Ա․ Լոպուխին
8-13․ Եւ Տերն ասաց Ահարոնին. «ահա ես քեզ եմ վստահում Ինձ նվիրաբերված ընծաների պահպանումը, հավիտենական օրենքով Իսրայելի որդիների բոլոր նվիրատվություններից հանուն ձեր քահանայության, Ես քեզ ու քո որդիներին տվեցի։ [8] Ահա թե այրվող սուրբ ընծաներից ինչ է քեզ պատկանում. նրանց բոլոր հացի ընծաները, և մեղքերի թողության համար բոլոր զոհերը, և նրանց բոլոր զանցանքների համար մատուցված զոհերը, որոնք նրանք կբերեն Ինձ, սա քո և քո որդիների համար մեծ սրբություն է։ Ամենասուրբ վայրում կերեք այդ, բոլոր արական սեռի անձինք կարող են ուտել այդ [դու և քո որդիները], սա թող սրբություն լինի քեզ համար։ Եւ ահա, թե նրանց ընծաներից որոնք են քոնը. Իսրայելի որդիների բոլոր ընծաներից Ես հավիտենական օրենքով տվեցի քեզ, քո որդիներին, և քո դուստրերին՝ քեզ հետ միասին, քո տան մեջ յուրաքանչյուր մաքուր մարդ կարող է ուտել այդ։ Բոլոր լավագույն յուղերը, և որթատունկից և ցորենի հատիկներից լավագույնները, նրանց առաջին պտուղները, որոնք նրանք տալիս են Տիրոջը՝ Ես քեզ տվեցի, նրանց հողի բոլոր առաջին պտուղները, որոնք նրանք կնվիրաբերեն Տիրոջը՝ թող քոնը լինեն, քո տան մեջ յուրաքանչյուր մաքուր մարդ կարող է ուտել այդ»։ (Սինոդական թարգ․)
Հմր․ 8–13։ Նկատի են առնվում զոհերի օրենքով սահմանված հատվածները, առաջին պտուղների ընծայաբերումները և Խորանին մատուցվող ընծաները։ Սրանք հօգուտ քահանաների կատարվող ընծայաբերումներ են։ Առաջին պտուղների ընծայաբերումը, Խորանին մատուցված ընծաները, մատուցվող զոհերի կրծքավանդակը և ուսը կարող էին որպես կերակուր օգտագործվել քահանայական ընտանիքի բոլոր (մաքուր) անդամների, այդ թվում՝ ստրուկների կողմից, իսկ մնացյալը՝ որպես «մեծ սրբություն», ճաշակում էին քահանայական սերնդի միմիայն արական սեռի ներկայացուցիչները։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Ահա ես ձեզ յանձնեցի ինձ նուիրաբերուած ընծաների պահպանութիւնը. իսրայէլացիների ինձ նուիրած ամէն ինչ իբրեւ պարգեւ տալիս եմ քեզ ու քո յետնորդներին. եւ սա թող յաւիտենական օրէնք լինի:
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Ահարովնի` եւ ասէ. Ես ահաւասիկ ետու ձեզ զպահեստ պտղոց իմոց. յամենայն նուիրելոցն ինչ յորդւոցն Իսրայէղի` քեզ ետու զայն ի պատիւ, եւ որդւոց քոց յետ քո աւրէն յաւիտենական:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: