Մաղաքիա արք. Օրմանյան
11-17. Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ: Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր: Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»: Մօտենալով՝ դագաղին դիպաւ: Դագաղը տանողները կանգ առան: Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»: Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան մօրը տուեց: Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»: Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում:
Հարյուրապետի ծառայի և Նայինի պատմությունները Ղուկասն ավելացնում է պարզ «Ի վաղւան» բացատրությամբ, սակայն Կափառնայումից Նային կամ Նայիմ բավական հեռում է, և մեկ օրից մյուս օրը, մեկից մյուսը անցած լինելը թեև ոչ անհնար, սակայն հարմար չէ Հիսուսի ուղևորությանը, որ մի տեղից մյուս տեղ գնալով քարոզում էր: Ուստի հարմար է երևում մեզ «ի վաղիւ» հասկանալ որպես «մի ուրիշ օր», ինչպես լատիներենն էլ ունի յետ այսորիկ, մանավանդ որ, ըստ Ավետարանի բազմություն էլ կար միատեղ. «նրա հետ էին գնում նաև իր աշակերտները և բազում ժողովուրդը»:
Հիսուս այս անգամ Կափառնայումից քայլում էր դեպի հարավ-արևմուտք, և հասնում է Նային քաղաքը, այսօր «Նէին» աննշան մի գյուղը, և քաղաքի դռան առջև մի մեռելի հուղարկավորության է հանդիպում, որ դեռահաս մի պատանու մարմինը տանում էին քաղաքից դուրս թաղելու: Մի այրի կնոջ միակ զավակն էր, պարագան կսկծալի, երևի մայրն էլ հայտնի էր, և տղան էլ` խոստումնալից, որովհետև բազում ժողովուրդ էր քայլում մեռելի հետևից և ցավակցաբար ընկերանում էին որդեկորույս այրիին, որ արցունք թափելով գնում էր հողին հանձնելու իր միակ հույսին: Հիսուս տեսավ և փղձկաց, այրիի վիշտը իր սիրտը շարժեց, հավանաբար այրին էլ, ժողովուրդն էլ հրաշագործ Հիսուսին տեսնելով` զգաստացան, և ողորմության նայվածքով, գուցե խնդրեցին նրան, ասելով` որ եթե մի քիչ շուտ հասած լիներ, տղային կբժշկեր և մորը կմխիթարեր:
Հիսուս ընդունեց նրանց հավատավոր տեսքը, առաջ անցավ, նախ մորը ասած` «մի՜ լար» հետո մոտեցավ դագաղին, դագաղակիրները կանգնեցին, դարձավ մեռելի դիակին և խոսեց հրամայական մի շեշտով ու ասաց «Ով պատանի, քեզ եմ ասում, վեր կաց»: Հիսուսի հրամանը իսկույն կատարվեց, անկենդան դիակը կենդանացավ, մեռած պատանին շարժվեց, վեր կացավ և նստեց դագաղի մեջ, չորս կողմը եղողների հետ խոսեց, Հիսուսն էլ իր երախտապարտությունը հայտնեց: Հիսուս պատանու ձեռքից բռնեց , դագաղից դուրս հանեց, մորը մոտ կանչեց ու տղային հանձնեց նրան: Բոլորն էլ շփոթվեցին, ասելիքն ու անելիքը շվարեցին, ողբերը խնդության փոխվեցին, աստվածային այցելությունը հասած ընդունեցին, մեկ կողմից պատկառանքի, երկյուղի մեջ ընկան, մյուս կողմից աստվածային այցելության վրա ուրախացած` փառաբանության նվագների փոխեցին իրենց տխրահնչյուն մեռելական երգերը, և սկսեցին խոստովանել և ասել. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ, խոստացված փրկիչը ահա հայտնվել է, Աստված բարեհաջող այցելություն է կատարել իր ժողովրդին»:
Նայինի հրաշքը բոլորվին նորություն էր, որովհետև մինչև այդ Ավետարանները պատմել էին մահացու հիվանդների բժշկության մասին, բայց մահվանից հետո կենդանանալու օրինակ չէին տվել, և ոչ էլ ակնարկել հեռվից: Իրավացի էր ուրեմն Նայինի հրաշքը մի նոր ոգևորություն ստեղծեց: Նայինի բնակիչները չլռեցին, պատմեցին ամենուր, ոչ միայն լսեց ամբողջ Գալիլիան, այլև Հրեաստանի մեջ էլ համբավը տարածվեց, որովհետև Նայինը Գալիլիո գավառի հարավային կողմում էր, Հրեաստանի սահմանագլխին: Գալիլիայից և Հրեաստանից դուրս, նաև աշխարհի բոլոր կողմերում և հարևան երկրներում սկսեցին պատմել, թե Հիսուս ոչ միայն հիվանդներ է առողջացնում, այլև` մեռելներ ողջացնում:
Նայինի կնոջ և պատանիի ով լինելը Ավետարանը չի հիշում, ավանդությունն էլ ստույգ տեղեկություն չի տալիս, և մենք էլ ավելորդ ենթադրությունների մեջ չենք մտնում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: