ՀՈՒՇԵՐ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

– Երբ ես ձեր տարիքին էի, – սկսեց խոսել վանահայրը, – մի քանի հայ գյուղացիներ եկան Տարոնի հեռավոր ավաններից: Նրանք եկել էին խնդրելու, որ իրենց գյուղը այցելեինք, որովհետև մի դերվիշ էր եկել և գյուղացիների գլուխներում խառնաշփոթ ստեղծել, այնքան, որ ոմանք լրջորեն մտմտուքի մեջ էին` կրոնափոխ լինել և իսլամանալ: Գյուղը քահանա չուներ, և նա էլ հրաշքներ էր ցուցադրում. Իր մարմնի մեջ ասեղներ, շամփուրներ և դանակներ էր խրում` առանց ցավի և արյունելու: Վանահայրը շատ հուզվեց և երկու միաբաններ ուղարկեց գյուղացիների հետ միասին: Ուրեմն, ես և հանգուցյալ Սարգիս վարդապետը վեր կացանք գնացինք և երկու օր հետո մեր ճանապարհին մի գյուղում հարսանիքի խրախճանքի հանդիպեցինք: Մեզ էլ հրավիրեցին: Պատմում էին, որ գյուղի մեջ երեք օր առաջ հարսնացուն ծանր հիվանդացել էր, նույնիսկ` հույսը կտրելու աստիճան: Գյուղացիներից մեկը լեռների վրա մի ճգնավորի էր տեսել: Երբ փեսացուն լսում է այս մասին, հավաքում է գյուղի բոլոր տղամարդկանց, դուրս գալիս` փնտրելու ճգնավորին` հավատալով նրա աղոթքի զորությանը: Մի գիշեր դաշտում են անցկացնում: Հաջորդ օրը, արդեն հուսահատ, տեսնում են, որ ճգնավորը դեպի իրենց է գալիս, և դեռ առանց իրենց կողմից որևէ խոսք ասելու` դիմում է նրանց. «Եկե՛ք` գնանք, աճապարե՛ք»: Գնալու ընթացքում ճգնավորը միշտ նրանց առջևից է քայլում, իսկ նրանք, նույնիսկ ամենից երիտասարդը, դժվարանում են հասնել նրան: Երբ հասնում են գյուղ, հարսը արդեն մեռած է լինում մի օր առաջ, և լաց ու կոծը բռնել էր ողջ տունը: Ճգնավորը հանում է իր խաչը և աղոթքով ոտքի հանում մեռյալին: Մեզ հրավիրողները մեզ այս պատմությունը պատմեցին: Ճգնավորի անունը Վարդան վարդապետ էր: Ահա այնտե՛ղ ծանոթացանք նրա հետ: Մեծ ուրախություն սկսվեց, և Վարդան վարդապետը նստել էր պատվավոր տեղում: Մեզ համար էլ տեղ բացեցին նրա կողքին: Մեզանից նա մի փոքր տարեց էր: Սակայն մեր այս ճգնավորի վարվելակերպը ամենևին համատեղելի չէր նրա անհատականության բուն էությանը: Ինչ որ դնում էին նրա առջև, անմիջապես ուտում էր: Մի ումպով դատարկում էր բաժակը: Խոսում և կատակում էր: Կատակներից մեկը, որ պատմեց, հիշում եմ դեռ. «Ադամը Եվային հարցնում է. «Ինձ սիրո՞ւմ ես, հոգիս»: Եվան պատասխանում է. «Քեզանից բացի ուրիշ մեկը կա՞ որ»: Անշուշտ, մենք քաջ գիտեինք, որ այս վարվելակերպը կարող է դիմակ լինել` վարդապետի կողմից միտումնավոր գործված, որպեսզի իր հանդեպ եղած հիացումը պաշտամունքի չվերածվի, և ինքն էլ հպարտության չմատնվի: Երբ ես այսպես էի մտածում, նա կարծես թե կռահեց մտածումներս, դարձավ դեպի ինձ ու հարցրեց.

– Կարապե՛տ եղբայր, երբ Հիսուսը, մեղավորների հետ ընկերացած, ուտում, խմում և զվարճանում էր, արդյոք հաճո՞ւյք էր ստանում թե՞ տանջվելով էր մասնակցում նրանց սեղաններին: Օրինակ` Կանայի հարսանիքի ուրախությանը, ոտքերը մի կերպ քարշ տալո՞վ, գնաց և տառապանքո՞վ դիտեց նրանց պարերն ու լսեց նրանց երգերը, թե՞ այդ պահին նրանց էր ախորժում: Իմ իմացած միակ պատասխանը տվեցի և ասացի, որ նա, իհարկե, հաճույք չէր ստանում, բայց դա առիթ էր` այլոց հետ հանդիպելու և նրանց ավետարանելու: Նայեց աչքերիս խորքը և հարց տվեց:

– Ուրեմն, դու նույնպե՞ս այժմ հաճույք չես ստանում այստեղ գտնվելու համար և միայն ուրիշներին գոհացում տալու համա՞ր նստեցիր սեղան: Ես վախեցա սուտ խոսելու համար այս` ամեն ինչ իմացող խորհրդավոր մարդու առջև և ասացի, որ «հաճույք եմ ստանում, իհարկե, բայց ինձ սովորեցրածի համաձայն` պետք չէ, որ հաճույք առնեմ և խուսափեմ այսպիսի աշխարհիկ ժամանցներից»: Իսկ նա չպատասխանեց: Ու երբ գյուղացիներից ոմանք երգել ու պարել սկսեցին, հրաշագործը ծափ զարկեց և երգեց նրանց հետ: Երբ կրկին հանդարտվեց մթնոլորտը, մի գավաթ գինի ըմպելուց հետո, դատարկ գավաթը ցույց տվեց ինձ ու ասաց.

– Եթե Հիսուսը գինին խմելու ժամանակ հաճույք չէր ստանում, բայց հաճույք ստացածի նման էր ձևացնում, ու եթե երգերին ծափ տված ժամանակ տանջվում էր, բայց ուրախացողի կերպարանք էր ընդունում, մի ստախոս չէ՞ր լինի նա, սիրելի հայր սուրբ ջան: Իմ պաշտած Տերը, որ ճշմարտությունն է, կեղծիք խաղալու կարիք չուներ: Ուրախ էր երևում, որովհետև ինքն էլ ուրախ էր: Տխուր եղած ժամանակ էլ չէր թաքցնում և ասում էր. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է»: Եթե մեղավորների հետ սեղան նստող մի «ուտող–խմող մարդ» էր` նրանց փրկելու համար, ապա առիթը բաց չէր թողնի` չափից ավելի ուրախանալու այդ վայրկյանին: Այս ասելով` խաշած հավի մի ոտք վերցրեց և սկսեց կրծել: Մեր առջև դրված հավի կեսից ավելին նա արդեն կուլ էր տվել: Մեր Սարգիս եղբայրն էլ, չկարողանալով զսպել իրեն, ապշած հարցրեց.

– Վարդապետ, ո՞ւր են գնում այդ ուտելիքները նիհար մարմնիդ մեջ, մինչև հիմա հինգ հոգու փոխարեն ճաշ կերար և դադարեցնելու էլ միտք չունես:

– Երազ ուտելով ո՞վ է գիրացել, – ասելով` ևս երեք քուֆթա միմյանց ետևից նետեց բերանը: Իր այս ցույց տվածը մի ուրախ հրաշք էր: Սարգիսն առարկեց.

– Բայց կերած հավերդ և խմած գինիներդ երազ չեն:

– Իրա՞վ: Եթե այդպես է, ապա այժմ ո՞ւր են դրանք, – ասաց` քուֆթաներից ազատված ձեռքերը ցույց տալով: – Տիեզերքը Աստծո երազն է. եթե արթնանում ես երազներից և նրա հետ տեսնել ես սկսում նրա երազը, քեզ էլ իրավունք է տալիս մասնակցելու այդ խաղին` ստեղծագործելու և քանդելու: Վարդան հրաշագործը մեր աչքի առջև շարունակեց ճաշերի հետ խաղալը մինչև այն պահը, երբ գյուղացիներն այլևս ճաշ չդրեցին նրա առջև` զգուշանալով, որ հարսանիքի բոլոր ճաշերը կուլ կտա այս մարդը:

– Այլևս մեկ շաբաթ չես ճաշի, հայր սուրբ, – ասաց Սարգիս վարդապետը:

– Ի՞նչ տարբերություն կա քառասուն օր որևէ բան չուտելու և քառասուն օր անդադար ուտելու միջև:

Այդ ի՞նչ հարցում էր: Սարգսի հետ միմյանց նայեցինք ժպտալով:

– Սևի և սպիտակի, լույսի և խավարի, հյուսիսի և հարավի տարբերություն կա, հայր սուրբ,–պատասխանեցի ես:

– Քեզ համար հստակ է ասածդ, իսկ Աստծո՞ համար:

– Ո՛չ մի տարբերություն, – պատասխանեցի, – ամեն ինչ նույն կարելիության, հեռավորության և դյուրության սահմանների մեջ է Ամենակարողի համար:

– Ուրեմն այս ամենը ամենակարող լինելու մեջ է: Եթե որևէ մեկը միանում է Աստծո հետ, ամեն ինչ իր շրթունքների նման հեռու է մնում իրենից, որ այլևս կարելի է այսպես կոչել իր կարգին. «Եղիցի լոյս... և եղև»: Նույն բանն է այսպիսի մեկի համար` «Ոչինչ չեմ ուտի և կամ միշտ պիտի ուտեմ» ասելը: Մեր Տերը անապատում փաստեց, որ մարդկությունը կարող է զարդարվել այս աստվածային հանգամանքով:

– Չափից ավելի չէ՞, վարդապետ, ամենակարող դառնալու հանգամանքը մեզ` մահկանացու մարդու որդիների համար:

– Իրավացի ես` գրեթե անկարելի: Որովհետև այդ անձը մինչև ամենակարող դառնալը պետք է, որ կարողանա ամենաոչինչ դառնալ: Միայն այսպիսի ամանների մեջ կարելի է լցնել ամենակարության կենաց ջուրը: Մեր Տերը մատնանշում է այս իդեալը` շեշտելով. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Հայրը կատարյալ է»: Ուրեմն, Աստված ցանկանում է, որ ոչ միայն ընտրյալ մի քանի հոգիներ, այլ նաև համայն մարդկությունը լրացնի այդ չափանիշը` Աստվածանալու:

–Որքա՜ն հեռու են մեզանից ասածներդ, հայր սուրբ, երևակայելն իսկ` դժվար:

– Այո՛, ո՞վ կարող է երևակայել, որ Նեղոս գետի մեջ նետված անճար մանուկը մի օր Կարմիր ծովը պիտի ճեղքեր և փարավոնին ծունկի բերեր: Եղիայի մայրը կարո՞ղ  էր երևակայել, երբ մաքրում, փոխում էր իր մանկան տակաշորը, որ իր որդին մի օր երկինք պիտի համբառնար առանց մեռնելու: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հեսսեի փոքրագույն որդին` դաշտերի սիրունիկ հովիվը, Իսրայելի հզորագույն թագավորը պիտի դառնա: Բեթղեհեմի մանուկը ինչպե՞ս աշխարհի Փրկիչը դարձավ: Իզուր չէ, որ մեր եկեղեցին մանուկ Հիսուսին միշտ Մարիամի հետ միասին իր Ավագ Խորանի վրա է բարձրացնում, որպեսզի բոլոր մարդիկ միշտ հիշեն` հսկա կաղնին պարունակվում է փոքր հունդի մեջ և Աստված` մանկան մեջ: Սիրելի եղբայրներ, Աստծո արվեստն է և նրա ամենից հաճելի զբաղմունքը` փոքրերը մեծացնել և հողից աստվածներ պատրաստել: Խնդիրը` հող կարողանալ դառնալն է Նրա ձեռքի մեջ:

– Հայր սուրբ ջան, ինչ որ մենք գրքերից ենք ջանում սովորել, պարզ է, որ դու արդեն հասլ ես դրան ու խոսում ես փորձառությամբ: Կարո՞ղ ենք խնդրել քեզանից, եթե, իհարկե, արժանի ես համարում մեզ սովորեցնել, թե ինչպես դառնալ այդպիսի անձ, որ նկարագրեցիր: Ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք, որ մենք էլ հասնենք դրան: Մի քանի կիրառելի գաղտնիքներ ասա մեզ, խնդրում ենք:

– Գաղտնիք չկա, սիրելինե՛ր, գաղտնիք չկա: Ճանապարհը բաց է և տեսանելի ամենքին: Ճանապարհը Քրիստոսն է, անկարելի է վրիպել այս ճանապարհը:

– Որևէ նոր բան չկա ասածիդ մեջ: Պարզ է, որ պատմել չես ցանկանում մեզ արքայության գաղտնիքները: Թերևս հասկանալի է, որ մենք դեռ հասու չենք դրան:

– Հավատա, եղբա՛յր, ամենևին գաղտնիք չկա, որ ձեզանից թաքցնեմ:

– Իսկ ինչո՞ւ մեզ մոտ չի հաջողվում քո ասածները, ինչո՞ւ Քրիստոսի թթխմորը չի տարածվում մեր էության մեջ:

– Որովհետև դու՛ք չեք ցանկանում: Դուք ոչի՛նչ դառնալ չեք փափագում: Դուք հող դառնալու, կավի վերածվելու պատրաստակամությունը չունե՛ք: Իսկ հավատարիմ Տերը խոստանում է բոլորին. «Ահա՛, դռան առջև եմ կանգնում և բախում. եթե որևէ մեկը բացի այն, ես ներս պիտի մտնեմ»: Կարո՞ղ եք երևակայել, երբ նա մտնում է մահկանացու մարդու մեջ և բնակվում այնտեղ, ի՛նչ հեղափոխություն, ի՛նչ փառք կստանա մարդկային բնությունը հանկարծ:

– Մենք էլ աշխարհն ուրացանք: Վանքի մեջ ենք: Օրը յոթ անգամ աղոթում ենք: Տարվա կեսը ծոմապահությամբ ենք անցկացնում, մեր շուրթերը փակել են սաղմոսները, և ծնրադրելուց փտել են մեր ծնկները: Մենք նույնպես զոհել ենք մեր կյանքը և բացել մեր սիրտը, որպեսզի Քրիստոսը ներս մտնի: Բայց կրկին ինչ–որ բան պակասում է: Ասա՛ մեզ, մի՛ քաշվիր, ասա՛ մեր սխալը և մեր երեսին խփիր:

Խորը շունչ քաշեց Վարդան վարդապետը և գլուխը դրականորեն շարժեց.

– Շա՛տ լավ, ասե՛մ ձեզ, թե ինչ է պակասում ձեր զոհաբերության մեջ: Հին Ուխտի մեջ քահանան մատուցված զոհերը անցկացնում էր զանազան փուլերից: Նախ զոհը կապվում էր, կտրվում, զենվում, կտորների էր բաժանվում, արյունը խորանի վրա էր սրսկվում: Բայց, այսքանից հետո, զոհը տակավին կատարյալ ընդունելի վիճակում հասած չէր նկատվում: Այդպես էլ, ահա, մեր շատ միաբաններ վանքերում այս փուլերով են անցնում, և շատ կարևոր են այդ բոլորը և հույժ կարևոր Աստծո համար, ուստի պետք է կատարվեն այդ ամենը առանց անտեսելու: Աղոթք, ծոմ, պահք, հսկումներ, ճգնություններ, ցավեր, կամավոր աղքատություն, պանդխտություն ու հիվանդություններ: Բոլոր այս արարքները, խորհրդանշաբար մեր անձերը Տիրոջը զոհելու համար, կապել, մորթել, զենել, մորթազերծել, փարատել և այլն է նշանակում: Սակայն մի բան տակավին վերջնականապես կիրառվելու էր տվյալ զոհի վրա, այդպես չէ՞:

– Այո՛, – ասաց Սարգիս եղբայրը, – պետք է այրվեր խորանի կրակի վրա, մինչև մոխիր դառնար:

– Մարդու կամքն է «քահանան», այլաբանորեն, որ պետք է իր մարմինը և միտքը կապի, մորթի, զենի, բաժանի և դնի խորանի վրա` այրվելու: Սակայն Աստծո երկնային կրակն է, որ պետք է կատարի վերջնական գործողությունը, ոչ թե մարդու կամքը: Եղիա մարգարեի` զոհի վրա իջած կրակի նման մեր Տերը` Հիսուս Քրիստոս, առաքում է Սուրբ Հոգու կրակը, և մենք այդ կրակի վրա ծնվում ենք վերստին: Մեր վանքերում ջրից և հոգուց վերածնունդն են ուսուցանում, բայց չեն հետապնդում կրակի մկրտությունը: Ես էլ այս բանը վանքում չսովորեցի, այլ երեսուն տարի ադամորդու երես չտեսած մի ճգնավոր առաջնորդեց ինձ այս մկրտությանը, երբ ես էլ ճգնելու համար լեռների վրա էի պտտվում: Մեծ ուրախություն պատեց մեր սրտերը: Ի վերջո, մենք էլ այդ կրակի մկրտությունը պիտի ունենայինք և նրանց նմանվեինք:

– Մեզ էլ դու՛ առաջնորդիր, հայր սուրբ, և մկրտի՛ր կրակով:

Մանկան նման քահ–քահ ծիծաղեց հայր սուրբը:

– Այսպես խինդ պատճառելու ի՞նչ առիթ տվեցի քեզ, հայր սուրբ ջան:

– Որովհետև այսքանից հետո դեռ չեք հասկացել ասածներս: Այդ անդունդի մեջ միայն դուք կարող եք նետվել, և միայն կրակը կարող է ձեզ կանչել ու այրել: Չե՞ք կարդացել. «Նրանք պիտի ծնվեն ո՛չ արյունից և ո՛չ էլ մարդու կամքից, այլ` Աստծուց»: Ես անկարող եմ ծնել ձեզ: Դուք եք այն քահանան, որ իր զոհը խորանի վրա պիտի դնի և պիտի սպասի, որ կրակը վերջնականապես կատարի իր գործը:

– Բայց այդ ճգնավորը ի՞նչ սովորեցրեց քեզ, ինչպե՞ս առաջնորդեց կրակի մկրտության մեջ:

– Նա դիմացս դուրս եկավ իրավամբ, Աստված հանեց, երբ ես արդեն իմ քահանայի գործը կատարել էի իմ ես–ի վրա: Առանց իմանալու` պատրաստ եմ եղել այդ կիզումին: Նա կայծ եղավ միայն: Եթե դեռ փայտը թաց է, կայծը չի կարող բռնկվել: Երբ պատրաստ լինեք, Աստված պիտի ուղարկի այդ կայծը, մի՛ անհանգստացեք:

Ներկաները շատ գոհ չմնացին այս անորոշությունից:

– Չե՞ս կարող ձեռքերդ դնել մեր գլխին և փոխանցել այն, ինչպես առաքյալներն էին անում, և մարդիկ լցվում էին Սուրբ Հոգով:

– Ձեռքերս դնելը դյուրին է, սակայն կրակն ինքն է ընտրում և որոշում, թե ում վրա պիտի ցատկի, ոչ թե ձեռքը դնողը: Տարբեր բան է Սուրբ Հոգուց շնորհ ստանալը և տարբեր` կրակի մկրտությունը: Շնորհները գալիս և գնում են, ավելանում կամ պակասում, իսկ կրակի մկրտությունը ջրով մկրտության նման հիմնական փոփոխություն և մնայուն նկարագիր է թողնում ընդունողի վրա: Կրակով այրված ոչ մի բան հնի նման չի մնում այլևս: Երբ կրակը իր բոցերի մեջ է առնում անձին, նա նույնպես կրակի է վերածվում և մարմնեղեն հրեշտակի է նմանվում:

Մատով ցույց տվեց կաթսաները, որոնց մեջ ճաշեր էին եփում:

– Այդ ամանները ինքնին սառն են, սակայն երբ կրակի վրա են դրվում, իրենք են կրակի վերածվում ներսի ճաշերի համար, և դրսից էլ անկարելի է դառնում ձեռքով դիպչել դրանց: Կրակի մկրտությունից հետո մարդկային հոգին այնպե՛ս է փոխվում, որ անկարելի է նկարագրել: Հիսուս այսպիսիների համար էր ասել, թե նրանք, ովքեր հավատում են Իրեն, Իրենից ավելի մեծ գործեր պիտի կատարեն:

– Քեզ հետ պատահե՞ց այդ մկրտությունը, – հարցրեցի:

– Այո՛, – ասաց, – բայց սրան ես չէ, այլ ուրիշները պետք է վկայեն` տեսելով իմ գործերը: Քանի որ լեռան վրա հիմնված քաղաքը չի ծածկվում, և բոցի լույսը վկայում է, թե մոմը վառվում է:

Լռեց Վարդան վարդապետը և սեղանից վեր կացավ: Կարծեցինք` լվացարան գնաց այսքան ուտելուց հետո, բայց անհետացավ, և չկարողացանք գտնել նրան ոչ մի տեղ:

– Չենք կարողանում գտնել նրան, – ասացին գյուղացիները, – եթե ինքը չի ցանկանում գտնվել. իրավունք ունեին:

Աբբահայրը ավարտեց իր խոսքը: Բավականին հոգնած էր և հուզված: Տեղից բարձրացավ: Տարաժամ էր արդեն:

– Աղոթենք և պառկենք քնելու, – ասաց:

Սակայն միաբանները իրենց տեղերից չշարժվեցին և նրա երեսին նայեցին ըմբոստությամբ:

– Ի՞նչ եղավ նորից, – հարցրեց:

– Որևէ բան չմոռացա՞ր, աբբահայր, – ծիծաղեց նրա ձախակողմում նստած տարեց մի միաբան:

– Ի՞նչը մոռացա:

– Կիսավարտ թողեցիր պատմությունդ: Ի՞նչ պատահեց ձեր առաքելությանը: Գնացի՞ք այդ գյուղը և հանդիպեցի՞ք այդ դերվիշին:

Կարապետ սրբազանը հիշեց: Բայց հայտնեց իր հոգնածության մասին: Միաբաններին համոզեց` մեկնել իրենց սենյակները և մի քիչ քնել` խոստանալով առավոտյան նախաճաշից հետո շարունակել իր պատմությունը: Բոլոր ներկաները աղոթեցին այդ գիշեր կրակի մկրտությանհամար և խնդրեցին երանելի Վարդան վարդապետի բարեխոսությունը:

 

 

ԵՂԻԱՅԻ ՄԵՆԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Առավոտյան ամեն ոք մի տեսակ աճապարանքով էր ուտում իր նախաճաշը` պահ առաջ լսելու համար Կարապետ աբբահորը, որ թարմացած` ավելի ցանկություն ուներ խոսելու` նկատելով իր միաբանների հետաքրքրությունը այս նյութի շուրջ:

– Հարսանիքի խրախճանքին Վարդան վարդապետը հարցրել էր մեզ` այնտեղ գտնվելու պատճառը, բավականին շահագրգրռված էր դերվիշի հարցով, և մենք էլ նրան հրավիրեցինք` մեզ հետ գալու: Որոշակի բան չասաց գալու և կամ չգալու վերաբերյալ: Մենք, Սարգիս եղբոր և գյուղացիների հետ, երկու օր հետո հասանք այս լեռների վրա ծվարած գյուղը, որ բաղկացած էր ութսուն տնից: Համայնքը երեք լեզուների խառնուրդ մի բարբառ էր օգտագործում` քրդերեն և թրքերենով խառնաշփոթ մի հայերեն: Արդեն քառասուն տարի առաջ մեռել էր շրջակա գյուղերի այցելու քահանան, և հինգ տարի առաջ մի վանական էր այցելել այնտեղ` մկրտելով և ամուսնացնելով շատերին և նրանց հետ անցկացրել երկու շաբաթ: Պարզվեց, որ տեղի բնակիչներին ավելի մոտ են եզդիները և իսլամները: Ե՛վ նրանք, և՛ նրանց կղերականները հաճախ են այցելում և քարոզում մեզ` հայերիս: Իր կրոնին գրեթե բոլորովին անտեղյակ այս ժողովուրդը միայն բնազդաբար էր կառչել հայությանը և քրիստոնեությանը: Սակայն կրոնական անհստակությունը պատճառ էր, որ ազատ լիներ օտար կրոնների ազդեցությունը (կախարդությունը և նախապաշարումը) նրանց վրա: Մեզ հյուրասիրեցին գյուղապետի տանը, որ ընդարձակ և ծառախիտ մի գեղեցիկ պարտեզ ուներ: Սեգ լեռների տեսարանը իրոք, հոյակապ էր: Առիթից օգտվելով` երեխաներին մկրտեցինք, ամուսնացածներին պսակեցինք և ամեն երեկո քարոզեցինք, երբ ժողովուրդն ազատ էր իր աշխատանքից: Տներն այցելեցինք, խոսեցինք ծերերի և մանուկների հետ, տեղյակ եղանք նրանց խնդիրներին, նրանց առանձնության դժվարությունները զգացինք և սրտաճմլիկ պատմություններ լսեցինք` ողբերգական, օտարների կողմից կատարած. աղջիկների առևանգում, հրոսակախմբերի դարանակալում շրջակայքում, կրոնական հալածանքներ, հազար ու մի տեսակ ճնշումներ նրանց վրա: Իրենց արտադրանքը վաճառելու համար բազմաթիվ խնդիրներ էին ունենում:

Նրանց այցելելող բոլոր այլազգի կղերականները և կամ, այսպես կոչված, բարեկամաբար վերաբերվող մարդիկ կրոնափոխություն էին առաջարկում նրանց` որպես միջոց ու ելք այս անտանելի, անհանդուրժելի իրավիճակից դուրս գալու համար: Բուն հարցը ընկերային էր և տնտեսական, և դերվիշը պարզապես մի փոքր թեթևացնում էր նրանց կյանքի այս դառն ընթացքը և հանգստացնում էր նրանց խիղճը` կրոնափոխության գործունեությունն արդարացնող բարոյական մի հենարան առաջարկելով: Արդեն մի քանի ընտանիք հասել էին կրոնափոխության եզերքին և լրջորեն վիճում էին մեզ հետ: Զարմանքով անդրադարձանք, որ այս մարդիկ քրիստոնեությունը ոչ թե իրենց Եկեղեցուց, այլ սկզբում իսլամներից էին սովորել, անշուշտ` աղավաղված ձևով: Նրանց գլուխներում խառնաշփոթ էր` «Սուրբ Երրորդություն», «Աստծո որդի», «Հայր Աստված», «Թլփատություն», «Չորս Ավետարաններ» և այլ գաղափարներ: Իսկ մենք ամենևին այսպիսի իրավիճակների համար պատրաստ չէինք, եթե ճշմարտությունը կուզեք իմանալ: Մեր դասական և գրաբար գիտելիքներն ամենևին անհնար էր հասցնել նրանց իմացություններին և կարողություններին, և մենք անվարժ էինք` ավելի պարզ և համոզիչ խոսելու: Այս փորձությունն ինձ սովորեցրեց, թե ինչո՛ւ միսիոներներն այնքան դյուրությամբ են գրավում մեր ժողովրդին, և նրանք մասսաներով հետևում էին օտարների այս մոլորություններին: Եվ փոխեցի իմ աստվածաբանության մոտեցումը հիմնովին: Մեր շատ խրթին ու տպավորիչ գիտությունները վանական ժամանցներ են լոկ, անօգտակար` հավատք արծարծելու մեջ, և շատ հեռու` մեր ծարավի ու քաղցած ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու համար: Մի քիչ մտահոգված` սպասում էինք դերվիշի հետ հանդիպման պահին և աղոթում էինք, որ Աստված առաջնորդեր և իմաստություն հաղորդեր մեզ` փրկելու այս անհովիվ ժողովրդին գիշատիչ թռչունների ճիրաններից: Մեր ժամանման չորրորդ օրը, երեկոյան, անակնկալ դերվիշը գյուղ մտավ` արժանանալով մեծ պատիվների, մեզանից ավելի: Գյուղացիները նրան ընդունում էին որպես Աստծո մարդ, որ հպվում էր անդենական աշխարհին և իրենց էր բերում գերբնականի փաստեր: Դերվիշը ողջունեց մեզ` ստուգապես նվաստացնող մի հայացքով: Այնքա՜ն վստահ էր իր ուժի և զորության վրա, որ հոխորտանքով էր քայլում և երկյուղ առաջացնում բոլորի մոտ: Նա գիշերեց մի գյուղացու տանը: Նա գիտեր, թե մենք ինչի համար էինք այնտեղ գտնվում: Գյուղացիներն էլ գիտեին: Ոչ ոք աշխատանքի չգնաց առավոտյան: Գյուղապետի ընդարձակ պարտեզում հավաքվել էին շուրջ երեք հարյուրին մոտ մարդիկ` ժամանած նաև շրջակա գյուղերից: Պարզ էր, որ դերվիշը իր հաղթանակը ցուցադրելու համար հրավիրել էր նաև այլազգիների: Գյուղացիները շարվեցին մեր շուրջը` ոմանք ոտքի կանգնած, ոմանք խոտերի վրա նստած: Գյուղապետը` Կիրակոս աղան, նստել էր մի սեղանի մոտ: Կանչեց մեզ, որ նստենք իր կողքին: Ուրեմն ես և Սարգիս վարդապետը մեկ կողմում, իսկ դերվիշը, որի անունը Ալի Էքրեմ էր, մյուս կողմը: Նստեցինք Կիրակոս աղայի կողքին:

Գյուղապետը մեզ դիմեց բարձրաձայն քրդերենով, որպեսզի դերվիշն էլ հասկանա:

– Մեր գլուխը խառնված է կրոնական որոշ նյութերով: Մենք քրիստոնյա ենք: Սակայն այս դերվիշը ասում է, որ մեր հավատքը հնացած է, մեր Սուրբ Գիրքը պիտանի չէ այլևս, և իրենք ունեն վերջին մարգարեն և Ղուրանը: Մենք մեր հավատքը լավ չենք գիտակցում, բայց ցանկանում ենք մնալ մեր հայրերի հավատքին, եթե նա է ճշմարիտ հավատքը: Ուրեմն մենք ցանկանում ենք լսել ձեզ և կողմնորոշվել. կա՛մ փարատել մեր կասկածները և շարունակել մնալ մեր հայրական դավանանքի մեջ և կա՛մ նախընտրել իսլամությունը:

Շատ հստակ էր ներկա կացությունը. կա՛մ պետք է համոզեինք այս ժողովրդին` քրիստոնյա մնալ, կա՛մ պիտի ձախողեինք, և այս խեղճ ժողովուրդը հավատափոխ պիտի լիներ և ընկներ այլ կրոնների գիրկը: Մենք մի միջոցով պատրաստվել էինք այս մենամարտին, և ես սկսեցի պատմել Քրիստոսի մեծության մասին, նրա առավելությունները մի մարգարեի նկատմամբ և մի օրինակ էլ ներկայացրեցի.

– Երկու բարեկամ, մեկը` քրիստոնյա, մյուսը` իսլամ, գնում են նույն քաղաքը: Իսլամը միշտ գովաբանում է իր կրոնը, իր մարգարեին, իր գիրքը և այլն: Քրիստոնյան պարզապես լսում է միայն: Մի պահ ճանապարհը բաժանվում է երկու ուղղությունների, և նրանք չեն կողմնորոշվում, թե իրենց գնալիք ճանապարհը որն է: Խաչմերուկում մի դամբարան կար, և դիմացից մի մարդ էր գալիս: Քրիստոնյան անմիջապես դառնում է դեպի գերեզմանը և բարձրաձայն հարցնում. «Ո՜վ գերեզմանի մեջ ննջող բարի մարդ, ասա մեզ, ո՞ր ճանապարհը մեզ կտանի մեր գնալիք տեղը»: Իսլամը զարմանում է և ծիծաղում. «Ա՛յ մարդ, – ասում է քմծիծաղով, – կենդանի մարդը այնտեղ է կանգնած, նրան չես հարցնում և այս մեռածի՞ն ես հարցնում: Մեռածը, Աստված գիտի` ուր է»: Քրիստոնյան շրջվում է դեպի իսլամը և ասում. «Տե՛ս, դու ասում ես, որ ձեր մարգարեն է փրկիչը: Բայց նա մեռած է, գերեզմանը հայտնի է, ուր ոսկորներն են հանգչում: Բայց Քրիստոսը, նույնիսկ ձեր հավատքն էլ է խոստովանում, ողջ է և երկինք համբարձված: Դու ասում ես, որ մեր ճշմարտության ճանապարհը, Աստծո տանելիք ուղին մեռյալին հարցնենք: Իսկ մենք ասում ենք. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Միայն ինքն է Տերը և ճշմարիտ Փրկիչը»:

Այս օրինակը ըմբռնումով ընկալվեց գյուղացիների կողմից: Հերթը դերվիշինն էր: Ոտքի կանգնեց ինքնավստահ և դիմեց ժողովրդին.

– Ես, գիտե՛ք, շատ խոսել չեմ սիրում: Միայն մեկ հարց ունեմ ձեզ ուղղված: Աստված ինքը կենդանի է և ամեն տեղ ու նաև այստեղ է, անշուշտ: Ես առանձին եմ այստեղ և ներկայացնում եմ իմ հավատքը: Եթե որևէ մեկը հետևում է ճշմարիտ հավատքին, Աստված նրա հետ կլինի, այդպես չէ՞, ասացե՛ք, այդպես չէ՞:

Ժողովրդին ստիպել տալով իր ասածները` շարունակեց.

– Դուք գիտեք, որ ես հրաշքներ եմ գործում հաճախ. բազմաթիվ անգամներ ձեր աչքի առջև կատարեցի անհնարին գործեր. կարիճներ խայթեցին ինձ, ոչինչ չպատահեց, կրակը իմ բերանի մեջ դրեցի, չայրեց, կոտրված ապակիներ կուլ տվեցի, չվնասեցին: Դանակներով ծակեցի մարմինս առանց ցավի և արյունի: Արեցի՞, թե՞ չարեցի, ասե՛ք:

Ժողովուրդը միաբերան հաստատեց նրա ասածները: Այնուհետև դերվիշը, մատով արհամարհական ցույց տալով դարձավ դեպի մեզ և մի տեսակ շեշտով գոռաց.

– Թող ա՛յս մարդիկ էլ մի քանի բաներ ցույց տան մեզ, որ հավատանք, թե Աստված նրանց հետ է, քանի որ նրանք կենդանիի հետևորդներ են, այլ ոչ թե ինձ նման` մեռնողի:

Մեր ակնկալած վերջին մարտահրավերն էր սա: Նա մեզ անակնկալի բերեց, և մենք չգիտեինք, թե ինչպես պատասխանենք: Մենք միայն բանավեճի համար էինք պատրաստվել և անկարող էինք բավարարել նրա և ժողովրդի այս պահանջը:

– Հրաշագործությունը Աստծո տված շնորհն է, և ամենքին տրված չէ: Մենք նույնպես ճշմարիտ հրաշագործ անհատներ ունենք մեր հավատքի մեջ և ոչ թե այսպես ակնկապուկներով մարդկանց խաբող կախարդներ, – պատասխանեց Սարգիս եղբայրը, – քո հրաշք կոչվածները շուկաների մեջ գնչուներն էլ են անում և դրամ հավաքում: Կարո՞ղ ես մի կույրի աչքերը բացել և կամ մի մեռյալի հարություն տալ:

– Բայց հայր սուրբ, – հարցրեց մեկը ժողովրդի միջից, – այլ անհնարին բաները ինչպե՞ս նա կարող է անել, երբ Աստծո զորությունն իր հետ չէ:

Ժողովրդին բացատրեցինք, որ այսպիսի ուժերը սատանայի և դևերի ազդեցությամբ են կատարվում, և դրանցից շատերը աչքակապուկ կախարդանքներ են լոկ: Սակայն ժողովրդի միտքը բավականին խառնաշփոթ էր, և նա հակառակվում էր մեր բոլոր տրամաբանական բացատրություններին: Կարծես Եղիմաս կախարդը մեր առջևն էր և Աստծո ճշմարտությունները ցրում էր, խափանում, և մենք էլ Պողոս առաքյալը չէինք` այս մարդուն Աստվածային մի պատուհաս հասցնելու: Դերվիշը լռեցրեց աղմուկը իր ձեռքի մի շարժումով:

– Մարդիկ շատ խոսեցին, այժմ թող Աստված խոսի: Տոպրակը բացեց և սեղանին շարել սկսեց իր իրերը. գրեր և թալիսմաններ կային տեսակ–տեսակ: Խոշոր ասեղներ էին շարված` զանազան չափերի: Տարբեր բաներ ասաց արաբերեն, մռմռաց և տարօրինակ ձայներ հանեց, մի քանի գրերի վրա ձեռքը պտտեցրեց և երեսին քսեց և հետո կավե փակ մի աման բացեց` ցույց տալով բոլոր ներկաներին: Մի շատ խոշոր կարիճ դուրս եկավ և սկսեց քայլել ձախ թևի վրա: Բռնեց աջ ձեռքով, և այս միջոցին կարիճը մի քանի անգամ խայթեց նրան: Մեկնեց ինձ և ասաց.

– Կարող ե՞ս վերցնել սա:

Ես ետ քաշվեցի սարսափած:

– Ուրիշ որևէ մեկը կա՞ փորձել ցանկացող:

Ժողովրդին մոտեցրեց: Մարդիկ ետ ընկրկեցին: Կարիճը կրկին ամանի մեջ դրեց և մի ուրիշ ամանից կոտրված ապակու կտորտանքներ հանեց և ափի մեջ լցրեց: Մոտեցավ Սարգիս եղբորը, նրա ձեռքը բռնեց և ափի մեջ դրեց ապակիները և հարցրեց.

– Կարո՞ղ ես կուլ տալ սրանք:

Սարգիսը բացասաբար գլուխը շարժեց: Նա կրկին Սարգսի ձեռքից վերցրեց ու դրանք լցրեց իր բերանի մեջ, հետո բերանը բանալով` ցույց տվեց բոլորին կուլ տվեց և վրայից մի գավաթ ջուր խմեց: Զարմանքի և զարհուրանքի ձայներ բարձրացան, ոմանք, հմայված իրենց տեսածներից, սկսեցին աղոթել, և ոմանք ծունկի իջան այս` «Աստծո մարդու» առջև: Մարդը Եղիայի նման մարտահրավերի էր կոչում մեզ` Քրիստոսի և մեր հավատքի նկատմամբ` անամոթաբար և արհամարհանքով: Իսկ մենք որևէ պատասխան չունեինք: Այս խեղճ ժողովուրդը սայթաքում–հեռանում էր մեր ձեռքերից: Կյանքիս ամենասրտագին աղոթքներս էի անում և ասում ինքս ինձ. «Ինչ լավ կլիներ, եթե այժմ այստեղ լիներ Վարդան վարդապեետը»: Իրապես, միայն այդպիսի մի սուրբը կարող էր կացությունը փոխել և ետ բերել այս ժողովրդին: Իրականում դերվիշը պատրաստվում էր իր վերջին հարվածը տալու և ասեղները խոթելու իր մեր մարմնի մեջ: Հանկարծ մի խուլ խլրտում ընկավ ժողովրդի մեջ: Ոմն մեկը ճանապարհ բացելու և առաջ գալու համար գյուղացիներին մի կողմ էր հրում: Հրաշք... Վարդան վարդապետն էր եկողը: Եթե մեռած հայրս տեսնեի, երևի այնքան չուրախանայի, որքան այդ պահին: Մեզ առաջնորդող գյուղացիները, որ նույնպես ճանաչում էին Վարդան վարդապետին, բղավեցին.

– Ահա հրաշագործը, նա էր, որ մեռած հարսին ոտքի հանեց: Այդ մասին ասում էինք ձեզ, բայց դուք չէիք հավատում:

Իսկապես, գյուղացիները չէին հավատացել մեր պատմածներին Վարդան վարդապետի մասին և կարծում էին, թե սուտ հորինվածք է դա` իրենց համոզելու համար, և այդ վկաներին էլ իբր կաշառել էինք` սուտ խոսելու համար: Վարդան վարդապետը մոտեցավ սեղանին, իր տոպրակը դրեց ցած և նստեց դերվիշի ազատ աթոռին: Դերվիշը նայեց Վարդան վարդապետի երեսին և ասաց.

– Դու ո՞վ ես:

–Դու չես ճանաչում, բայց քո մեջ բույն դրած սատանաները շատ լավ ճանաչում են ինձ, թե ով եմ ես` Քրիստոսի ծառան:

Երբ դերվիշը Քրիստոսի անունը լսեց Վարդան վարդապետի բերանից, ուժգին ցնցվեց. քիթը, բերանը և երեսը սկսեցին անկանոն շարժվել:

– Հանդարտվի՛ր, – ասաց Վարդան վարդապետը նրան, – և շարունակիր անել այն, ինչ որ անում էիր:

Դերվիշը հապշտապ վրա բերեց.

– Ես այլևս կատարեցի անելիքս, այլևս ոչինչ չունեմ անելու: Ողջ ժողովուրդը վկա է, իրենց աչքերով տեսան: Ցույց տվեցի նրանց Աստծո մեծագործությունները:

– Ո՛չ, ո՛չ, – ասացի ես, – վարդապետի գալու ընթացքում այդ ասեղներով մի բան էիր ցանկանում անել, շարունակիր` տեսնենք:

Դերվիշը ցանկանում էր թողնել–հեռանալ, բայց ժողովուրդը պնդեց, որ նա շարունակի իր ցուցադրությունը:

– Քի՛չ մնաց հասնեիր նպատակիդ, ետ մի՛ դարձիր, – ասաց Վարդան վարդապետը, – մեղք չէ՞ այսքան չարչարանքը ջուրն ընկնի: Եթե այդ ասեղները կարողանաս քո մարմնի մեջ խրել, ես սույն իսկ պահից քո աշակերտը կդառնամ այսքան մարդկանց առջև:

Լուրջ խլրտում առաջացավ ժողովրդի մեջ: Մարտահրավերը կատարյալ էր: Դերվիշն այլևս խուսափելու տեղ չուներ: Մենք զարմացանք Վարդան վարդապետի համարձակության վրա և հայերենով ասացինք.

– Հայր Սուրբ, դերվիշը մի քանի անգամ ցուցադրաբար կատարեց իր գործը, եթե կրկին կատարի, ի՞նչ ենք անելու մենք:

Իսկ նա նայեց իր չարաճճի ժպիտով և ասաց.

– Մենք էլ իր աշակերտները կլինենք:

Դերվիշը հանեց իր շապիկը և մնաց կիսամերկ: Շոյեց իր փորը: Մենք հասկացանք, որ նա իր փորի մեջ պիտի խրեր ասեղները: Վերցրեց ամենահաստ ասեղը, իր տոպրակի թղթերից մեկի մեջ փաթաթեց, այլ բաներ ևս հանեց, մռմռալով թքեց դրանց վրա և մոլեգնաբար սկսեց գլուխը շարժել և արաբերեն լեզվով մի քանի բաներ ասաց: Վարդան վարդապետն էլ իր տոպրակից զգուշորեն հանեց իր խաչը, որ անձամբ ինքն էր պատրաստել` ամբողջ մեկ տարի աղոթելով դրա վրա, խաչակնքեց և ասաց.

– Հեռացե՛ք նրանից Քրիստոսի՛ անունով:

Աչքերի բիբերը կորցրած` դերվիշը հափշտակությամբ շարունակեց իր աղոթքները արաբերենով: Մենք միայն «ալլահ» բառն էինք հասկանում: Նա բարձրացրեց հաստ ասեղը, ցույց տվեց ժողովրդին և այն պահին, երբ ասեղը պետք է խրեր, Վարդան վարդապետը գոռաց.

– Մի քիչ համբերիր:

Դերվիշը շրջվեց և ասաց.

– Ի՞նչ եղավ, հավատքի՞ եկար, չար գյավուր:

– Քեզ վերջին անգա՛մ եմ առիթ տալիս, թո՛ղ և հեռացի՛ր այստեղից քո ստերով միասին, – ու դառնալով դեպի ժողովուրդը` սաստեց, – ինչպիսի՞ մարդիկ եք դուք, որ չեք հասկանում, թե այս մարդը սատանայի ծառա է, և իր կատարածները դևերի ուժով է կատարում: Ես խաչի նշանով կապեցի բոլորին: Հիմա միայնակ է, և դևերը չեն կարող օգնել նրան: Եթե այս ասեղները խրի իր մարմնի մեջ, արյունլվիկ պիտի լինի և շատ ցավ քաշի:

– Բայց նա՛ էլ Աստծո անունն է տալիս և նրան աղոթում, ինչպե՞ս կարող է դև լինել իր մեջ, – հարցրեց Կիրակոս աղան:

– Դուք հասկացա՞ք, թե ինչ է աղոթում: Ես արաբերեն գիտեմ: Ասածները աղոթք չէին, այլ կախարդական աղերսանքներ, Աստված անիծող և դևերի անուններով կանչող: Այս մարդը դերվի՛շ էլ չէ, ես դերվիշներին լավ եմ ճանաչում, նրանք այսպիսի վհուկություններով գործ չեն կատարում: Այս դիվահարը անգամ մուսուլման չէ, այլ նրանց չար աղանդներից մեկին է ծառայում: Քրիստոսին թողնել և սատայանայի՞ն եք ցանկանում հետևել:

– Ո՛վ է սատանայի ծառան և ո՛վ Աստծո, այժմ հայտնի կդառնա, – բղավեց վհուկը և զայրացած` ձախ ձեռքով իր փորը բռնեց, իսկ աջով շամփուրի նման ասեղը բռնած, անհասկանալի բառեր մրմնջաց և ամբողջ ուժով փորը խրեց այն: Հորդառատ արյուն դուրս ժայթքեց, սաստիկ ուժգնությամբ մղոններով լսվելիք ճիչեր արձակեց, ահավոր ցավից գետին գլորվեց, և բերանից անասելի հայհոյանքներ թափվեցին: Մյուս գյուղերից եկած մի քանի մարդիկ նրան օգնության հասան, ասեղը դուրս հանեցին և անմիջապես հեռացան գյուղից:

Այդ օրը մեծ փրկություն եղավ գյուղի համար, և մենք ապրեցինք մեր կյանքի ամենից փառավոր օրը, որը եթե յուրաքանչյուր ոք իր ողջ կյանքի ընթացքում մեկ անգամ այդպիսի պահ ապրի, աշխարհի ամենաբախտավոր մարդը կհամարի իրեն: Գյուղացիները երկյուղով լցվեցին: Նրանք խուռներամ գալիս էին` համբուրելու Վարդան վարդապետի ձեռքը, բայց վարդապետը թույլ չէր տալիս: Այնուհետև իր շուրջը հավաքեց ժողովրդին և նրանց այնպիսի՜ մի քարոզ խոսեց, որ բոլորիս աչքերից արցունք հոսեց: Ողջ գյուղը ծունկի իջավ և ապաշխարեց իր մեղքերն ու փառք տվեց Աստծուն, որ հավատուրացության մեղքից ազատեց իրենց:

Երբ Կարապետ սրբազանը ավարտեց իր խոսքը, քրտինքի շիթեր էին կուտակվել նրա ճակատին: Պատմելու ընթացքում կարծես կրկին ապրում էր այդ պահերը: Նախորդ գիշեր մի շարք միաբաններ ցանկություն հայտնեցին տեսնել Վարդան վարդապետի հրաշագործ խաչը: Գրիգոր վարդապետը բացեց իր պայուսակը և սրբազան առարկաները զետեղեց սեղանի վրա: Հանեց խաչը և ցույց տվեց բոլորին: Ամեն ոք յուրովի ցանկանում էր անձամբ տեսնել խաչը: Ձեռքից ձեռք փոխանցվեց: Բոլորը երկյուղածությամբ համբուրում էին այն: Շատերը նույնիսկ արտասվում էին: Խաչը կրկին վերադարձավ Գրիգոր վարդապետի մոտ:

Ապա միաբաններից մեկը հարցրեց.

– Որևէ սրբից մաս կա՞ մեջը:

– Այո՛, Անանուն սրբի մի նշխար:

– Այսպիսի բան երբե՜ք չենք լսել: Եթե սուրբ է, ապա մի անուն պիտի ունենա, իսկ անանուն է, ապա ինչպե՞ս է գիտակցվում, որ մասունքը մի սրբի է պատկանում:

– Այս խաչը երանելի վարդապետը մի տեսիլքի շնորհիվ է պատրաստել: Իր ձեռքերով փայտից և արծաթից է պատրաստել, մուրճի յուրաքանչյուր հարված ուղեկցվել է աղոթքով, հսկումով և ծոմապահությամբ, Աստծո լույսը իջել է այս խաչի վրա և սրբի արցունքներով կերպավորվել:

Նրա վրա փորագրված գրերը և կերպարները ի՞նչ իմաստ ունեին, միայն ինքը գիտեր, մեզ էլ չասաց:

– Ով էր Անանուն սուրբը, հաճեցեք պատմել, – հարցրեց Թովմաս հայր սուրբը:

Գրիգոր վարդապետը աչքով արեց Կոլոտ վարդապետին, որ նա պատմի:

 

Հաջորդ գլուխը՝

ԼԵՌՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ