Ստեփանոս Սյունեցի
1-2․ Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները:
«Եվ երրորդ օրը գալիլիացիների Կանայում հարսանիք կար, և Հիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուս և Իր աշակերտները»:
Երրորդ օրը, երբ ելավ Գալիլիա, որը վեցերորդն է այն օրվանից [հետո], երբ Հովհաննեսի առաջին վկայությունը եղավ: [Արդ] առաջին օրը ելնում է Գալիլիա, երկրորդ օրը կատարվում է Նաթանայելի մասին նախախնամությունը, երրորդ օրը՝ հարսանիքը, որի ժամանակ ուրախացնում էր կանչվածներին:
Երրորդ օրը ելավ և Աբրահամն [այն] տեղը, որը նրան Աստված ասաց, և նայելով տեսավ այն (Ծննդ. 22։4): Երրորդ օրը Իսրայելի որդիները շարժվելով հասան Մարա, ուր դառը ջուրը քաղցրացավ (Ելք 15։22-25): Երեք օր Աստված հրամայեց ժողովրդին մեկուսանալ կանանցից՝ լսողներին տալով տասնաբանյա պատվիրանները (Ելք 19։15): Նաև Ովսե մարգարեն է ասում. «Երկու օրից հետո՝ երրորդ օրը, կկենդանանաք» (հմմտ. Ովս․ 6։3): Նաև Հովնանը երրորդ օրը [կետի բերանից] ցամաք նետվեց (Հովն․ 2։1,11): Եվ Փրկիչը երրորդ օրը մեռելներից անդրանիկ հարություն առնողը եղավ:
Եվ ինձ թվում է՝ պատմությունը ճշմարիտ է, [այսինքն]՝ մարդկային հարսանիք էր, փեսան ու հարսը տեսանելի էին, [ապա և] Հիսուսին ու աշակերտներին կանչելը ճշմարիտ էր:
Իսկ ոմանք մեկնաբանեցին այսպես. Կանա թարգմանվում է ստացվածք, իսկ Գալիլիա՝ թավալում և շարժում, հասկացվում է նաև փոփոխվող բնակատեղի: Արդ, ես, եթե հնարավոր է, [իմի եմ բերում] այդ բոլոր ասված մտքերը, որ շարժումից դեպի ճշմարտության և հաստատության փոփոխվենք՝ [իբրև] ճշմարիտ հարս՝ [եկեղեցու] Հոգին է կոչվում, որին Իր Փեսան է առնում, Աստծու Բանն՝ Քրիստոս, իսկ աշակերտներն աստվածային զորություններն են:
Եվ դարձյալ կտեսնես, թե փեսան մովսիսական օրենքն է, իսկ հարսը՝ հոգին, որ Մովսեսի օրենքների տակ է: Այն հարսանիքը Կանայում, որին կանչված էին Հիսուս և աշակերտները, տակավին գտնվում էր հրեական օրենքների տակ: Այն, որոնց ստացավ Աստված և որոնց համար ասաց թե օրենքի տակ են, ասվում է. «Սա ինքը չէ՝ քո հայրը, որ ստացավ քեզ» (Բ Օր. 32։6): Արդ, եթե փեսա նշանակում է մովսիսական օրենքը, և հարսը՝ սովորություններին ընդունակ հոգին, [ապա] Քրիստոսի մայրը՝ Սուրբ Հոգին, իրավացիորեն ասաց. «Գինի չունեն», քանզի օրենքն ու մարգարեությունը մինչև Հովհաննես էր. և ապա պակասեց մարգարեական ուրախությունը:
Եվ կամ այս է նշանակում, որ թեպետ [իբրև] փեսա ունեին օրենքը, և [իբրև] հարս՝ հոգի ասվածը, բայց չունեին օրենքների ճշմարիտ մտքերը, որոնք ուրախացնում և ապրեցնում են: Իսկ Քրիստոսի գալով՝ ջուրը, [այսինքն] «գիրը», որ սպանում էր, գինու փոխարկվեց: Բայց արդյոք ո՞ւմ է խորհրդանշում սեղանապետը. վարդապետական հոգուն, նրան ով կարող է իմանալ օրենքների և մարգարեների միտքն ու զորությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
1-11․ Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր: Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան: Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:
Նաթանայելի կոչումից երեք օր հետո Հիսուսին հանդիպում ենք Կանայում, Գալիլիայի քաղաքներից մեկում, որ գտնվում է Նազարեթի և Կափառնայումի միջև և պետք չէ շփոթել ուրիշ համանուն Կանաների հետ: Հիսուս Փիլիպպոսին տեսնելու օրից արդեն բռնել էր Գալիլիայի ճանապարհը, հետևաբար առանց դժվարության երեք օր հետո Գալիլիա հասած կլինի: Նազարեթում իր տունը չգնացած Կանա քաղաք մտնելն էլ տարօրինակ չէ, որովհետև Կանացի Նաթանայելը հնարավոր է ցանկացած լինի իր տունը տանել․ մինչ այդ Հիսուսի մայրն էլ արդեն մի հարսանիքի համար եկել էր Կանա: Երևում է, թե մոր այնտեղ գտնվելու համար Հիսուս եկավ այնտեղ, և նույն առիթով նաև հարսանիքի հրավիրվեց և իրեն հետևող աշակերտների հետ հանձն առավ Հորդանանից գնալ հարսանիք. «Անդ էր մայրն Յիսուսի, կոչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիս»:
Հարսանիքի ընթացքում փոքրիկ մի միջադեպը առիթ է ստեղծում Հիսուսի համար, որ առաջին անգամ մի հրաշք գործի։ Հանկարծ հարսնավորների գինին վերջանում է և քիչ է մնում ուրախությունը ընդհատվի: Մարիամն այդ դեպքից մտահոգվում է և իր որդուն կամացուկ լուր տալիս. «Հարսնավորներր գինի չունեն»։ Հիսուս խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնելուց և ասում է. «Իմ ու քեգ համար ինչ, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Ինչքան էլ որ առաջին խոսքից Հիսուս որևէ բան չէր ուզում անել, այնուամենայնիվ, մոր թախանձանքների պատճառով «Լավ, մի բան կհոգաևք» խոսքն է ասում, որը մայրն էլ հայտնում է սպասավորներին և պահանջում Հիսուսի ասածը կատարել: Հիսուս էլ հրամայում է, որ մաքուր ջրի համար հատկացված քարից փորված վեց թակույկները լցնեն ջրով։ Դրանից յուրաքանչյուրը 2 կամ 3 մար տարողություն ունեին: Սպասավորներն անմիջապես կատարում են: Այնուհետև հրամայում է սպասավորներին, որ թակույկների մեջ եղած ջրից լցնեն և տան ճաշկերույթի վերակացուին կամ մատակարարին: Վերջինս, որ հանկարծակի շփոթվել էր գինու վերջացման պատճառով, գինին տեսնելով ուրախանում է: Ստուգելով համը տեսնում է, որ շատ ընտիր գինի է, և կարծելով, թե նույն ինքը՝ տանուտեր փեսան, այդ նեղ իրավիճակին մի բան ճարել է, գնում է նրա մոտ և կատակի մի դարձվածքով սկսում նրա գինին գովել. «Սովորություն է,- ասում է, - լավ գինին սկզբից տալ, որպեսզի հրավիրյալները գնահատեն, խնջույքի վերջին որևէ գինի կարելի է հյուրասիրել: Դու հակառակն արեցիր: Երր բոլորն արդեն քիչ թե շատ հարբած են, և որևէ գինի կարելի է մտուցել, սակայն դու լավ գինին հիմա ես հյուրասիրումս: Մատակարարն ասում էր այդ, որովհետև նոր գինու գտնվելու եղանակի մասին չէր լսել, բայդ սպասավորներր, որ կարասների մեջ ջուր լցրել և գինի էին հանել, գիտեին եղելությունը: Եվ չլռեցին: Գործի մասին հասկացրին մատակարարին, և հրաշալի փոխարկության մասին բոլորն իմացան: Հրավիրվածներն հիացան և Հիսուսի հրաշագործության փառքը հռչակվեց: Իսկ Հիսուսին հետևողները, որ միայն Հովհաննես Մկրտչի վկայությամբ և Հիսուսի հետ խոսակցությամբ էին Նրա Մեսիա լինելուն համոզվել, այս հրաշքը տեսնելով հաստատվեցին իրենց համոզման վրա և դարձան կատարյալ հավատացող: Սա եղավ Հիսուսի առաջին հրաշքը:
Ավետարանին հետևելով թեև շարադրեցինք այս պարզ պատմությունը, սակայն այստեղ կան բացատրության արժանի մի քանի կետեր:
Ո՞վ էր փեսան: Ոմանք կարծեցին, թե նույն իՆքը, Նաթանայել- Բարդուղեմեոսն է, որովհետև գիտենք, որ նա Կանայից է (Հովհ. 21։2): Սակայն վերջինիս, որ երեք օր առաջ Հիսուսի հետ գտնվում էր Հորդանանի կողմերը, անմիջապես Կանա հասնելով փեսայանալը ճշմարտանման չէ: Նույնիսկ, եթե նույն ինքը Նաթանայելը լիներ, որ հիշվեց քիչ առաջ, ավետարանիչը հավանաբար մի ձևով իմացած կլիներ: Ուրիշները կարծեցին, թե Սիմոն Կանանացի առաքյալն է: Սակայն Կանանացի չի նշանակում Կանացի (Կանայից), այլ եբրայեցերեն Կանա բառից է ծագում, որ նշանակում է նախանձ։ Մատթեոսի ավետարանի Կանանացի անվանված Սիմոնին Մատթ. 10։4, Ղուկասը թարգմանաբար կոչել է Նախանձահույզ Ղուկ. 6։15: Ոմանք էլ կարծեցին, թե Տեառնեղբայրներից մեկն է: Սակայն ավետարանը այս մասին որևէ փաստ չի տալիս: Ամեն դեպքում պետք է ընդունել, թե Մարիամի հետ ազգակցությամբ կամ սերտ բարեկամությամբ կապված փեսայի կամ մի հարսի հարսանիքն էր, որ Մարիամը նախօրոք եկել էր և այդչափ էլ հոգում էր նույնիսկ հարսնատան երկրորդական կարիքները:
Հետաքրքիր է նաև, ի՞նչ ակնկալությամբ կամ ի՞նչ մտադրությամբ է Մարիամը դիմում Հիսուսին: Արդյո՞ք Մարիամը նախօրոք տեսել էր Հիսուսի հրաշքով դժվարություններ հարթելն ու հիվանդություններ դարմանելը, թե ոչ պարզապես առաջարկում էր սովորական միջոցներով մի բան ճարել: Այդ մասին մեկնիչներն ինչ որ ասել են կամ ասում են, սոսկ ենթադրությունից ավելի չէ, որովհետև Ավետարանում մի նշույլ անգամ չկա, որտեղից հնարավոր լինի որևէ հետևություն քաղել: Հիսուսից դրամական կամ ուրիշ սովորական կերպով մի աջակցության սպասելու անհավանականությունը, և Հիսուսի տված պատասխանը, թե՝ «Չեւ է հասեալ ժամանակ իմ», կարծում ենք, ավելի ճիշտ ցույց են տալիս, թե Մարիամը Հիսուսից իրոք հրաշքի էր սպասում:
Հիսուսի մորն ուղղած «Զի՞ կայ Իմ եւ քո, կին դու» պատասխանն էլ, առաջին հայացքից մի քիչ խիստ ու հանդիմանական է երևում, սակայն «Զի՞ կայ Իմ եւ քո» բացատրությունը սովորական մի եբրայաբանություն է, որ հրեական լեզվի մեջ այդքան խորթ ու խիստ չէ, ինչպես մեր ականջին է հնչում: Իսկ «կին դու» արտահայտությունը, ոչ մայրության ուրացություն է և ոչ էլ մոր անարգություն, այլ ընդհակառակը պատվավոր մի կոչում, նման մեր մեջ գործածվող «տիկին» կոչմանը:
Հիսուսի բոլոր հրաշքներին՝ հիվանդների և վշտացյալների մխիթարության համար կատարված գործերին, անհամապատասխան է թվում հարսնավորների զվարթության համար գինի շատացնելու պարագան, որը, կարծես թե, քաջալերում է արբեցությունը: Սակայն ավետարանի պատմությունը բոլորովին առիթ չի ստեղծում այս անտեղի հետևության: Հիսուս Իր փառքը հայտնելու համար որպես առիթ միշտ օգտագործել է իր դեմը եղած պարագաները, և օրինավոր ուրախությունն ու ամուսնությունն էլ հակառակ չի եղել իր վարդապետությանը, որն արժանացել է նաև խորհուրդների պատվին: Հետևաբար ոչինչ չէր արգելում, որ Հիսուս գործեր այդ ուղությամբ, կատարելով Կանայի հարսանյաց հրաշքը և պատվելով ամուսնությունը:
Ավետարանի դեմ խոսողների թվում գտնվեցին մարդիկ, որ ասում էին, թե գինու փոխված ջուրը ուրիշ բան չէր, քան թե կարասների մնացորդ գինուց կազմված ջրախաոը մի բան: Սակայն ոչ միայն մատակարարի վկայությամբ փոխարկվածն էր ընտրելագույն գինի, այլև լցված թակույկները ոչ թե գինու, այլ հրեական սրբությունների համար պատրաստված ջրի կարասներ էին, որոնց մեջ աններելի էր մաքուը ջրից բացի որևէ բան դնել: Իսկ կարասների տարողությունը ցույց տվող մար կոչված չափը, տարբեր տեսակներ ուներ, և 30 կամ 22,5 կամ 15 բաշ (կգ) հեղուկ տանող մար-եր հանդիպում էին տարբեր տեղեր: Պաղեստինում ավելի սովորական էր 30 քաշ հեղուկ պարունակող մար-ը։ Այսքանով եզրափակենք և ավելի մանրամասների մեջ չմտնենք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: