Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 14:15

Մաղաքիա արք. Օրմանյան

15-24. Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»: Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին: Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»: Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել: Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»: Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»: Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»: Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ» Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»: Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի» Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»:
   
    Երրորդ առակը հանդիսանում է նախորդների շարունակությունը և ավելի լավ է բացատրում այդ առակները։ Հիսուս այս առակները պատմում էր այն ժամանակ, երբ շաբաթ օրը գտնվում էր փարիսեցու տանն ու մասնակցում նրա սեղանին, ուր կատարեց նաև ջրգողի բժշկությունը, սակայն խոսակցությունը շաբաթ օրվա բժշկության մասին չէր, այլ ավետարանի տարածման, ավետարանին հետևելուն ու նրա կոչումին։ Խնջույքին կանչվելու օրինակը մատչելի է և Հիսուս Ավետարանի կոչմանը հարմարեցնում է հրավիրվածների, խնջույքի տիրոջ ու խնջույքի առակները։ Երրորդի պատճառը եղավ սեղանակիցներից մեկը, որ լսելով, թե ինչպես այս աշխարհում աղքատներին կերակրողը հանդերձյալ կյանքում պիտի փոխհատուցման արժանանա և այդ փոխհատուցումը սեղանի փոխարեն սեղան հասկանալով՝ նստած տեղից ընդմիջեց Հիսուսի խոսքերը և ասաց․ «Երանի՜ նրան, ով Աստծո Արքայությունում ճաշելուն պիտի արժանանա»։ Հիսուսն նրան պատասխանեց նոր առակով․
    «Մի մեծատուն, - ասաց, - կամեցավ իր բարեկամների համար սեղան գցել և շատերին նախօրոք հրավեր ուղարկեց։ Երբ նշված օրը եկավ, հրամայեց ծառաներին գնալ և մեկ-մեկ հրավիրել նրանց՝ ասելով․ «Հրամմեցե՛ք, եկե՛ք, սեղանը պատրաստ է»։ Երբ ծառաները ներկայացան և սկսեցին ամենքին մեկ-մեկ հրավիրել, յուրաքանչյուրը սկսեց մի պատճառով հրաժարվել՝ թե չեն կարող ներկա լինել խնջույքին։ Առաջինն ասաց․ «Նոր ագարակ գնեցի, պետք է ուրեմն այսօր գնամ, տեսնեմ, պարտավորություններս ստանձնեմ։ Ներող եղեք։ Ինձ համարեք հրաժարյալ»։ Երկրորդն ասաց․ «Հինգ զույգ եզներ «Բարեբախտաբար այսօր ամուսնությանս օրն է, ուրեմն այլևս իմ գալն անհնար է»։ Չորորդն էլ, հինգերորդն էլ, և ուրիշներն էլ, նմանօրինակ ինքնաարդարացումներով, հրաժարվեցին մեծատան հացկերույթից , այնպես, որ եկող-գնացող չեղավ և ծառաները վերադարձան ու պատմեցին բոլորի պատճառաբանությունները։ Խնջույքի տերը բարկացավ․ «Իզուր, - ասաց, - այդ անպիտաններին մարդու տեղ դրեցի և հացկերույթի հրավիրեցի։ Իմ սեղանը վայելելու արժանի մարդիկ չեն։ Բայց պետք չէ, որ պատրաստությունս իզուր անցնի, ուրեմն դուրս եկեք, շրջեք փողոցներում ու հրապարակներում և աչքերովդ ընկած մարդուն ներս հրավիրեք։ Թող աղքատ լինի կամ խեղանդամ, թող կաղ լինի կամ կույր, բավական է միայն, որ ձեր կարծիքով համապատասխան լինի»։ Ծառաները, - շարունակեց Հիսուս, - դուրս եկան և բավականին մարդիկ հավաքեցին։ Սակայն չկարողացան հրավիրյալների համար նախատեսված բոլոր տեղերը լրացնել, և այդ մասին իմաց տվեցին տանտիրոջը, թե՝ հրամանդ կատարեցինք, բայց դեռ ազատ տեղ կա։ «Ազատ տեղեր չպիտի մնան, - պատասխանում է խնջույքի տերը, - եթե փողոցներում և հրապարակներում բավականին մարդ չգտաք, գնացեք մինչև դրսի ճանապարհներն ու ցանկապատերը և այնտեղ էլ հարմար կարծածներիդ ներս հրավիրեք։ Պետք է տունս լցվի և սեղանի մոտ ազատ տեղ չմնա»։
    Այս առակում ևս բարոյական և ավետարանական իմաստները զուգահեռաբար են ընթանում։ Բարոյական իմաստն այն է, որ պարապ-սարապ տեղը, արտաքին պատճառներով մարդն ինքն իրեն չհեռացնի հոգևոր մխիթարություններից, միգուցե իսպառ զրկվեն։ Իսկ ավետարանական իմաստը հետևյալն է․ Երկնքի Արքայության կոչումից հրեաների զրկվելն անգամ իրենց անհիմն կարծիքներով ու կամակոր ընթացքով եղավ, որով իրենք դուրս մնացին ավետարանական հրավերից, և իրենց տեղը մտան նրանք, ովքեր իրենց կարծիքով
անարժան և անհարմար էին համարվում։ Ինչպես նշեցինք սկզբում, երեք առակները՝ իբրև իրար հարակից, միևնույն նպատակին ծառայող ամբողջություն են կազմում՝ բացատրելով ավետարանական կոչման խորհուրդը»։