Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 19:41

Մաղաքիա արք. Օրմանյան

41-44. Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»:
   
    Ոստեր ու ձորձեր, երգեր ու օրհմություններ, օվսաննաներ ու խնդություններ ընկերացան Հիսուսին Բեթփագեից դեպի վեր՝ մինչև Ձիթենյաց գագաթը, ուր զառիվայրն իջնում է դեպի Կեդրոնի ձորը, որի մյուս կողմում տարածվում է Երուսաղեմ քաղաքը, իսկ նրա սկզբնամասում բացվում է հոյակապ տաճարի գրավիչ տեսարանը: Ուրախության դրսևորումներն ու ցույցերն ազդել էին Հիսուսի սրտին: Մի պահ Ինքն էլ զվարթ ու ժպտուն առաջանում էր օրհնաբանող ժողովրդի միջով և Իր հեծած տեղից հանդարտորեն դիտում ժողովրդին, որ միամիտ զգացումներով կարծում էր, թե կատարում է մեսիական հայտնության տոնը: Տեսարանը փոխվում է. փոխվում են նաև Հիսուսի զգացումները: Երուսաղեմի տեսարանը հիշեցնում է մի քանի օր հետո կատարվելիք խաչի խորհուրդը, մտածում է, թե ինչպիսի ոչ ուղիղ ճանապարհով պիտի հաջողության հասնեն Իր հակառակորդները, հիշում, թե որքան աշխատեց՝ Ավետարանն ու ճշմարտությունը նրանց սրտերում արմատավորելու համար: Որքան հոգ տարավ՝ Երուսաղեմը դեպի փրկություն տանող ճանապարհը դարձնելու: Հիշեց, թե ինչպես անզգա ու ապիրատ Երուսաղեմն անարգեց Իր ջանքերը, չօգտվեց քարոզներից, չազդվեց հրաշքներից և չուղղեց իր ընթացքը: Երուսաղեմի ամբարիշտ գործերը պիտի չարժեն Աստվածային վրեժխնդրությունը: Նրա վրա պիտի իջնեն Աստվածառաք պատիժները, փառավոր քաղաքը պիտի կործանվի, հոյակապ տաճարը պիտի քանդվի, ընտրյալ ժողովուրդը պիտի ցրվի: Այդ մտածումները հանկարծ ներգործեցին Հիսուսի սրտին և քանի որ սաստիկ էին անակնկալ փափախությունները, սաստկագույն եղավ ուրախալից պարագաներում ծագող տխրալից զգացումը, փղձկաց Նրա սիրտը, թախծեց Նրա հոգին, լցվեցին աչքերը, արցունքի կաթիլներն սկսեցին իջնել այտերն ի վար: Ավետարանը քիչ անգամներ է հիշում Հիսուսի արցունքների մասին, և երբ հիշում է, ուզում է հասկացնել, թե որքան խորն էր այն վայրկյանին հուզմունքը. «Տեսեալ զքաղաքն՝ ելաց ի վերայ նորա»:
    Հիսուս չի կարողանում զսպել սրտի զեղումը, և Իր զգացմունքներն արտահայտում է քաղցր ու գթալից, բայց միանգամայն ցավագին շեշտով, ոչ բարձրաձայն, ամենքին լսելի, այլ մեղմորեն, մոտիկ եղողներին հազիվ լսելի ձայնով. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, ինչո՞ւ չուզեցիր ճանաչել դեպ քեզ եկած աստվածային այցելությունը. ինչո՞ւ օրենքներին ու մարգարեներին ծանոթ լինելով հանդերձ՝ չկարողացար աստվածային խոստումների ժամանակներն իմանալ: Ինչո՞ւ կամեցար այդքան հրաշքների և հայտարարությունների առջև գոցել աչքերդ: Եթե մինչև հիմա չկամեցար օգտվել, գոնե այս վերջին վայրկյանին աչքդ բանայիր և տեսնեիր երկնային լույսը, գոնե այսօր քո փրկության ու խաղաղության վերջին պատեհը չանարգեիր: Սակայն դրան էլ պատրաստ չես: Կամովին խավարն ես սիրում և մնում ես մեղքիդ մեջ: Ճշմարտությունը քեզ համար ծածկված է մնում; Բայց, ավա՜ղ, քեզ համար եղած աստվածային ողորմության չափը պիտի լրանա: Քո հանդեպ ձեռք կառնվեն արդարության խստությունները: Քեզ համար տագնապի ու վտանգի օրեր պիտի լինեն: Թշնամիներ պիտի գան, պիտի պատեն պատնեշներով, պիտի պաշարեն խստությամբ, պիտի նեղեն ամեն կողմից, պիտի կործանեն քեզ ու պիտի ավերեն: Քո հոյակապ շինությունները պիտի հողին հավասարեցնեն, բնակիչնեիրդ կոտորեն, զավակներդ պիտի ցրվեն: Քո այժմյան մեծությունից քարը քարին չպիտի մնա, և այդ բոլոր աղետները պիտի կրես, որովհետև չկամեցար իմանալ աստվածային այցելության ժամանակը, չուզեցիր օգտվել աստվածային ողորմության պատեհությունից և մատնվեցիր աստվածային բարկության արդար վրեժխնդրությանը»:
    Սրանք էին Հիսուսի բերանից բխած ցավագին հառաչանքները, որոնց ժողովուրդը, իր բորբոքուն խանդավառության մեջ, բնավ ուշադրություն չդարձրեց, այլ ոստերը ձեռքին և երգերը շուրթերին, ոստյուններով ու պարերով, քայլում էր Հիսուսի ետևից ու առջևից՝ ավելի շատ խենթամիտ, քան միամիտ զգացումներով: