Եսայու մարգարեության մեկնություն 43:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի. եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի.
   
   Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի, ինչպես Հեսուի օրերում (Թվեր 13, 14):
   Եվ եթե կրակի միջով անցնես՝ չես այրվելու, և բոցը քեզ չի այրելու, ինչպես երեք մանուկները կրակե հնոցում չայրվեցին, բայց դրսում գտնվող բաբելացիները այրվեցին, իսկ թագավորը տագնապի մեջ էր: Նույնպես և վախճանի օրը կրակը չի այրելու արդարներին, այլ՝ ամբարիշտներին, որոնց գործերը փայտ ու խոտ են: Իսկ այժմ այս կյանքում Աստծո շնորհներն անգամվշտի մեջ եղող մարդու, առաքինություններն անխռով են պահում, մինչդեռ չարը խոր խաղաղության մեջ էլ տագնապի մեջ է պահում չարագործներին, որովհետև վերջիններս տևապես տանջվում են իրենց խորհուրդներում: Երբ, օրինակ, տենդը մարմնում է՝ օդի քաղցրությունից [հիվանդը] ոչ մի օգուտ չունի, նոյնպես և մեղավոր հոգու համար ոչ մի օգուտ չունի մարմնի գեղեցկությունն ու առողջությունը, կամ զգեստները, կամ էլ արտաքին ուրախությունը և այլն, որովհետև այդպիսին «նման է ծեփված գերեզմանի, և ներքուստ լի է գարշահոտությամբ» (Մատթ. 23: 27): Նրա մարմինը նման է դիակիր դագաղի, որովհետև թեպետ ուտում և խմում ու խոսում է, սակայն հոգին նրանում մեռած է և լի՝ դառնությամբ:
   

Ա. Լոպուխին

«Եթե ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, եթե գետերի միջով անցնես, նրանք քեզ չեն խեղդի: Եթե կրակի միջով անցնես, չես այրվի, ու բոցը քեզ չի կիզի»: [2] (Սինոդական թարգ․)
   
   «Եթե ջրերի…գետերի...կրակի…բոցի միջով անցնես...» - Սա ընդհանրական խորհրդանշումն է երկրային տարատեսակ չարչարանքների ու աղետների, որոնցից Տերը բազմաթիվ անգամներ փրկել էր Իր Իսրայելին: Սակայն, իհարկե, կարելի է այստեղ փնտրել ավելի որոշակի ակնարկներ պատմական իրողությունների վերաբերյալ, օրինակ՝ «գետերի» միջով անցնելու մասին խոսքում կարող ենք ակնարկ տեսնել Բաբելոնյան գերության վերաբերյալ, երբ հրեա ժողովուրդը գերության էր տարվել մեծ գետից այն կողմ: Նկատի ունենալով այն «կրակի» մասին հղումը, որը չէր այրելու, ու այնպիսի մի «բոցի» մասին հիշատակումը, որը չէր կիզելու՝ հիմքեր ունենք այստեղ տեսնելու մարգարեական ակնարկ այն երեք պատանիների պատմության վերաբերյալ, որոնց բաբելոնացիները գցել էին կրակի մեջ (Դան. 3): Որպես այս հատվածին ամենամոտ զուգահեռ՝ չենք կարող չմատնանշել Սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց Դու մեզ դուրս բերեցիր դեպի ազատություն» (հմմտ. Սաղմ. 65:12): Ոմանք սույն մարգարեական մխիթարության պատմական արդարացումը տեսնում են հենց այն մասնավոր իրադարձության մեջ, որը տեղի է ունեցել հրեաների՝ Բաբելոնյան գերությունից վերադառնալու ժամանակ, ու նկարագրված է Եզրասի առաջին գրքում (Եզր. 8:22-31): Հինկտակարանյան Եկեղեցու՝ կրակի միջով անցնելու փորձության մասին հիշատակումն ակնարկում է Անտիոքոս Եպիփանեցու սանձազերծած հալածանքները (Ա Մակ. 1):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի. եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի.
(Արարատ թարգ․) Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
(Գրաբար) Եւ եթէ անցանիցես ընդ ջուրս` ընդ քեզ եմ, եւ գետք` զքեզ մի ողողեսցեն, եւ եթէ անցանիցես ընդ հուր` մի այրեսցիս, եւ բոց նորա` զքեզ մի կիզցէ: