արդանն անհամբերությամբ սպասում էր լսել վիշապի երկու գլուխների պատմությունը: Իր իմացած վիշապը մի գլուխ ունեցող սատանան էր կամ յոթ գլուխներով նկարագրված վիշապը` իբրև խորհրդանիշ յոթ մահացու մեղքերի: Սակայն նրանց ճանապարհը հետզհետե խոչընդոտելով էր անցնում, նեղանում ու ավելի վտանգավոր դառնում: Ի վերջո հասան այծերի այնպիսի՜ արահետի, որտեղից Արջ եղբայրը դժվարանում էր քայլել:
– Դու մի՛ արի, սիրելի եղբայր, – ասաց Արջին ծերունին, – ազատ զգա` ցանկացածդ անելու:
Եթե Վարդանին մնար, ապա ինքն էլ կնախընտրեր Արջ եղբոր հետ միասին մնալ ներքևում, քան այս անդունդի եզրերով մագլցել դեպի վեր: Վարդանը երբե՛ք չէր տեսել այսպիսի ահարկու անդունդներ: Կարծես դրանք դժոխքների եզրեր լինեին: Ո՛չ էլ երբեք աշխարհը դիտել էր այսպիսի բարձունքներից: Քանի դեռ նա չէր սովորել թռչել այս սրբի նման, անզգույշ որևէ մի քայլ` իր վերջնական կործանումն ակնհայտ էր: Այդ բանը քաջ հասկանում էր նա: Սակայն անակնկալորեն մի վստահություն հաղորդվեց նրան` գիտակցելով, որ իր անանուն ընկերը, որը քիչ առաջ թևը դրեց իր ուսերին, ամենևին թույլ չի տա իրեն մահվան դատապարտվել: Ո՛չ, նա մեռնելու համար չէր հասել այս բարձունքներին, այլ ապրելու և նոր կյանք վայելելու: Այժմ ավելի լավ էր հասկանում ծերունուն: Այս դժվարամատչելի ճանապարհների վրա լեռը ծնունդ էր պարգևում իրեն: Ինքը բնության երկունքն էր, որ ծնունդ տալ էր ջանում իր սաղմին` մարդու որդու մեջ, հրելով նրան դեպի կատարները, դեպի աստղերը և դեպի հրեշտակների երկիրը: Լեռը նեցուկ էր կանգնում իրեն: Զգում էր Վարդանը դա: Ժայռերը փակում էին իր ոտքերը: Վարդանը զգում էր դա: Հովը փաթաթվել էր իր մարմնին և չէր թողնում, որ ընկնի: Վարդանը զգում էր դա: Ներքևից և վերևից ողջ բնությունն աղաղակում էր միասնաբար:
– Դու՛, ո՜վ մարդու որդի, դո՛ւ` մեր զավակը, մագլցի՛ր աստղերից այն կողմ և համբուրի՛ր ոտքերը մեր Արարչի` մեր իսկ շրթունքներով: Եվ Վարդան վարդապետը, ողջ բնության շրթունքը դարձած, համբուրելու էր գալիս ոտքերը Քրիստոսի` իր պաշտելիի: Վախը հաճույքի էր վերածվել: Այս ընթացքում եթե նույնիսկ ինքնիրեն նետելու լիներ անդունդը, քաջ գիտեր, որ ոչ մի բան չի վնասի իրեն, և հրեշտակները իրենց ձեռքերի վրա կկրեն իրեն, որպեսզի չվնասվի: Անունն այլևս Վարդան չէր, իհարկե: Նա լեռների որդին էր, ձորերի, անդունդների, անտառների, ծաղիկների ու միջատների որդին էր, մարդու որդին էր, միկրոկոսմոս, փոքր մի տիեզերք, ողջ տիեզերքի նվերը` իր Արարչին նվիրված:
Վարդանն իր մարմնի մորթով սահմանված մտածող մի անասուն էր լոկ, իսկ այս մագլցող մարդու որդու սահմանը Աստված էր միայն: Եվ զգում էր, որ ինչ–որ բան իր միջից դուրս էր գալիս` գերազանցելով տիեզերքի սահմանները, և մուտք էր գործում Աստվածությունից ներս` դառնալու մի Աստվածորդի: Հափշտակված էր Վարդանը բոլորի համար անկարելի և ասպասելի վայրով: Տարիներից ի վեր իր միաբանական խցիկի մեջ չէր ունեցել այսպիսի մի հափշտակություն, որն անկասկած, անկարելի էր փոխել որևէ այլ բանի հետ: Ա՞յս էր գանձը արդյոք: Հանկարծ անդրադարձավ, որ իր թևից քաշում էր ծերունին` վերադարձնելով նրան միստիկ փորձառությունից կրկին դեպի իր զգայարանները. ճանապարհն ավարտվել էր, բնականաբար: Ընդարձակ մի ճեղքված էր բացվել նրանց առջև: Մի քիչ ցած մի մեծ քարայրի լայն մուտքն էր երևում: Սակայն հինգ մետր բաց տարածություն կար նրանց և քարայրի միջև:
– Պետք է ցատկենք այս անդունդի վրայով, – ասաց ծերունին, – բայց կարող ենք վերադառնալ, թե կցանկանաս:
– Ցանկանում եմ գնալ քեզ հետ քո անցնելիք բոլոր ճանապարհներով: Ցանկանում եմ լինել քեզ հետ, որտեղ էլ լինես: Քեզ հետ միասին կնետվեմ դժոխքների կրակների մեջ նույնիսկ, եթե դիմացը Քրիստոսի գանձը գտնել կարողանամ: Մարդկային հնարավորություններից ելնելով` անհնար է ցատկել այս անդունդի վրայով և անցնել դիմացը: Բայց այլևս մենք մա՞րդ ենք արդյոք: Խաչակնքեցին երեսները, և ծերունին բռնեց Վարդանի ձեռքից.
– Հիսուս Քրիստոսի անունից. մեկ, երկու, երեք...:
Ցատկեցին–անցան անդունդի վրայով: Վարդանը մինչև ոսկրածուծը զգաց, որ երկու հոգի չէին այլևս, երրորդ մեկը ևս կար իրենց հետ, հովից պատրաստված` թևերը իրենց մեջքին փաթաթած, երջանիկ մի հոգի ընկերացող: Երեքով միախառնվեցին անդնդի վրա: Պար սիրող մի հով էր այս մեկը, որ մի քանի անգամ պտտեցրեց նրանց օդի մեջ` տերևների նման և զգուշորեն դրեց նրանց դիմացը գտնվող քարայրի մուտքի մոտ:
– Ես այս ճեղքի անունը «հավատի անդունդ» եմ կոչում: Շատ տեղին է, չէ՞:
– Իսկ այս քարայրի անո՞ւնը:
– Արգանդի քարայր:
Ներս մտան: մութ էր: Վարդանը ոչինչ չէր տեսնում:
Ծերունին բռնեց նրա թևից, և քայլեցին:
– Ոչ ոք առանձին, ինքն իրենով, առանց մոր չի կարող ծնվել ու առանց նրա օգնության, և բոլոր արգանդները մութ են, սակայն երբ ծնվելու պահը հասնի, բոլոր առողջ ծնունդները շատ կարճ են տևում ու դյուրին, մահվան նման կտրուկ ու հոյակապ:
Հանկարծ աչաշլաց մի լույսով բացվեց քարայրի մյուս ելքը: Վարդանը չկարողացավ նայել` ճիշտ դիմացից եկող արևի ճառագայթների պատճառով: Անմիջապես ձեռքերով աչքերը փակեց:
– Ո՛չ ոք չի կարող երևակայել, թե ծնունդով ինչպիսի աշխարհների առջև պիտի բացվեն իր կույր աչքերը և ինչերի պիտի հանդիպեն այնտեղ: Ծնունդի մյուս անունը «անակնկալ» է, պետք է որ գիտենաս, հազար ու մի անակնկալ:
Երբ դուրս եկան քարայրից, Վարդանը տեսավ իր կյանքի գեղեցկագույն տեսարանը և մեծագույն բնական հրաշալիքը: Կանաչ մի աշխարհ էր բացվել իր առջև` սաղարթախիտ ծառերով և անհամար չքնաղ ծաղիկներով: Առատաբուխ միջավայրի բոլոր բարիքները ի մի էին հավաքվել. կապույտ մի լճակ աչքի նման զետեղված էր ճիշտ նույն կենտրոնում: Տաք ջրեր էին ժայթքում ամենուրեք և ջերմային ազդեցություն գործում ողջ շրջապատի վրա` մեղմելով լեռնային կլիման և հասարակածային շունչ հաղորդում նրան: Վարդանն սկսեց արտասվել այս տեսարանի ազդեցությունից ու, քահ–քահ ծիծաղելով, հիացական հոգով ծունկի իջավ և համբուրեց Քրիստոսի ոտքերը: Արդեն գիտակցում էր, որ հողը հող չէր, այլ` մարմինը Քրիստոսի:
– Եվ բոլոր ծնունդները արտասուքով էին սկսվում` առաջնորդելու համար մեզ դեպի առավել գեղեցիկ խնդություններ:
Այս ծերունու նման Վարդանն էլ մի մանուկ էր դարձել Աստծո Արքայության մեջ: Մտավ տաք ջրերի մեջ ու դուրս եկավ, ծաղիկներ հոտոտեց, ծառերի վրա մագլցեց, պտուղներ ճաշակեց և այնուհետև խոնջացած մարմինը հանգչեցրեց ոսկե ավազների գրկում: Խուզարկու աչքերը փնտրեցին ծերունուն, ու տեսավ, որ նա մի բարձր ժայռի կատարից գլխիվայր սուզվում է լճի մեջ` ցնծության մի ճիչ արձակելով: Լողալով եկավ Վարդանի մոտ և ինքն էլ երջանիկ` փռվեց տաքուկ ավազների վրա:
– Ամենից մեծ մեղքը, որ կրոնավորները գործում են մարդկության հանդեպ, ո՞րն ես կարծում:
– Տխուր և ոխակալ աստված հրամցնելն է մարդկությանը. հաճույքի թշնամի, լաց ու կոծ սիրող, գորշ գույներ հագած, դժվարահաճ ու դժգոհ` ամեն ինչից, միայն ապաշխարանքի սիրահար, – պատասխանեց Վարդանը: Եվ զարմացավ, թէ որքա՜ն երկար ժամանակ էր ինքը հավատացել այդպիսի աստծո և ծառայել նրան անմռունչ ու նվիրյալ:
Զարմացավ, թե ինչո՞ւ վաղօրոք չէր նշմարել, թե այսպիսի բնություն ստեղծող Աստված, պետք է որ, պար սիրեր, երգ սիրեր և խրախճանք կազմակերպեր իր և իր զավակների համար յուրաքանյուր օր: Վարդանը հասակացավ, որ այս աստվածը կիսամութ վանքերի և տխուր վանականների հորինումն էր: Գրքեր էին կարդում, իսկ բնությունը` ո՛չ: Այնքա՜ն էին զբաղված մեղքի և սրբության մտորումներով, որ մոռանում էին, անտեսում Եդեմի Աստծուն, որ հայտարարել էր. «Ամե՜ն ինչ բարի է, ամե՜ն ինչ` բարի»:
– Ի՞նչն է պակասում քո դրախտում, սիրելի եղբայր, գիտե՞ս, – հարցրեց Վարդանը ծերունուն, որի շուրթերին
մի չարաճճի ժպիտ էր նկատվում:
– Ի՞նչ, – հարցրեց ծերունին` աչքերը խոժոռած:
– Երկու գեղեցիկ Եվա, – պատասխանեց Վարդանը քմծիծաղով:
Ծերունին իր պառկած տեղից վեր ցատկեց, քահ–քահ սկսեց ծիծաղել և հրճվագին ծնկներին հարվածել:
– Տեղի՛ն ու շատ լա՛վ կատակ էր:
Վարդանը նույնպես սկսեց ծիծաղել` գոհ իր սրամիտ կատակից: Այս ծերունին, որ ցուրտ էր և նաև ջերմություն, ինչպես նախկին քարայրում, այժմ արդեն խինդ էր դարձել իր ողջ էությամբ: Ոչ ոքի դեռևս չէր տեսել Վարդանը այսպես խնդագին: Անուշ մի հով բարձրացավ, ու ծառերը ծափ զարկեցին, բոլոր թռչունները միաբերան սկսեցին երգել, և լիճը հաճելիորեն ալեկոծվեց: Ողջ բնությունը խինդի մեջ էր ծերունու հետ միասին: Կրկին մի երկյուղ անցավ Վարդանի մարմնով:
– Երկար ժամանակ էր, ինչ այսպես չէի ծիծաղել, – ասաց ծերունին, – այնքա՜ն ուրախ եմ, որ մաքրվում ես հետզհետե և անկեղծություն ձեռք բերում: Առանց դրա անհնար է տեսնել ճշմարտության Տիրոջը, – Անանունը դեռ շարունակում էր ծիծաղել: – Ես էլ ինձ էի հարց տալիս այս ամբողջ տարիների ընթացքում, թե ի՞նչն էր պակասում արդյոք այս դրախտում: Կի՛նն էր եղել, հա՛, հա՛, հա՛:
Բնության հետ միասին Վարդանն էլ ծերունու խինդով բռնկվեց: Հաճելիորեն նստել էին ավազների վրա: Ստվերի նշույլ անգամ չկար նրանց երջանիկ պահի վրա: Ծերունին գլուխը դրեց Վարդանի ուսին, իսկ ձեռքն էլ` մյուս ուսին:
– Ի՛նչ հետաքրքիր է, չէ՞: Մեր ողջ կյանքի ընթացքում խուսափած ամեն բան մեր առջև է հառնում անակնկալ, ճիշտ այն պահին, երբ կարծում ենք, թե փրկվեցինք նրանից, – մտերմաբար Վարդանի ուսին հարվածելով` շարունակեց նա իր խոսքը:– Կնոջ ես կարոտում, անշուշտ, գիտե՛մ, բայց հոգ մի արա, կնոջը կտեսնես այստե՛ղ: Դու մինչև այժմ կին չես տեսել աշխարհի վրա, քո տեսածները լոկ գեղեցիկ անասուններ էին միայն, և քո անասունը տենչում էր միայն նրանց մարմնին: Դու Աստվածածինը պիտի տեսնես և այնուհետև կիմանաս, թե ով է կինը:
– Ե՞րբ պիտի տեսնեմ, – հարցրեց Վարդանը, – ե՞րբ պիտի գտնեմ, ե՞րբ պիտի ծնվեմ Աստծուց, ե՞րբ պիտի Սուրբ Հոգու հովը խլի ինձ ու տանի Երրորդ Երկինք:
Ծերունին քաղցրաբարո նայեց Վարդանի դեմքին և աչքերին:
– Այո՛, այլևս դու էլ Արջ եղբոր նման սկսեցիր դիտել և անմեղ մանուկների նման` խաղալ: Աստծո Արքայության գաղտնիքները եթե քո առջև բաց չանենք, ապա ո՞ւմ առջև պիտի բացենք: Դու էլ մեզ հետ մտի՛ր ներս, սիրելի ընկեր մեր:
Առաջին անգամ ծերունին նրան ընկեր էր կոչում: Բայց ինչո՞ւ էր հոգնակիով խոսում: Ծերունին կարդաց նրա միտքը:
– Որովհետև քո մտնելիք Արքայության մեջ չկա առանձնություն ու մենություն, այլ այնտեղ մտնող մեկը այլևս դառնում է «մենք», հասկացա՞ր:
Վարդանը չհասկացավ, իհարկե, բայց հետագայում պիտի հասկանար, անշուշտ, կասկած չուներ:
– Ջրից ու Հոգուց ծնվեցիր` մկրտությամբ: Այժմ կրակից պիտի ծնվես: Ահա՛ կրակը, ո՞վ արգելք պիտի լինի մկրտելու համար քեզ:
Վարդանը իր շուրջը նայեց` կրակը տեսնելու, բայց չտեսավ: Ծերունին մատով լիճը ցույց տվեց: Արևի ցոլքերն այնտեղ շողշողում էին ամենայն ուժգնությամբ:
Վարդանի աչքերը շլացան, շարունակել նայել չկարողացավ: Ծերունին լուրջ շեշտով հրամայեց.
– Նայի՛ր` առանց աչքերդ թարթելու, լույսի՛ն նայիր:
Եվ իր ձեռքը դրեց Վարդանի գլխին: Վարդանի կոպերը քարացան, անկարող էր փակել այլևս: Լույսեր մտան իր մեջ, բոցեղեն լեզուներով կրակներ թափվեցին իր էության մեջ, ոսկեզօծ ճառագայթներով ու արծաթագես ուղղագծերով, բոցավառվեցին ոսկորներն ամբողջ, անէացավ մարմինը, շոգիացավ, ոչնչացավ Վարդանը, դուրս եկավ իր մտքից վեր մի տեղ, որ տեղ չէր, այլ անբացատրելի, ընդարձակ մի տարածություն, ուր կարծես մեկ աչքի վերածվեց ողջ էությունը, բյուրեղյա անծայրածիր մի գիտակցություն, մի մեծ աչք` ամենատես: Ա՜հ, ինչե՜ր տեսավ այդ աչքը այնտեղ, որտեղ բառերը վերջանում են, մարդկային լեզուն կանգ է առնում խոսելիս, ուր պետք չկա` հարցնելու ո՛չ մի բան և պատասխանելու: Տեսավ Քրիստոսին, որ իր պատկերացրած Քրիստոսը չէր, տեսավ Աստվածածնին, որ իր պատկերացրած աստվածածինը չէր: Իր երևակայած երկինքները չէին, հրեշտակները այլ թևերով էին թռչում, ու նրանց շարականները անկարող էր որևէ մեկը կրկնել նույնությամբ: Ամեն ինչ Բարի էր, գեղեցիկ և ճշմարիտ` Սիրով շաղախված, և Վարդանը տերն էր այս ամենի, ի՛նքը և նրանք միասին էին, անիմանալի միասնության մեջ` վերածված «մենք»–ի: Ի՜նչ լավ զգաց իրեն` իր մարդկային մարմնից փրկված լինելու համար: Այժմ Աստծուն էր հագել իբրև մարմին. Իր աչքը նրա աչքն էր, նրա Հոգով ազատորեն փչում էր ամեն տեղ տիեզերքում, պարում էր Նրա բոլոր պարերը և հավաքում էր բոլոր աղոթքները` իբրև փառաբանություն ուղղված Նրան: Նախկինի նման չէր զգում այլևս, հիշեց անցյալը, միլիոնավոր տարիներ հարազատ էին իրեն, այնտեղ էր ինքը միշտ: Աբրահամից առաջ արդեն իսկ գոյություն ուներ ինքը: Տուն վերադարձած Անառակ որդին էր` խրախճանքով դիմավորված և ընդգրկված Երկնավոր Հոր մոտ: Եվ հասկացավ Վարդանը, որ Աստծո կողմից ծնվելով միայն` հնարավոր է գտնել Գանձը, որ խորը թաղված էր իր հողեղեն մարմնի մեջ իր ողջ կյանքի ընթացքում, կրում էր այն` առանց իմանալու ոստրեի մարգարիտի առկայության մասին, բայց հող չէր նա, մարմին չէր, այլ հոգի, Հոգին` տիեզերքի, Սուրբ Հոգին, ամեն բանի հոգին, ճշմարտության կրակը, որ համապարփակ Սեր էր, Սեր էր և Սեր: Վարդանն այս սիրով կարող դարձավ ամեն ինչի. Աստվածային աներևույթ թևերով գրկեց ամեն ինչ, և ամեն բանի կողմից ինքն էլ գրկվեց սրտագին սիրով: Մի խոշոր շրթունք դարձավ Վարդանը, ամեն բանի համար սիրալիր մի համբույր ուներ: Տիեզերքի բոլոր գաղտնիքները բացել էին իրենց չքնաղ գանձերն իր առջև, ինչ ցանկանար` կարող էր իմանալ, որևէ հարցումի պատասխանը ծնվում էր իր մեջ ինքնաբերաբար: Հանկարծ ցանկացավ իմանալ, թե ի՞նչ էր երկգլխանի վիշապը, ու տեսիլքի մեջ մի այլ տեսիլք բացվեց իր առջև, հոյակապ տեսիլք: Տեսավ Սատանային, որն, իհարկե, նման չէր իր պատկերացրած սատանային: Աթոռի վրա նստած, առնագեղ, սակայն մի դաժան թագավորի նման հայտնվեց ու հպարտ հայացքով իր խոսքն ուղղեց Վարդանին.
– Իմ արարածն է երկգխանի վիշապը, իմ հզորագույն հնարքը, իմ անմրցելի հանճարը, որի շնորհիվ կտրում եմ ճանապարհը մարդորդիների, որպեսզի չմտնեն Արքայություն և չժառանգեն իրենց որդիության բաժինը Աստվածությունից:
Եվ Սատանան իր սև, մետաքսյա սքեմի կուրծքը բացեց: Նրա սրտից թռչող արարածներ դուրս ելան` անթիվ-անհամար մարախների նման, երամներով ուղղվեցին դեպի աշխարհ, լցվեցին քաղաքներն ու գյուղերը, որտեղ որ մարդն ապրում էր: Նստում էին մարդկանց վզերին և երկու գլուխներով անդադար բաներ փսփսում նրանց ականջներին: Վարդանը նկատեց, որ գլուխներից մեկը սարսափելի տգեղ էր, սպառնագին ու դաժան, իր մեջ պարունակում էր վախի բոլոր երանգները և քաջ գիտեր, թե ինչպես ազդել մարդկանց սրտերից ներս: Կարող էր մտահոգությունների, հոռետեսությունների և կասկածների պատճառ դառնալ մարդկանց հոգիներում, կարող էր ակնթարթորեն աշխարհի բոլոր չարագուշակությունների, տարաբախտությունների թույնը ներարկել մարդկանց դողդոջ սրտերում, մղձավանջների մի դժոխք ցույց տալ նրանց արթուն լինելու պահերին անգամ: Բանտեր, հալածանքներ, առանձնություն, արհամարհանք, ցավ, տանջանք, աղքատություն, հիվանդություն և մահ` այս ամենը այս սարսափազդու գլխի թելադրանքներն էին, որոնցով բացասական ազդեցություն էր ունենում համայն մարդկության վրա զօր ու գիշեր: Իսկ մյուս գլուխը պճնված էր անիմանալի գեղեցկությամբ, ամեն ինչով բաղձալի մի երևույթ: Նրա ոսկե մազերը զարդարված էին թանկագին քարերով: Տեսնողը չէր կարող իր աչքերը հեռացնել այդ բարեազդեցիկ գեղեցկությունից: Այդ գլուխը մարդկանց ականջներին փսփսում էր արևահամ խոստումներ` երփներանգ ու դրախտային. դրամ, ուժ, համբավ, գեղեցկություն, առողջություն: Նա գիտեր լավագույն երգերը և պարերը: Մարդկանց առջև ճոխ սեղաններ էր բաց անում` անուշահամ խմիչքներով և ջերմագին պորտապարերով: Գիտեր գինու բոլոր տեսակները և դյուրությամբ կարող էր Էրոսի կրակը բոցավառել չափազանց զուսպ կարծված անձանց մեջ անգամ: Օրական քսանչորս ժամ շարունակ կապույտ ու վարդագույն երազների, հարստության և հաջողության հեքիաթների գույնզգույն հավաքածու էր անվճար ցուցադրում մարդկանց և մեծագույն վարպետությամբ բոլոր աչքերից ծածկում գերեզմանը իր շքեղ վարագույրով: Համայն մարդկության քաղաքակրթությունը տեղաշարժում էր դեպի իր հեշտության տեսիլքները: Սողոմեի պարն էր այն Հերովդեսի առջև, որի համար մարդիկ պատրաստ էին զոհելու աստվածային ամեն ինչ` հմայված սին ու անիմաստ տեսիլքից: Վարդանը հասկացավ, թե վիշապն ինչպես էր աշխատում հավատացյալների մտքի վրա` կուրացնելով նրանց աչքերը: Մարդիկ անկարող էին նրանց թելադրանքի զորությանը դիմակայել: Եթե մեկից փրկվում էին, ապա մյուսի կողմից, անշուշտ, կալանվում: Այն հերոսները, որոնք կարող էին հաղթել գողիաթներին, դավիթներ ու սամսոններ դառնալ` ժպտալով վիշապի վախ ու մահ սպառնացող գլխին, խեղճերը, սակայն, մյուս գլխի ճիրաների մեջ էին ընկնում, որ անուշաբույր կիրք, ուժ, հաճույք և հանգիստ էր խոստանում իրենց աննկուն հոգուն: Իսկ հաճույքների հմայքից ձերբազատված հավատացյալները տանջվում էին վաղվա մտահոգություններով, չքավորության և հիվանդության սարսափով: Հաճույք չտենչացող ինչ–ինչ հոգևորականներ, վանականներ միմյանցից վախենում էին և կամ աթոռների սիրույն և նախանձից տարված, ամեն առաքինություն կարող էին ոտնակոխ անել: Մինչև գերեզման այս պիղծ հոգիները հետևում էին մարդկանց, և երբ մահը հասներ, հավատացյալը հասկանում էր միայն այդ պահին երկգլխանի վիշապի խաղացած խաղը, որ ստվերներով վախեցրել և կամ հրապուրել էր նրանց այս աշխարհում, միայն ստվերներով:
– Ստվերների ուժն ունեմ ես, – հոխորտաց Սատանան, – ստվերներ, որոնք Աստծո ճշմարտություններից առավել ճշմարիտ են, գեղեցիկ ու զորավոր: Աշխարհը սրա փաստն է, իսկ հավատացյալները` իմ սիրելիի խաղալիքները և մեծագույն հաճույքը: Երբ ասում են Քրիստոսին, թե ամենից շատ նրան են սիրում և ատում են իմ սիրելի մեղքերը, փորս բռնելով` ծիծաղում եմ, հա՛, հա՛, հա՛: Եվ ուտացնո՛ւմ եմ իրենց ասածը հենց իրե՛նց և կուլ տալ եմ ստիպում իրենց փսխածը կրկին: Բոլորը կես ճանապարհին մահանում են` կես կտոր գաճաճներ մնալով` իրենց հոգին բերնեբերան լցված իմ ազդեցության երկյուղով կամ կրքերով: Կեղտոտ քուրձի նման մի կողմ եմ շպրտում նրանց թշվառ հոգիները` ուղղակի Քրիստոսի ոտքերի առջև, և գոռում եմ նրա երեսին.
– Վերցրո՛ւ, ասում եմ, վերցրո՛ւ քեզ սիրող կեղծավորների հոգիները, վերցրո՛ւ և բա՛ց արա նրանց սիրտն ու տե՛ս, թե ի՞նչ պիտի գտնես քեզ պատականող. Նրանք շրթունքներով քեզ են սիրում, բայց սիրահարված են իմ ստվերներին: Իմ դժոխքն են նախընտրում, քան քո դրախտը, որովհետև իմ թագավորության մեջ առավել երջանիկ են նրանք:
Սատանան նայեց բերկրությամբ Վարդանի աչքերին և ետ դարձրեց իր գլուխը հպարտորեն: Վարդանը տեսավ հիասքանչ դրախտներ և սարսափազդու դժոխքներ, տեսավ հրեշտակներ, որոնք ապագան էին հյուսում բանավոր թելերով` Լոգոսի կողմից հրամայված, և մի ակնթարթում հասկացավ, որ երկինքն ու երկիրը պատրաստվում էին Քրիստոսի Երկրորդ Գալստյանը:
Վարդանն ուզեց իմանալ իր պատկանած ազգի ապագան: Տեսավ իր ազգը` դժոխքների միջով անցած, դարեր շարունակ արյան ու արցունքների գետեր էին բխում նրա կողից` Խաչյալ Քրիստոսի նման: Սակայն դժոխքի ամեհի հորձանքները անկարող էին կլանել այն, որովհետև նրա վրա հսկում էր Մեծն Գրիգոր Հայրապետը` Լուսավորիչը Հայոց, Մովսեսի նման` դեպի երկինք ուղղված աղոթքի վեր երկարած թևերով: Այս խոնարհ ազգը քանի՜–քանի՜ դժոխքներ հնարեց ու մարեց իր կյանքի ավիշով և, փարվելով Քրիստոսի Խաչին` մնաց քրիստոնյա` հավատարիմ և համբերատար մինչև վերջ, և խաչակնքելով դիմավորեց Քրիստոսի Երկրորդ Գալուստը ամպերի վրայով: Եվ Արարատի շուրջը Վարդանը տեսավ մի երջանիկ երկիր` արևաշող ու պայծառ, որտեղ Մեսրոպյան տառերն ընթերցվում էին դեռ, և հայ ազգը գրավել էր իր արժանի տեղը ազգերի ընտանիքում, երբ Աստծո Արքայությունը հիմնվում էր երկրի վրա: Վարդանը տեսավ, որ երբ ողջ աշխարհը դառնար երջանիկ և խաղաղ, միայն այն ժամանակ իր ազգն էլ, մյուսների հետ միասին, պիտի տիրանար իր արդար իրավունքներին:
Հանկարծ ամեն ինչ սևացավ, միայն խավարը մնաց: Վարդանը շվարեց, չհասկացավ, թե ի՞նչ էր կատարվում: Հետզհետե իր մարմնի զգացողությունը սկսեց վերականգնվել: Ծերը նրա աչքերը փակել էր իր ձեռքերով: Վարդանը սկսեց հևիհև շնչել: Բոլոր ոսկորները ցավում էին: Պառկեց ավազների վրա` ուժասպառ և տխուր: Դրախտը դրախտ չէր այլևս: Համեմատելով իր տեսած հրաշալիքների հետ` այն նման էր մի աղբի կույտի և կամ հարդի խուրձի: Ի վերջո, գտել էր Գանձը, բայց դեռ իրենը չէր ամբողջությամբ:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: