Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 18:35

Մաղաքիա արք. Օրմանյան

35-43. Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է: Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին: Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս:
   
   Շարունակելով զատկական ուղևորությունըդեպի Երուսաղեմ՝ Հիսուս նիսան 6-ին կամ մարտի 29-ի չորեքշաբթի օրը, հասնում է Երիքով (այժմ՝ Էր-Րիհա): Քաղաք հասնելիս հանդիպում է ճամփեզրին նստած կույր մուրացիկի: Նա ձեռք էր մեկնում անցնող- դարձողին, ինչպես անում են բոլոր խեղճ կույրերն ամեն տեղ և ամեն ժամանակ: Մարդը ոչինչ չի տեսնում, բայց լսում է, որ շուրջը եռուզեռ է տիրում, բազմությունը խոսակցելով այս ու այն կողմ է շարժվում: Երիքովի բնակիչները, իմանալով, որ Հիսուս մոտենում է քաղաքին, շտապում են հանդիսավորությամբ դիմավորել Նրան: Մի ուրիշ անգամ Հիսուսի Երիքով գալը անվանապես նշված չէ, բայց քանի որ Հիսուս Իր քարոզույան առաջին տարվա սկզբում և երրորդ տարվա վերջում բավական ժամանակ է անցկացրել Հորդանանի հարավային կողմերում և քանի որ Երիքովը գտնվում էր Երուսաղեմ տանող գլխավոր ճանապարհի վրա, անհնար է, որ Հիսուս մի քանի անգամ երիքով այցելած չլիներ: Վերջին ժամանակի առանձնությունն էր, որ մասնավոր նշանակություն էր տալիս այս անգամվաԵրիքով գալուն: Պետք է նշել նաև, որ զատկական ուխտագնացության առիթով Երուսաղեմի
ճանապարհին էին գտնվում գալիլիացիների և բերեացիների Երուսաղեմ ուղևորվող քարավանները՝ բոլորն էլ Հիսուսին կրկին տեսնելու կարոտով վառված:
    Կույր մուրացիկը շարժման աղմուկը լսելով, բայց կատարվածին անտեղյակ, մոտ եղողներին հարցնում է, թե ինչու: է ժողովուրդն իրար խառնվում և լսում է, թե Հիսուս Նազովրեցի հրաշագործ մարգարեն է քաղաք մտնում: կույրը մինչ այդ լսել էր հիսուսի անունը և գիտեր, թե նա քանի-քանի կույրերի է բժշկել և ժողովրդի կողմից իբրև մեսիա է ընդունվել: Ուստի սկսում է կանգնած տեղից բարձր ձայնով աղաղակել. «Յիսուս, որդի Դաւթի, ողորմեաց ինձ: Հիսուս Մեսիա, որ բոլորին ամենուրեք այդքան ողորմություն ես արել, ինձ էլ ողորմիր»: Կարծես ողորմություն ուզելը հասկացվեց սովորական, դրամական օգնություն խնդրելու իմաստով, դրա համր էլ Հիսուսի առջևից ընթացող աշակերտներից ոմանք սկսեցին սաստել խեղճին, որ ձայնը կտրի ու չձանձրացնի, բայց նա, սաստողներին ուշադրություն չդարձնելով, շարունակում էր բարձր ձայնով կրկնել. «Յիսուս, որդի Դաւթի, ողորմեաց ինձ»:
    Հիսուս լսում է կույրի աղաղակը, բայց առաջ է գնում չլսողի պես, մինչև կույրի անձանձիր, անդադար աղաղակից հետևություն անելով նրա անկոտրում հավատքի մասին, նրա կողքից անցնելուց կանգ առավ և հրամայեց կույրին Իր առաջ բերել: Մեծ էր խեղճի ուրախությունը. Իր ձայնը լսվեց, անշուշտ աղաչանքն էլ ընդունելի պիտի լինի: Աշակերտներից մեկը կույրին բերեց, կանգնեցրեց Հիսուսի առջև: «Ի՞նչ ողորմություն ես ինձնից ուզում,- սիրալիր հարցրեց Նա,- ի՞նչ ես ուզում, որ քեզ տամ, ի՞նչ ես սպասում ինձնից»: Կույրը բացականչեց. «Ի՞նչ պիտի լինի կույրի ուզածը, եթե ոչ իր փակ աչքերի բացվելը, բաց աչքերով աշխարհը տեսնելը»: Հիսուս հարկ չհամարեց նրանից պահաջել իր հավատքի դավանությունը, իր անդադար ու հաստատամիտ աղաչանքով արդեն վկայել էր իր հավատքի մեծությունը: Եվ փոխանակ հավատ պահանջելու, նրա հավատի մասին է աղաղակում. «Քո հավատքը ցավիցդ քեզ կփրկի, քո հավատքը կբժշկի քեզ, նայիր ինձ»: Կույրն ինքնաբերաբար բարձրացրեց գլուխը և աչքերն ուղղեց ձայնի կողմը և իր դիմաց տեսավ Հիսուսին, նույն պահին աչքերը բացվեցին:
    Հիսուս անմիջապես շարունակում է Իր ճանապարհը՝ թույլ չտալով, որ մարդն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնի: Իսկ բժշկվածը, բարձրաձայն օրհնություններ ասելով և Աստծուն փառավորելով, գնում էր Հիսուսի հետևից: Եվ դիմավորելու եկած ողջ ժողովուրդը ձայնակցում էր կույրին, գովաբանում Հիսուսին, հռչակում Նրա զորություն, Աստծուն փառաբանություններ երգում: Ավետարանում չի նշում, որ էլի բժշկողներ են եղել, բայց անհնար է, որ ուրիշ հիվանդներ և ախտաժետներ չշտապեին Հիսուսին դիմելու և իրենց հիվանդություններից բժշկելու ու ախտերից սրբելու: Ավետարանը միշտ պատմում է նշանավոր հրաշքը, մյուսները խմբովին հիշատակում կամ լռելյայն իմացնում: