Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:12
Սուրբ Եփրեմ Ասորի
Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր:
Թզենու բնույթն այնպիսին է, որ ծառի ունեցած խոնավության պատճառով պտղի քաղելուց հետո դրա չորանալու համար ամիսներ են անհրաժեշտ: Հետևաբար, մեր Տերը այս ծառը ընտրեց որպես խորհրդանիշ, որպեսզի դրա միջոցով բացահայտի Իր իշխանության բնույթը: Հայտնի է, որ թուզը խոնավ և նուրբ է դառնում նախքան մյուս բոլոր ծառերը: Հետևաբար մեր Տերն ասաց. «Թզենո՛ւց սովորեցեք առակը. որովհետև, երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցվի, կիմանաք, որ ամառը մոտ է» (Մատթ. 24։32, Մարk. 13։28, Ղուկ. 21։30): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է նա առաջարկում այս ծառը՝ առատ խոնավության և վաղ երևացող ոստերի պատճառով:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի
Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր:
Մեղք գործելուց հետո (նախածնողները) ծածկվեցին թզենու տերևներով (Ծննդ. 3։7)․ ուստի Հիսուս վերջին նշանը կատարեց թզենու վրա: Տառապանքների գնալու մտադրության պատճառով Նա անիծեց թզենուն, սակայն ոչ բոլոր թզենիներին, այլ միայն մեկին, որպեսզի պատկերի (դրախտային) թզենուն՝ ասելով. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»: Դատապարտությունն անցավ, և քանի որ նախածնողները ծածկվել էին թզենու տերևներով, ուստի Նա եկավ այն ժամանակ, երբ թզենու վրա պտուղ չկար: Ո՞վ չգիտի, որ ձմռանը թզենին պտուղ չի տալիս, այլ միայն տերևներով է ծածկված լինում: Սա բոլորին հայտնի փաստ է․ միթե՞ Հիսուսը չգիտեր դրա մասին: Սակայն, իմանալով այդ մասին, նա քայլեց պտուղ փնտրելու մտադրություն ունեցողի պես․ Նա գիտեր, որ պտուղ չի գտնի, սակայն ցանկացավ տերևների վրա արված անեծքի պատկերը ներկայացնել:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր:
Սակայն քննարկենք նաև թզենու պատմությունը, որովհետև այստեղ, կարծես, ինչ−որ տարօրինակ և դաժան բան է հայտնվում: Նախ՝ Հիսուս վաղ է քաղցում. երկրորդ՝ Նա պտուղ է պահանջում այն ժամանակ, երբ դեռ թզի ժամանակը չէր հասել, ինչպես նաև այն, որ պատժում է անզգա ծառին: Քանզի այստեղ Նրա ասելու և անելու հանգամանքը առանձնահատուկ է: Մինչ այժմ Հիսուս հաճախ էր հրաշքներ գործում, բայց միայն մարդկանց օգուտի համար: Բայց աշակերտները դեռ չէին տեսել, որ Նա որևէ մեկի նկատմամբ չարիք գործեր: Այժմ, որպեսզի աշակերտներին ցույց տա, որ Ինքը կարող է նաև մահապատժի ենթարկել, և որ ցանկության դեպքում կարող է մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել իրեն խաչելու մտադրություն ուեցողներին, Նա Իր զորությունը դրսևորում է անզգա ծառի վրա: Իսկ հրաշքն իսկապես մեծ էր նրանով, որ այդքան հյութառատ ծառը հանկարծ չորացավ․ քանզի թզենին գրեթե բոլոր ծառերից ավելի հյութալի է: Իսկ վաղ առավոտյան Նրա ուտելիք փափագելու պարագան հատուկ նախախնամությամբ Ինքն անձամբ է թույլ տալիս Իր մարմնին: Նա այն նպատակով է վաղաժամ թզենու վրա պտուղ փնտրում, որպեսզի, ինչպես վերևում ասացի, աշակերտներին ցույց տա, որ ինքը կարող է նաև պատժել: Իսկ այս թզենին միաժամանակ նաև հրեական ժողովարանի պատկերն է, որը միայն տերևներ ունի, այսինքն՝ Օրենքը։ Այն միայն ստվեր է գցում, իսկ պտուղ ընդհանրապես չունի: Բայց Հիսուսը քաղցում է նրանց փրկության համար: Նա ասում է․ «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ ինձ Առաքողի կամքը» (Հովհ. 4։34), իսկ Աստծո այս կամքը մեղք գործողներին վերափոխելն է: Քանի որ ժողովարանը պտուղ չունի, ուստի այն անիծված և չորացած է։ Ժողովարանն այլևս մարգարեներ և ուսուցիչներ էլ չունի:
Ա․ Լոպուխին
Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր: (Սինոդական թարգմ․)[13]
«Որովհետև տակավին թզի ժամանակը չէր»։ Մարկոսի այս նշումը, անկասկած, կապված է միայն հաջորդ՝ «ոչինչ չգտավ» արտահայտության հետ: Նա բացատրում է, թե Տերն ինչու թզենու վրա պտուղ չգտավ։ Ամառը՝ պտուղների հասունացման ժամանակը, դեռ չէր եկել:
--------------------------------
[13] (Էջմիածին թարգմ․) Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր:
(Արարատ թարգ․)Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։
(Գրաբար) Եւ ետես թզենի մի ի բացո՛ւստ տերեւալից. եւ եկն թէ գտանիցէ ինչ ի նմա. եւ իբրեւ եկն ի նմա ո՛չինչ եգիտ՝ բայց միայն տերե՛ւ. զի ո՛չ իսկ էր ժամանակ թզոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: