Եսայու մարգարեության մեկնություն 60:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

1-2․ Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը,եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու: Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու:
   
   Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղեմ, որովհետև հասել է քո լույսը։

   Այլ թարգմանություններ ասում են. «Վե՛ր կաց և լուսավորվի՛ր, Երուսաղեմ»։ Այստեղ Երուսաղեմը խորհրդանշում է հեթանոսների եկեղեցին, որը տկարացած էր ու ենթարկված մեղքերի մոլորությանը և կռապաշտությանը, որի պատճառով մարգարեն ասում է. «Վե՛ր կաց, դու, որ նստած ես, և լուսավորվի՛ր խավարիցդ։» Իսկ Յոթանասնից [թարգմանության մեջ] «լուսավորվի՛ր» բառը կրկնվում է, որովհետև նորադարձ հավատացյալները շնորհներն ընդունելուց հետո ծուլությամբ և ապերախտությամբ զրկվեցին լույսի շնորհներից, որի պատճառով կրկնում է այդ բառը, որպեսզի երբ ընդունենք այդ խոսքը, այն մշտապես վառ պահենք մեր հիշողության մեջ: «Որովհետև հասել է քո լույսը», որ Քրիստոս է: Այս է ասում նաև Պողոսը՝ եփեսացիներին ուղղված նամակում. «Վե՛ր կաց, որ ննջում ես, և քեզ կլուսավորի Քրիստոս» (Եփես. 5:14): Եվ որ այս նյութական լույսի մասին չէ խոսքը, հայտնի է երեք բանից. նախ՝ որովհետև հորդորում է՝ ասելով. «Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր», և քանի որ երբ այս լույսը երևար, կամա թե ակամա լուսավորելու էր շուրջբոլորը, հետևաբար եթե խոսքը նյութական լույսի մասին լիներ, իմաստ չէր ունենա նման ձևով արտահայտվելը:
   Երկրորդ՝ որովհետև ասում է՝ քո լույսը, և արդ, այդ լույսը մասնավորաբար մեկինը չէ, այլ՝ ամենքինը:
   Երրորդ՝ որովհետև ասում է՝ «Տիրոջ փառքը քո վրա է ծագելու», ուստի պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր լույսի մասին, որի ուղեկիցը Աստծո փառքն է, որովհետև արեգակի և աստղերի փառքի փայլումն առավել կամ նվազ է, համաձայն Պողոսի. «Այլ է արեգակի փառքը, և այլ է լուսնի փառքը» (Ա Կորնթ. 15:41): Մինչդեռ Աստծո փառքը հոգևոր է, որ ծագում է համաձայն շնորհների, իսկ շնորհաբաշխ Արեգակը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Որը լուսավորեց Եկեղեցին Իր մարմնապես երևումով, ինչպես ասում է Դավիթը. «Մեր Տեր Աստված երևաց մեզ» (Սաղմ. 117:27): Եսայու այս խոսքը շարադրանքի վեցերորդ տասնյակում է զետեղված՝ ի խորհուրդ վեցերորդ դարի, որի մեջ երևաց աշխարհի Լույսը [2]՝ վեց եղանակով լուսավորելով մեզ, որ խավարել էինք վեց պատճառներով. նախ՝ անգիտության խավարով, որից [դարձրեց] դեպի գիտության լույսը,
   երկրորդ՝ մեղքի պատճառով, որից դեպի արդարության լույսը տարավ մեզ,
   երրորդ՝ կուռքերի պատճառով, որոնց պաշտամունքից մեզ առաջնորդեց դեպի աստվածպաշտության լույսը։
վՉորրորդ պատճառը տրտմությունն էր, որից դեպի ուրախության լույսը ընթացանք, ըստ որում մեր աչքերից սրբեց ամեն տեսակ արտասուք:
վՀինգերորդը մահվան ստվերն էր, որից դեպի կյանքի լույսն առաջնորդեց, ըստ այն խոսքի, թե՝ «Խափանեց մահը և լուսավորեց կյանքն ու անմահությունը» (Բ Տիմ. 1:10):
   Վեցերորդ՝ նաև մեր նյութակա՛ն աչքերն էին խավարել, և Քրիստոս լուսավորեց նաև մարդկանց նյութեղեն աչքերը, ինչպես ի ծնե կույրի պարագայում: Ըստ այսմ, հիրավի այս մարգարեն վաղօրոք ավետում է ճշմարիտ Լույսի գալուստը, Որը լուսավորում է ամեն մարդու, որ պիտի աշխարհ գա:

   Արդ, թե Քրիստոս ինչո՞ւ, ի՞նչ հավաստի պատճառներով լույս անվանվեց, ասվեց այլ տեղում: Իսկ այժմ խոսենք լուսավորվելու համար անհրաժեշտ բազում պայմանների մասին, նախ՝ որովհետև լույսը լուսավորում է ոչ թե ըստ իր ճառագայթի զորության, այլ ըստ աչքերի կարողության, քանի որ կույրն ու աչքերը փակողն ամենևին չեն տեսնում, ճպռոտ աչքերը վատ են տեսնում, իսկ զորավոր աչքեր ունեցողը առավելագույնս լուսավորվում է: Նույնպես և անհավատներն ու նրանք, ովքեր կամովին ուրանում են Աստծուն՝ չեն լուսավորվում Քրիստոսից, իսկ հավատի մեջ թերիները նման են ճպռոտ աչքեր ունեցողներին, իսկ հավատով կատարյալներն ու գործերով մաքուրները առավելագույն [չափով են] լուսավորվում:

   Երկրորդ՝ ոմանք լույսից լուսավորվում ու այդ լույսն իրենց միջոցով հաղորդում են այլոց, ինչպես ապակին և ջուրը, ոմանք լուսավորվում են, բայց չեն լուսավորում, ինչպես բամբակը կամ երկաթը, իսկ ոմանք էլ ո՛չ լուսավորում են, ո՛չ էլ լուսավորվում, այլ դեռ խավարեցնում են իրենց ստվերով, ինչպես քարն ու հողը: Նույնպես և առաքյալները, հայրապետներն ու վարդապետները, Քրիստոսով լուսավորվելով, լուսավորում են ուրիշներին, ըստ այն խոսքի, թե՝ «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5:14): Իսկ հավատացյալ ժողովուրդները իրենք իրենց են լուսավորվում, ըստ այն խոսքի, թե՝ «Ես որպես լույս եկա աշխարհ, ով հավատա Ինձ՝ խավարում չի մնա» (Հովհ. 12:46), այլ կընդունի կյանքի լույսը, իսկ ովքեր չեն լուսավորվում, ինչպես աշխարհասերներն ու անզեղչ քարոզվողները, անլույս են մնում և ուրիշներին փակում են մեղքի ստվերի մեջ, ըստ այս խոսքի. «Դուք չեք մտնում և ուրիշներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23:13):

   Երրորդ՝ ինչպես լույսը մերժում է խավարը և լուսավորում է օդը, նույնպես և Քրիստոս փարատում է մեղքի ու տգիտության տխրությունը և ուրախացնում է լույսի գիտությամբ ու արդարությամբ, ինչպես ասվեց վերևում, որովհետև փառքով շողարձակելու մասին է, որ ասվում է. «Տիրոջ փառքը քո վրա պիտի ծագի» (հմմտ. Ղուկ. 2:9):

   Չորրորդ՝ ինչպես լույսն իսկույն լուսավորում է բոլոր հեռավորներին, նույնպես և Քրիստոսի երևալուց փութով լուսավորվեցին հեթանոսների հեռավոր ազգերը, ինչպես ասում է Հովհաննեսը. «Հեթանոսները քայլելու են Քո լույսը ծագելիս» (հմմտ. Հայտն. 21:24):

   Հինգերորդ՝ ինչպես լույսի ծագման ժամանակ հավասարաչափ սփռվում է նաև ջերմությունը, այսպես և Քրիստոսի խոսքի հետ ծավալվում են Սուրբ Հոգու շնորհները, ա՛յն Սուրբ Հոգու, Որը էակից է Որդուն ու հավասար՝ Աստծուն:

   Վեցերորդ՝ ինչպես մեծ լուսատուի ծագման ժամանակ բոլոր լուսատուները ստվերում են մնում, նույնպես և հոգևոր լույսի՝ Քրիստոսի ծագման ժամանակ Օրենքի կայծկլտումները նահանջում են, ըստ այն խոսքի, թե՝ «Օրենքի և մարգարեների լրումը Քրիստոս է» (Հռոմ. 10:4):

   Յոթերորդ՝ ինչպես լույսն է արևելքից դուրս գալիս ու խոնարհվելով մայր մտնում, ծածկվում երկրի ետևում ու դարձյալ ծագում, նույնպես և Քրիստոս, ծնվելով Կույսի արգանդից՝ իբրև թե արևելքից, բազմազան շնորհներով կատարում է տնօրինությունը և հետո մտնում գերեզման, իսկ հարությամբ վերստին լուսավորում է բոլորին, ինչպես ասում է Եսային. «Թագավորները Քո լույսով պիտի քայլեն»:

   Ութերորդ՝ ինչպես լույսը ծագելիս փոխում է իր ընթացքը՝ մերթ հեռանալով և մերթ մոտենալով, նույնպես ճշմարիտ Լույսը նախ յուրայինների՝ հրեաների մոտ գնաց, բայց Նրան չընդունեցին, իսկ ապա՝ հարությունից հետո, հայտնվեց հեթանոսներին, ըստ այն խոսքի, որն ասում է. «Այսուհետև մկրտեցե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 29:19-20), և մեզ մոտենալով՝ հեռացավ հրեաներից, ինչպես ժամանակին մոտ էր հրեաներին ու հեռու՝ հեթանոսներից:

   Իններորդ՝ լույսով ենք տեսնում բոլոր նյութական բաները, լավը զանազանում ենք վատթարից և ընթանում ուղիղ ճանապարհով (Սաղմ. 35։11): Այդպես և Քրիստոսով տեսնում ենք բոլոր հոգևոր բաները, համաձայն այս խոսքի. «Ով քայլի ցերեկը՝ չի գայթակղվի», և թե՝ «Գնացե՛ք, քանի դեռ Լույսը ձեզ հետ է» (Հովհ. 11:9, 12:35):

   Տասներորդ՝ որովհետև երբ լույսը բացվում է, աքաղաղի կանչից արթնանալով՝ թոթափում ենք քունը և հագնվելով յուրաքանչյուրս մեր գործին ենք անցնում, ըստ այն խոսքի, թե՝ «Լույսը ծագելուց հետո մարդը դուրս է գալիս իր գործին մինչև երեկո» (Սաղմ. 103:22): Նույնպես և, երբ արևելքից ծագի արեգակը, հայրական փառքի [զորությամբ] սաստիկ ահ կտիրի, ու երբ հնչի փողի ձայնը, մահահանգիստ քնից հարություն կառնեն բոլոր մարդիկ և, անապական մարմիններ հագնելով, յուրաքանչյուրը հրավիրվում է իր համար նախապատրաստված վայրը, ըստ այնմ, թե՝ «Ովքեր բարիք են գործել․․․» (Հովհ. 4:29): Եվ թող կյանքի այդ Լույսը մենք ևս տեսնենք ձեր լուսանորոգ աղոթքների միջոցով. ամեն:

   Որովհետև ահա խավարը ծածկեց երկիրը, և մառախուղը՝ հեթանոսներին. Խավար [ասելով] մեղքերն է [ակնարկում], իսկ մառախուղ ասելով՝ կուռքերին: Ասաց թե՝ հասել է քո լույսը: Այժմ ինչպե՞ս է ասում, թե՝ Խավարը ծածկեց երկիրը։ Տե՛ս, իսրայելացիների լույսը նրանց ազատությունն է խորհրդանշում, իսկ այդ նույն ժամանակ հեթանոսները խավարի մեջ էին, որովհետև բաբելացիները ծառայության մատնվեցին: Մինչդեռ մեզ մոտ լույսը Քրիստոս է, որովհետև հավատացյալները լուսավորվեցին, իսկ անհավատները խավարում մնացին, ըստ այն խոսքի, թե՝ «Դատաստանի համար եկա, որպեսզի ովքեր չեն տեսնում՝ կուրանան» (Հովհ. 9:39):
   

Ա. Լոպուխին

«Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, [Երուսաղե՛մ], որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա: Քանզի ահա, խավարը կծածկի երկիրը, և մթությունը՝ ժողովուրդներին, իսկ քեզ վրա կշողա Տերը, և Նրա փառքը կերևա քեզ վրա: Եվ ժողովուրդները կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քեզ վրա ծագող պայծառությունը։ Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը․ նրանք բոլոը հավաքվում են, գալիս են քեզ մոտ, քո որդիները գալիս են հեռվից և քո դուստրերին իրենց ձեռքերի վրա են բերում» 1-4-րդ համարները ներառյալ բանաստեղծական առաջին տունը կամ բաժինն են։ Այդ համարներում, սովորության համաձայն, նշվում է խոսքի հասցեատերը և մատնացույց է արվում խոսքի հիմնական թեման։

   «Վե՛ր կաց, լուսավորվի՛ր…» - Սեպտուագինտայում և սլավոներեն թարգմանության մեջ այստեղ ավելացված է «Երուսաղեմ» բառը, որը չկա եբրայական բնագրային տեքստում։ Եբրայեցերենում նկատի է առնվում մի փոքր այլ արտահայտություն՝ մասնավորապես «Սիոն»-ը, ինչպես դա երևում է խոսքին նախորդող (Ես. 59։20) և հաջորդող (Ես. 60։14) համատեքստերից։ Սակայն դրանից հարցի էությունը բացարձակապես չի փոխվում, քանի որ ակնհայտ է, որ այս երկու եզրույթները՝ և՛ Սիոնը, և՛ Երուսաղեմը, խոսքի միևնույն առարկայի՝ նորկտակարանյան Եկեղեցու հոմանիշ սահմանումներն են։ Այս առումով չի կարելի բարձր չգնահատել սուրբ Հովհան Դամասկացու մեկնությունը, որն իր զատկական հայտնի կանոնի 9-րդ տաղում «Երուսաղեմ» բառին մի հիանալի լրացում կատարեց՝ «նոր» հատկորոշիչն ավելացնելով․ «Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, նո՛ր Երուսաղեմ»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը,եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու:
(Արարատ թարգ․) Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։
(Գրաբար) Լուսաւորեաց` լուսաւորեաց Երուսաղէմ, զի հասեալ է լոյս քո, եւ փառք Տեառն ի վերայ քո ծագեսցեն:


---------------
[2] Խոսքը ծիսական ընթերցման մասին է: Տակավին առաքելական հայրերի («Բառնաբասի նամակ» 15, 4-5) մեկնաբանության համաձայն արարչության վեց օրերին խորհրդաբանորեն համերաշխ են վեց հազար տարիները. վեցերորդ հազարամյակին կատարվել է Քրիստոսի գալուստը և տնօրինական ընթացքը: Ըստ այսմ միջնադարի եկեղեցաբանական գրականության մեջ արարչության վեցերորդ օրը համարվում է Ադամի հանցանքի սրբագրման, երկրորդ արարչության շրջան, որն իրականանում է հոգևոր լույսի՝ Քրիստոսի մարմնեղեն երևումով ու տնօրինական ընթացքի փառապսակը հանդիսացող Խաչով: Այս կապակցությամբ ս. Հովհան Օձնեցի հայրապետը (+ 728 թ.) նկատում է․ «Իսկ վեցերորդ ժամի համար կարգված աղոթքը, որ ակնարկում է այդ ժամին կատարված պատվիրանազանցությունը, պատրական պտուղի ճաշակումն ու փոխանակ մեղքի քաղցր պտղի՝ Քրիստոսի՝ քացախի ու լեղու ճաշակումը՝ «ի բժշկութիւն պտղոյն դառնութեան»․.․, Նորին Տեառն Յովաննիսի հայոց կաթողիկոսի յաղագս կարգաց եկեղեցւոյ, տե՛ս Մատենագիրք հայոց, հատ. Է, Անթիլիաս, 2007, էջ 75: