Եսայու մարգարեության մեկնություն 65:16

Ա. Լոպուխին

«Որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծո կողմից, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև նախկին վշտերը մոռացվելու են ու թաքնվելու են Իմ աչքերից»: [16] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով…» - Մեկնաբանների մեծ մասը, սկսած դեռևս Հերոնիմոս Երանելուց, այս հատվածի մեկնության պարագայում գերադասում են հիմնվել Վուլգաթայի տեքստի վրա, որում վերոնշյալ արտահայտության վերջին հատվածը թարգմանված է այսպես. «jurabit in Deo amen»: «Ամեն» բառն աստվածաշնչյան, ինչպես նաև հետագայում՝ ծիսական կիրառության մեջ համարվում էր նշանավոր խոսքերի հանդիսավոր ընդունումն ու, այսպես ասած, այդ խոսքերի «արդարացումը» (Բ Օրին. 28:14-26, Հս. 8:32-34): Այդ իսկ պատճառով էլ սույն բառի կիրառությունն այստեղ շատ նշանակալից իրողություն է:

   «Հին Կտակարանում խոստացվում է մի փրկություն, որը տեղի է ունենում Նոր Կտակարանում, երբ Աստված, Որը մինչև այդ խոսում էր մարգարեների միջոցով, այդ վերջին օրերին սկսեց խոսել մեզ հետ Որդու միջոցով» (Եբր. 1:1-2). որովհետև Աստծո այնչափ խոստումները «այոʹ» և «ամեն» եղան Նրա մեջ (Բ Կորնթ. 1:20)» (Վլաստով): Այստեղ նմանատիպ արտահայտության կիրառությունը կարելի է պարզաբանել հետևյալ կերպ. այն բարեգործությունները, որոնք Տիրոջ առատաձեռն ձեռքով պետք է հեղվեն հավատարիմ Իսրայելի ու նրա հոգևոր սերունդների վրա, այնպիսի փայլուն ապացույց են տալու Բարձրյալի բացարձակ ճշմարտության և արդարության վերաբերյալ, որ Նրա Անունը բոլորի համար դարձնելու են մի անբեկանելի նշան, որը հավասարազոր է լինելու բարձրագույն սրբությամբ երդվելուն (հմմտ. Երեմ. 17:3, Ա Հովհ. 5:20, Հայտ. 3:14):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստուծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն:
(Արարատ թարգ․) որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։
(Գրաբար) որ աւրհնեսցի ի վերայ երկրի. զի աւրհնեսցեն զԱստուած ճշմարիտ. եւ որ երդնուցուն ի վերայ երկրի` երդուիցեն յԱստուած ճշմարիտ: զի մոռասցին զնեղութիւնս առաջինս, եւ ոչ եւս անկցի ի սիրտս նոցա: