Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 16:19

Ստեփանոս Սյունեցի

«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում:
   
   «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում»:
   Ակնարկում է բոլոր [այն] մեծատուններին, ովքեր միայն մարմնականն են հոգում և զբաղված են երկրային գործերով: «Եվ մի աղքատ». ամեն մի հոգով աղքատ, որոնց համար ասվեց. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:3):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

19-31․ «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում: Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած: Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը: Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց: Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»: Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»: Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»: Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»: Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»»:
   

    Ապահարզանի խնդրի միջադեպը թեպետ և Հիսուսի վարդապետությունների շարքում է գտնվում, սակայն նյութի տարբերությամբ ավելի կարևորություն է ստանում։ Հիսուս Իր քարոզություններն օրըստօրե շարունակում է և մյուս օրը՝ ժողովրդին խոսելու ժամանակ նոր ու գեղեցիկ մի առակ էլ է պատմում։
    Մեծահարուստ մի մարդ կար, որ ազնիվ մետաքսե հագուստներով էր զարդարվում, նույնիսկ իշխանական ծիրանի էր օգտագործում, ամեն օր կերուխումի հետևից էր ընկած և հաճախ իր պալատում ուրախության հանդեսներ էր կազմակերպում։ Մեծատունն այսպիսի ճոխությամբ ու զեխությամբ ապրելիս երբեք աղքատներին չէր կարեկցում, մինչև իսկ իր դռան մոտ ընկած խեղճ ու վերքերով պատված աղքատի համար էլ գութ չէր զգում։ Տեսնում ու անզգա էր մնում, նրան հագեցնելու չափ իսկ կերակուր տալու մտադրություն չուներ, այնպես որ խեղճ աղքատը ստիպված էր ծառաների դռնից դուրս թափած փշրանքներով անցկացնել անոթությունը։ Աղքատի վերքերի համար էլ դարման չէր հրամայում և նա իր վերքերի սպիացումը պարտական էր շներին, որոնք զեխ ու անկարեկից մեծահարուստից ավելի զգայուն էին և լիզում էին աղքատի վերքերը։ Խեղճ աղքատը երկար չդիմացավ այդ ցավերին ու մեռավ։ Եվ որովհետև իր ցավերն ու վշտերը համբերությամբ ու առաքինությամբ էր կրել, այս աշխարհի դժբախտությունների փոխարեն անդենական աշխարհում երջանկության արժանացավ, ու հրեշտակներն իր հոգին տարան արդարների կայանը, որ է Աբրահամի գոգը։ Շատ չանցավ և մեծահարուստն էլ իր զեխություններին ու շվայտությունների հետևանքով հիվանդացավ, դարմաններն օգուտ չունեցան ու մեռավ։ Բայց որովհետև այս աշխարհում միայն մոլությունների էր ծառայել և իր երջանկությունը այս աշխարհում փնտրել, անդենական աշխարհում դժբախտությունների հանդիպեց, որովհետև հրեշտակներն իր հոգին տարան ամբարիշտների կայանը, որ է դժոխքը։
    Այստեղ ենթադրվում է, որ Աբրահամի գոգում և դժոխքում գտնվողներն իրար կարող էին տեսնել։ Մի օր մեծահարուստը դժոխքի տանջնաներում չարչարվելու ժամանակ, կրակներում այրվելու և ծարավից նեղվելու պահին, հեռվից տեսավ Աբրահամի գոգում երջանկություն վայելող արդարներին և սկսեց Աբրահամ Նահապետին աղաչել, որ իրեն գթա։ Այնտեղ աչքին երևում է իր դռան առջև մուրացող վիրավոր աղքատը և հույս փայփայում, գեթ նրա միջոցով որևէ օգնություն ստանալ։ «Գոնե,- ասում է Աբրահամին դառնալով,- եթե ուրիշ որևէ շնորհ չես անում, գոնե այս իմ աղքատին հրաման տուր, նա լավ ու առաքինի մարդ է և ինձ էլ ճանաչում է, անշուշտ ինձ պիտի գթա, թող մատը սառը ջրում թաթախի և գա լեզվիս վրա մի կաթիլ ջուր կաթեցնի, որ եթե այստեղից այլևս պիտի չազատվեմ, գոնե մի քիչ ծարավս անցնի և լեզուս զովանա, որովհետև էլ չեմ կարող դիմանալ»։ «Ո՛չ,- ասում է Աբրահամ Նահապետը,- ասածդ լինելու բան չէ։ Նախ, որ այստեղից այդտեղ և այդտեղից այստեղ գնալ-գալու հնարավորություն չկա և մեջտեղը մի ահագին անջրպետ կա։ Եվ բացի դրանից, ինչո՞ւ ես կրածդ տանջանքների համար գանգատվում։ Չէ՞ որ դու աշխարհում կատարյալ աշխարհային և մարմնական երջանկություն փնտրեցիր ու վայելեցիր և հոգևոր առաքինություններին չանդրադարձար։ Չէ՞ որ այս աղքատն էլ աշխարհում երբեք աշխարհային ու մարմնական մխիթարություն չգտավ, բայց հոգևոր հարստություններով հարստացավ։ Ուրեմն, հիմա էլ պետք է, որ դու մեղքերիդ համար տանջվես, իսկ նա՝ իր առաքինությունների համար մխիթարվի։ Հետևաբար, քո տեղի և մեր տեղի միջև մեծ հեռավորություն կա և հաղորդակցությունն անհնարին է։ Քո և աղքատի կյանքի միջև մեծ տարբերություն կա և փոփոխությունն անհնարին է»։
    Պատասխանը վերջնական և վճռական էր։ Մեծատունը հույսը կտրեց Աբրահամից և Աբրահամի մոտ գտնվողներից օգնություն գտնելուց։ Բայց, եթե ինքն իր կյանքն ավարտած լինելով չէր կարող այլևս իր վիճակին մի դարման անել, մտածում է, որ իր եղբայրները, որ դեռևս ապրում են, կարող են օգտվել, եթե մեկը իրենց ազդարարի, թե ձեր եղբայրն իր անկարգ գործերի պատճառով անդենական աշխարհում փորձանքի է հանդիպել, ձեր գլխի գալիքն էլ նույնը կլինի, եթե ձեր կյանքի ընթացքը չփոխեք։ Հետևաբար, քանի որ կյանք ու ժամանակ ունեք, ձեր ուղին փոխեցեք և առաքինի կյանք վարեցեք։ Ուստի կրկին հայր Աբրահամին դառնալով, աղաչում է․ «Համոզվեցի՜, հայր պատվական, որ ինձ համար այլևս հույս չկա։ Գոնե իմ եղբայրներին ողորմիր։ Այդ աղքատին հրաման տուր, ելնի մեր տուն գնա, տեսածն ու իմացածը հաղորդի նրանց, իմ դժբախք փորձանքը ևս պատմի, որպեսզի զգաստանան և իմ արածները չանեն, այլապես հետզհետե պիտի մեռնեն և բոլորն էլ պիտի գան այստեղ՝ իմ տանջանքներին ընկերակից լինելու։ Մեղք են, թող չգան»։ «Ի՞նչ կարիք կա,- ասում է Աբրահամը,- որ այստեղից աշխարհ դարձյալ մարդ ուղարկենք։ Այս բոլոր ճշմարտությունները Մովսեսի Օրենքի և մարգարեների պատգամներում գրված են, և նրանց գրածները միշտ իրենց աչքի առջևն են, թող կարդան, հասկանան և ըստ այնմ ապրեն և այդպիսով իրենք էլ դժոխքի տանջանքներից կազատվեն»։ «Ս․ Գիրքը ես էլ գիտեի,- ասում է մեծահարուստը,- բայց նրանից չօգտվեցի։ Այն մեռած տառի պես էր ու ազդեցություն չգործեց։ Սովորական մի երևույթ էր դարձել գրքերի ընթերցումը և կորցրել էր տպավորությունը։ Եթե հանկարծ մի մեռել, հարություն առնելով և կենդանի ձայնով իբրև ականատես վկա մի խոսք ասի, նրա ազդեցությունն ուրիշ կլինի։ Մովսեսն էլ, մարգարեներն էլ տեսնելուց հետո չէր, որ դարձան ու պատմեցին, այլ նրանք ևս տեսնելուց առաջ էին գրել և ականատեսներ չէին համարվում»։
    Աբրահամը պատասխանում է նաև այդ պատճառաբանությանը․ «Նրանք, որ Մովսեսի և մարգարեների գրածներին ականջ չէին դնում և մտացածին պատճառաբանություններով տկարացնում են նրանց պատգամների ուժը և չեն մտածում, որ ամենքն էլ Աստուծո ներշնչությամբ գրված ճշմարտություններ են, եթե անգամ մեռել էր հարություն առնի ու որևէ բան պատմի, նրան էլ սուտուփուտ մեկնություն տալու, սուտ է, տեսիլք է, խաբեություն է ասելու ձևը կգտնեն և դարձյալ չեն հավատա։ Հետևաբար, քո աղքատին հարություն տալու ու աշխարհ վերադարձնելու ոչ կարիքը կա և ոչ էլ օգուտ է սպասվում։ Եթե հինգ եղբայրներիդ սրտում մի բարի ազդեցությունը երբևէ պիտի արդյունք ունենա, ապա Ս․ Գրքի պատգամներով ու ընթերցմամբ կարող են իրենք իրենց ուղղել և քեզ պատահած փորձանքից ազատվել»։
    Այսպես ավարտվում է մեծահարուստի և հայր Աբրահամի երկխոսությունը և վերջանում առակի բարոյականը։ Ոմանք կարծեցին, թե սա առակ չէ, այլ իրական պատմություն և մեծագույն փաստն աղքատի անունով հիշվելն է․ «Աղքատ ոմն Ղազարոս», ինչը որ ուրիշ ավետարանական առակում չի տեսնվում, թեպետև անունով առակները հորինելը նոր բան չէ։ Ոմանք էլ ասում են, թե այս անունով մի ծանոթ աղքատ է եղել և Հիսուս այդ անունն օգտագործել է իր առակին ուժ տալու համար։ Ասողներ էլ կան, որ Ղազարոս անունը Եղիազարոս անվան կրճատված ձևը չէ, այլ եբրայական լո էզեր բառն է, որ նշանակում է անօգնական։ Ստույգ է սակայն, որ այդ աղքատ Ղազարոսը նաև տոն ունեցավ և Սուրբ Ղազարոս անունով Պաղեստինում հյուրընկալ ասպետների մի միաբանություն էլ ստեղծվեց։ Անկելանոցներ և ուրկանոցներ նվիրագործվեցին Ս․ Ղազարի անվամբ։ Եվ նույնիսկ Վենետիկի Ս․ Ղազար կղզյակը, որ սկզբում բորոտների պատսպարան էր, աղքատ Ղազարոսից է ստացել այդ անունը։ Այսպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ հաստատված զգուշարանների համար սովորական դարձած Ղազարատուն (Lazzaretto, Lazaret) անունը այս Ղազարոսից է վերցված։ Բայց ավետարանի ներկայացրած օրինակի պարզապես առակ լինելը պետք չէ կասկածի տակ թողնել։
    Կազմության տեսակետից առակը շատ պարագաներ ունի, որոնք բառացի և տառական միաստով պետք չէ ընդունել, որովհետև կամ հիմնված են ժամանակի տիրող կարծիքների վրա, կամ ինչ-ինչ պարագաներ թողնված են լռելյայն հասկացվելուն և կամ երևակայական ու բանաստեղծական ոճով են հորինված։ Այսպես, Աբրահամի գոգ բացատրությունը պետք է ընկալվի որպես Աբրահամի հետ և ո՛չ ինչպես նկարիչներն են նկարում՝ Ղազարոսին Աբրահամի ծնկին նստեցնելով։ Հիսուս ուրիշ տեղում ասել էր, թե «Բազումք յարեւելից եւ յարեւմտից եկեսցեն եւ բազմեսցին ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ եւ ընդ Յակոբայ յԱրքայութեան Երկնից» Մատթ․ 8:11, ուր Աբրահամի առաջինը հիշված և որպես նախահայր ու նախագահ նկատված լինելու պատճառով հրեաների ժողովրդական սովորությամբ արդարոց օթևանը Աբրահամու գոգ էր կոչվել։ Աբրահամի խոսքերի մեջ․ «Յիշեա զիս ընկալար անդէն զբարիս քո իկեանսն քում, եւ Ղազարոս նոյնպէս զչարչարանս, արդ սա աստ մխիթարի, եւ դու այդր պապակիս» ասելը պետք չէ հասկանալ բառացի կերպով, իբրև թե հարուստ լինելը դատապարտության և աղքատ լինելը փրկության հիմք է։ Այլ երկու վիճակներում էլ նկատի պիտի առնվի կյանքի օրինավորությունը։
    Մեծահարուստի առակը Տնտեսի առակի հետ ներքին առնչություն ունի, արտաքին միջոցների կիրառության նկատմամբ և մեծահարուստը դատապարտվում է ոչ թե շատ միջոցներ ունենալու համար, այլ ունեցած միջոցներով ողորմություն և ուրիշին օգնություն արած չլինելու համար։ Այս է առակի բուն ոգին և հիմնական նպատակը։ Աբրահամի և մեծահարուստի խոսակցությունն էլ բանաստեղծական ձևով նկարագրում է մարդու ընթացքի և աստվածային պատգամների ու երկու կյանքերի իսկական նշանակությունը։ Նմանապես, մեծահարուստի և Ղազարոսի անդենական աշխարհում՝ մահվանից հետո, ունեցած վիճակը չի նպաստում Հռոմեական Եկեղեցու տեսությանը, որ մեռելոց հարությունից ու ընդհանրական դատաստանից առաջ յուրաքանչյուր հոգու դժոխք կամ արքայություն է ուղարկում և այնուհետև նորից դուրս է հանում աշխարհի վերջում կրկին դատելու համար։ Որովհետև Հիսուն Հին Օրենքի տեսության ներքո էր խոսում և Հիսուսի փրկագործ մահից առաջ հռոմեականներն էլ են ընդունում, որ Արքայության դռները բացված չէին։ Հետևաբար, այդ կետի համար էլ առակում վարդապետական նշանակություն չի կարող փնտրվել և լոկ առակավոր ենթադրություն է, ինչպես Աբրահամի Գոգից դժոխքի հետ տեսակցությունն ու խոսակցությունը։