Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 13:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-5. Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»:
   
    Երբ Հիսուս Բերեայում Ավետարանական շրջագայություններ էր անում, իրեն բերեցին Երուսաղեմում պատահած երկու միջադեպերի լուրը։
    Մի խումբ Գալիլիացիներ Երուսաղեմ էին եկել՝ տաճարում զոհ մատուցելու և շփոթության ու խռովության առիթ էին տվել։ Հրեաստանի կառավարիչ Պիղատոսը ստիպված էր եղել նրանց վրա լեգեոնական զինվորներ ուղարկել և գալիլիացիները հանդգնել էին դիմադրել, երկուստեք զենք էր գործածվել, և զոհաբերության ժամանակ բավականին գալիլիացիներ սպանվել էին, գալիլիացիների արյունը խառնվել էր զոհի արյանը։
    Մյուս միջադեպն ավելի պատահական էր։ Երուսաղեմում Սոլովի կամ Սոլովամի ավազանի մոտ գտնվող քաղաքի աշակերտներից մեկը փլվել էր, և տասնութ երուսաղեմցիներ մնացել էին փլատակների տակ ու զոհվել։
Երկու միջադեպերի մասին այլ՝ ուրիշ աղբյուրներից հիշատակումներ չկան։ Սակայն Ավետարանում եղածը բավական է, որպեսզի հաստատվի դրանցիրական լինելը։ Սելովամի աշտարակի փլուզումը պարզ պատահականություն է, իսկ գալիլիացիների մասին մեկնիչները ենթադրում են, թե նրանք Հուդա Գալիլիացու հետևողներն են (Ղուկ. 4:14-15) կամ Հուդա Գավզոնացու, որ Հիսուսի ծննդյան տարին, որպես Մեսիա, հրապարակ էր եկել և ժողովրդի մեջ գժտություն առաջացրել։ Հուդան արդեն սպանված էր, բայց դեռևս հետևողներ կային՝ Նախանձահույզ կոչվող խմբակները։ Հավանաբար սրանցից էին Երուսաղեմ եկած և զոհի առիթով շփոթություն առաջացրած գալիլիացիները։ Պիղատոսը ստիպված էր եղել վերջիններիս զսպել ուժով։
    Փարիսեցիները երկու միջադեպերն էլ բացատրել էին որպես Աստծո կողմից հանցավորների գլխին իջած պատիժ։ Ժողովուրդն էլ նույն համոզմունքն ուներ և այդ տեսակետն էր միջադեպերի մասին Հիսուսին պատմելու առիթը։ Հիսուս չբացառեց այդ մեկնությունը։ Իրոք որ շատ հաճախ աստվածային բարկության արդյունք են աշխարհում աշխարհում տեղի ունեցող շատ պատահարներ, և այս համոզմունքն ընդհանուր է բոլոր կրոնների համար։ Միայն թե եթե սրանք իբրև մեղավորներ աստվածային պատժի տակ են ընկալում, ամենևին չի նշանակում, թե նրանցից ավել կամ պակաս մեղավորներ չկային Երուսաղեմում։
    Այդ տեսակետից ելնելով է Հիսուս խոսում պատահարների մասին․ «Մի՛ կարծեք,- ասում է Նա,- թե այդ գալիլիացիներից ու սելովամցիներից բացի ուրիշ մեղավորներ չկան Երուսաղեմում, որովհետև միայն նրանք պատժվեցին, իսկ մյուսները մնացին անպատիժ։ Աստվածային գթությունն իր ամենիմաստ տեսությամբ երկայնամիտ է մեղավորների հանդեպ։ Նրանց ժամանակ է տալիս զղջալու, ապաշխարելու և արդարանալու։ Բայց երբ տեսնում է, որ իր ներողամտությունից չեն օգտվում, շնորհված ժամանակ չեն ապաշխարում, մնում են անապաշավ, այն ժամանակ է միայն դադարեցնում իր գթությունը, ձեռքն է առնում արդարությունը և պատիժ հասցնում։ Այդ գալիլիացիների ու սելովամցիների համար լրացել էր, աստվածային գթության չափը, և իրենց պատիժը ստացան։ Բայց եթե դուք բոլորդ էլ, որ նրանց խստորեն դատապարտում եք, ձեզ շնորհված ժամանակից չօգտվեք և չապաշխարեք, իմացած եղեք որ ամենքիդ գլխին գալիք փորձանքը նույնն է լինելու, դուք էլ նմանօրինակ պատիժներով պիտի կորստյան մատնվեք»։ Հիսուս, ըստ Իր սովորության, այդ պատահարից նույնպես օգտակար խրատ քաղելով՝ քարոզում էր
ժողովրդին։