Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ:
Ովքե՞ր են սրանք, որ ամպերի նման թռչելով գալիս են։
Զարմանալով է սա ասում, որովհետև սկզբից նրանց ծանրամարմին ուղտեր անվանեց և, անհավատության պատճառով, Կեդարի խաշներ, իսկ այժմ նմանեցնում է հավատով թեթևացած ամպերի, որոնք հոգևոր ցողեր են ցողում Եկեղեցու անդաստանում: Այլև, նրանք սպիտակափայլ աղավնիներ դարձան ու զգոնությամբ զարդարված՝ ծնվեցին այն Աղավնուց, Որն իջավ Հորդանանի վրա: Այսինքն՝ ձագերի հետ խառնված երամացած հսկան, որի մասին ասում է, բոլորի հետ Սաբա է գալու (60:6), այսինքն՝ Կանդակա [թագուհու] ներքինու միջոցով կնդրուկ է բերելու (հմմտ.Գործք 8:27), որ խորհրդանիշն է սրբերի անուշահոտ աղոթքների, ոսկին անբիծ հավատը, իսկ մեծագին ակնաքարերը զանազան առաքինություններն են:
Հարց. Ո՞րն է միակ, կաթողիկե և առաքելական եկեղեցին:
Պատասխան. Ամենքին տեսանելի և հայտնի է, որ հրեական միակ տաճարի փոխարեն հազարավոր ու բյուրավոր եկեղեցիներ են կառուցվել ամբողջ աշխարհում: Իսկ հոգևոր իմաստով եկեղեցին մարդն ինքն է՝ շինված կենդանի վիմաժայռերով և հաստատված ճշմարիտ հիմքի՝ Քրիստոսի վրա, այսինքն՝ «միակ» է կոչվում հավատացյալների՝ միայն Քրիստոսի հավատի վրա [հաստատված] լինելու համար, որովհետև հիմքը այլ մեկը չէ, քան միայն Քրիստոս (հմմտ.Ա Կորնթ. 3:11): «Կաթողիկե» կոչվում է ընդհանրական լինելու պատճառով, իսկ «առաքելական» է, որովհետև առաքյալների քարոզությամբ կառուցվեց, և ոչ թե հնի պես, որը կառուցվել էր մարգարեների ձեռքով, բացի դա՝ առաքյալներն են, որ Եկեղեցում առաջնակարգ տեղ են զբաղեցնում։
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ինչպես ամպը, և ինչպես աղավնիները՝ դեպի իրենց բույները»։ [8] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:5
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ:
(Արարատ թարգ․) Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։
(Գրաբար) Ո՞վ են սոքա որ իբրեւ զամպս թռուցեալ են, եւ իբրեւ զաղաւնիս ձագախառն երամովին գան առ իս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: