Ա․ Լոպուխին
9-34․ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. [9] «Դիմի՛ր իսրայելացիներին ու նրանց ասա՛. «Դուք, ահա, Հորդանան գետի վրայով անցնում եք Քանանացիների երկիրը։ Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար որպես ապաստան պիտի ծառայեն, երբ մի մարդասպան այնտեղ փախչի։ Ով ակամա մեկին սպանի, այդ քաղաքները սպանողի արյան վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։ Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը որպես ապաստան թող ծառայեն։ Երեք քաղաք տվե՛ք Հորդանան գետի այն կողմում, երեք քաղաք՝ Քանանացիների երկրում։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն իսրայելացիներին, այլև օտարականների ու ձեր մեջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն, որպեսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամա մարդ են սպանել։ Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Եթե որևէ մեկը քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Եթե փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ որ հանդիպի նրան, թող սպանի։ Եթե որևէ մեկը թշնամության հողի վրա հրի մի մարդու, չարամտությամբ նրա վրա որևէ իր նետելով սպանի կամ քինախնդրության համար հարվածի ձեռքով ու սպանի նրան, նա մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը ուր որ հանդիպի նրան, թող սպանի։ Իսկ եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ, կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել, այդ դեպքում ժողովուրդը հարվածողին սպանվածի մերձավորի ներկայությամբ դատ թող անի ըստ հետևյալ դատաստանի. ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան−քաղաք, ուր նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։ Իսկ եթե սպանողը դուրս գա այն քաղաքի սահմաններից, որտեղ ապաստանել էր, և սպանվածի մերձավորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանվածի արյունակիցը թող սպանի մարդասպանին և մահապարտ չդիտվի։ Դրա համար էլ մարդասպանը պետք է բնակվի իր ապաստանած քաղաքում, մինչև որ վախճանվի քահանայապետը։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը թող վերադառնա իր կալվածքը։ Սա ձեր սերունդների մեջ արդարադատության օրենք թող լինի ձեր բնակության բոլոր վայրերում։ Ով որ մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։ Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։ Ապաստան−քաղաք փախչելու համար մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք, նույնպես և՝ մինչև քահանայապետի վախճանումը իր երկրում նորից բնակվելու համար։ Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։. Մի՛ պղծեք այն երկիրը, ուր բնակվում եք, և ուր բնակվում եմ Ես ձեր մեջ, քանզի Ես եմ Տեր Աստվածը, որ բնակվում է իսրայելացիների մեջ»։ (Սինոդական թարգ․)
Սպանվածների հարազատների կամ մերձավորների կողմից մարդասպաններից արյունալի վրեժ լուծելու Հին Արևելքում տարածված ավանդությունը ճանաչված է նաև Մովսեսի օրենքում (համար 19)՝ որպես թշնամություն անողների կրքերը սանձահարող սկզբունք։ Հրեական կենցաղում կիրառվելով՝ այս ավանդությունը որոշ նշանակալի փոփոխություններ է կրում, որոնք էլ հասարակությանը երաշխավորում են կատաղի վրիժառուի դաժանությունից և անարդարությունից:
Յուրաքանչյուր սպանություն (թե՛ գիտակցված և թե՛ չգիտակցված) նախևառաջ ենթակա էր ձևական դատական քննության (16–24, 30 համարներ): Կանխամտածված մարդասպանություն գործողը մահապատժի էր ենթարկվում (16–21, 30 համարներ)՝ առանց փրկագնի իրավունքի (31–34 համարներ): Ակամա մարդասպանության համար մեղադրվողը հնարավորություն էր ստանում խուսափելու արյունալի հաշվեհարդարից՝ ապաստանելով վեց քաղաքներից մեկում և այնտեղ ապրելով մինչև քահանայապետի մահը: Քահանայապետի մահով վրիժառուն զրկվում էր արյունալի վրեժխնդրության իրավունքից, իսկ ակամա մարդասպան դարձածը կրկին ստանում էր ազատ քաղաքացու իր բոլոր իրավունքները (9–15, 22–29 համարներ):
«Ապաստան−քաղաք փախչելու համար մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք, նույնպես և՝ մինչև քահանայապետի վախճանումը իր երկրում նորից բնակվելու համար» (համար 32): Վրեժխնդրության վախը և շատ առումներով ապաստարան−քաղաքներում ապրելու դժվարությունները հրեաներին պետք է սովորեցնեին զգույշ լինել հարևանի կյանքի նկատմամբ:
Երանելի Թեոդորիտի համաձայն՝ այս դեպքում որոշիչ դեր ունեցող հինկտակարանյան քահանայապետի մահվան իմաստը՝ ըստ Մելքիսեդեկի կարգի քահանայապետի մահվան քավչարար պտղի նախատիպ [լինելն] է (Թվեր գրքի մեկնություն, հարց 50):
Ակամա սպանություն գործածների համար նախատեսված ապաստարան−քաղաքների անվանումների և աշխարհագրական դիրքերի մասին ընթերցի՛ր Հեսու Նավեի գրքի 20–21−րդ գլուխներում և Երկրորդ Օրինաց գրքի 4:41–43, 19:1–10 համարներում։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: