենսգետների ու փարիսեցիների մասին է (Մատթ. 13:16-19, Հովհ. 9:39):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք.
(Արարատ թարգ․) Ո՛վ խուլեր, լսե՛ք. ո՛վ կույրեր, նայե՛ք, որ տեսնեք։
(Գրաբար) Խուլք` լուարուք, եւ կոյրք հայեցարուք տեսանել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: