Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 19:28

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար:
   
    Երիքովից դուրս գալը ընդունելով նիսան 9-ը, մարտի 30-ը` հինգշաբթի օրը, նույն գիշերն անցկացրած պիտի լինի Բեթսամյուսում կամ Եմսեմեսում (այժմ` Այն-էլ-Հաուս) և հաջորդ առավոտյան, ճանապարհը շարունակելով` կհասնեին Բեթանիա, ուր Հիսուսի սովորական օթևանն էր, երբ Ինքը գտնվում էր Երուսաղեմում և ու մեկ ամիս առաջ Ղազարոսի հարության նշանավոր և մեծահամբավ հրաշքն էր կատարել: Հիսուս Բեթանիա հասնելով` Երուսաղեմ հասած կլիներ, քանի որ սովորություն ուներ միայն ցերեկները Երուսաղեմում քարոզել ու գործել, իսկ գիշերները` վերադառնալ Բեթանիա, կամ եթե Բեթանիա չհասներ, ապա Ձիթենյաց լեռան ստորոտում գտնվող Գեթսեմանի կամ լեռան վրա գտնվող Բեթփագե գյուղերում էր գիշերում` հաջորդ առավոտ կրկին Երուսաղեմ վերադառնալու և Իր գործով զբաղվելու համար. «Եւ ի տուէ ի տաճարին ուսուցանէր, եւ զգիշերս ելեալ ագանէր ի լերինն՝ որ կոչէր Ձիթենեաց» Ղուկ. 21:37:
    Հովհաննեսը ճշտում է, թե զատկից վեց օր առաջ Հիսուս Բեթանիա եկավ, որը մեր հաշվարկով նիսան 8, մարտի 31` ուրբաթ օրվանից միչև նիսան 14, ապրիլ 6 հինգշաբթի, զատկական գառն ուտելու օրն է և այդ վեց օրերի
տևողությունը ճշտվում և մեկ անգամ էլ հաստատում է մեր ընդունած ժամանակագրական հաշիվը: