Եսայու մարգարեության մեկնություն 8։1

Ա. Լոպուխին

Եվ Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա մարդկային ձեռագրով գրի՛ր. «Արագորեն ավարառության ենթարկել, շուտափույթ կողոպուտ կուտակել, քանզի ժամը հասել է»: (Սինոդական թարգ․) [1]
   
   1-4 համարները: Եսայի մարգարեի՝ Աքազի հետ հանդիպումից (որը նկարագրված է 7-րդ գլխում (հմմտ. 8:8-18 և 7:14)) մի որոշ ժամանակ անց մարգարեին հաղորդվեցին նոր նշաններ և հայտնություններ, որոնք բացատրում էին այն գաղափարը, ինչը որ նախկինում մարգարեի միջոցով հաղորդվել էր Դավթի տանը: Երկակի նշանը (մարգարեն պետք է տախտակի վրա գրի առներ հետևյալ արտահայտությունը՝ Մագեռ-Շելալ-Խաշ-բազ, և իր որդուն էլ կոչեր այդպիսի տարօրինակ անվանումով) ցույց էր տալիս Դամասկոսի և Սամարիայի շուտափույթ կործանումը:

   Մեծ մագաղաթ (եբր.՝ «գիլայոն»), այսինքն՝ բավականին մեծ չափի, սպիտակ գույնի գլանակ, որի վրա հստակորեն և մեծ տառերով կարելի էր գրել չորս բառ:

   Մարդկային ձեռագրով, այսինքն՝ հանրամատչելի գրով, որով, օրինակ, գրված էր հայտնի սիլովամյան գրությունը: Նմանատիպ գրության կերպին հակադրվում է նշանագրությունը, որը կարող էին հասկանալ միայն այնպիսի անձինք, որոնք զբաղվում էին տարբեր տառանշանների իմաստային մեկնաբանությամբ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է:
(Արարատ թարգ․) Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր, առ դու քեզ տոմս մի նոր մեծ. եւ գրեսցես ի նմա` գրչաւ առն ճարտարի, արագ արագ զաւար հարկանել` եւ վաղվաղակի զապուռ ժողովել. քանզի հասեալ է: