Ամոսի մարգարեության մեկնություն 9։7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Մի՞թե դուք Ինձ համար եթովպացիների որդիների նման չեք, Իսրայելի՛ որդիներ»,− ասում է Տերը, - մի՞թե Ես չէի, որ Իսրայելին դուրս բերեցի Եգիպտոսից, փղշտացիներին` Կափթորից, արամեացիներին` Կիրից»: (Սինոդական թարգ․)[7]
   
   Իսրայելը դեռ կարող է հույս ունենալ, որ ինքը, իբրև մյուս ազգերի շարքից Տիրոջ կողմից ընտրված ուխտի ժողովուրդ, կարող է փրկվել Տիրոջ վերահաս դատաստանից: Մարգարեն ոչնչացնում է այս ունայն հույսը: 12−րդ գլուխներում Աստծու ահեղ դատաստանի առջև մարգարեն իսրայելացիներին հեթանոս ժողովուրդների հետ նույն հարթության վրա է դնում: Ամոս 3։1, 2 համարներում մարգարեն այն հանգամանքն է մատնանշում, որ Իր կողմից ընտրված ժողովրդի նկատմամբ Տիրոջ առանձնահատուկ բարեհաճությունը այդ ժողովրդի վրա հատուկ պարտականություններ է դրել և նրա հանդեպ ավելի խիստ դատաստանի համար որպես հիմք է ծառայելու: 9։7 համարում Ամոսը կրկին ցույց է տալիս, որ Իսրայելն այլ ազգերի հանդեպ ոչ մի առանձնահատուկ առավելություն չունի: Իսրայելի զավակները Տիրոջ համար նույնն են, ինչ անտեսված եթովպացիները։ Տերն ինչպես իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտոսից, այդպես էլ փղշտացիներին հանեց Կափթորից, իսկ արամեացիներին` Կիրից: Փղշտացիների հայրենիք (Բ Օր. 2։23, Երեմ. 47։4) Կափթորը նույնացնում են Կրետե կղզու (Հիտցիգ, Կեյլ), Կիպրոսի (Գոոնակեր)  կամ էլ Նեղոսի Դելտայի հետ (Էբերս): Յոթանասնիցը և Վուլգաթան սխալմամբ Կափթորը նույնացնում էին Կապադովկիայի հետ, որտեղից էլ գալիս է սլավոներեն տեքստի՝ «այլազգիները (փղշտացիները)  Կապադովկիայից» տարբերակը: «Եվ արամեացիներին` Կիրից». Յոթանասնիցի թարգմանության համաձայն` «և ասորիները՝ խրամից»։  Յոթանասնիցը, հավանաբար, «Kir» բառը բխեցրել է «karoh» («փորել») արտահայտությունից: Սյումմաքոսը և երանելի Հերոնիմոսը «kir» բառը թարգմանել են իբրև «Κυρήνη», Cyrenae, Թեոդոտիոնը` իբրև «τοῖχος» («պարիսպ»): Կիրի աշխարհագրական դիրքի մասին ընթերցի՛ր Ամոս. 1։5 համարի մեկնությունը: Մարգարեն իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսից դուրսբերումը նույնացնում է փղշտացիների և արամեացիների վերաբնակեցման հետ, քանի որ Եգիպտոսից դուրսբերման և Իսրայելի աստվածպետական կոչման առանձնահատուկ իմաստն այլևս կորած է, ուստի մնացել են միայն պարզ պատմական իրադարձությունները, որոնց զուգահեռները կարելի է գտնել նաև հեթանոս ժողովուրդների պատմության մեջ:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Միթէ ինձ համար եթովպացիների որդիների պէս չէ՞ք դուք, Իսրայէլի՛ որդիներ, - ասում է Տէրը. - իսրայէլին չհանեցի Եգիպտացիների երկրից, այլազգիներին՝ Գամրից եւ ասորիներին՝ Բոթորից»:
(Արարատ թարգ․)«Մի՞թե դուք եթովպացիների որդիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի որդիներ,- ասում է Տերը,- չէ՞ որ Իսրայելին հանեցի Եգիպտոսի երկրից, փղշտացիներին՝ Կափթորից և արամեացիներին՝ Կիրից։
(Գրաբար) Ոչ ապաքէն իբրև զորդիս Եթւովպացւոց էք դուք ինձ որդիք Իսրայէլի՝ ասէ Տէր. ո՞չ զԻսրայէլ հանի յերկրէն Եգիպտացւոց, և զայլազգիս՝ ի Գամրաց, և զԱսորիս ի Բոթորայ։