Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Ես հուր պիտի գցեմ Մովաբի վրա, ու այն կայրի Կարիավոթի ապարանքները, և Մովաբը կկործանվի ավերակների մեջ`աղաղակով ու փողի ձայնով: (Սինոդական թարգ․)[2]
«Կարիավոթը» մովաբական քաղաք է, որը նույնանում է (Ես․ 15։1) մարգարեի մոտ, ինչպես նաև Մեշի արձանագրության մեջ հիշատակվող Կիր−Մովաբ քաղաքի հետ (Երեմ. 48։24): Այն եղել է Քամոսի պաշտամունքի կենտրոնը: Ենթադրվում է, որ Կարիավոթը գտնվել է ներկայիս Կորեյատի կամ Կուրեյատի ավերակների տեղում: Յոթանասնիցը եբրայերեն «hakerioth» արտահայտությունը «kirah» («քաղաք») բառից ծագեցնելով ու որպես հասարակ անուն հասկանալով՝ «πὸλεων αὐτης» տարբերակով է թարգմանում, որն էլ սլավոներենում լինում է «նրա քաղաքները»:
«Եվ Մովաբը կկործանվի» արտահայտությունը եբրայերենից «ու մահանալու է (umeth) Մովաբը» տարբերակով է թարգմանվում։ Այս խոսքերում մարգարեն անձնավորում է ժողովրդին ու այդ իսկ պատճառով «մահանալ» բառն է օգտագործում: Եբրայերենում «beschaon» («ավերակների մեջ») արտահայտությունը Յոթանասնիցը թարգմանել է որպես «ἐν ἁδυναμία», այստեղից էլ՝ սլավոներեն տեքստի «անզորությամբ» տարբերակը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Կրակ պիտի գցեմ Մովաբի վրայ, եւ կրակը պիտի լափի նրանց քաղաքների հիմքերը. Մովաբը պիտի մեռնի տկարութեան մէջ՝ աղաղակով եւ փողի ձայնով:
(Արարատ թարգ․) Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։
(Գրաբար) Առաքեցի՛ց հուր ի վերայ Մովաբու, և կերիցէ հուր զհիմունս քաղաքաց նորա. և մեռցի ի տկարութեան Մովաբ, աղաղակաւ և ձայնիւ փողոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: