Երեկոյան ժամերգություն

Ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է երեկոյան ժամին`

 ի դեմս Որդի Աստծո, որ իջեցվեց խաչից և պատանքով պատվելով` գերեզման դրվեց

 

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. ամեն:

Հայր մեր, որ երկնքում ես…

 

Քահ. - Ես կանչեցի Աստծուն, և Նա լսեց ինձ երեկոյան, առավոտյան և ամբողջ օրը:

Սրկ. - Սպասում էի իմ Աստծուն, և աչքս ուղղված էր Կենարարին, որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին: 

Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Սրկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:

Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

«Խոնարհեցո՛, Տէ՛ր, զունկն քո» [ՁԵ] Սաղմոս 

Մաղթանք 

Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ. ամեն ինչի համար, Տեր, փառք Քեզ:

Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:

Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

«Ապրեցո՛զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ» [ՃԼԹ] Սաղմոս 

 

ԵՐԳ

Կիրակնամուտի

Ալելուիա, ալելուիա:

 

[Աշակ. դաս.]: Կենարար սուրբի` անմահ երկնավոր Հոր սուրբ փառքի զվարթարար Լույս` Հիսուս Քրիստոս:

[Ավագ երեցի դաս]: Արևամուտին այստեղ եկածներս տեսանք երեկոյի լույսը: Օրհնաբանում ենք Հորը, Որդուն եւ Աստծո Սուրբ Հոգուն ու ամենքս ասում ենք «ամեն»: Արժանավորի՛ր մեզ ամեն ժամ երգաձայն օրհնաբանել Ամենասուրբ Երրորդությանդ փառավոր Անունը, որը կենդանություն է շնորհում, ինչի համար և աշխարհը փառաբանում է Քեզ:

 

Մաղթանք

 

Օրհնաբանված ես, Տե´ր, որ բնակվում ես բարձունքներում, և օրհնաբանված  է Քո մեծ փառքը, որ լուսատուներին հաստատեցիր բարձունքներում, երկնքից լույս ծագեցրիր ամբողջ տիեզերքի վրա: Արարեցիր արեգակին` որպես տվնջյան լուսատու, լուսինն ու աստղերը՝ որպես գիշերվա լուսատու, [արարեցիր] նաև ճրագի լույսը: Դու ես գովելի, սուրբ և առաջին լույսը. խավարը փախչում է Քեզնից, ուստի Քո կենդանի լույսը, Տե´ր, ծագեցրո´ւ մեր սրտերում: Եվ մենք միաբան պիտի ասենք` «օրհնաբանված է Քո սուրբ փառքի  անունը», և Քեզ պիտի մատուցենք երգաձայն օրհնաբանություն ու փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

 

Քարոզ

 

Երեկոյան այս ժամին հասածներս` ամենքս միասին բարձրացնելով մեր ձեռքերը, փառավորում ենք Քեզ, մեր Տե´ր Աստված, որ մեզ շնորհեցիր այս  օրը խաղաղությամբ անցկացնել և հասնել երեկոյան ժամին: Արժանավորի՛ր մեզ, Տեր, սուրբ սրտով և հրեշտակային երգով գոհաբանություն մատուցել ամենակալ Տեր Աստծուդ. ապրեցրո՛ւ եւ ողորմի՛ր: Ողորմի´ր մեզ, Տեր Աստված մեր, Քո մեծ ողորմությամբ. խնդրե´նք ամենքս միասնաբար:

Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր, Տեր, ողորմի՛ր:

 

Մաղթանք

Երեկոյան այս ժամին հասածներս` ամենքս անդադար փառավորում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս  հավիտենից. ամեն:

 

ԵՐԵԿՈՅԱՆ ՄԵՍԵԴԻՆԵՐ 

Ըստ օրվա խորհրդի 

Քրիստոսի Ծննդյան տոնի, 

Ավետյաց, Վերափոխման և Աստվածածնի մյուս տոների համար

Ա. Տերն ինձ ասաց` «դու իմ որդին ես, և Ես այսօր ծնեցի քեզ»:

Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին, և ժողովուրդները սնոտի բաներ խորհեցին:

Բ. Իմ անձը պիտի օրհնաբանի Տիրոջը, և հոգիս պիտի ցնծա իմ Փրկիչ Աստծով:

Քանի որ նայեց Իր աղախնի խոնարհությանը, ուստի այսուհետև ինձ երանի պիտի տան բոլոր ազգերը:

Գ. Պիտի իջնի ինչպես անձրևը` բուրդի վրա, և ինչպես ցողը, որ ցողում է երկիրը:

Աստվա´ծ, Քո իրավասությունն արքային տուր և քո արդարությունը` թագավորի որդուն:

 

Հարության

ԱՁ. Տե´ր, հաղթող և հզոր, Տե´ր, հաղթող պատերազմում: 

Տիրոջինն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհը և նրա բոլոր բնակիչները:

ԱԿ. Քո գահը, Աստվա´ծ, հավիտյանս հավիտենից է, Քո արքայության գավազանն արդար գավազան է: 

Իմ սիրտը բարի խոսքեր բխեցրեց, և իմ գործերը պատմում եմ թագավորին:

ԲՁ. Տերը թագավորեց, պիտի ցնծա երկիրը, ուրախ պիտի լինեն բազմաթիվ կղզիները: 

 

Նրա փայլատակումը երևաց տիեզերքում, տեսավ ու սասանվեց երկիրը: 

 

ԲԿ. Տիրոջը նոր ե´րգ երգիր, ողջ երկի´ր, ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ: 

Նրա առաջ գնացե´ք ցնծությամբ, ճանաչե´ք, որ Նա է մեր Տեր Աստված:

ԳՁ. Եկե´ք և տեսե´ք Աստծո գործերը, որ նշաններ ցույց տվեց և արվեստի գործեր կերտեց երկրի վրա: 

 

Աստված մեր ապավենը և զորությունն է, մեր օգնականը` մեզ պատուհասող խիստ նեղությունների ժամանակ: 

 

ԳԿ. Մեր Աստված երկնքում է ու երկրի վրա, և Նա արեց այն, ինչ կամեցավ: 

Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից:

ԴՁ. Թող Քո ձեռքը լինի մարդու վրա, Քո աջը` մարդու որդու վրա, որին Դու զորացրիր քեզնով:

 

Դու, որ հովվում ես Իսրայելին, նայի՛ր,
դու, որ որպես հոտ առաջնորդում ես Հովսեփին:

 

ԴԿ. Աստվածների Աստված` Տերը խոսեց և ձայն տվեց երկրին: 

Արեգակի ծագելիս մինչև արևամուտ:

 

Գալստյան 

 

Օրհնյալ ես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, օրհնյալ ես, որ գալու ես: 

Մեր Տեր Աստված հայտնվեց մեզ. կանխապես ուրախ տո´ն հռչակեք` լիուլի սեղաններ պատրաստելով:

 

Եկեղեցու 

 

Տիրոջ բոլոր ծառաներ, այստեղ օրհնաբանե´ք Տիրոջը: 

Որ գտնվում եք Տիրոջ տանը` մեր Աստծո գավթում:

 

Խաչի

 

Քեզնից երկյուղածներին նշան տվեցիր, որպեսզի փրկվեն աղեղի հարվածից: 

Ինչպես որ փրկվեցին քո սիրելիները, այդպես էլ Քո աջով փրկի´ր և լսի՛ր մեզ:

 

Կիրակնամուտի 

 

 Հաճելի է ինձ, երբ Տերը լսում է իմ աղոթքի ձայնը: Քանի որ Նա իմ առջև խոնարհեցրեց Իր ականջը, և ես կյանքիս օրերում աղոթեցի Նրան:

 

Մարտիրոսների

 

ԱՁ. Քո ողորմությունը, Տե´ր, թող լինի մեզ վրա, քանի որ մենք Քեզ հուսացինք:

Արդարնե´ր, ցնծացե՛ք Տիրոջով, ուղղամիտներն արժանի են օրհնութան:

ԱԿ. Տերը սիրում է արդարությունը և չի թողնում, որ իր սուրբերն ընկնեն: 

Արդարների փրկությունը Տիրոջից է. Նա վերակացու է նրանց իրենց նեղության ժամանակ:

ԲՁ. Աստված սքանչելի է Իր սուրբերի համար. Նա Իսրայելի Աստված է: 

Տեր Աստված օրհնաբանված է, հանապազ օրհնաբանված է Տերը:

ԲԿ. Ինձ Տիրոջից, Որն արարել է երկինքն ու երկիրը: 

Իմ աչքերը պիտի բարձրացնեմ դեպի լեռները, որտեղից օգնություն է գալու ինձ:

ԳՁ. Աստված փառավորված է Իր սուրբերի մտածումներում, Նա մեծ և ահասարսուռ է Իր  շուրջ եղողների աչքին: 

Երկինքը պիտի խոստովանի Քո սքանչելիքները, Տե´ր, և Քո ճշմարտությունը` սուրբերի եկեղեցիներում:

 

ԳԿ. Սիրելու եմ Քեզ, Տե´ր, իմ Զորություն. Տե´ր, ինձ հաստատուն Պահող, իմ ապավեն և իմ Փրկիչ: 

Աստված իմ Օգնականն է, և ես հույսս դրել եմ նրա վրա. Նա է իմ ապավենը, իմ փրկության եղջյուրը, ինձ Ընդունողը:

 

ԴՁ. Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր աղոթում են Իրեն ճշմարտությամբ: 

Տերը կատարում է Իրենից երկյուղողների կամքը, լսում է նրանց աղոթքը և ապրեցնում է նրանց:

 

ԴԿ. Արդարները ծաղկելու են ինչպես արմավենիներ, Լիբանանի մայրիների նման մեծաթիվ են լինելու:

Տնկվելու են Տիրոջ տան մեջ և ծաղկելու են մեր Աստծո գավթում:

 

Ապաշխարության

 

ԱՁ. Տերը կլսի ինձ, երբ ես դիմեմ Նրան: 

Երբ ես դիմեցի Քեզ, Դու լսեցիր ինձ, Աստվա´ծ, իմ արդարության համեմատ: 

ԱԿ. Իմ թշնամին թող չասի, թե «հաղթեցի նրան», և ինձ ճնշողները թող չցնծան իմ սասանվելու պատճառով: 

Մինչև ե՞րբ պիտի երեսդ շրջես ինձնից, մինչև ե՞րբ իմ թշնամին պիտի իշխի ինձ. նայի՛ր և լսի՛ր ինձ, իմ Տե՛ր Աստված:

ԲՁ. Արդարի բերանն իմաստություն է բարբառում, և նրա լեզուն արդարություն պիտի խոսի: 

Մի՛ նախանձիր չարերին, և ո՛չ էլ նրանց, ովքեր անօրենություն են գործում: 

ԲԿ. Քաղցրությամբ վարվեցիր Քո ծառայի հետ, Տե´ր, Քո խոսքի համաձայն: 

Դու քաղցր ես, Տե´ր, և Քո քաղցրությա´մբ խրատիր ինձ:

ԳՁ. Նայի՛ր և լսի´ր ինձ, իմ Տե՛ր Աստված: 

Մինչև ե՞րբ ես, Տե´ր, իսպառ մոռանալու ինձ, մինչև ե՞րբ ես երեսդ շրջելու ինձնից: 

ԳԿ. Քո գթությունն անսահման է, Տե´ր, փրկի´ր ինձ քո արդարությամբ: 

Տե՛ս իմ խոնարհությունը և փրկի´ր ինձ, քանի որ ես չմոռացա Քո օրենքները:

ԴՁ. Աստվա՛ծ, ինձ օգնելո´ւ եկ, և, Տե´ր, շտապի´ր ընկերակցել ինձ: 

Ամաչելու են և ամաթահար են լինելու նրանք, ովքեր հետապնդում էին ինձ:

ԴԿ. Լսի՛ր, Աստված, իմ աղոթքը, երբ ես աղաչում եմ Քեզ, իմ հոգին փրկի'ր թշնամու հանդեպ սարսափից: 

Ինձ պիտի պահպանես չարերի հավաքներից, անօրենություն գործողների բազմությունից:

 

Աղուհացի 

 

Երկուշաբթի. Ինձ հե'տ դարձրու, Տե՛ր, իմ մեղքերից, և իմ բոլոր անօրենությունները քավի՛ր ինձնից:

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Քո մեծ ողորմության համաձայն, ըստ Քո անհուն գթության քավի՛ր իմ բոլոր անօրենությունները:

Երեքշաբթի. Երանի բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից և ընթանում են Նրա ճանապարհներով:

Քո ձեռքերի աշխատանքի պտուղները պիտի ուտես, երանի է քեզ և դա բարի կլինի:

Չորեքշաբթի. Ինձ մի՛ լքիր, իմ Տե'ր Աստված, և մի՛ հեռացիր ինձնից. նայի'ր ինձ, Տեր, որպեսզի օգնես ինձ իմ փրկության համար:

Տե'ր, իմ բոլոր ցանկությունները Քո առաջ են, և իմ հեծեծանքը գաղտնի չմնաց Քեզնից:

Հինգշաբթի. Ծերությանս ժամանակ ինձ վայր մի՛ գցիր, Տե'ր, երբ իմ զորությունը նվազի, մի' լքիր ինձ:

Քեզ վրա եմ դրել իմ հույսը, Տե'ր, hավիտյան չեմ ամաչելու,

Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ:

Ուրբաթ. Իմ խնդրանքները թող բարձրանան Քո առաջ,

Տե'ր, Քո խոսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ:

Լսի'ր իմ ձայնը, Տեր, Քո ողորմության համաձայն,

և Քո արդարությամբ փրկի՛ր ինձ:

 

Ավագ հինգշաբթի օրվա համար

 

Սրբությամբ պիտի լվանամ իմ ձեռքերը և պիտի կանգնեմ Քո սեղանի շուրջբոլորը, Տե'ր:

Տե'ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի հարկաբաժինը:

 

Ուղղեցի

 

Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:

Ընդունի'ր այս երեկոյի մեր աղոթքը, Տե'ր, և մեր ձեռքերի կարկառումը:

Ավագ ուրբաթ օրվա համար

Ինձ որպես կերակուր լեղի տվեցին և իմ ծարավը հագեցրին քացախով: 

Նրանց սեղաններն իրենց առջև դառնաու են որոգայթ` որպես հատուցում և որպես գայթակղություն:

 

Ուղղեցի

 

Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:

Մեր ձեռքերի վերհամբառնումը` որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ): 

 

«Ուղիղ եղիցի»-ի կարգը

 

Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն,

Ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:

Մեր ձեռքերի վերհամբառնումը`

Որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ): 

 

Հատուկ աջակողմյանների համար

 

Թող որ իմ աղոթքներն ուղղամիտ լինեն, ինչպես որ խունկն է ուղղընթաց բարձրանում Քո առաջ, Տե'ր:

Մեր ձեռքերի վերհամբառնումը` որպես երեկոյան ընծայաբերում (պատարագ): 

Տե'ր, բարձրագոչ աղերսեցի Քեզ, ուստի լսի'ր ինձ: 

Նայի'ր իմ աղոթաձայն խնդրանքներին, երբ ես աղերսում եմ Քեզ:

 

Քարոզ

Կիրականամուտի և տերունի բոլոր օրերի համար

(Աշակերտի դաս) 

 

Ամենքս միաբան ասե՛նք, Տեր ողորմի՛ր:

Տե՜ր, ողորմի՜ր:

Համայն աշխարհի խաղաղության և սուրբ Եկեղեցու հաստատության համար աղաչե՛նք Տիրոջը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Սուրբ և ուղղափառ բոլոր եպիսկոպոսների համար աղաչե՛նք Տիրոջը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Տեր, Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կյանքի և հոգու փրկության համար աղաչե՛նք Տիրոջը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Վարդապետների, քահանաների, սարկավագների, դպիրների և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկների համար աղաչե՛նք Տիրոջը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Բարեպաշտ թագավորների և աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զորքի համար աղաչե՛նք Տիրոջը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը, որպեսզի ամենակալ Տերը նրանց առաջ հնազանդեցնի պատերազմող բոլոր թշնամիներին:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը մեր հայրերի և եղբայրների համար, որոնք գերության և չար ծառայության մեջ են:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը ճանապարհորդների և նավագնացների համար, որպեսզի նրանք խաղաղությամբ հասնեն բարի նավահանգիստը:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը hիվանդների և բոլոր վշտակիրների շուտափույթ առողջացման համար:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը օդի բարեխառնության, անձրևների քաղցրության և պտուղների առատության համար:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը Աստծո սուրբ Եկեղեցու ուխտավորների և բարի պտուղ տվողների համար:

Տե՜ր, ողորմի՜ր:

Եվ աղաչե՛նք բոլոր նրանց համար, ովքեր մատնված են անօրենների ձեռքը Քրիստոսի անվան համար:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը այն հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղղադավան հավատով ննջեցին` Քրիստոսի մոտ գնալով:

Տե՜ր, ողորմի՜ր:

Աղաչե՛նք Տիրոջը, որպեսզի Տեր Աստված փրկի մեզ երևացող և աներևույթ թշնամուց:

Տե՜ր, ողորմի՜ր:

 

 

Մաղթանք 

 

Բարեխոս ունենք սուրբ Մարիամ Աստվածածնին՝ փառավորված և օրհնաբանված միշտ Սուրբ Կույսին, սուրբ Հովհաննես Մկրտչին, սուրբ Ստեփանոս նախավկային, սուրբ առաքյալներին և մարգարեներին, արի և հաղթող սուրբ վկաներին ու Քրիստոսի մեծ խոստովանողին՝ Հայաստան աշխարհի մեր սուրբ հայրապետ Գրիգոր Լուսավորչին:

Հիշեցե՛ք նաև բոլոր սուրբերին, և նրանց միջոցով աղաչե՛նք Տիրոջը:

Մերձեցած երեկոն և առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Տե՛ր, ողորմի՛ր:

Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:

Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Քարոզ 

Սուրբերի տոների և պահոց օրերի համար

(Աշակերտի դաս)

 

Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, ապրեցրո´ւ և ողորմի՛ր:

Աղաչե՛նք ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը` խաղաղության Թագավորին, խաղաղության և մեկ, սուրբ, ընդհանրական ու առաքելական Եկեղեցու համար, որպեսզի մեր Տեր Աստված բազում խաղաղ տարիներ պարգևի և մեզ խաղաղարար թագավոր առաքի Իր մեծ, սուրբ և ահասարսուռ անվան համար: Խաղաղությամբ պահի գավառների պետերին, զորավարներին, զորագլուխներին և ժողովրդին, մեր մուտքն ու ելքը, և խորտակի մեր դեմ պատերազմող բոլոր թշնամիներին: Ամենակալ Տերը թող ապրեցնի՛ և ողորմի՛: 

Տե՛ր, ողորմի՛ր:

Մերձեցած երեկոն և առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Խաղաղության հրեշտակին` մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Եվ նաև միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Տե՛ր, ողորմի՛ր:

Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Տե՛ր, Քեզ ենք հանձնում մեր անձերը:

Ողորմի՛ր մեզ, Տեր Աստվա´ծ մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր: 

 

Աղոթք

 

Լսի՛ր մեր ձայնը, մեր Տե'ր Աստված, ընդունի'ր մեր աղաչանքները, մեր ձեռքերի վերհամբառնումը և աղոթքի խոսքերը` սրբագործելով երեկոյան մեր այս պաշտամունքը` որպես Քեզ համար պատրաստված հաճելի անուշահոտություն: Ամենակա'լ Տեր, մեր մեջ ավելացրո'ւ հավատքը, հույսն ու սերը և առաքինի բոլոր գործերը, որպեսզի, Քո բարեսեր կամքի համաձայն, միշտ` օր ու գիշեր բարեպաշտությամբ ապրելով հոգևոր մեր կյանքը` արժանի լինենք մեր հոգիների փրկությանը և Քո հոգևոր կյանքը մեզ շնորհելուդ համար աղաչենք Քեզ, Տե՛ր, ու շնորհներ և ողորմություն ընդունենք Քեզնից: Եվ գոհանալով փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Խաղաղություն ամենքին

Աստծուն երկրպագենք 

Քեզ երկրպագելով, մեր Տե'ր Աստված, գոհանում ենք Քեզանից մեր ցերեկվա ընթացքը խաղաղությամբ անցկացնելու համար: Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, աղաչում ենք Քեզ, այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքերի ու առանց գայթակղության անցկացնել, հաստատուն լինել և մնալ Քո հանդեպ հավատի, հույսի, սիրո և պատվիրանապահության մեջ` խաղաղություն խնդրելով համայն աշխարհի համար, հաստատություն` Քո սուրբ Եկեղեցուն, և փրկություն` մեր անձերին: Որպեսզի Քեզնից ընդունելով մեր կողմից խնդրածները` մշտապես մեծավայելուչ փառաբանություն առաքենք բարձրունքներ` Քո ամենազոր Տերությանը, մեր Աստվա'ծ Քրիստոս, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Եվ ասվում է «Սուրբ Աստված»-ը` ըստ օրվա խորհրդի

Սո'ւրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ (երեք անգամ  կրկնի՛ր):

Կցորդ

Փառավորված և օրհնաբանված միշտ սուրբ կույս` Աստվածածի'ն Մարիամ, Քրիստոսի մա'յր, մեր աղաչանքները մատուցի՛ր քո Որդուն և մեր Աստծուն:

Մաղթանք

Փրկելու մեզ փորձությունից և բոլոր տեսակի վտանգներից:

 

Քարոզ

(Ավագ երեցի դասից)

 

Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք:

Որպեսզի սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր աղաչանքների ձայնը լսելի լինի Տեր Աստծուն և մեզ վրա իջնի Տեր Աստծո ողորմությունն ու գթությունը: Մեր Ամենակալ Տեր Աստվա'ծ, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:

Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Համբարձի

(Ավագ երեցի դասից)

 

Իմ աչքերը պիտի բարձրացնեմ դեպի լեռները, որտեղից օգնություն է գալու ինձ:

Ինձ օգնություն է գալու Տիրոջից, Որն արարել է երկինքն ու երկիրը:

Թող քո ոտքը չսասանվի, և  քո Պահապանը չի ննջի:

Ինչպես որ չի ննջում և քուն չի մտնում Իսրայելի Պահապանը:

Տերը կպահպանի քեզ, և Տերը քեզ կընդունի Իր աջ ձեռքով:

 Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, և ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ:

Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, Տերը կպահպանի քո անձը:

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետև մինչև հավիտյան:

Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Այստեղ երգվում է «Համբարձի» շարականը`

ըստ օրվա խորհրդի 

(Ավագ երեցի դասից)

Կիրակնամուտին սա' երգիր 

 

ԱՁ.

Սուրբ ես, զորությունների' Տեր, որ բնակվում ես երկնքում, և բարեբանվում ես Քո սուրբերի կողմից: Երկնային զորությունները, սերովբեները և քերովբեներն անդադար օրհնաբանում են Քո սուրբ անունը: Քահանաները և նրանց հետ` սպասավորներն ու ժողովուրդը, երկրպագե'նք Քո Տերությանը: 

Ո~վ Դու Լույս, որ հավիտենությունից էլ առաջ կայիր, Հոր կողմից առաքվեցիր և հոգեղեն լույսով լցրիր արարածներին, օրհնաբանվա'ծ ես, հավիտենակա'ն Թագավոր: Դու, որ վերստին հաստատեցիր սկզբնագո լույսը և Քո Հարությամբ հալածեցիր անգիտության խավարը, օրհնաբանվա'ծ ես, հավիտենակա'ն Թագավոր: Ուստի և մենք` լուսեղեն հրեշտակների հետ լուսավորվածներս, ցնծությամբ օրհներգե'նք հարության այս երեկոյան, օրհնաբանվա'ծ ես,:

Երկնաքաղաքացի Հովհաննեսը` կանանցից ծնվածների մեջ մեծագույնը, ազդարարող խոսքերով անապատում քարոզում էր արդարության Արեգակի լույսի ծագումը: Ճշմարիտ մարգարեն և Աստծո Որդուն ձեռնադրողը, նախընթաց կարապետն ու աստվածային օրենքները պատմողը հարդարում էր հավիտենական Թագավորի ճանապարհը: Անօրեն գինարբուքի մոլեգնած պահին Հերովդիադան որպես պարգև խնդրեց մարգարեի գլուխը` շիջանելով արուսյակն ու անաղոտ լապտերը:

Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ Ամենասուրբ Երրորդությանդ երկրպագողներիս պարգևի՛ր հավիտենական կյանքի հարության հույսը: 

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Սուրբ Երրորդությանդ հավատացող այս ժողովրդին և Քո փառքի խորանին ապավինածներիս խաղաղության մեջ անխռո'վ պահիր:

 

Իսկ Առաքյալների տոնի օրը «Երկնաքաղաքացի» երգի փոխարեն ասվում է սա.

 

Քո սուրբ առաքյալների միջնորդությամբ հայցում ենք Քեզնից, Բազումողո'րմ, խնայի'ր, Տեր, մեր անձերը: 

Քո նախիմացությամբ նրանց ընտրեցիր որպես արժանավոր անձեր` իրենց մեջ դրոշմելով Քո շնորհների Հոգին, որով վանելով` հաղթեցին ապստամբ թշնամուն. նրանց բարեխոսությամբ խնայի'ր, Տեր, մեր անձերը: 

Նրանք բոլոր ազգերից հեռու վանեցին անգիտության խավարը` իրենց առաքելական կոչմամբ հեթանոսներին զգեստավորելով հավիտենական կյանքի հույսով. նրանց բարեխոսությամբ խնայի'ր, Տեր, մեր անձերը: 

Ինչի համար և մենք` հավատացյալներս, պիտի տոնենք սուրբ առաքյալների հիշատակը. աղաչում ենք Քեզ, որ միայն Դու ես գթած, առատաձեռնորեն շնորհի'ր մեզ Քո մեծ ողորմությունդ, Տե'ր, Դու, որ ապրեցնում ես բոլոր արարածներին: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Արդ, Աստծո' մայր, քեզնից Ծնվածին աղաչի'ր մեզ համար. որպեսզի Նրա հետ լինելով՝ նորոգվենք Նրա սուրբ Հարությամբ. Նրա առջև միշտ բարեխոսի'ր մեզ ապրեցնելու համար: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Այսօր ցնծում են Սուրբ Հոգու շնորհներով զարդարված առաքյալները` օրհնաբանելով Հորից Ելնողին:

Կամ. Եվ Հուդան իր ձայնը բարձրացնելով` Տիրոջից խնդրում էր ամենքի համար տենչալի սուրբ Խաչը և հավատով գոչում էր. «Եկեք երկրպագե'նք աստվածային սուրբ Նշանին՝ օրհնաբանելով Կույսից Ծնվածին:

 

ՀԱՄԲԱՐՁԻՆԵՐ 

Հարության 

 

ԳԿ. 

Ա. Օրհնաբանում ենք Քո Հարությունը, Մարդասե'ր, աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»: Քեզ օրհնաբանում են սերովբեները և գովաբանում են քերովբեները` աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»: Անդադրում բերանով, անլռելի բարբառով աղաղակելով. «Տեր, փա'ռք Քեզ»:

ԳԿ. 

Բ. Մենք ևս, հրեշտակների օրհնաբանությունը կիսելով, երգում ենք ու ասում. «Փառք Քո Հարությանը, Տե'ր: Դու խաչվեցիր մեզ համար, թաղվեցիր և Հարություն առար ու մեզ ազատեցիր մեղքերից: Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմա'հ Թագավոր:

 

Մարտիրոսների

ԳԿ.

Այսօր մարտիրոսների դասերը ցնծալով բերկրում են` ընդառաջ ելնելով Տեր Քրիստոսին` Աստծո Որդուն: Ձայնը երկնքից վկայելով` ասում է. «Եկե'ք, Իմ Հոր օրհնյալներ, երկնային խորանների ժառանգորդնե'ր: Զբաղեցրե'ք անկում ապրած այն ապստամբ թշնամու տեղը, որը վայր ընկավ երկնքից:

 

Ապաշխարության 

ԴԿ. 

Իմ աղոթքները թող որ մտնեն Քո սուրբ տաճարը, Տե'ր, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից: Թող որ Քո աջը, Տե'ր, հովանի լինի Քո ստեղծածների վրա, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից: Ընդունի'ր մեր երեկոյան աղոթքը, Տե'ր, Քո ծնողի բարեխոսությամբ, և մեզ օգնությո'ւն առաքիր, Տեր, Քո սուրբ լեռից:

Քարոզ

Համայն աշխարհի խաղաղության և սուրբ Եկեղեցու հաստատության համար աղաչե՛նք Տիրոջը: Ասենք բոլորս միաբանությամբ: 

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր: 

Աղոթք

(Աշակ. դաս): Գթառատ, բարեխնամո´ղ Հայր, որ բոլոր արարածների Արարիչն ես, երեկոյան այս ժամին ընդունի՛ր Քո ծառաների պաղատանքները, Դո´ւ, որ բոլորի նկատմամբ առատաձեռն ես Քո բարերար պարգևներով: Ողորմի՛ր, Տե՛ր, ամբողջ աշխարհի և Քո սուրբ Եկեղեցու հիվանդներին, վշտացածներին, ճանապարհորդներին, նավագնացներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալների հոգիներին: Քանի որ Դու, ամենակա´լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքներն առավել քան, քան մենք խնդրում ու իմանում ենք, և Քեզ Որդու և Ամենասուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղուհացի օրերին այստեղ ասվում է «Տէր ամենակալ» սաղմոսը` իր Քարոզ»-ի և «Աղոթք»-ի հետ մեկտեղ, իսկ դրանից հետո՝ «Որ բնակեալն»-ն է սաղմոսը: Իսկ պահոց մյուս օրերին և մարտիրոսաց տոներին ասվում է միայն «Որ բնակեալն»-ն է սաղմոսը: Եվ կիրակնամուտներին էլ ասվում է «Աստ օրհնեցէք» սաղմոսը: 

 

Արձակման փոխ

«Որ բնակեալն է» [Ղ]Սաղմոս

 

Մաղթանք

Բարձրյալ Քրիստոսին մեզ ապավե´ն դարձնենք, որպեսզի չարիքը չհասնի մեզ և տանջանքը չմոտենա մեր տանը: 

Քարոզ

Եվ մենք միաբան Տիրոջից ողորմություն խնդրելով` բոլորս միաբանությամբ ասե´նք:

Տե´ր, ողորմի՛ր, Տե´ր, ողորմի՛ր, Տե´ր, ողորմի՛ր:

Աղոթք

 (Աշակ. դաս):  Կյանքի Հույս, աղոթքներն Ընդունող, մեղքերը Քավող և խնդրանքները Կատարող, մեր Աստվա´ծ Քրիստոս, երեկոյան այս ժամին ընդունի՛ր մեր պաղատանքները Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և Քո բոլոր սուրբերի աղաչանքներով: Լսի՛ր մեզ, Տեր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո´ւն շնորհիր մեր մեղքերին, արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

(Աշակ. դաս): Հիշի՛ր, Տե՛ր, Քո սպասավորներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստացողներին, հոգնածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարեգործներին, թշնամիներին, ատելիներին, ինչպես նաև նրանց, ովքեր հավատով պատվիրեցին մեզ:

 

Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

 

(Ավագ երեցի դաս): Բարերա՛ր և բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր յուրաքանչյուր վտանգից և փորձությունից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

Հայր մեր, որ  երկնքում ես…

ՓՈԽ 

Կիրակնամուտների

«Աստ օրհնեցէ՛ք» [ՃԼԳ] Սաղմոս

Քարոզ 

Հավատով և միաբանությամբ Տիրոջից խնդրենք, որ Իր ողորմության շնորհները սփռի մեզ վրա: Թող Ամենակալ Տերն ապրեցնի և ողորմի:

Ապրեցրո´ւ, Տե´ր:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Աղոթք 

Խաղաղությա´ն Թագավոր, մեր անձերի օգնական և փրկիչ, մեր Աստվա´ծ Քրիստոս, Քո ժողովրդին պարսպվա´ծ պահիր սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո` խաղաղության մեջ: Փրկի՛ր երևացող և աներևույթ թշնամուց, արժանավորի´ր գոհությամբ փառաբանել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

Աղոթք Հինանց Շրջանի Կիրակնամուտների Համար 

Քո ամենազոր և հրաշալի Հարությանը, մեր Աստվա´ծ Քրիստոս, երկրպագում են հրեշտակային զորքերը, քանի որ միայն Դո´ւ անմահութուն ունես, Դո´ւ, որ բնակվում ես անմատույց լույսի մեջ: Եվ մենք` հողեղեն արարածներս, խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը: Եվ երկնային զորքերի հետ օրհնաբանություն և փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Օրհնյալ  է մեր  Տեր  Հիսուս Քրիստոսը. ամեն:

Հայր մեր, որ  երկնքում ես…

 

Քարոզ Խաչի 

 

Սուրբ Խաչով աղաչե´նք Տիրոջը, որպեսզի այդ Խաչով մեզ փրկի մեղքից և ապրեցնի Իր ողորմության շնորհով: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր: 

Աղոթք

(Ավագ երեցի դաս) Պահպանի՛ր մեզ, մեր Աստվա´ծ Քրիստոս, Քո սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո` խաղաղության մեջ: Փրկի՛ր երևացող և աներևույթ թշնամուց, արժանավորի´ր գոհությամբ փառաբանել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

Խրատ  

Եկեղեցում երկրպագություն մատուցելու համար

«Ուրախ եղէ ես» [ՃԻԱ] Սաղմոս

Քարոզ Եկեղեցու

Սուրբ Եկեղեցով աղաչե´նք Տիրոջը, որպեսզի այդ Եկեղեցով մեզ փրկի մեղքից և ապրեցնի Իր ողորմության շնորհով: Մեր Ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:

Աղոթք

Այս սուրբ Եկեղեցու դռան և աստվածակիր ու մեծապայծառ սուրբ Նշանների առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ՓՈԽ

«Աղաղակեցէ՛ք» [ՂԹ] Սաղմոս

Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Քարոզ

Օրհնաբանե´նք ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, Որը մեզ արժանի դարձրեց այս վայրում փառաբանություն մատուցելու և հոգևոր երգեր  երգելու: Մեր ամենակա´լ Տեր Աստված, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:

Աղոթք

Այս տաճարում ու աստվածակիր և մեծապայծառ սուրբ Նշանների ու սուրբ Սեղանի առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթք

Այս սուրբ հարկի տակ և փառաբանության այս վայրում, որը հրեշտակների բնակարանն ու մարդկանց քավարանն է, աստվածակիր և մեծապայծառ սուրբ Նշանների ու սուրբ Սեղանի առաջ խոնարհվելով` երկյուղածաբար երկրպագում և օրհնաբանում ու փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը և օրհնաբանություն ու փառք ենք մատուցում Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: