Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ նա ասաց. «Տերը կորոտա Սիոնից ու ձայն կտա Երուսաղեմից, հովիվների վրանները կսգան, ու Կարմելի գագաթը կչորանա»: (Սինոդական թարգ.)[2]
2-րդ համարում մատնանշվում է Ամոսի մարգարեության բուն թեման` երկրի վրա Աստծու դատաստանի մասին ազդարարելը: Ըստ մարգարեի նկարագրության` Սիոն լեռան վրա, որտեղ բնակվում է Տերը, կարծես թե ամենուր կործանում սփռող որոտ է հնչում: Ցանկանալով ցույց տալ աղետների չափը` մարգարեն ասում է. «ու Կարմելի գագաթը կչորանա»: Կարմել լեռը գտնվում էր երկրի հյուսիսում` Միջերկրական ծովի ափին` Քիսոնի գետաբերանին (Հես. 19:26, Գ Թագ. 18։19):
Այն հարուստ էր բուսականությամբ ու լավ արոտավայրերով: Բուսականությունը ծածկում էր Կարմել լեռը նույնիսկ այն ժամանակ, երբ շուրջբոլորն ամեն ինչ չորանում էր: Ազդարարելով, որ Կարմելի գագաթը չորանալու է, մարգարեն ցանկանում է մատնանշել աղետների արտասովոր բնույթը, ինչպես նաև գաղափար տալ այն մասին, որ այդ աղետներից հատկապես տուժելու են թագավորության հյուսիսային հատվածները: Որպես նախկին հովիվ` Ամոսը մատնանշում է հովիվների ողբը արոտավայրերի վերացման համար: Հետագա հատվածներից պարզ է դառնում, որ մարգարեն որոտի և երաշտի մասին ուղղակի իմաստով չի խոսում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նա ասաց. Տէրը խօսեց Սիոն լեռից, եւ ձայն տուեց Երուսաղէմից. չորացան հօտերի արօտները եւ ցամաքեցին Կարմէլի բարձունքները:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Տերը մռնչում է Սիոնից և Երուսաղեմից տալիս իր ձայնը, և հովիվների արոտները պիտի սգան, և Կարմեղոսի գագաթը պիտի չորանա»։
(Գրաբար) Տէր ի Սիովնէ՛ բարբառեցաւ, և յԵրուսաղեմէ ետ զձա՛յն իւր. և սո՛ւգ առին արօտք հօտից. և ցամաքեցա՛ն բարձունք Կարմելայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: