Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»:
Պիտի ելնեն ու տեսնեն Իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները։
Երբ կոտորվի Գոգի տունը, գալու են նրանք, ովքեր հարձակվելու են Իսրայելի որդիների վրա ու ելնելու են այն բարձունքը, որտեղից պիտի գրոհեն ու հաղթեն, այլև տեսնելու են հանցանք կատարածների ոսկորները, այսինքն՝ նրա՛նց ոսկորները, ովքեր անօրենություն գործեցին Տիրոջ դեմ:
Որովհետև նրանց որդը չի մեռնելու և կրակը չի մարելու
Որովհետև նրանք «հայտնի եղան», ուստի այնժամ ազգեազգ պատմվելու են նրանց [պատուհասած] հարվածները:
Նրանք հայտնի 4 պիտի լինեն բոլոր մարմնավորներին։
Այսինքն՝ ժողովրդի ու բոլոր հեթանոսների համար ճշմարտության օրինակ պիտի լինեն, իսկ ուրիշներ այս խոսքը կարծում են ա՛յն ազգերի համար ասված, որոնք Անտիոքոսի 5 ժամանակ զորքեր գումարեցին սելևկյանների դեմ: Դարձյալ ժողովուրդը, որ չի ոչնչանում, օրինակն է անմահ որդի, անմար կրակի և նրանց տանջանքի: Բայց անօրեն հրեաները ասում են, [թե այս խոսքը] կատարվելու է ապագայում՝ պատրվակ բռնելով ու պատճառաբանելով, թե մենք ե՞րբ հավաքվեցինք Թարսիսում, Իսպանիայում և այլ վայրերում: Այս կապակցությամբ կապատասխանեմ, որ ձեզ հարկ է ընդունել երկուսից մեկը. կա՛մ ասել, թե ետդարձից հետո Երուսաղեմում այլևս չէր պահվում օրենքը, որ ամենևին սուտ է, կա՛մ ասել, թե պահվում էր օրենքը: Ուրեմն սուտ է մարգարեությունը, թե՝ Շաբաթից շաբաթ ամեն մարմին գալու է Երուսաղեմ՝ երկրպագելու: Որովհետև մարդը թռչուն չէ, որ կարողանա շաբաթից շաբաթ անխտիր կերպով գալ այնտեղ ու տոն կատարել, ինչն անկարելի է նույնիսկ պաղեստինցիների համար: Հետևաբար ակներև է, որ դարձից հետո բովանդակ աշխարհի՛ց հավաքվեցին ու կառուցեցին Տաճարը, և կարգված օրենքը կատարվում էր ամեն շաբաթ ու ամսագլխին: Եվ ճշմարիտ է այս մարգարեությունը, որն օրենսգետների վերաբերյալ ասում է. «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարածների ոսկորները (հմմտ. 38։13), քանի որ նրանք չպահեցին Իմ շաբաթն ու ամսագլուխը»: Իսկ նրանց տարակույսի [վերաբերյալ], թե «ե՞րբ հավաքվեցինք Թարսիսից և Իսպանիայից», կասեմ հետևյալը. Գիրքը 6 մեծամեծ բաներ է հայտնում, քանզի գիտե, թե փոքր բաները քողարկված են մեծերի մեջ, ըստ այն խոսքի, թե՝ «Կյուրոսն իր խոսքը հռչակեց բովանդակ թագավորության մեջ» (Ա Եզր. 2։1): Պարզորոշ է, որ Իսպանիան բոլոր քաղաքների հետ կապված է այս վայրին, նույնպես և հայտնի է այն, որ Դանիելն ասաց Նաբուգոդոնոսորի վերաբերյալ, թե՝ «Բոլոր վայրերն, ուր ապրում են մարդիկ, քո ձեռքը տվեց» (Դան. 2։38): Եվ արդ, տե՛ս, որ Նաբուգոդոնոսորը 7 գերեց նրանց, և Կյուրոսը 8 աշխարհակալ դարձրեց, ինչպես և գրված է մեկի վերաբերյալ, թե՝ «ցրվեցին ամեն տեղ», և մյուսի մասին, թե՝ «հավաքվեցին բոլոր կողմերից» (Եզեկ 11։16,17): Եվ արդ, գիտելի է, որ մարգարեների խոսքերն ունեն երկակի իմաստ ու զորություն. մարգարեություններ, որոնք հրեաների մեջ կատարվեցին, և մարգարեություններ, որոնք մասնավորաբար վերաբերում են ապագային, և մարգարեություններ էլ, որոնց մեջ մեկ խոսքով բացահայտվում են երկու իմաստներ: Միայն հրեաներին վերաբերող մարգարեության օրինակ է այգու առակը, որը Եգիպտոսից խլվեց ու տնկվեց Պաղեստինում, և փոխանակ առաքինի պտուղներ տալու մեղքի փշեր բերեց, որի վրա բարկանալով՝ Տերը հրամայեց քանդել օրենքի ցանկապատնեշը՝ թագավորներին, մարգարեներին, խորհրդականներին, ու նրանց մատնել գերության այլազգիների մեջ, ինչպես և եղավ: Իսկ մասնավոր, ապագային վերաբերող կանխասացություն է հետևյալը. «Ահա Կույսը պիտի հղանա և Որդի ծնի (7։14): Նաև Դավթի խոսքերը. «Ծակեցին իմ ձեռքերը և ոտքերը», «Ինձ լեղի կերակուր տվեցին» (հմմտ. Սաղմ. 21։18, 68։22): Իսկ երկու և երեք իմաստ ունեցող մարգարեություն է սա, որ ասում է. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը(2։2), ինչը կատարվեց նրանց դարձի ու մեր փրկության ժամանակ և դեռ կատարվելու է ապագայում, ըստ այն հավատի, որ տածում ենք ժամանակ առ ժամանակ եկող փրկության մասին: Եվ այս մարգարեության վախճանին թեպետ առաջին հայացքից ցույց է տալիս հրեաների մարմնական ազատությունը ու նրանց թշնամիների խորտակումը, սակայն նաև մեր պարագան է հայտնի դարձնում, այսինքն՝ փրկությունը՝ ըստ հոգու, որ կատարվելու էր նոր Զորաբաբելի՝ Օծյալ Քրիստոսի միջոցով՝ Բանն Աստծո մարդկության միավորությամբ, որով Նա մեզ դարձի բերեց սատանայի գերությունից ու մեր մեջ եղած ամեն տեսակ չար հակառակություններից:
Նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին։
Այսինքն՝ նախատինք պիտի լինեն նրանց համար, ովքեր անարժան կլինեն Արյանն ու Մարմնին, որովհետև Քրիստոս ապրեց նույն այս աշխարհում և այս կյանքում կցորդակից եղավ ամենքի տառապանքներին, սակայն միայն ոմանք տերունական պարգևների և երախտիքների բարի ծառաներն ու սպասավորները դարձան, իսկ մյուսները անմտաբար վատնելով ամեն ինչ՝ կորցրին նաև իրենց հոգիները՝ անհաղթահարելի և աններելի տույժերի դատապարտվելով, որի պատճառով մարգարեն իրավացիորեն ասում է, թե՝ «Նախատինք է լինելու իր ազգակիցների համար» (Երեմիա 8։2), որից թող մեզ ազատի մեր բնությունների [ստեղծիչ] ողորմած Աստված, Որ օրհնված է հավիտյանս. ամեն:
Ա. Լոպուխին
«Եվ նրանք պիտի դուրս գան և տեսնեն Ինձնից երես թեքած մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու, ու նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»: [24] (Սինոդական թարգ․)
«Եվ նրանք պիտի դուրս գան և տեսնեն Ինձնից երես թեքած մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու, ու նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար» - Եսայի մարգարեն եզրափակում է մարգարեական այս խոսքը, ինչպես նաև իր այս ամբողջ գիրքն ամբարիշտներին հասցեագրված սարսափելի «սպառնալիքով», որի նմանողությամբ հատվածների մենք բազմաթիվ անգամներ հանդիպել ենք նաև նախկինում (տեʹս 48-րդ և 50-րդ գլուխների վերջին հատվածները): Նկարագրելով չապաշխարող մեղավորների ծանրագույն ճակատագիրը՝ Եսայի մարգարեն, իր սովորույթի համաձայն, օգտվում է մեկ ծանոթ պատկերից: Բոլոր նրանց, ովքեր դուրս են գալիս Երուսաղեմի հարավային դարպասներից, երևում էր Էննոմեական դաշտավայրը, որտեղ որ նետվում էին բոլոր տեսակի անմաքուր և պիղծ բաները և որտեղ, այդ իսկ պատճառով, մշտապես վառվում էր դրանք այրող կրակը: Հենց այս՝ Երուսաղեմի յուրաքանչյուր բնակչին քաջածանոթ վայրի հետ է, որ համեմատվում է ամբարիշտների ճակատագիրն ու «հայտնվելու վայրը», և նրանք, ինչպես ցանկացած աղտեղություն, մատնվելու են նեխման (որդերին) և կրակի (հմմտ. 16-րդ համար): Այս պատկերն իր տեղն է գտել նաև նորկտակարանյան աշխարհընկալման համակարգում (Մարկ. 9:44), որտեղ այն որոշ հեղինակների թյուրըմբռնման պատճառով սովորական խորհրդանիշից վերածվում է երբեմն շատ կոպիտ և իրապատում մի տեսարանի:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»:
(Արարատ թարգ․) Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։
(Գրաբար) Եւ ելցեն` եւ տեսցեն զոսկերս մարդկան առ իս յանցուցելոց. զի որդն նոցա ոչ վախճանեսցի, եւ հուր նոցա ոչ շիջցի: եւ եղիցին ի տեսիլ ամենայն մսեղեաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: