Ա. Լոպուխին
«Երբ Ես եկա, ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ Ես կանչեցի, ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց. մի՞թե Իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի ազատել, և կամ Ես զորություն չունեի՞ փրկելու համար։ Ահավասիկ, Ես Իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, գետերը վերածում եմ անապատի. դրանց ձկները ջուր չլինելու պատճառով փտում են և սատկում ծարավից»։ [2] (Սինոդական թարգ․)
«Երբ Ես եկա, ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ Ես կանչեցի, ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց» - Եթե Տերն ամուսնալուծության վկայագիր տար Իսրայելին, ապա այդ դեպքում Նա որոշակիորեն պատասխանատվություն կկրեր տեղի ունեցած ապահարզանի համար: Իրականում, սակայն, Նա բացարձակապես չէր համակրում և չէր ցանկանում նմանատիպ բաժանումը, այլ, ընդհակառակը, հոգ էր տանում այդ «ամուսնական» կապի ամրապնդման և զորացման մասին, չնայած որ դիմացինի կողմից համապատասխան արձագանքի չարժանացավ։
«Ահավասիկ, Ես Իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, գետերը վերածում եմ անապատի. դրանց ձկները ջուր չլինելու պատճառով փտում են և սատկում ծարավից» - Այս խոսքերը բավական պարզորոշ ակնարկում են Աստծո՝ Իսրայելին այցելության գնալու իրողությունների մասին, այցելությո՛ւն, որը դրսևորվում էր իսրայելացիներին ցուցաբերված օգնությամբ և հովանավորությամբ, ինչպես, օրինակ, այն դեպքում, երբ հրեաներն անցան Կարմիր ծովը (Ելք 14), կամ երբ Հեսու Նավեի օրոք Հորդանանի ջրերը բաժանվեցին (Հեսու 3), կամ էլ երբ եգիպտացիներին առերեսված պատուհասների ժամանակ ջուրն արյան վերածվեց (Ելք. 7:20-21): Սակայն Երուսաղեմը, մարգարեներին ծեծելով և Տիրոջ կողմից ուղարկվածներին քարկոծելով, նույնիսկ Տիրոջ՝ դեպի Երուսաղեմ հանդիսավոր մուտքի օրը չհասկացավ, որ Տերը եկել էր իր փրկության և խաղաղության համար, ինչպես Հիսուս Քրիստոս Ինքն է վկայում (Մատթ. 23:36):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու: Ահա իմ կշտամբանքով կը ցամաքեցնեմ ծովը, կը չորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կը չորանան նրանց ձկները ու կը սատկեն ծարաւից:
(Արարատ թարգ․) Երբ ես եկա, ինչո՞ւ մարդ չկար. երբ ես կանչեցի, ինչո՞ւ պատասխանող չկար. մի՞թե իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի փրկել, և կամ ես ուժ չունեի՞ ազատելու։ Ահա ես իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, անապատ եմ դարձնում գետերը, և ջուր չլինելու պատճառով հոտում են դրանց ձկները և սատկում ծարավից։
(Գրաբար) Զի եկի, եւ ոչ գոյր մարդ. կոչեցի` եւ ոչ ոք էր որ լսէր: միթէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ. կամ ո՞չ զաւրեմ ապրեցուցանել: ահա կշտամբութեամբ իմով աւերեցի զծով, եւ զգետս ապականեցից. եւ ցամաքեսցին ձկունք նոցա ի ջուրցն պակասութենէ. եւ մեռցին ի ծարաւոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: