ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

Ոչ շատ հեռու` Քատրկա թաղում, մի փողոցի վրա  կանգ առան: Այն բակը, որ տե ղից մուտք գոր ծե ցին, հինգ տների առջև մի փոք րիկ պար տե զի դեր էր կա տա րում: Եռա հարկ տնե րից էին սրանք՝ հա մեստ ու պար զու նակ: Կոլոտը սպասում էր, որ ար քունի ճարտարապետ Սարգիս ճարտարապետը շքեղ տուն կունենա: Սակայն երբ դռնով ներս մտավ, բոլորովին այլ մի աշխարհ դիմավորեց նրան. ճարտարապետն իր ամբողջ տաղանդը ներքին զարդարանքի վրա էր գործածել: Արևմտյան և արևելյան ճարտարապետության ու կահավորման լավագույն նմուշների համադրություն էր շուրջ բոլորը: Հետաքրքիր մի աշխարհ էր հյուսված Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և Իտալիայից բերված իրերով: Տարոն քահանան Կոլոտի երեսից կրկին ընթերցեց նրա զարմանքն ու բացատրեց.

– Այս հինգ տները և հետևի փողոցի հինգկից տներն իրար միացված են մեկ պալատի նման: Դր սից ամեն ինչ նորմալ է, բայց ներսը վերակառուցված է մեծ ամիրայի փառքին պատշաճ պերճությամբ:

– Ինչի՞ համար է այս գաղտնապահությունը:

– Որովհետև մահմեդական օրենքի համաձայն` քրիստոնյաներին արտոնված չէ մեծ տներում բնակվել, քրիստոնյաները նույնիսկ չեն կարող ձի նստել ու փայլուն գույներով հագուստներ հագնել: Ամեն ինչ մուսուլմանների ու նեցածից ցածր որակի պետք է լինի: Հետևաբար մերոնք ինչքան էլ հարուստ լինեն, խոհեմաբար թաքցնում են իրենց ունեցածը իրենց հանդեպ նախանձ չգրգռելու համար:

Երկրորդ հարկ բարձրացան և ընդարձակ մի սենյակ մտան, ուր սեղանների շուրջ հավաքվել էր վաթսունից յոթանասուն մարդ: Սահակ պատրիարքը ձեռքով և իր բարի ժպիտով ողջունեց նոր եկողներին: Պատրիարքի աջ կողմը նստած Սարգիս ճարտարապետն անմիջապես ելավ ու հարմար մի տեղ տվեց Հովհաննես վարդապետին: Տասն հինգ բարձ րաստիճան կղերական ներկային կողք կողքի նստած: Հարցերի տեղատարափ սկսվեց` Կոլոտին ուղղված: Խեղճն աշխատում էր բոլորին էլ պատասխանել ու չէր հասցնում հաց ուտել: Գառնիկ ամիրայի ընդմիջելն ինչ -որ ձևով առիթ տվեց նրան մի փոքր շունչ առնեու և ուտելու:

– Գիտե՞ս, որ ես էլ եմ անձամբ ծանոթ եղել Վարդան Բաղիշեցուն ու տեսել նրա հրաշքներից մեկը:

Գառնիկ ամիրան առանց պատասխանի սպասելու իր ուսերից վերարկուն վարնետեց, վերնաշապիկի կոճակներն արձակեց և իր բացված կուրծքը ցույց տվեց սեղանակիցներին: Կրծքի սպիտակ մազերի տակ շատ հստակ ու խոշոր վերքի հետք կար` ձախ ուսից մինչև պորտը հասնող: – Սրի վերքն է,– ասաց ամիրան ու սկսեց պատմել վերքի հեքիաթը:

Սրահը լուռ էր. բոլորը դադարեցրել էին ուտելը, բացի Կոլոտից, ով, թեև հետաքրքրված պատմությամբ, քաղցած արջի նման իրեն իրավունք էր վերապահել մի քիչ էլ ճաշելու համար իր բերանը գործածելու: Հիսնակի Պահքի կիրակին էր, սակայն իրար ետևից սեղանի վրա դրվում էին պահոց այնպիսի ճոխ կերակուրներ, որ Կոլոտն առաջին անգամ էր ճաշակում` նույնիսկ առանց իմանալու նրանցից շատերի անունները:

«Երեսուն տարի առաջ էր: Հայրս փափագում էր ինձ մեծ վաճառական դարձնել: Ուստի Անատոլիայի գործերն ինձ էր հանձնել. կամենում էր զարգացնել իմ` առևտրի փորձառությունը: Այդ ամառ ինձ Մալաթիա ուղարկեց` ծիրանի բերքը գնելու: Երբ գործը ժամանակից շուտ դյուրությամբ հաջողեցրի, ուզեցի ծանոթանալ շրջակայքին: Լսել էի Բաղեշի ընկույզների համբավի և դրանց գների էժանության մասին: Ուստի Անմիջապես այնտեղ գնացի` քննարկելու առևտրի կարելիությունները: Գյուղերից մեկում խենթի նման մի աղայի աղջկա սիրահարվեցի. կյանքիս մեջ տեսած ամենագեղեցիկ աղջիկներից մեկն էր` կանաչ աչքերով ու դեղին մազերով: Կյանքիս միակ նպատակը դարձավ նրա հետ ամուսնանալը: Սակայն աղջիկը նշանված էր ուրիշի հետ և չէր ուզում ինձ հետ ամուսնանալով` Պոլիս գալ: Հայրը, սակայն, երբ իմացավ իմ առաջարկած հարսանեկան օժիտի մասին, մոռանալով մյուս տղային տված իր բոլոր խոստումները, ավանդական բոլոր պատշաճությունները մի կողմ դրեց ու որոշեց իր աղջկան ինձ կնության տալ: Աշխարհը կարծես իմը լիներ...

Մի խումբ գյուղացիներ ուխտի էին գնում Ս. Կարապետ վանք Վարդավառն այնտեղ տոնելու համար: Ես էլ միացա նրանց, որովհետև սիրտս երախտապարտությամբ լեցուն էր: Աստված ընդունել էր աղոթքներս և ինձ պարգևել իմ սիրած աղջկան: Դեռ երկու օրվա ճանապարհ էինք անցել: Երբ Ամրդոլի վանքի ներքևի ձորի միջով հանդարտ գնում էինք, ես մի պահ կանգ առա զուգահեռ հոսող մի առվակի մոտ: Ես ձիով էի և իմ ուզած ժամանակին կարող էի հասնել խմբին:  Այն պահին, երբ ձիուց ցած իջա, մեջքիս ստացած մի ուժգին հարվածից գետնին տապալվեցի: Երեսները քողարկած չորս ավազակներ հարձակվեցին ինձ վրա: Մի քանի հարվածից հետո նրանցից երկուսը թևերս բռնեցին ու կանգնեցրին ձեռքը սուր բռնած մի մարդու առջև:

– Ինձ մի՛ վնասեք, խնդրում եմ, ձեզ շատ դրամ կտամ:  Ինձ մի՛ մեռցրեք,– գոռացի թուրքերենով:

– Լռի՛ր, սրիկա՛,– պատասխանեց մարդը հայերենով:

Մ  ի փոքր հանգստացա և ասացի. «Տե՛ս, ես էլ հայ եմ: Գոտուս մեջ քսակ ունեմ, ամբողջը ձեզ կտամ, և եթե ինձ արձակեք, ձեզ ուրիշ շատ փող կտամ, ես շատ հարուստ եմ: Խնդրում եմ, ինձ մի՛ վնասեք»:

Մարդը մոտեցավ, ձեռքը գոտուցս ներս հրելով` քսակը հանեց: Երեսը ծածկված էր, սակայն նրա խավար աչքերից ամպամած ատելություն ու չարություն էի կարդում: Քսակը շպրտեց երեսիս:

– Շատ լավ գիտենք, որ դու հարուստ լակոտի մեկն ես, շանորդի՛: Բայց դրամդ այլևս քեզ չի կարող փրկել:

Երեսը բացեց, և այդ պահին հասկացա, որ վերջս եկել է. մարդը իմ սիրած աղջկա նշանածն էր: Շատ էր ինձ խնդրել, որ աղջկանից հրաժարվեմ, բայց ես ինքնավստահորեն մերժել էի:

– Ուրիշ ճար չթողեցիր ինձ, անաստվա՛ծ լակոտ, իմ ասած ժամանակ պիտի հեռանայիր այս տեղերից:

Ճանապարհի կողմերից ձայներ էին գալիս: Թվում էր` ուրիշ մարդիկ են մոտենում մեզ: Խուճապի մատնված մարդն իր սու րը բարձ րաց րեց և ամբողջ ուժով հարվածեց կրծքիս: Աչքերիս առջև ամեն ինչ սևացավ, և հանկարծ ուշագնաց եղա: Երբ արթնացա, անծանոթ մի սենյակի մեջ էի և կանգնած շփոթված շուրջս էի դիտում: Սենյակում` մի անկողնի կողքին, երկու կղերականներ էին նստել ու պառկած մարդով  էին զբաղված: Նրանցից մեկը սաղմոս էր կարդում: Զարմացա ու մտածեցի, թե ես ինչ գործ ունեմ այդ սենյակում:

Մոտեցա անկողնին ու սարսափով գլխի ընկա, որ պառկած մարդը ես եմ. անշունչ քնել էի` կուրծքս փաթաթված: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ էր տեղի ունենում: Երկու Գառնիկ կար այնտեղ. մեկն անշարժ պառկած էր, իսկ մյուսն արթուն էր ու տեղյակ ամեն ինչին: Անգամ սաղմոսն եմ հիշում. «Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան Քում»: Հպվեցի մարդկանց, ձայն տվեցի, բայց նրանք ինձ չէին նշմարում:

– Խեղճն այլևս չի շնչում, կարծես մեռավ: Այս վերքով երեք օր ապրելն արդեն ինքնին հրաշք էր: Վարդան վարդապետն այսօր վանք էր վերադառնալու: Արշա՛կ սարկավագ, գնա՛, նայի՛ր, եթե եկել է, ամեն բան պատմի՛ր նրան: Այս երիտասարդին միայն նա կարող է օգնել:

Ահա այդ պահին հասկացա, որ մեռած եմ, և հոգիս մարմնիցս դուրս է եկել: Իսկ հիմա ի՞նչ պիտի լիներ: Պատրաստ չէի մեռնելու այդքան երիտասարդ ու մեղավոր: Այդպես չպետք է իմ կյանքն ավարտվեր. այդպես անիմաստ և այդքան հիմար: Սկսեցի աղոթել` Աստծուն աղաչելով, որ մի առիթ ևս ինձ շնորհի ապրելու: Դուռը բացվեց, ու սարկավագի հետ մի վարդապետ ներս մտավ: Մոտեցավ մարմնիս, քննեց բազկերակս, ապա նայեց մյուս երկուսին և հրամայեց, որ դուրս ելնեն: Երբ նա առանձին մնաց, ծնրադրեց անկողնի առջև և գլուխը դնելով վերմակի վրա` խորն աղոթքի մեջ  մտավ: Ես լսում էի` ինչ է աղոթում: Մի բան էր շարունակ  հարցնում. «Իր օրերը լրացա՞ն, թե՞ ոչ»: Հանկարծ սենյակում չգիտեմ որտեղից մի ձայն հնչեց. «Դեռ ապրելու շատ օրեր ունի»: Վարդապետը գլուխը ետ քաշեց ու կրկին ոտքի ելավ. իր ձախ ձեռքը գլխիս վրա դրեց, իսկ աջը՝ սրտիս վրա: Հիացումով տե սա, թե ինչպես նրա մարմնից լուսավոր ու սպիտակ հոգի դուրս ելավ ու սուզվելով իմ մարմնի մեջ մտավ: Հետո այն ելավ ու կանգնեց իմ հոգու առջև: Աչքերիս նայեց ու ասաց. «Վերադարձի՛ր ու նե՛րս մտիր, տունդ պատրաստ է»: Հանկարծ մարմնիս վրա ուժեղ ձգողություն զգացի ու մեծ ցավով աչքերս բացեցի»:

Գառնիկ ամիրան մի կում ջուր խմեց: Բոլորը մեծապես տպավորված էին նրա պատմությունից: Նայեց Կոլոտին ու հարցրեց.

– Վարդապե՛տ, լսե՞լ էիր այս հրաշքի մասին:

– Այո՛, այդ Արշակ սարկավագը հետո Մանուկ վարդապետ դարձավ: Նա Ամրդոլի իմ ուսուցիչներից մեկն էր, իսկ հետո լեռ բարձրացավ ճգնելու ու այլևս չվերադարձավ: Նա էր մեզ հրաշքի մասին պատմել: Նաև պատմել էր, թե ինչպես է Վարդան Վարդապետը հատուկ դեղ պատրաստել վերքը դարմանելու համար: Մանուկ վարդապետն ասում էր, որ Ձեզ վանք բերած պահին վերքն այնքան խորն էր, որ նույնիսկ Ձեր բաբախող սիրտը բացվածքի միջից կարելի էր տեսնել:

– Գառնի՛կ ամիրա, պատմությունն ինչպե՞ս վերջացավ, ամուսնացա՞ր այդ աղջկա հետ ու պատժեցի՞ր հանցագործին,– հարցրեց Խոսրով մահտեսին` մնացածի փափագի թարգմանը դառնալով:

– Երեք ամիս տևեց դարմանումս: Ամրդոլում ինձ լավագույն ձևով խնամեցին, և բուժվեցի ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես: Ամեն օր մեկը սենյակիս մեջ Սաղմոս ու Ավետարան էր կարդում, և հաճախ էի հոգևոր զրույցներ ունենում: Վարդան վարդապետի խրատները պահում եմ սրտումս որպես կյանքիս ամենաթանկ նվեր: Մի օր սենյակս մտավ և ուղղակի հարցրեց.

– Ասա՛ ինձ, դո՞ւ ես ավելի հարուստ, թե՞ ես:

– Իհարկե դու, հա՛յր սուրբ, համեմատություն անգամ չի կարող լինել:

– Դու էլ ես հարուստ և դեռ շատ հարուստ պիտի լինես: Բայց մենք` հարուստ ներս, մեծ խնդիր  ունենք: Գիտե՞ս, թե դա ինչ է. հարստության տեր դառնալ ու երբեք չարտոնել, որ այն անարդարության գործիքի վերածվի: Հետևաբար ճշմարիտ հարուստն իր հարստությանը երկու անգամ տիրացող անձն է. նախ` պետք է, որ ձեռք բերելով նրան տիրանա, իսկ երկրորդ՝ սանձի այն, որպեսզի չարության, ատելության, կռվի, կրքի և անարդարության համար ինքնավար ուժի չվերածվի: Ծերությունից ձեռքերը դողդողացող մեկի երբևէ տեսե՞լ ես: Ուզում է ճաշը բերանը տանել, բայց գետնին է թափում` աղտոտելով իրեն ու շուրջը: Հարուստների մեծամասնությունն այդպիսի տկար մարդիկ են` հզորի տեսքով. չեն կարողանում վայելել իրենց դիզածները, իրենց գրպանը չի հնազանդվում իրենց խղճի բարության դրդումներին, և գետնին են թափում նախախնամության կողմից իրենց ափսեի մեջ դրված ճոխությունը` աղտոտելով իրենց հոգին և թշվառություն տարածելով իրենց շուրջը: Մեզ՝ մեղավոր ու եսասեր մարդկանց համար ուժի և չարության միջև շատ ստույգ կապ գոյություն ունի: Ուստի հոգևոր կյանքի ոսկե սկզբունքն է` հրաժարվելով տիրանալ ամեն ինչի:

– Չկարողացա հասկանալ «հրաժարվելով տիրանալը»:

– Ամեն ինչ պատկանում է Աստծուն, իսկ մեզ՝ ոչինչ: Լոկ պատրանք է, որ մենք կարծում ենք, թե մեր հավիտենական իրավունքներն ունենք` մեր կյանքը, ծնողներին, տաղանդները, անուն, տիտղոս, պատիվ, դրամ, հարստություն, ժամանակ, ապագա, առողջություն: Երբ այս բոլորը գալիս են որպես նվերներ, մարդը, բնականաբար, իրեն «տեր» է զգում այս բոլորի վրա: Եվ սատանան նրա հոգում սուտ թելադրանքներ է ներարկում այնպես, որ մարդը կարծում է, թե արժե այս բոլորի համար կռվել, պայքարել, մեռցնել, մեռնել,  դավաճանել և ուրանալ ամեն սրբություն: Այո՛, ամբողջ մի կյանք տրամադրել սրանց` հավաքել, հավաքել ու հավաքել` առանց իմանալու, թե ինչի համար և ում համար: Իսկ երբ մեկը հրաժարվում է իր ունեցածից` ներառյալ իր կյանքն ու «տիրոջ» պես վարվելու մոլուցքը, և սկսում է իմաստուն ծառայի երկյուղով «տնտեսել» իրեն հանձնվածները` որպես  ճշմարիտ Տիրոջ կալվածք, ընդունվում է ավելի ընդարձակ կյանք, որ հավիտենական կյանքն է, որտեղ կորստի ոչ մի ստվեր գոյություն չունի` կատարյալ աղքատության մեջ հարստացած:

– Զգուշացումներդ ինձ հասկանալի են, հա՛յր սուրբ, բայց դու հաստատապես գերազանցել ես այդ բոլորը: Դու բարի ես և միշտ բարին ես կամենում ու կատարում:

– Ուժի, անսահման ուժի տիրանալու ձգտումը նույնիսկ  ինձ նման հոգևոր մարդկանց համար գլխավոր փորձությունն  է: Երբ հոգուս զգայարանները բացվեցին, սկսեցի լսել, տեսնել և իմանալ այնպիսի բաներ, որ կարող էին շատ դյուրին  կերպով ինձ աշխարհի ամենահարուստ ու հզոր մարդու վիճակին բարձրացնել նյութապես և հոգեպես: Օրինակ ` մի օր ճգնում էի մի քարայրում, մի ձայն հնչեց. «ոսկու հանք կա ձախ պատի ետևում», կամ մեկ այլ օր քայլում էի հին քաղաքի փլատակների միջով, հանկարծ հոգևոր տեսողությունս բացվեց, և ես քարերի տակ թաքնված թագավորական գանձարան տեսա: Մի ուրիշ առիթով առվակի մոտեցա` ջուր խմելու, խճաքարերի մեջ մեծ- մեծ ադամանդներ էին փայլփլում:

– Ի՞նչ արեցիր, հա՛յր սուրբ: Գոնե մի քանի հատ չհավաքեցի՞ր,– հարցրի հուզումից լայնացած աչքերով: – Ո՛չ, իհարկե ոչ մեկին ձեռքով չդիպա, որովհետև ինձ և իմ կոչումի համար կարիք չունեի այդպիսի հարստության:

– Ամեն մարդ կարիք ունի այդպիսի հարստության, վարդապե՛տ, ո՞ր աշխարհում ես դու ապրում: Նույնիսկ այս վանքում դուք դրա մի կարիք չունե՞ք:

– Վաճառականի համար նյութական հարստություն ավելացնելն ու դիզելը կարող է առաքինություն համարվել, իսկ վանականի համար` աններելի անկում:

– Բայց այդ կարողությունն Աստված էր քեզ տվել ու ձայնով հայտնել, որ դու տիրանայիր այդ հարստություններին:

– Ես քո չափ վստահ չեմ, որ Աստված էր ինձ ցույց տվողը կամ խոսողը: Սատանան էլ մեր Տիրոջն աշխարհի ողջ հարստությունը ցույց տվեց: Նրա նպատակն իհարկե մեր Տիրոջը հարստացնելը չէր, այլ գայթակղեցնելը, և եթե հնարավոր լիներ, Իր ճանապարհից շեղելը: Երբեմն իմ մեջ այնպիսի ուժ  եմ զգում, որի շնորհիվ կարող եմ հանդիպած բոլոր սրիկաներին ու չարերին աշխարհի երեսից եղիական կրակով բնաջնջել: Երբեմն էլ լցվում եմ այնպիսի գութով, որ ինձ մղում է իմ հանդիպած բոլոր հիվանդներին բուժելու, աղքատ այրուն ու որբին հացով ու ձեթով կշտացնելու և բոլոր վշտահար մայրերին ողջ -առողջ վերադարձնելու իրենց մեռած որ դիներին, բայց չեմ անում:

– Ինչո՞ւ, չէ՞ որ վերջինները բարի են: Ինչպես կարդում ենք Ավետարաններում և սուրբերի վարքերի մեջ, Աստված կամենում է հրաշքներով ուրիշի օգնել:

– Բայց մինչև Քրիստոս չվերադառնա, այս աշխարհը երբեք դրախտի չպիտի վերածվի: Հետևաբար հնարավոր չէ նրա մեջ եղած բոլոր սխալները սրբագրելով ուղղել: Այնպես որ այս աշխարհի վրա մեղքի արդյունքները երկնային հրաշքներով ընդմիշտ բուժելն Աստծո տնտեսությունը չէ:

Հրաշքներ քիչ են պատահում. ոչ թե նրա համար, որ հրաշագործներն են սակավ, այլ Աստված չի կամենում ակնհայտ հրաշքներով այս աշխարհի գաղտնիք ները քողազերծել: Եթե Աստված կամենա, նույնիսկ էշը կարող է հրաշք գործել` մարդու նման խոսելով: Այս աշխարհում եթե մի մեղավոր դարձի է գալիս, կամ երբ մեկը ներում է իր թշնամուն, երկնքում ավելի մեծ ուրախություն է լինում, քան երբ մի սուրբ հարություն է տալիս մի մեռյալի:

– Բայց դու ինձ հարություն տվեցիր:

– Այո՛, բայց միայն աստվածային վավերացումը ստանալուց հետո: Իմ ուսուցիչը՝ Անանուն սուրբը, ինձ խստիվ պատվիրել էր, որ նախևառաջ ականջներս պետք է վարժեցնեմ Սուրբ Հոգուց եկող գիտության խոսքը լսելու և ըստ այնմ շարժվելու յուրաքանչյուր պարագայում:

Հետևաբար ամեն հիվանդ չի բուժվում, ամեն մեռյալի հարություն չի տրվում, ամեն գաղտնի գանձ չի հայտնաբերվում, և ամեն ամուլ կին չի ծննդաբերում: Քանի որ այս աշխարհի կառուցվածքը մեր հասկացողությունից վեր է, և  այնպիսի բարդ կառույցներ կան, որ չպետք է մի քար անգամ շարժես, նույնիսկ եթե սիրտդ փափագում է շատ օգնել, հաճախ պետք է միայն դիտես ու կողքով անցնես գնաս` առանց հպվելու, այլապես քեզ վրա փուլ կգա, և դու տակը կմնաս: Պարզ Հավատացյալը չունի այս խնդիրները, բայց ես քեզ նման հարուստ եմ և ստիպված եմ շարժման անցնելուց առաջ լսել Աստծո ձայնը:

– Բայց քանի որ սատանան կամ դևերը ևս կարող են խոսել քեզ հետ և ճիշտ ու լավ բաներ ասել, ուրեմն ինչպե՞ս ես ձայները զանազանում:

– Դու ինչպե՞ս ես իմ ձայնն Արշակ սարկավագի ձայնից զանազանում. ահա այդպես: Նաև երբ առանց իմ խնդրանքի  են ինձ ձայներ հասնում, ինքս ինձ սովորեցրել եմ կասկածել դրանց, ինչը գոհություն է պատճառում Աստծուն: Սակայն երբ Նրա ձայնը լսելու կարիք ունեմ, միտքս մաքրում եմ ամեն ինչից` միայն մի հարց թողնելով: Ուշադրությունս անմատչելի հոգևոր բարձունքն եմ հանում` բաց թողնելով  միայն մի ճաղավոր պատուհան, որ տեղից միայն Սուրբ Հոգու աղավնին կարող է ներս մտնել: Նայի՛ր, տեսնո՞ւմ ես այս բաց պատուհանը: Այդ տեղից ո՛չ օձը կարող է մուտք գործել, ո՛չ էլ գողը, այլ միայն աղավնիները, որովհետև այն հիսուն մետրանոց բարձր պատի մեջ է բացված, որ երկու հարյուր մետր բարձրությամբ անդնդի վրա է հիմնված: Հասկացա՞ր: – Քո պարագայում, այո՛, հասկացա, հա՛յր սուրբ, բայց ես ինչպե՞ս պիտի լսեմ այդ ձայնը:

– Դու պիտի անսաս մարմնական ականջներով լսվելիք սուրբ ձայներին և չպիտի փորձես լսել ինձ եկող ձայները: Նույնիսկ եթե լսես, չպիտի վստահես ու պիտի մերժես նրանց հնազանդվել: Դու արդեն երեք ամսից ի վեր լսում ես քեզ առաջ նոր դող ձայնը` Աստծո խոսքը, որ հնչում է սաղմոսների, Ավետարանի և Եկեղեցու աղոթքների միջից: Դու պիտի միայն այդ ձայնին վստահես ու հրաժարվես զգացմունքներիդ դիմելուց, որոնք հաճախ դրդվում են անասնական կրքերից ու դիվական թելադրանքներից: Լսի՛ր ու հետևի՛ր աստվածային պատվիրաններին և սուրբերի իմաստությանը: Մի՛ դավաճանիր ավետարանական ճշմարտու թյուններին՝ սիրո և ողորմության վսեմ գաղափարին:

– Դժվար չէ հասկանալ ասածներդ, ամեն ինչ ճիշտ է: Պիտի ջանամ կիրառել, որքան  որ հնարավոր է: – Իրապես պիտի ջանա՞ս,- նայեց աչքերիս մեջ. բարկություն կար իր սուրբ աչքերում:

– Մի քանի օր հետո հայրդ այստեղ կլինի: Նա կառավարիչ փաշայի բարեկամն է: Շատ դյուրին կլինի քեզ համար քեզ վիրավորողին բռնել ու բանտ նետել տալ և ամեն օր անձամբ նրան զնդանում տանջել, քեզ տված այս մեկ վերքի  փոխարեն հարյուր հատ բացել նրա անզգամ մարմնի վրա և օր ու գիշեր նրան անիմանալի ցավեր ճաշակել տալ, իսկ հետո մի քանի դրամ տալ դահիճներին, որպեսզի նրան խեղդեն զնդանում և դիակը շներին նետեն: Նրան տեր կանգնող չպիտի լինի, որովհետև նա հարուստ չէ: Այնուհետև անարգել կգնաս ու կտիրես սիրածդ աղջկան և թագավորավայել  հարսանիք անելուց հետո նրան Պոլիս կտանես և պալատանման մի նոր տուն կառուցելով` նրա հետ երջանիկ կապրես` հավիտյանս հավիտենից հարստությանդ քաղցր պտուղները վայելելով: Այդպե՞ս պիտի ջա նաս ինձանից լսածներդ կիրառել: Գառնիկ ամիրանդադար տվեց ու մի պահ դիտեց ձեղունը. շուրթերը շարժվում էին հուզմունքից, իսկ ճակատը շողշողում էր՝ քրտինքի թեթև շերտով օծված:

– Ես կյանքիս մեջ շատ քիչ անգամ եմ ամաչել այնպես, ինչպես Վարդան վարդապետի աչքերին նայելուս պահին եղավ:

– Հոգիս ինչպե՞ս ես կարդում, հա՛յր սուրբ, այսքան հստակ և այսքան ճշգրիտ,– գոռացի` երկյուղով ու հիացումով լցված:

– Սենյակի մթնոլորտն աղտոտել ես այդ դժոխային մտածումներով ու քինախնդրության գարշահոտով: Եթե սենյակն այսպես լցված է կեղտով, Աստված գիտի` ի՜նչ ճահիճ է հավաքվել սրտիդ մեջ:

– Իմ ձեռքում չէ հանդարտվելը, հա՛յր սուրբ, հավատա՛, իմ ձեռքում չէ: Պետք է պատժեմ այդ անխիղճ սրիկային և ամուսնանամ այն աղջկա հետ: Եթե իմ հարստությամբ չկարո շղանամ տիրանալ այս արդար ցանկություններիս, ինչի՞ս են պետք դրամ դիզելը, ուժ կուտակելը և «հարուստ մարդ» հորջորջվելը:

– Ի վերջո, ճիշտ հարց տվեցիր: Տեսնենք` ճիշտ պատասխան էլ կկարողանա՞ս գտնել:

Վարդանն աթոռից ոտքի ելավ և դեպի դուռն ուղղվեց: Խնամող Արշակ սարկավագին հրամայեց, որ այլևս Ավետարան ու սաղմոս չկարդան ինձ համար:

– Եթե չի կիրառվելու, իզուր է այսքան շատ Ավետարան կարդալը: Երևում է` ընթերցումներն այս խեղճի համար դատապարտությունից զատ ուրիշ բանի չպիտի ծառայեն:  Դուռը բացեց, մի պահ սպասեց, նայեց սարկավագին և արհամարհական շեշտով մեջ բերեց Հիսուսի խոսքը. «Ձեր մարգարիտները խոզերի առջև մի՛ նետեք»: Վարդան վարդապետին այլևս չտեսա: Երկու օր հետո հայրս եկավ` ինձ Ամրդոլ տանելու: Մեկ օր առաջ Վարդանը վանքից հեռացել էր: Գնացինք Բաղեշ: Ամբողջ ճանապարհին հոգուս մեջ անդադար պայքար կար. երեք ամսվա վանական կյանքս, սաղմոսներ, Ավետարան, Վարդանի զրույցները, սեր, ատելություն, վրիժառության համ, իմ թշնամուն ներելու կուլ չգնացող դառնություն և, ի վերջո, Վարդանի վերջին մարտահրավերը՝ «խոզ» լինելու կամ չլինելու որոշումն ավետարանական ջինջ մարգարիտների առջև ինձ հրամցված:

Գառնիկ ամիրան մի պահ կանգ առավ: Անհամբեր սպասող ծառաները, այս առիթից օգտվելով, անմիջապես սկսեցին սեղանի վրայի դատարկ ափսեները հավաքել և անուշեղենի տեսակները հրամցնել:

– Արագացրե՛ք, շարժվեցե՛ք,– աղաղակեց Խոսրով մահտեսին,– Գառնիկ ամիրան դեռ իր խոսքը չի ավարտել: Չէ՞իք կարող մի քիչ էլ սպասել:

– Հայրս ինձանից առաջ արդեն ամեն բան կարգադրել  էր: Երբ Բաղեշ հասանք, զինվորները երկու օր առաջ բռնել, բերել էին հանցագործին: Խցի մեջ բանտարկված էր, երբ նրան առանձին այ ցե լե ցի: Ինձ տեսնելով` զարմացավ: Երկյու ղով ինձ դիտեց` խոշոր բացված աչքերով: Նստած տեղից դժվարությամբ ոտքի կանգնեց: Երևում է` բավականին ծեծել էին. ավանդական «ֆալաքա» կոչված ծեծը՝ ոտքերի տակից տրված փայտահարվածներով, վերացնում էր մարդու ողջ դիմացկունությունը: Ամեն դեպքում, ուղիղ կանգնեց իմ առջև, կուրծքն ուռեցրեց ու հպարտ խոսեց. «Ուշացար: Մարիամն ինձ էր սիրում և իմը եղավ: Երկու ամիս առաջ  ամուսնացանք, և կինս հղի է: Պատրաստ եմ պատիժս կրելու, այլևս չեմ զղջում, նույնիսկ եթե մեռնելու լինեմ»: Նրա առջև կանգնած՝ շապիկիս կոճակները քանդեցի և հանդարտորեն ցույց տվեցի կրծքիս ընդարձակ վերքը:

– Իմ փոխարեն դու լինեիր, ի՞նչ պատիժ կպահանջեիր սրա համար:  Գլուխը թեքեց, սկսեց դողդողալ, ամբողջ հպարտությունը խորտակվեց ու սկսեց լաց լինել: Գլուխը ձեռքերի մեջ առած` նեղ նստարանի վրա կծկվեց:

– Եթե երեք ամիս առաջ լիներ, այս վերքի նման տասը վերք կբացեի մարմնիդ վրա ու մինչև մեռնելդ տանջել կտայի և հետո միսդ շներին կտայի որպես կերակուր: Գիտես, որ կարող եմ այդ անել, բայց չեմ անի, կներեմ քեզ, որովհետև Աստված ինձ ներեց և մահվան երկրից վերադարձնելով` ինձ մի նոր կյանք պարգևեց: Այժմ քաջ գիտեմ, որ ինչ որ ունեմ, Նրան եմ պարտական: Հետևաբար ստիպված եմ անելու ոչ  թե այն, ինչ որ ես եմ ուզում, այլ ինչ որ Աստված է ինձանից ուզում: Աստված ասում է խղճիս մեջ, որ ես հանցավոր եմ` միջամտելով ուրիշների կյանքին և դրամական ուժով պարտադրելով իմ կամքն ուրիշների կամքին ու ցանկանալով ուրիշին պատկանածը: Ազատ ես, գնա՛ և երջանի՛կ եղիր սիրածիդ հետ: Այս լսելով` լացելով ընկավ ոտքերիս առաջ:

– Ես ոճրագործ չեմ, չէի ուզում այդ վնասը քեզ հասցնել: Փա՜ռք Աստծո, որ չես մահացել: Ամեն գիշեր աչքերիս առաջ էին գալիս աղաչող աչքերդ, ու սառը քրտինքների մեջ կես գիշերներին արթնանում էի: «Մի՛ մեռցրու ինձ»,– գոռում էիր արյան մեջ թաթախված: Ես երեք ամիս, քսանչորս ժամ դժոխքում ապրեցի: Ների՛ր ինձ, իրապես ների՛ր, սրտանց ների՛ր: Ես պատրաստ եմ հինգ տարի բանտում մնալու: Բավական է, որ ինձ ներես, իրապես ներես:

Ուսերից բռնեցի, վեր հանեցի, եղբայրաբար փաթաթվեցի ու նրա հետ ես էլ սկսեցի լաց լինել: Իր արցունքներով նա ներվեց «ոճրագործի» դառն դատապարտությունից, իսկ ես փրկվեցի վրիժառու «խոզ» լինելուց՝ հնազանդվելով Քրիստոսի սիրո Ավետարանին: Այդ պահին ես հասկացա, թե ինչ էր Վարդան վարդապետն ուզում ասել «հրաժարվելով տիրանալու» մասին: Ճիշտ վերքիս մեջտեղում` սրտիս վրա, ես տիրեցի մի գեղեցիկ ժպիտի, ես կասեի` Աստծո ժպիտին, որ մինչև այսօր ջերմացնում է սիրտս ու կշարունակի գեղեցիկ աստղի նման փայլել այնտեղ հավիտյանս հավիտենից: «Ամեն»,– պատասխանեց ողջ սրահը:

Չկար մեկը, որի աչքերը տամկացած չլինեին: Անուշեղեններն այլ քաղցրություն էին ստացել նրանց բերաններում,  երբ այս հարուստ ու զորավոր մարդիկ մտածում էին «հրաժարվելով տիրանալու» սկզբունքի մասին:

 

Հաջորդ գլուխը՝

ՀԶՈՐ ԱՆՁԱՆՑ ՏԿԱՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ