Մաղաքիա արք. Օրմանյան
18-19. Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ: Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան:
Տաճարը շուկայական անկարգություններից մաքրելու գործողությունը տևեց նիսանի 11 կամ ապրիլի 3-ի երկուշաբթի օրվա մեծ մասը։ Հիսուսի համարձակ գործողությունը սաստիկ տպավորություններ գործեց թե՛ ժողովրդի և թե՛ հակառակորդների վրա, ովքեր թեպետ ուղղությամբ տարբեր էին, սակայն նույն հետևանքին հանգեցին, որովհետև ամենքն էլ պատկառոտ և անգործ մի լռության դատապարտվեցին։ Հիսուս Իր գործողությունն ավարտելուց հետո, տաճարի դատարկված բակում կանգնած, առուծախի ժխորից ազատված և ունկնդիր մի բազմությունից շրջապատված, սկսեց Իր քարոզները խոսել, կատարած գործի անհրաժեշտությունը հայտնել, Իր աստվածային պաշտոնի պարագաները բացատրել, նրա վերջանալու մոտ լինելը հասկացնել և Իր մոտալուտ վախճանի պարագաները ցույց տալ։ Հիսուս այնպիսի ոգևորված ու գրավիչ կերպով էր խոսում, որ բազմությունը լուռ ու անշշուկ Նրա բերանից կախված լսում էր․ «Ժողովուրդն ամենայն կախեալ կային զնմանէ ի լսել»։
Իսկ հակառակորդների խումբը բաղկացած քահանայապետերից դպիրներից ու ծերերից, թեպետ պատրաստ էին Հիսուսի դեմ ամեն թշնամություն կատարել և նախապես սինեդրիոնից արձակված սպանության որոշումը գործադրել, սակայն իրենք ևս ապշած ու շփոթված և ժողովրդի համակիր խանդավառոթյունից ազդված, չէին համարձակվում որևէ բան անել և ոչ էլ փորձ կատարել, այլ վարանման մատնված «Ոչ գտանէին թե զի՛նչ արասցեն», որովհետև ժողովրդի կողմից դիմադրության հանդիպելու և իրենց վրա էլ հակառակություն հրավիրելու վտանգ էին տեսնում։
Հիսուս օգուտ էր քաղում այդ կացությունից և նույն երկուշաբթի օրը մինչև երեկո շարունակում էր իր քարոզությունները և ուժգին շեշտելով հանդիմանում էր Ավետարանի հակառակորդներին, ժողովրդի կողմից սիրով էր լսվում և Իր պաշտոնի ավարտն էր հռչակում։ Երբ օրը վերջանում էր և երեկոյան ժամն էլ հասնեելով, բազմությունը կամաց-կամաց ցրվում էր և ամեն ոք սկսում էր վերադառնալ իր տեղը, Հիսուսն էլ Իր առաքյալներով մեկնեց տաճարից և քաղաքից դուրս ելնելով, Կեդրոնի ձորի ու Ձիթենյաց լեռան ճանապարհը բռնեց և դեպի Բեթանիա առաջացավ։ Մարկոսը գոհանում էր, ասելով, թե «Արտաքոյ քան զքաղաքն ելանէին», իսկ Ղուկասն այս մի քանի օրերի մասին խոսելով, հիշատակում է, թե «Զգիշերս ելեալ ագաներ ի լերինն որ կոչէր Ձիթենեաց» Ղուկ․ 21:37: Սակայն մենեք չենք կարծում, թե այս երկուշաբթի երեկո՝ լույս երեքշաբթի, Հիսուս գիշերը լեռան վրա անցկացրած լինի, այլ ըստ սովորության լեռան ճանապարհով մինչև Բեթանիա հասած պիտի լինի, որովհետև մյուս առավոտյան դարձյալ պատմվում է անպտուղ թզենուն հանդիպած լինելը։ Իսկ թզենին Բեթանիայի և Բեթփագեի միջև տնկված մի ծառ էր և ոչ Ձիթենյաց լեռան Երուսաղեմի կողմում։ Քանի որ Բեթանիան, Բեթփագեն և Գեթսմանին միևնույն Ձիթենյաց լեռան վրա կամ ստորոտում շինված գյուղեր էին, կարող էին նույն լեռան անունով հիշատակվել առանց դժվարության։
Երբ Հիսուս առավոտյան անիծեց անպտուղ թզենուն, ծառն իսկույն չորացել էր, բայց առաքյալները նույն պահին ճանապարհը շարունակել ու առաջ էին անցել ու չէին կարողացել թզենու չորանալը նկատել։ Երեկոյան վերադառնալիս, արդեն գիշերը վրա հասած և օդը մթնած էր, որի պատճառով դարձյալ թզենու չորացած լինելու վրա չէին կարողացել ուշադրություն դարձնել։ Հիսուս և առաքյալները ուշ ժամի Բեթանիա հասնելով, ըստ սովորության, գիշերն անցկացրին Ղազարոսի տանը։
Ա․ Լոպուխին
Քահանայապետներն ու օրենսգետները լսեցին այս և մի միջոց էին փնտռում, թե ինչպես կորստյան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա:(Սինոդական թարգմ․) [18]
«Քահանայապետների և դպիրների»՝ Տիրոջ թշնամիների, մասին (Մատթ. 21։15) Մարկոսը նշում է, որ նրանք վախենում էին Քրիստոսից, քանի որ Նրա ուսմունքի պատճառով ողջ ժողովուրդը զարմացած էր: Սրանով ավետարանիչը հասկացնում է, որ Քրիստոսի թշնամիներն իրենց թշնամական և չար մտադրությունները զսպում էին միայն այն ակնածանքով, որով ժողովուրդը լսում էր Քրիստոսին:
--------------------------------
[18] (Էջմիածին թարգմ․) Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ:
(Արարատ թարգմ․) Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։
(Գրաբար) Լուա՛ն քահանայապետքն եւ դպիրք, եւ խնդրէին թէ ո՞րպէս կորուսցեն զնա, բայց երկնչէի՛ն ի նմանէ. զի ամենայն ժողովուրդն զարմացեա՛լ էր ընդ ուսումն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: