Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Որովհետև եթե դուք սիրեք ձեզ սիրողների՛ն, ի՞նչ վարձ կունենաք: Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում»։
Այսպիսով, ինչի՞ արժանի կլինենք մենք, որ հրաման ենք ստացել ջանասիրաբար ձգտել Աստծուն նմանվելուն, բայց, միգուցե, դեռևս չենք հավասարվել անգամ մաքսավորներին։ Իրոք որ, եթե և´ մաքսավորները, և´ մեղավորները, և´ հեթանոսները սիրում են իրենց սիրողներին, իսկ մենք նույնիսկ դա չենք անում (և իսկապես, մենք չենք անում դա, քանի որ նախանձում ենք մեր եղբայրների բարի համբավին), ապա ի՞նչ պատժի ասես, որ չենք ենթարկվի մենք՝ հեթանոսներից էլ ավելի ստորին դիրքում հայտնվելով, մինչդեռ պետք է որ գերազանցեինք անգամ օրենսգետներին (դպիրներին)։ Այդ դեպքում, ասա՛ ինձ, մենք ինչպե՞ս կարող ենք տեսնել Արքայությունը։ Ինչպե՞ս կարող ենք մտնել Արքայության սրբազան նախագավիթը՝ ոչնչով չգերազանցելով մաքսավորներին։ Հենց սրա մասին է ակնարկում Փրկիչը՝ ասելով. «Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում»։
Քրիստոսի ուսուցման մեջ ամենահիասքանչն այն է, որ Նա ամենուրեք առատաբաշխ պարգևներ է առաջարկում գործվելիք սխրանքների համար. Հիսուս Իր պատվիրանները կատարել ջանացողներին խոստանում է, որ նրանք կտեսնեն Աստծուն, կժառանգեն Երկնքի արքայությունը, կդառնան Աստծու որդիներն ու կնմանվեն Աստծուն, ողորմության կարժանանան, մխիթարություն կգտնեն և մեծագույն փոխհատուցում կստանան երկնքում։ Իսկ երբ խոսքն անհրաժեշտաբար պետք է վերաբերեր մի որևէ տխուր երևույթի, այդժամ Հիսուս այդ երևույթը հիշատակում է հակիրճորեն, այնպես որ, օրինակ, Նա Իր ուսուցման այդքան երկարահունչ խոսքի մեջ «գեհեն» բառն օգտագործեց ընդամենը մեկ անգամ։ Մյուս դեպքերում Քրիստոս Իր ունկնդրին է դիմում մեղմ հորդորներով՝ համոզելով ավելի շատ խրատներով, քան թե սպառնալիքներով, ինչպես, օրինակ, երբ ասում է. «Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում»։ Կամ՝ «եթե աղը կորցնի իր համը…» (Մատթ. 5:13)։ Կամ էլ՝ «ամենափոքրը կկոչվի Երկնքի արքայության մեջ» (Մատթ. 5:19)։
Փրկիչը երբեմն պատժի փոխարեն ներկայացնում է մեղքերը՝ թույլ տալով, որ ունկնդիրն ինքը մեղքերի ծանրությունից եզրակացություն կազմի պատժի խստության մասին, ինչպես, օրինակ, այն ժամանակ, երբ ասում է. «Արդեն իր սրտում շնություն է գործում նրա հետ» (Մատթ. 5:28), կամ թե` «ով արձակում է իր կնոջը…ինքն է նրան մղում շնության…» (Մատթ. 5:32)։ Խելամտություն ունեցող մարդկանց հասկացնելու համար անհրաժեշտ չէ հիշատակել պատժի մասին, այլ բավական է միայն ցույց տալ մեղքի ծանրությունը։ Ահա թե ինչու այս պարագայում Հիսուս որպես օրինակ է բերում հեթանոսներին և մաքսավորներին, որպեսզի Իր աշակերտներն ամաչեն՝ տեսնելով, թե Նա իրենց ում հետ է համեմատության մեջ դնում։ Նույն կերպ վարվեց նաև Պողոսը, երբ ասաց. «Որպեսզի դուք չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թես. 4:12), և թե` «ինչպես այլ հեթանոսներ, որոնք չեն ճանաչում Աստծուն» (Ա Թես. 4:5)։
Ինչպես որ ջուրն է կրակի համար, այնպես էլ մեղմությունն ու քաղցրաբարոյությունը՝ զայրույթի համար: Այդ պատճառով էլ Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Եթե դուք սիրեք ձեզ սիրողների՛ն, ի՞նչ վարձ կունենաք»։ Եվ, ցանկանալով օրինակի միջոցով տարհամոզել և ազդել անփույթ մարդկանց վրա, ավելացրեց. «Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում»։ Այսինքն՝ եթե նույնիսկ անփույթ մարդկանց միջից էլ որևէ մեկին որպես օրինակ վերցնես, մի՞թե չես համոզվի, որ նրանք նույնն են անում։ Մի՞թե մեծ ջերմեռանդությամբ նույնը չեն անում նաև իրենք` մաքսավորները։ Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան մաքսավորի հետ համեմատվելը։ Այդուհանդերձ, դու կարող ես տեսնել, որ նույնիսկ մաքսավորնե´րն էլ լիովին նույն կերպ վարվում, և անհնար էլ է, որ սիրվածը չսիրի (նրան, ով սիրում է իրեն)։ Իսկ ես, ցանկանալով, որ դուք ավելի բարձր լինեք և ավելի մեծ առաքինության հասնեք, ոչ միայն սա եմ ձեզ հորդորում անել, այլ նաև ցանկանում եմ, որ դուք նաև ձեր թշնամիների´ն սիրեք:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
46-47. Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում:
Որովհետև եթե սիրում եք նրանց, ովքեր ձեզ են սիրում, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնն անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին եք ողջույն տալիս, ավելի ի՞նչ եք անում. մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնը չե՞ն անում:
Տարբերություն է դնում Իր աշակերտների ու այլափառների միջև, որովհետև եթե նրանց [գործն] եք անում` միայն ձեզ սիրողներին սիրելով և բարեկամներին ողջույն տալով, ի՞նչ երախտիք ունեք դրանում, որ հատուցվի, կամ որ Իմ աշակերտներն անվանվեք, որովհետև դա հատուկ է բոլոր հեթանոսներին ու մաքսավորներին՝ փոխ տալ և սիրել միմյանց, որպեսզի փոխարենը ստանան: Իսկ դու թշնամիներին սիրելով և [քեզ] ատողներին պատվելով կհավասարվես Աստծուն:
Արդ՝ սա ասելով՝ [Տերը] չի արգելում [մեզ] սիրողներին սիրել, որովհետև դրան [մեր] բնությունն է ձգտում, իսկ թշնամիներին սիրելը պարտադրվում է օրենքով և [մեզ] ընդհանուր կրոնից ավելի բարձր դասում: Մաքսավորներին էլ հիշելով՝ աշակերտներին կսկծեցնում է, որովհետև եթե հայտնում է, որ նրանք սիրում են իրենց սիրողներին, ապա երբ մենք սա էլ չենք անում, [մեզ] ինչի՞ կնմանեցնի: Ուստի խոսքը եզրափակում է՝ ասելով.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: