Ամոսի մարգարեության մեկնություն 2:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրան, քանի որ նա այրեց եդոմայեցիների թագավորի ոսկորները, մինչև որ դրանք մոխիր դարձան»: (Սինոդական թարգ․)[1]
   
    Մովաբացիները մեղադրվում են Եդոմի արքայի դին պղծելու համար, որի ոսկորները նրանք այրել էին մինչև մոխրանալը: Ամոսի մարգարեության այս հատվածի մեկնության մեջ երանելի Հերոնիմոսը ժամանակակից ռաբբիների այն ենթադրության մասին է հայտնում, որ մարգարեի կողմից հիշատակվող փաստը տեղի է ունեցել Մովաբի վրա իսրայելական Հորամ թագավորի ու եդոմայեցիների հետ դաշնակցող (Դ Թագ. 3) hուդայական Հոսափատ արքայի հարձակումների ժամանակ:
    Սակայն Դ Թագ․ 3−րդ գլխի պատմությունից չի երևում, որ հիշատակվող արշավանքների ժամանակ Եդոմի թագավորը զոհվել կամ գերի է ընկել: Առհասարակ դժվար է ասել, թե առաջին համարում մարգարեն պատմական ինչ իրադարձություն նկատի ունի: Ժամանակակից մեկնիչներն առաջարկում են մասորեթական տեքստի առաջին համարում ուղղում մտցնել, որը կփոխի մարգարեի խոսքը. «sarfu azemoth melech-edom laschschid» («այրեցին եդոմայեցիների թագավորի ոսկորները») բառերի փոխարեն Կոնդամինը «sarfu azemoth lamolech adam lesched» («այրում էին Մողոքի մարմինը, մարդկանց տալիս էին դևերին») տարբերակով է ընթերցում (Գոոնակեր): Սակայն մասորեթական տեքստը փոխելու որևէ հիմք չկա, քանի որ այն բավականին պարզ ու բնական միտք է փոխանցում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները, մինչեւ որ դրանք մոխիր դարձան:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Մովաբու, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէն. փոխանակ զի այրեցին զոսկերս թագաւորացն Եդովմայեցւոց ի մոխրե՛լ։