Թվոց գրքի մեկնություն 20։7

Ա․ Լոպուխին

7-12․ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. [7] «վերցրու քո գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքեք ժողովրդին, և նրանց աչքերի առջև հրամայեք ապառաժին, և այն իքն իրենից ձեզ ջուր կտա, և այսպես դու նրանց համար ապառաժից ջուր կբխեցնես, և կհագեցնես նրանց և նրանց անասուններին»։ Եվ Մովսեսը Տիրոջ առջևից վերցրեց գավազանը, ինչպես որ Տերը պատվիրել էր նրան։ Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի մոտ, և Մովսեսն ասաց նրանց. «լսեք դու՛ք անհնազանդներ, արդյոք հնարավո՞ր է որ մենք ձեզ համար այս ապառաժից ջուր հանենք»։ Եվ Մովսեսը բարձրացրեց իր ձեռքը և գավազանով երկու անգամ հարվածեց ապառաժին, և շատ ջուր հոսեց, և ժողովուրդն ու իր անասունները խմեցին։ Եվ Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «այն բանի համար, որ դուք չհավատացիք Ինձ, որպեսզի Իմ սրբությունը ցույց տաք Իսրայելի որդիների աչքերի առջև, այս ժողովրդին դուք չեք առաջնորդի դեպի այն երկիրը, որը Ես նրանց եմ տալու»։ (Սինոդական թարգ․)
   
   Անշնորհակալ ժողովրդի անընդմեջ խռովությունները և, ամենակարևորը, մեկ ոտքով արդեն Ավետյաց երկրում կանգնած մատաղ սերնդի ներկայիս վրդովմունքը սասանեցին Մովսեսի ամուր ոգին։ Աստծո բարության և հզորության հրաշափառ հայտնության մեծագույն ակնթարթին օրենսդիրն իր մեջ չկարողացավ ճնշել դաժան և բորբոքված ամբոխի դեմ ուղղված մարդկային բարկության պոռթկումները, որոնց համար պետք է պատժվեր. ժողովրդին խոստացված երկրի սահմանին հասցրած հրեաների մեծ առաջնորդը ստիպված էր վերջինիս սահմաններից դուրս մահանալ։

   Մովսեսի և Ահարոնի մահվան դատապարտվելն աստվածային արդարադատության արտահայտման տեսանկյունից դիտարկվելու հետ մեկտեղ կարող է նաև աստվածային ողորմության տեսանկյունից դիտարկվել. Մերիվում տեղի ունեցած իրադարձությունը ցույց տվեց, որ Մովսեսի մահկանացու սկիզբը՝ մարմնավորը, սկսել էր գերակայություն ձեռք բերել նրա՝ նախկինում անկոտրում ոգու նկատմամբ։ Ուժով և անսանձ էներգիայով լի երիտասարդ իսրայելական ժողովրդի հետ ծերացած առաջնորդի շարունակաբար մնալը կարող էր լինել և՛ օրենսդիրի ուժերից վեր, և՛ ոչ նախկինի պես ժողովրդի համար բարենպաստ։ Նույնը պետք է ասել նաև Ահարոնի մասին։ Երեցը (թեև հոգով մաքուր էր, սակայն) նախկինում երբեք աչքի չէր ընկել ոգու հատուկ ամրությամբ (Ելք. 32)։ Առաջացած տարիքում և առանց իր եղբայր Մովսեսի բարոյական աջակցության նա կարող էր թույլ և անօգնական լինել իր մեծ և պատասխանատու պաշտոնում։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսէսի` եւ ասէ.