Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:36

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև դու չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել»։
   
   Այստեղ Քրիստոս կրկին արգելում է երդվել գլխով` ոչ թե մարդու հանդեպ հարգանքից ելնելով, քանի որ այդ դեպքում մարդն ինքնին արժանի կլիներ երկրպագության՝ Աստծու փառքը վերագրելով իրեն: Սակայն Հիսուս ցույց է տալիս, որ դու իշխանություն չունես քո վրա, հետևաբար չունես նաև քո գլխով իսկ երդվելու իշխանություն: Եթե ոչ ոք չի համաձայնի իր որդուն հանձնել ուրիշ մեկին, ապա առավել ևս Աստված Իր արարածին չի զիջի քեզ: Չնայած գլուխը քոնն է, բայց այն մեկ ուրիշի (Աստծու) սեփականությունն է, և դու այնքան քիչ իշխանություն ունես դրա վրա, որ դրա հանդեպ չես կարող անել նույնիսկ ամենափոքր մի բան: Քրիստոս չասաց, որ դու չես կարող մազ աճեցնել, այլ որ չես կարող նույնիսկ փոխել դրա գույնը: Բայց ի՞նչ անել այն դեպքում, - կասես դու, - եթե ինչ-որ մեկը երդում է պահանջում, և նույնիսկ ստիպում է դա անել: Աստծու հանդեպ երկյուղը թող ավելի ուժեղ լինի, քան ցանկացած ստիպողականություն: Եթե դու սկսես նման պատրվակներ (արդարացումներ) ներկայացնել, ապա ոչ մի պատվիրան էլ չես պահի: Այդ դեպքում նաև կնոջ մասին կասես` «ի՞նչ անեմ, որ նա անզուսպ և շռայլ է: Կասես նաև աջ աչքի մասին` «ի՞նչ անեմ, եթե ես սիրում եմ այն և սկսում եմ բորբոքվել»: Կասես նաև ցանկասեր հայացքի մասին` «մի՞թե ես չեմ կարող նույնիսկ նայել…»: Նույն կերպ կարող ես ասել եղբորդ հանդեպ բարկության մասին` «ի՞նչ անեմ, եթե ես տաքարյուն եմ և չեմ կարող զսպել լեզուս»:
   Այդպիսով, քեզ համար դժվար չի լինի ոտնահարել վերոհիշյալ բոլոր պատվիրանները: Մինչդեռ մարդկային օրենքների վերաբերյալ դու երբեք չես համարձակվի նմանօրինակ պատրվակներ (արդարացումներ) ներկայացնել և ասել. «Ի՞նչ կլինի, եթե այս կամ այն հարցում այսպես կամ այնպես վարվեմ», այլ կամա թե ակամա անպայմանորեն կհնազանդվես օրենքի հրամանին: Ինչ վերաբերում է խնդրո առարկա պատվիրանին, ապա գուցե ընդհանրապես կարիք չլինի, որ դու երդվես: Յուրաքանչյուր մեկը, ով մտահայել է վերոհիշյալ երանությունների մասին վարդապետության շուրջ և իր ընթացքն ուղղել է այնպես, ինչպես Քրիստոս է պատվիրել, յուրաքանչյուր այդպիսի ոք հարգանքի և պատվի կարժանանա ամենքի կողմից, և ոչ ոք նրանից չի պահանջի երդվել:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 5:34
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17