ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱԶԿԵՐԱԿԸ

– Սամվել Վարդապետը քսան տարի առաջ Պոլիս եկավ: Ես Մայր Եկեղեցու երգչախմբում շապիկ հագնող տասնութ տարեկան երիտասարդ էի: Այդ օրը շատ լավ եմ հիշում. նոր վարդապետ էր պատարագում` Վանի Վարագա վանքից ժամանած: Հաճախ էր նոր վարդապետ գալիս գնում, մինչև նրա քարոզը լսելը դա սովորական երևույթ էր մեզ համար: Այդ քարոզից հետո միայն հասկացանք, որ երբեք քարոզ չէինք լսել մեր ողջ կյանքում: Հավատա՛, վարդապե՛տ, եթե նույնիսկ ուզենայիր, չէիր կարող նրա բերանից ելած մեկ բառն անգամ փախցնել. այնպե՜ս մագնիսական էր, այնքա՜ն ոգեշնչող: Այդ օրը կարծես Մովսես մարգարեն էր լեռից իջել և նոր պատգամ էր իր ժողովրդին բերում: Նրա քարոզների համը հիշեցինք, երբ դու Հրանտ ամիրայի քառասունքին քարոզեցիր: Հետևաբար նրա և քո միջև նմանությունը ճիշտ է և շատ տեղին:

Նրա միակ կարողությունը, իհարկե, քարոզելը չէր: Դյուրահաղորդ, մարդամոտ, փառքից ու դրամից հեռու, համեստ, կատակասեր և ամեն ինչի մեջ չափավոր մի անձնավորություն էր: Նրա խոսքը լեցուն էր իմաստությամբ ու լայնախոհությամբ: Նրա բերանից նույնիսկ մեկ անգամ կաթոլիկների դեմ հակառակ ոչ մի բան չլսեցինք: Եկեղեցու ուսուցումներն էր հազար ու մի առակներով միայն սովորեցնում: Նա էլ էր քեզ նման հանգանակության համար այստեղ եկել, բայց և այնպես նախ` երկարաձգեց իր մնալու ժամկետը, իսկ հետո որպես շրջիկ քարոզիչ` հաստատվելով մնաց այստեղ:

Անմիջապես փառքի և պատվի տիրացավ, ամիրաների աչքի լույսը դարձավ, պաշտելին ռամիկ ժողովրդի և ներշնչանքի աղբյուրը երիտասարդների: Ուր որ գնում էր, մարդկանց հոծ բազմություն էր նրան հետևում: Եթե այդպես շարունակվեր, հաստատապես պատրիարք կդառնար շատ շուտով, սակայն, դժբախտաբար, հակառակ կողմն անցավ:

Դու դեռ ծանոթ չես, Հովհաննե՛ս վարդապետ, մայրաքաղաքի հայության մեջ գոյացած խոր բաժանմանը: Կաթոլիկական հերձվածությունը դեռ նոր է: Դրանից ավելի խոր բաժանում ու պայքար գոյություն ունի հին քաղաքացիների և գավառացի նորեկների միջև` համայնքի ղեկը ձեռք գցելու համար: Եկեղեցիների կառավարությունը և պատրիարք ընտրելու իրավունքը, բնականաբար, հին քաղաքացիների ձեռքին է, և այդ առանձնաշնորհը չեն ուզում կորցնել: Սակայն վերջին հարյուր տարվա ընթացքում այս քաղաքի հայության բնակչությունը եռապատիկ ավելացել է նոր գաղթականներով, որոնք առհասարակ բանվորներ, արհեստավորներ և առևտրականներ են և հետզհետե հզորանում են` իրավունքներ պահանջելով: Հին քաղաքացի ընտանիքները, գործակցելով «Մահտեսի-ամիրաների» հետ, հարստացող հայերի նոր խավն առանց լուրջ ընդդիմության շարունակում են իրենց գերադասությունն ապահովել:

– Ահա, Սամվել Վարդապետը չկարողացավ հասկանալ ուժերի այդ նուրբ հավասարակշռությունը և ելավ` պաշտպանելու ռամիկ ժողովրդի իրավունքները: Եթե ուրիշ մեկը լիներ, ոչ ոք կարևորություն չէր ընծայի նրան, որովհետև ոչ մի խմբավորում ամիրաների զարգացող ուժի դիմաց լուրջ ընդդիմություն չէր կարող հրու ցել: Սակայն Սամվել վարդապետը բոլորովին տարբեր էր, նա սկսեց արհեստավորների միություններ կազմակերպել և ռամիկ ժողովրդին եկեղեցու շուրջ հավաքելով` այլ ուժի կենտրոն ստեղծել. մի բան, որ անթույլատրելի էր ամիրաների կողմից: Նրան նախ ուզեցին սիրաշահել, դրամ ու տիտղոս առաջարկել: Սակայն Սամվել Վարդապետը կաշառվող մարդ չէր, նույնիսկ մի քանի ամիրաների էր իր խմբում ներգրավել: Հավանաբար մենք չկարողացանք լավ հասկանալ նրա փափագները, որ ձգտում էր քրիստոնեական գաղափարների շուրջ միացնել այդ սոցիալական բաժանումը: Բայց ո՞վ չգիտեր. կրոնը կանգ է առնում այնտեղ, որտեղ շահերն են սկսում շարժվել: Սամվել վարդապետն այդուհետ ամիրաների հակառակորդն էր, ում հնարավոր չէր հաղթել զրպարտությունների վարժ ձևերով: Քաղաքական ճնշումները կամ պալատական մի ջամտությունները ճիշտ հակառակ արդյունքների կարող էին հանգեցնել: Հարկավոր էր ուրիշ միջոց հնարել, որով կարելի լիներ ոչ միայն Սամվել վարդապետի անձը, այլև նրա հեղինակությունը վարկաբեկել` վերջ տալով նաև նրա ռամկական ձեռնարկին: Ամիրաների գաղտնի մի ժողովի ժամանակ` լուրջ վիճաբանություններից հետո, որոշվեց երկարաշունչ և աննշմարելի պայքարով մաշեցնել Սամվելին և նրա բարի համբավը:

Ամիրաներից մեկը, որ դեռ նոր էր ամիրաների դաս ընդունվել, խոսք վերցնելով` հատուկ արտոնություն խնդրեց այդ հարցով անձամբ զբաղվելու. «Խնդիրն այսքան մեծացնելու կարիք չկա: Ինձ երկու շաբաթ տվեք, մեկընդմիշտ այս հարցը ճիշտ ձեր ուզածի պես լուծեմ»: Գործը սիրահոժար հանձնեցին իր ճարպկությամբ հռչակ ձեռք բերած այդ նոր անդամին: Ակնեցի ամիրան անմիջապես մեծ եռանդով սկսեց «պատրաստությունները»: Վարդապետի հետ լավ ծանոթներ էին, և իր մտքում խորամանկորեն պատրաստած փոքր խաղով` նույնիսկ մի քիչ հումորով, պիտի ստիպեր վարդապետին հեռանալ Պոլսից և վերադառնալ իր վանքը: Նրա նպատակն էր նվազագույն վնասով հասնել իր ուզածին, որով մյուս ամիրա ընկերներին պիտի փաստեր նաև իր հանճարը:

– Սուրբ Գևորգի տոնին, որ նաև իր անվան օրն էր, մեծ խնջույք կազմակերպեց իր ապարանքում: Պոլսի բոլոր թաղերից մարդիկ էին հրավիրվել` այր և կին, որ լցվել էին տան բոլոր դահլիճներում ու սենյակներում: Հրավիրյալները հատուկ ընտրվել էին պատահելիք դեպքը ողջ քաղաքում շատ արագորեն և անմիջապես տարածելու համար: Դրանք տուտուներ, այսինքն՝ շատախոս և ազդեցիկ կանայք էին և նաև մունետիկներ, լացողներ, երգիչներ, եկեղեցականներ, շուկայի խանութպաններ, այսինքն` Սամվելի հետևորդներին լուր հասցնող մարդիկ: Շատ քիչ ամիրաներ էին այդ օրը կանչվել:

– Սամվել վարդապետը, բնականաբար, Գևորգ ամիրայի աջ կողմում էր բազմել` հատուկ ուշադրության արժանանալով: Վարդապետի օշարակի գավաթի մեջ լուծողական ազդեցիկ դեղ էր գցվել` որպես լարված թակարդի առաջին քայլ: Խեղճ Վարդապետը ստիպված էր հաճախ սեղանից հեռանալ և զուգարան գնալ: Ոչ մեկի չէր ասել դուրս գնալու պատճառը, և ամեն մարդ զարմանում էր, թե ինչու է այդքան շատ և շուտ սեղանից բաժանվում: Երեք, չորս, հինգ..., ու նրա վերջին ելնելուց մեկ րոպե հետո բարձր ճիչից բոլորը սթափվեցին: Աղջկա սուր ճիչ էր` «օգնությո՜ւն» աղաղակող: Շատերը դուրս խուժեցին` պատահարը տեսնելու: Ամիրան նստած մնաց, երբեք իր տեղից չշարժվեց: Նրա մտքում դեպքի բոլոր ծալքավորումներն արդեն մանրամասն գրված էին:

– Դուրս ելնողները Սամվել վարդապետին փաթաթված և նրանից փրկվել ջանացող, գոռացող-աղաղակող մի աղջկա տեսան, որ հարվածներ էր տալիս վարդապետին  փրկվելու համար: Աղջկա կուրծքը դուրս էր եկել պատռված հագուստի տակից: Մի ձեռքով ջանում էր կուրծքը ծածկել և ձայնի ամբողջ զորությամբ գոռում էր հևիհև. «Դո՛ւ, սատանա՛, դո՛ւ, սրիկա՛, անամո՛թ գազան, Աստծուց չե՞ս վախենում»: Կանայք անմիջապես աղջկան, որ տան սպասուհին էր, քաշելով հեռացրին և ուրիշ սենյակ տանելով` փորձեցին նրան մխիթարել, բայց նա դեռ ջղագրգիռ ճիչերով շարունակում էր ճղճղալ՝ մարելու վիճակներ ընդունելով: Երկարահասակ մի քահանա անմիջապես հասավ և ուժեղ ապտակեց վարդապետին. «Դու չես ամաչո՞ւմ, կեղծավո՛ր փարիսեցի, քո կարգն այսպես ապականում և անպատվություն ես բերում բոլորիս վրա»: Ուրիշներ էլ հասան հարվածելու և կանանց ու մանուկների տեղատարափ թուքերի ներքո հրելով ու հրմշտելով խեղճին դուրս քշեցին: Խոսքի մեծ վարպետը շշմել, մնացել էր, մեկ բառով նույնիսկ ինքն իրեն պաշտպանելու առիթը չունեցավ: Ի՞նչ խոսելիք էր այլևս մնացել, ամեն ինչ մարդկանց աչքերի առջև էր պատահել, պարզ ու հստակ: Սամվել վարդապետը՝ այդ սրբություն սրբոց ձևացող կեղծավորը , իրականում լույս ցերեկով կույս աղջկա բռնաբարելու պատրաստ, աչքն այս ու այն կողմ դարձրած մի կնամոլ էր, գաղտնի մոլուցքներից տարված երկերես անձնավորություն, չարաշուք, վիժված եկեղեցական:

– Արդեն դեպքից առաջ եկողների մեջ վարդապետի մասին տարածված սևագույն բամբասանքներ կային. գաղտնի տուն ունի, կին ու զավակներ, վանքից փախել է մի աղջկա հղի թողնելու պատճառով, ում եղբայներն առիթ են փնտրում նրան սպանելու, և դեռ ինչե՜ր: Այդ ամենը շատ հավատալի չէր, երբ Սամվելի նման անբասիր եկեղեցականի հասցեին էր ուղղվում, սակայն ահա իրենց աչքերով տեսան անուրանալի ճշմարտությունը: Այդ օրը քաղաքի բոլոր հայերն արդեն գիտեին պատահածը, որ, անշուշտ, մեծ գայթակղություն էր: Օրերով, շաբաթներով խոսվեց, ծամոն եղավ ժողովրդի բերանում: Կարծես ժողովուրդն այդպիսի դեպքերի կարոտ ուներ, որ պատրաստ էր ամենայն դյուրությամբ հավատալու այդ տեսակ անճոռնիությունների: Ամեն մարդ երես թեքեց խեղճ վարդապետից. ոչ մի պաշտպան չուներ, ոչ էլ բարեխոս, և սա այնպիսի խնդիր  էր, որը վարդապետն անձամբ չէր կարող լուծել: Հետևորդները լքեցին նրան, եկեղեցականները թշնամի դարձան, և տարիներով կերտված փառքն ու պատիվը մեկ օրվա մեջ ամոթի վերածվեց: Աղաչում էր Գևորգ ամիրային, որ իր անմեղությունը պաշտպանի, որովհետև սպասուհին էր, որ հարձակվել էր նրա վրա, ոչ թե նա` սպասուհու վրա: «Ես հավատում եմ քո անմեղությանը, վարդապե՛տ,– ասում էր Գևորգ ամիրան,– աղջիկն այլևս այստեղ չէ, կորավ, գնաց: Դու շատ թշնամիներ ունեցար, թերևս նրանցից մեկը մի խաղ սարքեց քո գլխին: Լավագույն տարբերակն այն է, որ վերադառնաս Վարագա վանքը, որտեղից եկել էիր: Տեսնում ես, այս քաղաքը քեզ արժանի չէ»:

Թեև վերադարձավ, սակայն իրենից առաջ լուրերը հասել էին Վարագա վանք` ձյունահյուսի նման բազմապատկված և անճոռնի ձևերով չափազանցված: Ուստի միաբանները մերժեցին նրան վերստին իրենց մոտ ընդունել: Վանահայրը պայման դրեց, որ եթե Պոլսի պատրիարքից անմեղությունը փաստող գրություն բերի, նորից միաբանություն կընդունվի: Հետևաբար վերստին Պոլիս եկավ: Սակայն պատրիարքը, արդեն դեպքի մասին լսած և ամիրաներից խրատված լինելով, նույնիսկ մեկ անգամ չլսեց նրան, այլ ճիշտ հակառակը` բազմության առջև խստիվ խայտառակելով` վռնդեց նրան: Սամվել վարդապետին այլևս ոչ ոք չտեսավ կամ չիմացավ նրա մասին: Ոչ ոք այժմ չգիտի, թե ինչ եղավ այդ տաղանդավոր եկղե ցականը: Սա կաթոլիկները չարեցին, մե՜նք արեցինք, միասնաբար:

Կոլոտը չէր ուզում հավատալ այդ մղձավանջային պատմությանը և չէր հավատա, եթե չտեսներ պատմող Սեղբոս ամիրայի արցունքոտ աչքերը: Մարդիկ ինչպե՞ս կարող էին այդքան դաժան լինել մեկի հանդեպ, ով պատրաստ էր իր կյանքը տալու նրանց համար: Քրիստոսի պատկերը տեսավ Սամվել վարդապետի տառապանքների մեջ:

– Այսինքն` կարծում ես, որ Մելիտոն ամիրան էլ ի՞նձ համար է վաղը պատրաստվել այնպես, ինչպես Սամվել վարդապետի դեմ արեցին:

– Այո՛, բայց չգիտեմ` ինչ տեսակ խաղ այն կլինի: Չեմ կարծում, որ նույնը կրկնեն, որովհետև Սամվել վարդապետի պարագայում ամեն մարդ իր դասն առավ: Այս ժողովուրդը նույն խաղն այլևս դժվար կուլ տա: Տե՛ս, դեռ հարգանքով ու հիացմունքով են նրան հիշում, նույնիսկ նրա դահիճները:

– Սամվել վարդապետն ինչպե՞ս մաքրվեց այդ արատից:

– Բոլոր ամիրաները գիտեին ճշմարտությունը, և մի քանի տարի հետո ամեն մարդ արդեն հասկացել էր սարքված խաղը, նաև... Գևորգ ամիրան մահվան անկողնում խոստովանեց իր մեղքը,– Սեղբոսը կրկին սկսեց արցունք թափել, բայց այս անգամ փոքր ձայնով հեծեծալով,– նա իմ հայրն էր: Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու եմ ուզում քեզ օգնել: Միգուցե հորս մեղքը քավեմ:

Խոսակցությունը մի պահ կանգ առավ: Կոլոտն ուզեց Սեղբոսին դուրս հանել տառապանքից՝ զրույցը շարունակելով.

– Ուրիշ ի՞նչ տեսակ խաղ կարող են իմ դեմ սարքել:

– Հազար ու մի տեսակ: Ամենածանոթը` երկու մուսուլմանի կհրավիրեն ճաշին և հաջորդ օրը դատավորի առջև կամբաստանեն, որ դու իրենց մարգարեին՝ Մուհամեդին, արհամարհել ու հայհոյել ես: Երկու ճանապարհ կդնեն առջևդ` կամ ապաշխարելով իսլամություն ընդունես, կամ էլ գլուխդ կտրեն: Բայց Մելիտոնն ու Նահապետը նախ պիտի փորձեն քեզ անպայման շահել: Շատ ուշադիր եղիր խոսքերիդ մեջ. ո՛չ ընդունիր, ո՛չ էլ մերժիր: Նրանց փաստիր, որ իրենց ճանապարհին չես կանգնի, բայց իրենց մարդն էլ չես դառնա:

Միասին դուրս ելան: Կոլոտը մինչև դուռն ընկերացավ Սեղբոսին: Ձյունը դադարել էր:

– Երանի ձյունը ճամփաները փակեր, և դու վաղը չգնայիր այդ տունը: Աղոթի՛ր, վարդապե՛տ, հորս հոգու փրկության համար: Գործածը շատ ծանր մեղք էր: Վերջին անգամ Սամվել Վարդապետը հանկարծ մեր տուն եկավ պատրիարքի կողմից մերժվելուց հետո: Այնքան բարի էր, որ դեռ հորս չէր կասկածում: Հայրս էլ արդեն սկսել էր խղճի խայթ զգալ, որովհետև պարզ խաղն անմեղ մարդու կործանման պատճառ էր ակամա դարձել: Հայրս նրան երեք քսակ ոսկի տվեց` փոքր գանձ համարելով, որպեսզի Եվրոպա գնա ու նոր կյանք սկսի: Սամվել վարդապետն արդեն վերցնելու էր փողը, երբ հանկարծ դուռը բացվեց, և այն սպասուհին ափսեով ներս մտավ: Նրանց հայացքները հանդիպեցին, աղջիկը սկսեց ուժգին դողալ, և ափսեն, գետնին ընկնելով, ջարդուփշուր եղավ: Աղջիկը լացելով դուրս փախավ: Սամվել վարդապետի աչքերից էլ երկու կաթիլ արցունք ս հեց ներքև: Ամեն բան հասկացել էր: Մեղմ ձայնով հորս ասաց. «Ես քեզ ի՞նչ չարություն էի արել, Գևո՛րգ ամիրա, ի՞նչ վատություն էիր ինձանից տեսել: Ես պատիվս կորցրի, բայց դու` հավիտենական կյանքդ: Ինչպե՞ս պիտի մաքրես մեղքդ: Երեք չէ, տասն անգամ էլ Երուսաղեմ գնաս ու տասնապատիկ մահտեսի դառնաս, փրկություն չպիտի գտնես: Ես պիտի կանգնեմ երկնային Երուսաղեմի դռան առջև, տեսնենք` առանց իմ համաձայնության ինչպես պիտի ներս մտնես»:

– Հայրս ամբողջ կյանքում զղջաց, թե ինչու այդ պահին վարդապետի ոտքերն ընկնելով` ներողություն չխնդրեց: Մինչև ոսկրերի ծուծը զգաց, որ այդ պահին անիծվեց նրա կողմից: Աստծո մարդն իր իշխանությամբ կապել էր նրան երկրի վրա, և երկնքում էլ պիտի կապված մնար, մինչև ինքը վերստին չարձակեր նրա կապերը: Հայրս ամենուր շատ փնտրեց վարդապետին, բայց չկարողացավ գտնել: Այդ պահից հետո հորս երբեք երջանիկ չտեսա: Դուրս եկավ ամիրաների շրջանակից և ժամանակի մեծամասնությունն անցկացրեց եկեղեցիներում` գաղտնի բարերարությամբ զբաղվելով: Վերջին չորս տարիները հիվանդությամբ անցկացրեց անկողնում և Սամվել վարդապետի անունը կանչելով` փչեց ցավատանջ վերջին շունչը: Ինձ կտակ թողեց` Սամվել վարդապետին գտնելու և ոտքերը համբուրելով` ներողություն խնդրելու նրանից:

– Իսկ սպասուհին ի՞նչ եղավ:

– Ամուսնացավ և երեք զավակ ունեցավ` երեքն էլ ի ծնե հաշմված ու հիվանդ: Նա էլ գիտի, որ անիծված է Սամվել վարդապետի` մինչև իր արգանդը թափանցող այն արցունքոտ նայվածքից:

Երբ Կոլոտն առանձին մնաց, ծնրադիր աղոթեց Սամվել վարդապետի հոգու խաղաղության համար` ողջ կամ մեռած, և հոգեհանգստի աղոթք արեց Գևորգ ամիրայի թշվառ հոգու համար. «Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս են Քո զավակները մեկը մյուսին հանուն ոչնչի վիրավորում` ոչինչ ձեռք չբերելով, բացի երկու մետրանոց շիրմահողից: Երկգլխանի վիշապն ահա ամեն տեղ է` իր պատրանքներով մեր վզերին փաթաթված: Տե՛ր, մեզ բոլորիս հեռո՛ւ պահիր սնոտի ստվերների խաբկանքներից»: Իր համար, սակայն, չաղոթեց: Երբ ուրիշների համար աղոթում էր, տարօրինակ վստահություն իջավ վրան: Սուրբ Հոգու օծումը զգաց իր գլխից վար թափվող մյուռոնի նման: Զգաց իրեն Սամսոնի պես և Դավթի պես Գողիաթի դիմաց: Գիտեր, որ նույնիսկ հազար հակառակորդի մեջ էլ մտնելու լիներ, մարտադաշտից իր Աստծով զրահապատված, առանց վնասվելու դուրս պիտի գար:

 

Հաջորդ գլուխը՝

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ