ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄԸ

Երեք օր հետո Վարդան վարդապետը հասավ այն տեղը, որտեղ տեսել էր ծերունուն, անցավ գետի մյուս ափը, որտեղ ծառերի ետևում անհետացել էր ճգնավորը: Ինքն էլ մտավ ծառերի մեջ, քայլեց, բայց տեսավ, որ հանդիպակաց զառիվերն ընդհատվում էր ցից–ցից ժայռերով: Այնտեղից այն կողմ անցնել այլևս անհնար էր: «Եթե այս ճգնավորը օդի միջից քայլել գիտե, ապա Աստված գիտե, թե ուր է թռել»,– մտածում է նա և մի քիչ տխրում: Մի շերտ ևս լեռնակույտի վրա բարձրանալու համար ամբողջ երեք օր թափառում է: Ի վերջո, մագլցելով, հաջողում է ճանապարհ գտնել: Սակայն ավելին բարձրանալ արդեն սաստիկ դժվարանում էր, ու ձյունն էլ սկսել էր թեթևակի տեղալ: Եթե ձյունն առատանար, իր գտնված տեղից այլևս անհնար պիտի լիներ ցած իջնել, քաջ հասկանում էր այդ:

Ո՛չ հագուստները, ո՛չ ուտելիքը բավարար չէին` այս լեռների վրա ձմեռն անցկացնելու: Հարկավոր էր մի որոշում կայացնել, բայց` ի՞նչ: Կարող էր վանք վերադառնալ` առանց ժամանակ կորցնելու: Եթե նույն պահին գնար, ապա կարող էր տեղ հասնել, կա՛մ էլ դեպի առաջ շարժվեր, գուցե գտներ ծերունուն, որն իրեն կօգներ անպայման ողջ մնալու այս անհյուրընկալ անապատում: Բայց գոյություն ուներ նաև մի այլ դառը իրողություն. ծերունուն չգտնելու դեպքում` արգելափակվել այս լեռների մեջ, անծայրածիր ձներում և քաղցից ու ցրտից դատապարտվել մահվան և կամ գիշատիչ գազաններին կեր դառնալ: Վարդան վարդապետը քաջ գիտակցեց, որ կյանքի գնով պետք է որոշում կայացներ: Դիտեց անդունդներից, վերհիշեց իր անցած կյանքը, մանկությունը, երիտասարդությունը: Մի՛ վճռի էր հանգել` ի վերջո միայն ապրելու համար չէր ցանկանում ապրել այս աշխարհում: Ծնրադրեց սե՜գ լեռների դիմաց, գորշ ամպերին հակառակ, աչքերը փնտրեցին Աստծուն և գտան ամեն տեղ: Զարմանք կտրեց. ծնրադրելու ընթացքում բոլոր օտարությունները չքացան շրջապատի նկատմամբ: Ամեն բան հարազատ դարձավ: Իր սեփական ձեռքերն ու ոտքերը լինեին կարծես: Անդունդը կարծես իր սիրտը լիներ, հովիտները` իր ափերը, ծառերը իր մազերն էին` հովից տատանվող, անառիկ ժայռերը` իր ոսկորները սառած: Մահը մտածեց, մի արև ծագեց ամպերի ետևից, մահը արև ծնեց, ժպտաց: Մեռնելն էլ արևալույս թվաց նրան, ապրելու պես: Մի տեսիլք բացվեց իր աչքերի առջև: Տեսավ Քրիստոսին` ամպերի վրա նստած, իրեն էր մեկնում երկու ձեռքերը: Աջ ափի մեջ կյանք կար, ձախի մեջ` մահ: Երկուսն էլ, որպես անիմանալի գեղեցկություններ, ճառագում էին: Երբե՛ք այսպես չէր պատկերացրել մահը, այսպես գրավիչ, այսքան պտղաբեր: Ընտրանքը դժվարին չէր, երկուսն էլ հարստացնող ընտրանքներ էին. մեկը` ոսկի, մյուսը` ադամանդ: Հասկացավ, որ Աստծուն փնտրելու համար լեռների վրա կորած խենթերի համար տարբերություն չկար մեռնելու կամ ապրելու միջև, քանի որ երկուսն էլ նույն ակունքից բխող նվերներն էին Քրիստոսի` կյանքի և մահվան իշխանի: Տեսիլքն ասում էր.

– Ընտրի՛ր` ո՞ր մեկը: Առանց վարանելու սրտի խորքից պատասխան տվեց Վարդանը.

– Դո՛ւ ընտրիր, Ո՜վ Տեր, քեզ համար ընտրիր, քանի որ ես քո մարմինն եմ:

Ժպտաց Քրիստոսը և մատնանշեց մի տեղ: Վարդանը գլուխը թեքեց դեպի աջ, նայեց այդ կողմը: Տեսավ, որ լեռների գագաթներն է ցույց տալիս Տերը: Հասկացավ, որ մատը խոսում է իր հետ և ասում. «Մահը կամ կյանքը թող ինձ, դու դեպի գագա՜թը մագլցիր, կորցնելիք ոչինչ չկա, մի՛ վախենա»:

Ոտքի կանգնեց Վարդան վարդապետը: Չէր վախենում այլևս: Թեքվեց դեպի աջ: Այլևս ծերունուն չէր փնտրում: Արդեն ոչինչ չէր փնտրում այլևս: Պարզապես մագլցում էր, մագլցում էր` հասնելու սիրույն, մագլցում էր` իրենից առաջ մագլցող բոլոր խենթերի նման: Հանգույցը քանդվեց մտքի պարանի, և բոլոր հարցումները ցած գլորվեցին ուլունքների նման, կորան ճանապարհի վրա: Չտխրեց Վարդանը նրանց կորստի համար, թեթևացած առաջ շարժվեց, ժամերով, մինչև գիշեր, մինչև գլուխը աստղերին հպվեց: Լեռը ժլատ էր ջերմությամբ, սակայն առատաձեռն էր իր քարայրներով: Իր կացինով կոտրեց քարայրի մուտքին բուսած փշերը, կրակ վառեց, տաքացավ ու վերջին հացը կերավ Քրիստոսի հետ միասին: Քնեց անմահների անանուրջ քնով և մանուկների պա՜րզ ու ջի՜նջ ժպիտով` խաղաղ:

Առավոտյան արթնացավ արևի հետ միասին, որը ուղիղ իր վրա էր արձակում իր շողերը. «Ի՜նչ գեղեցիկ է, աչքերիցս է համբուրում ինձ Քրիստոսը»: Քարայրը ցուրտ չէր: Մի քիչ ևս զբաղվեց արևի ճառագայթներով: Հանկարծ արևն անհետացավ, ներսը մթնեց, և լցվեց մի գազանի սպառնալից մռնչյունը: Մի գորշ արջ էր կանգնած քարայրի մուտքին և պատրաստվում էր ներս մտնել: Վարդանը ամենևին չվախեցավ: Ինքն էլ զարմացավ չվախենալու համար: Արջը, քարայրի մուտքի մոտ կանգնած, նրան էր դիտում:

– Բարի եկար, Արջ եղբայր, – ասաց Վարդանը, – Քրիստոսն է ուղարկել քեզ այս կողմերը, այդպես չէ՞:

– Այո՛, – ասաց արջը, – Քրիստոսն է ուղարկել:

Այս անգամ իրապես զարմացավ Վարդանը. այս արջը խոսում էր և այն էլ` հայերեն: Արջի ետևից մի մարդ հայտնվեց` երկար, սպիտակ մազերով և մորուքով մի ծերունի` ցուպը ձեռքին:

– Լսեցի՛ ձայնդ, ի՛նձ էիր կանչում: Ինձ շատ անհանգստացրիր քո կանչով, – ասաց ծերունին, – լեռների գագաթին անգամ հանգիստ չունեմ այլևս: Ի՞նչ ես բղավում այսպես աղմկալից: Ամբողջ երեք օր ձայնդ էի լսում:

Վարդանն անմիջապես ծունկի իջավ:

– Ներեցե՛ք ինձ, – ասաց, – մի հարցում ունեի ինձ տանջող, այդ հարցով եկա:

– Ո՞րն է այդ հարցումը:

– Այլևս կարևոր չէ:

– Շատ լավ, ամենից լավ հարցումներն արդեն ոչ կարևորներն են: Կարևոր հարցումների պատճառով ներքևում մարդիկ միմյանց կոկորդն են կտրում:

Վարդանը նկատեց, որ ծերունին ոտաբոբիկ էր և հազիվ թե որևէ կարված հագուստ կար նրա վրա:

– Չե՞ք մրսում այսպես, – ասաց շվարած:

– Ինչո՞ւ մրսեմ, – ասաց ծերունին, – ես եմ ցուրտը:

Այս ասելուց հետո անմիջապես ներսը ցրտեց, սառույցի վերածվեց քարայրը: Դողալ սկսեց Վարդանը: Ծերունին առաջին անգամ ժպտաց:

– Ինչո՞ւ մրսեմ, – ասաց կրկին, – ես եմ ջերմությունը:

Այս ասելուց անմիջապես հետո ներսը տաքացավ, մի ջերմոցի վերածվեց քարայրը: Սկսեց քրտնել Վարդանը: Արջից չէր վախեցել, բայց այս մարդու առջև երկյուղածությամբ լցվեց: Անգամ քաջություն չունեցավ` ոտքի կանգնելու:

– Դու ոտքեր չունե՞ս, թե՞ իմ արջից առաջ մի ուրիշ արջ կերավ դրանք:

Վարդանն ուրախացավ: Մարդը օժտված էր նաև հումորի ջիղով: Ոտքի կանգնեց անմիջապես և ցանկացավ համբուրել նրա ձեռքը: Բաց մարդը իր ցուպով Վարդանի գլխին հարվածեց: Գետին տապալվեց խեղճ վարդապետը, որ ջանում էր հասկանալ, թե ինչ է պատահել: Մի կողմից գլուխն էր բռնել, մյուս կողմից` ջանում էր ոտքի կանգնել: Բայց վստահ չէր` կկարողանա՞ արդյոք: Այս սուրբը զորավոր ծեծող է նաև:

– Այս լեռան վրա ձեռք համբուրելն արգելված է, – կրկին ժպտաց ծերունին, – կա միայն ձեռք երկարել և բռնել եղբայրաբար, հավասարը հավասարի հետ:

Այս ասելով` ձեռքը մեկնեց Վարդանին, սա էլ ոտքի կանգնեց` կրկին զարմացած: «Այս մարդու հետ ամեն րոպես զարմանքով պիտի անցկացնեմ, հայտնի է», – մտածեց Վարդանը:

– Բայց ես ո՞վ եմ, որ ձեր հավասարը լինեմ, ես չափս գիտեմ:

– Քրիստոսի անձի մեջ մենք բոլորս էլ ճյուղեր ենք, ի՛ր ճյուղերը, հասկացա՞ր:

– Ես գիտեի արդեն, ես վարդապետ եմ: Հովհաննու Ավետարանի տասնհինգերորդ գլխում Տեր Հիսուսն ասում է, որ...

– Լռի՛ր, – սաստեց ծերունին, – եթե այդքան լավ գիտեիք, ապա կփորձեիք կիրառել ներքևում, – ծերունին ձեռքով դուրս գալու նշան արեց, – մենք ամենքս հավասար ենք այս լեռան վրա: Շատ ուշադիր պետք է լինես: Եթե որևէ կերպով սկսես մեծ կամ փոքր զգալու քեզ, լեռը պատժելու և վնասելու է քեզ, հասկացա՞ր:

– Այո՛, հասկացա, – ասաց վարդապետը, բայց ամենևին չհասկացավ:

Ձյուն էր իջել գիշերը, և սրբություն էին հագել լեռների կատարներն ամբողջ: Արջը դրսում սպասում էր:

– Արջ եղբայրը, ինչպես դու էլ այդպես կոչեցիր նրան առաջին անգամ տեսած ժամանակ, ինքն էլ շատ գոհ մնաց և ախորժեց քեզանից, մի շատ լավ բնավորություն ունի իր եղբայրների նկատմամբ և շատ հավատարիմ է իր ընկերներին: Բայց ասացի քեզ, որ նա էլ հավասար է մեզ: Եթե զգա, որ իրեն վերից ես նայում, նա էլ քեզ անմիջապես կհասկացնի, որ ինքը քեզանից ավելի երկարահասակ է:

Արջը երկու ոտքերի վրա բարձրացավ: Իսկապես ահարկու էր:

– Ո՛չ, ո՛չ, Արջ եղբայրը ինձ հավասար է և միշտ այդպես պիտի մնա, – գոռաց Վարդանը:

– Ոչ միայն Արջ եղբայրը, այլ նաև քույր ծառերը, ծաղիկները, մայր ձյունը և ժայռերը հավասար են, նույն Քրիստոսի մարմինը, հասկացա՞ր:

– Բայց Եկեղեցին չէ՞ Քրիստոսի բուն մարմինը, – առարկեց Վարդանը` ըստ ուղղափառ վարդապետության:

– Լռի՛ր, – կրկին սաստեց Վարդանին, – դու ի՞նչ ես հասկանում Եկեղեցուց:

– Ես վարդապետ եմ, գիտեմ և սովորեցնում եմ այս ամենը, – մի քիչ սրդողած` պատասխանեց Վարդանը:

– Քո իմացած եկեղեցին մի քիչ մոմի լույս, մի քիչ խունկի հոտ է, պճնված եկեղեցականների և դատարկագլուխ բազմությունների ժամանցի մի հավաքույթ լոկ, ձեռակերտ փոքրիկ տների մեջ կատարվող վտիտ արարողություններ` առանց որոտի ու կայծակի: Եթե ձեղունը աստղեր չեն քամված, թռչուններ չեն ճռվողում նրա կամարների ներքո, ամպերը չեն թրջում մեր մազերը և մեր ոտքերի տակ փռված գորգերը ձյուն չեն, իսկ սյուները` կաղնիներ, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի մի եկեղեցի: Քրիստոսը կպարփակվի՞ քո այդ եկեղեցի կոչվածիդ մեջ: Մարդկա՛նց համար անգամ նեղ է այն: Պա՛հ առաջ այնտեղից փախչել են ցանկանում` իրենց մոմը վառելուց հետո: Միայն մի փշրանք է քո եկեղեցի կարծածդ ճշմարիտ Եկեղեցու համեմատ, որ է` տիեզերական մարմինը Քրիստոսի:

– Լավ է, որ անմատչելի այս բարձունքի վրա եք խոսում այսպես: Եթե մարդիկ լսեին Ձեր այս խոսքերը Եկեղեցու վերաբերյալ, կխաչեին ուղղակի:

– Ինչո՞ւ ես «ձեզ» ասում ինձ: Քանի՞ հոգու հետ ես խոսում: Ես առանձին եմ: Ինձ «դու» պիտի կոչես այլևս, որովհետև ավելի ճշմարիտ է, – հետո գլուխը շարժեց և շարունակեց: – Որտեղ էլ լինես, ինչ անուն էլ ունենաս, եթե այնտեղ Արջ եղբայրը եղբայր չէ մեզ համար, հիմնավոր մի սխալ կա, շատ մեծ սխալ:

Վարդան վարդապետը սկսեց անհանգստանալ արջի ներկայությունից: Ծերունին անընդհատ սաստում էր նրան, իսկ Արջ եղբոր մասին միշտ խորին հարգանքով էր խոսում:

– Որովհետև, – ասաց ծերունին` նայելով Վարդանին և նրա մտածումները ճշգրտությամբ կարդալով, – քո միտքը սխալներով լեցուն է: Քո գիտեցածները ձյան վրա սև ածուխների նման են: Բայց նայիր Արջ եղբոր աչքերին, կհասկանաս, որ այնտեղ ճշմարտությունը շեղելու ոչ մի ստվեր գոյություն չունի:

Վարդանը լռեց: Վախենում էր այլևս հարց տալ: Ձյուների վրա քայլող այս մարդը չէր պատկանում իրեն ծանոթ մարդկանց որևէ դասակարգի. մեկ անգամ գտնվելիք մի ադամանդ` կայսրերի թագերի վրա զետեղելու արժանի: Երբե՛ք չէր ճանաչել սրա նման մեկին, մանկան և ծերունու անբացատրելի տարօրինակ մի խառնուրդ էր: Մի պահի` հազարավոր տարիներ բոլորած մի ծերունի վեհաշուք, իսկ մյուսին` նորածին մի երեխա, միամիտ ու սիրունիկ: Հասկանում էր վարդապետը, որ անկարելի էր գտնել աշխարհի վրա այսպիսի մեկին, և եթե ինքը չհայտնվեր մարդկանց, ապա ոչ ոք չէր կարող տեսնել և կամ իմանալ այսպիսի մի էության գոյության մասին: Տարօրինակ կերպով իր մոտ ոչ մի հարցում չէր առաջանում մտքում, կարծես թե բոլոր հարցումները կորցրել են իրենց արժեքը, և այժմ պարզապես մի առասպելականի հետ լինելը և շրջելը այլևս բավարար էր իրեն: Երբ լռությունը ցանկացավ խզել, Վարդան վարդապետը բոլորովին անմեղ և շատ ծանոթ մի հարցում ուղղեց ծերունուն.

– Ձեր անունը, ներողություն, քո անունն ինչպե՞ս է:

– Անունի ի՞նչ պետք կա լեռների վրա: «Դու և ես» բավարար չե՞ն, որ մենք հասկանանք միմյանց:

– Բայց ամեն մարդ ունենում է իր անունը, այդպես չէ՞:

– Այդպես է թե ոչ, չգիտեմ:

Ծերունին երբեք իր անունը չհայտնեց Վարդանին, և Վարդանն էլ այլևս չհամարձակվեց պնդել` իմանալու համար:

– Ես ես եմ, գիտես այս մասին, իսկ մի անուն միմիայն ստվեր է գցում այս պայծառ գիտակցության վրա և ետ քաշում ինձ Աստծո սրտից դեպի մարդկանց աշխարհը: Աստծո պատկերը կրող մի արարածի մարդկային անուն հարմարեցնելը նրան մի անասունի, մի ծաղկի, լեռների, հովիտների և աստղերի անուններ տալ է նշանակում և Արջ եղբոր մորթին չհավանելու և նրան մարդկային մի հագուստ տալ է նշանակում: Ես ինչե՜ր չքաշեցի իմ անունից փրկվելու համար, գիտե՞ս, և այժմ դու ցանկանում ես ետ հագցնել իմ քուրձերը: Իմ գինին այլևս հնարավոր չէ հին տիկի մեջ պահել: Մինչև Քրիստոսից չլսեմ իմ նոր անունը, ես զուրկ եմ բոլոր անուններից: Մոր որովայնում գտնվող երեխայի նման ես այժմ միայն կոչվում եմ իմ մոր անունով. լեռների զավակն եմ ես: Այն ամենը, ինչ տեսնում եմ լեռների վրա, իմ անունն է: Եվ Աստծո զավակն եմ ես, ինչ որ գիտես Աստծո մասին, իմ անունն է: Ես ես եմ, հասկացա՞ր, ուրեմն ինչո՞ւ իջնեմ այս բարձունքներից ցած:

Հասկանալ էր ջանում վարդապետը այս` հերետիկոսություն հիշեցնող արտահայտությունները: Եթե ներքևում որևէ մեկն ասեր այս խոսքերը, կժպտար և կհեռանար նրանից` համարելով նրան որպես մի «համաստվածական», հերետիկոսությունից ազդված անիրապաշտ մի խեղճ արարած, որն իրեն Աստված է ձևացնում: Սակայն այս մարդը ինչ որ ասում էր, կարող էր մնալ ետևում: Սխալի կամ ստի, հպարտության կամ խենթության ստվեր չկար նրա բյուրեղյա խոսքերում: Այս հոգևոր հսկայի մոտ պետք էր, որ ի՛նքը ճիշտ հասկանար Սրբի ասածները, ու եթե անհրաժեշտ էր, հեղաշրջման ենթարկեր իր մտածելակերպը հոգևոր իրողություններ քննարկելու ընթացքում: Իր կյանքի մեծագույն ուսուցիչն էր իր դիմացը հառնած այս մարդը, լավ գիտեր:

– Ի՛նչ հաջող կերպով երեկ գիշեր հաղթեցիր երկգլխանի վիշապին: Դիտեցի քեզ և հիշեցի իմ կռիվները նրա դեմ: Առաջին անգամ սուրբը իր ձեռքը դրեց Վարդանի ուսին: Վարդանը հասկացավ, որ նա խոսում է երեկվա ճակատագրական որոշման մասին, սակայն չհասկացավ, թե «երկգլխանի վիշապը» ի՞նչն էր: Իր բանավոր հարցումն այլևս ավելորդ էր: Ծերունին այնքա՜ն լավ կարդում էր իր միտքը, որ կարծես մի հայելու դիմաց կանգնած` իր մտքի բոլոր ծալքերն ու երանգները արտապատկերվում էին նրա մտքի վրա:

–Երկգլխանի վիշապը տնկվում է բոլոր ուխտավորների առջև և արգելում նրանց, որպեսզի նրանք որոշակի սահմաններից ավելի առաջ չընթանան և չհասնեն կատարելության այս աշխարհի վրա:

– Ճիշտ այս էր իմ հարցումը, նրա պատասխանը ջանացի գտնել ամբողջ քառասուն օր և չկարողացա: Ի՞նչն է արգելողը, որ հավատացյալները չեն ձգտում դառնալ այն, ինչ որ գիտեն, թե պետք է լինեն: Շուկա են մտնում, լավ գիտեն, թե ինչ պետք է գնել, ապրանքն այնտեղ է, և դրամ էլ ունեն, բայց թափառում են աննպատակ և հազար ու մեկ պատրվակներով ջանում են համոզել իրենց, թե ինչո՞ւ գնում չեն կատարում:

–Արտի մեջ թաղված գանձին տիրանալու համար ամեն ինչ վաճառել է պետք:

– Այո՛, բայց չենք ծախում:

– Ըստ իս, գանձը չեն տեսել տակավին, այդ է պատճառը: Չգիտեն, նվազագույն գաղափար անգամ չունեն նրանք, թէ այս երկու խենթերը ի՞նչ գործ ունեն այս կատարների վրա: Նրանք չեն գտել տակավին գանձը, որպեսզի հաճեն ծախել ամեն ինչ` նրան տիրանալու համար:

– Բայց, – առարկեց Վարդանը, – գանձը Ավետարա- նում է գրված, և բոլոր գիտակից քրիստոնյաները որևէ կերպով գտել են այն և տիրացել նրան, այդպես չէ՞:

Իր տված հարցման հետ միաժամանակ կասկած մտավ Վարդանի սիրտը. արդյո՞ք գանձը, նույիսկ ինքը, գտել էր, վստա՞հ էր:

– Նրանց գտած գանձը քարտեզի վրա գծագրված մի գրություն է միայն, մի նշան` վառ գույներով արտահայտված: Նախ ուրախանում են մանուկների նման` այսպիսի մի գանձ գտնելու համար, բայց այնուհետև իրենց կյանքի մյուս գանձերը հավասարազոր են դարձնում քարտեզի վրա արձանագրված գանձին, որը լոկ մի անուն է: Իսկ երբ դուրս են գալիս փնտրելու, երկգլխանի վիշապը ետ է դարձնում նրանց իրենց ճանապարհից, ու նրանք իրենց ողջ կյանքը անցկացնում են` քարտեզը ուսումնասիրելով, անգիր սովորելով և երևակայելով, թե անպայման մի զորավոր ուժ պիտի գտնեն` մինչև վերջ գնալու համար` Նիկոդեմոսի նման: Պետք է Աստծո կողմից ծնվել, նրա աշխարհի, հրեշտակների, երկնքի զորության և փառքի ոլորտների մեջ թափանցել: Անգամ Հոգու թևերի տակ շրջել մի անգամ մինչև երրորդ երկինք: Այս փորձությունից հետո միայն նրանք կհասկանան, որ իրենց ունեցածը աղբի է նման: Մկրտությունը միայն առաջին կամուրջն անցնելն է` այդ գանձը գտնելու համար, և երկգլխանի վիշապը անցնողի հոտն առնում է անմիջապես, շտապում կանխել նրա անցումը: Եվ քանի հոգի կարող է մեռցնել վիշապը Սուրբ Գևորգ Զորավարի նման և անցնել առաջ: Եվ դու երեկ կտրեցի՛ր երկու գլուխները անզգամի: Մանկան աչքերի նման ժպտալով` այս անգամ իր թևը դրեց Վարդանի ուսերին, մտերիմ ընկերոջ նման: Առաջին անգամը լինելով` Վարդանն իրեն լավ զգաց, և Արջ եղբոր նկատմամբ թվացյալ նվաստացման բարդույթն անհետացավ իր միջից:

 

Հաջորդ գլուխը՝

ԿՅԱՆՔԻՑ ԿՅԱՆՔ