Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 10:23

Մաղաքիա արք. Օրմանյան

23-38. Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում: Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: Ես եւ իմ Հայրը մի ենք»: Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»: Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»: Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ: Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»:
   
    Հրեաները ճշմարիտ անակնկալի առջև են հայտնվում, երբ տոնի առավոտյան, տաճար գնալիս, տեսնում են Հիսուսին, որ հանդարտորեն շրջում էր տաճարի հարավային կողմում գտնվող Սողոմոնյան Սրահում, որի Երուսաղեմից հեռանալը գիտեին, սակայն չէին լսել Երուսաղեմ վերադառնալու մասին։ Միանգամից խռնվեցին նրա շուրջը և անհամբերությամբ պնդում էին, որ եթե ինքը իրոք սպասված Մեսիան է, թող համարձակորեն հայտնի, իրենց հոգին չհանի, որպեսզի իրենք էլ իրենց անելիքներն իմանան։ Հիսուս քանիցս արդեն Իր՝ ակնկալված Մեսիա լինելը վկայել ու այս մասին խոսել էր, հիշատակել էր ուրիշ վկայություններ, սակայն հրեաները մեսիայությունը Հիսուսի իմացած ձևով չէին հասկանում, այլ սպասում էին,որ Մեսիան իրենց գլուխն անցնի և արտաքին փրկությունը սկսի ձեռնարկել։Այդ էր հրեաների բուն ուզածը։
    Բայց Հիսուս չի հետևում նրանց կարծիքին, Իր արածն ու անելիքը տարբերվում է նրանց նախապաշարումից, Ինքը հոգևոր փրկության փրկիչն է, Ինքը Երկնքի Արքայության Աստվածառաք Մեսիան է։ «Ի՞նչ եք պնդում, - ասում է Հիսուս, - Ի՞նչ նոր հարցումներ եք ուղղում ինձ։ Ես այնչափ անգամներ ասացի, թե այո՛, ակնկալյալ Մեսիան եմ, բայց դուք չեք հավատում և իմ խոսքերը ձեր նախապաշարումներին հարմար չեք գտնում։ Եթե վկայություն եք որոնում, ահա Երկնավոր Հոր անվամբ կատարած գործերս, վարդապետություններս, կատարած հրաշքներս ձեզ համար զորավոր վկայություններ պիտի լինեին․ սակայն ի՞նչ անեմ,որ իմ փարախի ոչխարներից չեք և իմ ձայնին չեք հետևում։ Իմ ձայնը ճանաչելու և ինձ հետևելու համար որևէ մեկը պետք է փարախիս ոչխարներից լինի, որպեսզի կարողանան իմ տված հավիտենական կյանքն ստանալ, հափշտակող գայլերը չկարողանան նրան վնասել և երբեք կորստյան չմատնվի։ Իմ ոչխարներին Երկնավոր Հայրս ինձ է հանձնել․ Նա ամենամեծն ու ամենակարողն է, և նրա ձեռքից ոչ ոք չի կարող որևէ բան հափշտակել։ Ինչպես Երկնավոր Հոր ձեռքից իր ոչխարը չի հափշտակվի, այնպես էլ իմ ոչխարները ձեռքիցս չեն հափշտակվի, որովհետև երկուսը մի բան ասել է նշանակում։ Երկնավոր Հոր զորությունը նաև իմ զորությունն է, որովհետև
երկու տարբեր զորություններր չեն, այլ միևնույն զորությունը, որովհետև Երկնավոր Հայրը և Ես մեկ ենք, միևնույնն ենք»։
    Վերջին բացատրությունը հանկարծ զայրացնում է հրեաներին, և միանգամից, չորս կողմ դառնալով՝ սկսում են գետնից քարեր վերցնել, որպեսզի իբրև մի հայհոյիչ քարկոծեն Հիսուսին։ Մովսեսի օրենքում ասվում էր․ «Այր ոք այր, որ անիծանիցէ զԱստված, մահու մեռցի, քարընկէցութեամբ քարկոծ արասցեն զնա ամենայն ժողովուրդն» Ղևտ․ 24:16։
    Այդ սպառնական դիրքին Հիսուս հանդարտությամբ պատասխանաում է․ «Քարերը դեռ չնետած, լավ կլինի իմանանք, թե ինչ պատճառով պիտի ինձ քարկոծեք։ Մինչև այժմ այնքան լավություններ եմ արել ձեզ՝ Երկնավոր Հորս զորությամբ։ Դրա՞նց համար արդյոք ինձ պիտի քարկոծեք»։ «Ո՛չ, - պատասխանում են հրեաները, - արածդ լավությունների համար չէ, այլ նրանց մասին տվածդ բացատրության, որ ինքդ քեզ Երկնավոր Հոր հետ ես նույնացնում։ Դու էլ մեզ պես մարդ լինելով՝ քեզ Աստծո տեղ ես դնում․ սա հայհոյանք է, և հայհոյողը օրենքով պիտի քարկոծվի»։
    Օրենքի և Սուրբ Գրքի փաստերով խոսողներին Հիսուս պատասխանում է հենց Սուրբ Գրքով։ «Սուրբ
Գրքում գրված է․ Ես ասացի թէ Աստուած իցէք Սաղմ․ 81:6, և այս անունը տրված է նրանց, ովքեր Աստծո հրամանով իշխանություն են վարում։ Արդ, դուք էլ եք ընդունում, որ Սուրբ Գրքի ասածը ճիշտ է։ Եթե Սուրբ Գիրքն Աստված է անվանում լոկ Աստծո հրամանով իշխանություն վարողին, ապա ինչու՞ եք հայհոյություն համարում, երբ Աստված անվանվի նա, ով սրբվել է Աստծուց, օծվել և ուղարկվել։ Եթե Աստվածությունս հայտնած ժամանակ Աստծո գործերը կատարած չլինեի, թերևս դիտողության առիթ ունենայիք և ձեր չհավատալն արդարացնեիք։ Արդ, քանի որ տեսնում եք Աստուծո գործերն եմ կատարում, ապա եթե խոսքիս չեք հավատում, գործիս հավատացեք․ եթե խոսքերիս զորությունը չեք ըմբռնում, գործերիս զորությունն ընդունեք։ Համոզվեցեք, որ ներքին միություն կա Հայր Աստծու և Իմ միջև։ Նա ինձանով է գործում, Ես՝ Նրանով․ «Հայրս յիս է, եւ Ես ի Հայր: Ես եւ Հայր իմ մի եմք»։
    Հիսուսի խոսքերը որքան էլ զորավոր էին, այնուամենայնիվ, բավարար չէին հրեաներին հանգստացնելու
և հակառակությունը վերացնելու համար։
    Անդրադառնալով Հիսուսի խոսքերին՝ հարկ է նշել, որ Հիսուս ցանկացավ ինչ-որ ձևով մեղմացնել հրեից գայթակղյալ մտքերը և Սաղմոսի խոսքերով ջանաց համոզել, թե Իրեն Աստված կոչելուց վնաս չկա։ Արդ, սաղմոսի խոսքերը փոխաբերաբար վերաբերվում են Աստծո հրամանով իշխանություն վարողներին, ովքեր պարզ մարդիկ են, մինչդեռ Հիսուս կամենում էր Իր Աստվածությունը հաստատել իսկական կերպով և էակից բնությամբ։ Հետևաբար եթե լավ ուսումնասիրենք Հիսուսի պատճառաբանությունը, կտեսնենք, որ ի նմանէ առ ձևով չեն, այլ ի փոքուէ առ մէծն։ Հիսուս չկամեցավ ասել, թե ինքն իր մասին է խոսում ճիշտ այն ձևով, որվ Դավիթը խոսեց իշխանների մասին։ Այլ կամենում էր ասել,որ եթե Դավիթը այսպես խոսեց իշխանների մասին, որքան առավել Ինքը կարող է խոսել Իր անձի համար։