Թվոց գրքի մեկնություն 33։1

Ա․ Լոպուխին

1-49․ Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայելացիները, երբ Մովսեսի և Ահարոնի գլխավորությամբ, իրենց զորքով հանդերձ դուրս եկան Եգիպտոսից: [1] Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ իսրայելացիների չվերթն ու նրանց բանակատեղիները: Ահա սրանք են իրենց երթի ժամանակ նրանց դրած բանակատեղիները: Իսրայելացիները Ռամեսսեից մեկնեցին առաջին ամսի տասնհիներորդ օրը: Զատկի հաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջև, Աստծու հզոր պաշտպանությամբ ելան Եգիպտոսից, երբ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին: Տերը կոտրել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ զավակներին: Տերը նրանցից վրեժ էր լուծել իրենց չաստվածների համար: Իսրայելացիները Ռամեսսեից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում: Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն էր: Մեկնեցին Բոթանից և բանակատեղի դրեցին Եպիրոթի մոտ, որը գտնվում է Բեելսեփորի դիմաց, և բանակատեղի դրեցին Մագդողի դիմաց: Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դեպի անապատ, անապատի միջով երեք օրվա ճանապարհ կտրեցին և բանակատեղի դրեցին Դառն աղբյուրների մոտ: Մեկնեցին Դառն աղբյուրների մոտից և եկան Ելիմ: Ելիմում տասներկու ջրի աղբյուր կար և արմավի յոթանասուն ծառ: Նրանք բանակատեղի դրեցին այնտեղ` ջրի մոտ: Մեկնեցին Ելիմից և բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին: Մեկնեցին Կարմիր ծովից և բանակատեղի դրեցին Սին անապատում: Մեկնեցին Սին անապատից և բանակատեղի դրեցին Ռափայում: Մեկնեցին Ռափայից և բանակատեղի դրեցին Ելիմում: Մեկնեցին Ելիմից և բանակատեղի դրեցին Ռափիդինում: Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չուներ, ուստի մեկնեցին Ռափիդինից և բանակատեղի դրեցին Սինայի անապատում: Մեկնեցին Սինայի անապատից և բանակատեղի դրեցին Ցանկության գերեզմաններում: Մեկնեցին Ցանկության գերեզմաններից և բանակատեղի դրեցին Ասերոթում: Մեկնեցին Ասերոթից և բանակատեղի դրեցին Ռաթամայում: Մեկնեցին Ռաթամայից և բանակատեղի դրեցին Ռեմոնփարեսում: Մեկնեցին Ռեմոնփարեսից և բանակատեղի դրեցին Ղեբոնայում: Մեկնեցին Ղեբոնայից և բանակատեղի դրեցին Դեսսայում: Մեկնեցին Դեսսայից և բանակատեղի դրեցին Մակեղղաթում: Մեկնեցին Մակեղղաթից և բանակատեղի դրեցին Սոփարում: Մեկնեցին Սոփարից և բանակատեղի դրեցին Քարադաթում: Մեկնեցին Քարադաթից և բանակատեղի դրեցին Մակելոթում: Մեկնեցին Մակելոթից և բանակատեղի դրեցին Կատտաաթում: Մեկնեցին Կատտաաթից և բանակատեղի դրեցին Տարաթում: Մեկնեցին Տարաթից և բանակատեղի դրեցին Մատեկայում: Մեկնեցին Մատեկայից և բանակատեղի դրեցին Սելմոնայում: Մեկնեցին Սելմոնայից և բանակատեղի դրեցին Մասուրութում: Մեկնեցին Մասուրութից և բանակատեղի դրեցին Բանեայում: Մեկնեցին Բանեայից և բանակատեղի դրեցին Գադգադ լեռան վրա: Մեկնեցին Գադգադ լեռից և բանակատեղի դրեցին Ետեբաթայում: Մեկնեցին Ետեբաթայից և բանակատեղի դրեցին Եբրոնայում: Մեկնեցին Եբրոնայից և բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում: Մեկնեցին Գեսիոնգաբերից և բանակատեղի դրեցին Սին անապատում: Մեկնեցին Սին անապատից և բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն` Կադեսում: Մեկնեցին Կադեսից և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա` Եդոմի երկրի մոտ: Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ լեռը և մեռավ այնտեղ իսրայելացիների` Եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին: Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա: Քանանացիների երկրում բնակվող Արադի արքա Քանանեսը տեղեկացավ, որ իսրայելացիները մուտք են գործում իր երկիրը: Իսրայելացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով` բանակատեղի դրեցին Սելմոնայում: Մեկնեցին Սելմոնայից և բանակատեղի դրեցին Փենովում: Մեկնեցին Փենովից և բանակատեղի դրեցին Օբոթում: Մեկնեցին Օբոթից և բանակատեղի դրեցին Գայիում` Հորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում: Մեկնեցին Գայիից և բանակատեղի դրեցին Դեմոնգադում: Մեկնեցին Դեմոնգադից և բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթեմում: Մեկնեցին Գեղմոնդեբղաթեմից և բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրա` Նաբավի դիմաց: Մեկնեցին Աբարիմ լեռներից և բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արևմուտք, Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց: Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ, Եսիմոթում, որ ձգվում էր մինչև Մեղսատով` Մովաբացիների երկրից արևմուտք: (Սինոդական թարգ․)
   
   Ներկա գլխում թվարկված են 42 բանակատեղիներ, որոնք, իհարկե, չեն համապատասխանում քառասուն տարվա անապատային թափառումների երկար ժամանակաշրջանում հրեաների ունեցած բոլոր կանգառների թվին: Կարելի է ենթադրել, որ նշված են միայն երկարատև կանգառի վայրերը, որն ուղղորդվել է վկայության խորանի հավաքմամբ և կանգնեցմամբ, ընդ որում՝ կանգառներ, որոնք որոշակի հետք են թողել թափառականների կյանքում ու կրոնական գիտակցության մեջ:

   Թվոց գրքի 33−րդ գլխում նշված 42 բանակատեղիների աշխարհագրական դիրքը ճշգրտորեն որոշելն անհնար է՝ անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով: Կարելի է նշել միայն Ռամեսսից մինչև Հորդանան հրեաների շարժման հիմնական ուղղությունը:

   Հրեաները Ռամեսսից շարժվեցին արևելք՝ դեպի Սուեզի ծովածոցի հյուսիսային ծայրամասը: Այստեղ նրանք կանգ առան Սոկքոթում, Բոթանում, Բաալ−Քերոնի դիմաց գտնվող Պիգահիրոթում և Միգդոլում:

   Սուեզի ծովածոցի հյուսիսային ծայրամասում տեղի ունեցավ հրեաների հրաշալի անցումը Կարմիր ծովով: Ծովից դուրս գալուց հետո հրեաները շարժվեցին Սինայի թերակղզու արևմտյան ափով (Բոթան, Սուր, Սին անապատներ) դեպի հարավ՝ Սինայի լեռները: Այստեղ նրանք ունեցան հետևյալ կանգառները՝ Մերրա, Ելիմ, բանակատեղի ծովափին, բանակատեղի Սին անապատում, Դոֆկա, Ալուշա, Ռեփիդիմ, Սինա:

   Սինայից հրեաները շարժվեցին հյուսիս−արևելք (Փարանի անապատ)՝ դեպի Աքաբայի (Գեսիոնգաբեր) ծովածոցի հյուսիսային ծայրամասը, այստեղից էլ հյուսիս՝ դեպի Քանանի (Կադես) հարավային սահմանները: Այստեղ նրանք կանգ առան Թավերա−Կիբրոթ−Գաթաավայում, Ասերոթում, Ռափամայում, Ռեմոնփարեսում, Ղեբոնայում, Դեսսայում, Մակեղղաթում, Սոփարում, Քարադաթում, Մակելոթում, Կատտաաթում, Տարաթում, Մատեկայում, Սելմոնայում, Մասուրութում, Բանեայում, Գադգադ լեռան մոտ, Ետեբաթայում, Եբրոնայում, Գեսիոնգաբերում, Սին անապատում գտնվող Կադեսում:

   38−ամյա դեգերումներից հետո (որպես տրտունջի համար պատիժ) հրեաները կրկին հասնում են Կադես: Այստեղից նրանք գնում են արևելք, այնուհետև հյուսիս` շրջանցելով Եդոմն ու Մովաբը: Հաղթանակած անցնում են ամորհացի Սեհոնի և բասանացի Օգի թագավորությունները: Կրկին իջնում են հարավ և կենտրոնանում Մովաբական դաշտերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի դիմաց: Այստեղ նրանք կանգառներ են ունենում Հոր լեռան, Սելմոնի, Օբոթի, Գայի, Դեմոնգադի, Գեղմոնդեբղաթեմի մոտ, ինչպես նաև բանակատեղի են դնում Հորդանանի մոտ գտնվող հարթավայրում` Երիքովի դիմաց, Եսիմոթի սահմաններից մինչև Մեղսատ (Թվ. 21:1−Թվ. 22:1)։ Գայի բանակատեղիից հետո նշվում են հետևյալները՝ Զարեդի հովտում, Առնոնի հոսանքի մոտ, Բիր ջրհորի մոտ, Մաթթանայում, Նագալիում, Վամոթում, Գայում ու Ֆասգայում, Ամորիտում, Բասանում, Մովաբի հարթավայրերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի դիմաց):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ դուրս եկան Եգիպտոսից:
(Արարատ թարգ․) Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։
(Գրաբար) Եւ այս են բանակատեղք որդւոցն Իսրայէղի` յորմէ հետէ ելին յերկրէն Եգիպտացւոց հանդերձ զաւրուն իւրեանց ի ձեռն Մովսէսի եւ Ահարովնի: