Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
2-3. Եվ Տերը պատասխանեց ինձ ու ասաց. «Գրի՛ առ տեսիլքը և հստակ դրոշմի՛ր այն տախտակների վրա, որպեսզի ընթերցողը կարողանա հեշտությամբ կարդալ»։ [2] . Քանզի տեսիլքը դեռ վերաբերում է սահմանված ժամանակին և խոսում է վախճանի մասին ու չի ստի․ և եթե անգամ այն ուշանա, սպասի՛ր նրան, որովհետև անպայման պիտի իրականանա և չի ուշանա։ (Սինոդական թարգ․)
Այս անգամ աստվածային պատասխանը, ակնհայտորեն, հետևեց անմիջապես: Ահա թե ինչու չենք ընթերցում վերջին տրտմալի հարցը՝ «մինչև ե՞րբ» (Ամբ. 1:2): Այս պատասխանում Տեր Աստված նախ և առաջ հրամայում է գրի առնել հաջորդող հայտնությունը՝ այն պարզորոշ դրոշմելով հատուկ տախտակների վրա (եբր.՝ «գալուհոթ»), «որպեսզի ընթերցողը կարողանա հեշտությամբ կարդալ» (2-րդ համար): Տախտակ ասելով՝ այստեղ հավանաբար նկատի են առնվում Սինայի քարե սալիկներին նմանվող տախտակները (Ելք 24:12, 31:18, Բ Օր. 9:9): Հաշվի առնելով հայտնության ոչ շուտ իրականացումը և դրա խիստ կարևորությունը (Երեմ. 30:2, Հոբ 19:24)՝ Ամբակում մարգարեն, նույնպիսի հրահանգներ ստացած Եսայի մարգարեի պես (Ես. 8:1, 30:8), ստացած հայտնությունները պետք է «մարդկային գրչով» գրեր քարե կամ պղնձե տախտակների վրա (Բ Օր. 9:9, Ա Մակ. 14:27): Անհավանական չէ գիտնականների այն կարծիքը (Էվալդ, Քլեյներթ և այլք), որ նմանատիպ մարգարեական խոսքերով տախտակները ժողովրդի մեջ հռչակվելուց հետո տեղափոխվել են tաճար և այնտեղ պահպանվել, ինչին էլ պարտական ենք՝ բազմաթիվ մարգարեություններ անվնաս մնալու համար: Հնագույն ժամանակներում գրավոր հուշարձանների պահպանման նմանատիպ եղանակը հաստատվում է ասորա−բաբելոնյան սեպագիր արձանագրություններով, որոնք զբաղեցնում էին ամբողջ սրահներ: Եբրայերեն տեքստի 2−րդ համարի վերջին հատվածը բառացիորեն այսպես է. «որպեսզի այն ընթերցողը կարողանա վազել» (նույն տարբերակով է նաև Յոթնասնիցում՝ «ὅπως διώκη̨», սլավ.՝ «яко да постигнет»): Սա նշանակում է՝ «վազել՝ նպատակ ունենալով լուրը տարածել Երուսաղեմի շրջակայքում, որտեղ այն տրվել է, և ավելի հեռուն… Մարգարեական ավետիսը պետք է տարածվի ամբողջ արագությամբ (հմմտ. Նավ․ 2:1, Ես․ 52:7, Դան. 12:4, Երեմ. 23:21) (պրոֆ. Գոլուբև, նույն տեղում, էջ 868):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ.
(Արարատ թարգ․) Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։
(Գրաբար) Պատասխանի ետ ինձ Տէր եւ ասէ. Գրեա զտեսիլդ զայդ յայտնապէս ի տախտակս. զի որ ընթեռնուն՝ համարձակ ընթեռնուցու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: