Մաղաքիա արք. Օրմանյան
Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:22
Սուրբ Իրինեոս Լիոնացի
Ոչ ոք չի կարող, հզօրի տունը մտնելով, նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
Աստվածուրաց հրեշտակը տապալվում է ծաղրուծանակի ենթարկվածի ձայնով, քանզի Մարդու Որդին, Աստծո կամքին հետևելով, հաղթեց նրան: Սկզբում նա մարդուն Արարչի պատվիրանը խախտել դրդեց, և դրա հեևանքով մարդը ընկավ նրա իշխանության տակ: Նրա իշխանությունը ենթադրում էր մեղք և հավատուրացություն, որոնցով էլ նա խաբեց մարդուն (Ծննդ. 3:1–6): Հետևաբար մարդն էլ պետք է տապալեր Սատանային․ կապեր այն նույն շղթաներով, որոնց մեջ նա ժամանակին դրել էր մարդուն, որպեսզի կապանքներից, այսինքն՝ մեղքից, ազատվելով՝ մարդը վերադառնար իր Աստծուն (Հռոմ. 5:18): Քանի որ երբ սատանան կապվում է, մարդը ազատվում է, որովհետև «ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մի մարդու տունը և հափշտակել նրա գույքերը, եթե նախ չկապի հզորին և ապա նրա տունը կողոպտի» (Մատթ. 12:29): Հոր կամքը կատարող Տերը նրան որպես օրենքից փախած ներկայացրեց և հնազանդվել ստիպեց: Մարդը բացահայտեց նրան՝ փախչողին ու աստվածուրացին. ապա Խոսքը որպես Իր փախստականի կապեց նրան և թալանեց նրա ամբողջ ունեցվածքը (տՀռոմ. 5:16), այսինքն՝ մարդկանց, որոնց նա պահում և տնօրինում էր: Արդարացիորեն գերվեց նա, ով անարդարացի կերպով գերել էր մարդուն: Այս կերպ նախկինում գերի եղած մարդը Հայր Աստծու ողորմությամբ դուրս բերվեց իր տիրոջ իշխանությունից։ Հայրը խղճաց իր ստեղծագործությանը և մաքրող փրկություն տավեց Քրիստոսի–Բանի միջոցով, որպեսզի մարդը հասկանա, որ անպարտելիությունը իրենից չէ, այլ Աստծու պարգևն է:
Օգոստինոս Երանելի
Ոչ ոք չի կարող, հզօրի տունը մտնելով, նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
Տեր Հիսուս Քրիստոս Ինքն է ասում. «Ոչ ոք չի կարող, հզորի տունը մտնելով, նրա ունեցածը կողոպտել, եթե նախ չկապոտի հզորին. և ապա միայն կկողոպտի նրա տունը»։ «Հզոր» բառի տակ պետք է հասկանալ մարդկային ցեղին գերած սատանային: Նա զանազան մեղքերի և նենգությունների միջոցով պահում էր իր «ունեցածը», այսինքն՝ մարդկանց, որոնց Քրիստոս պետք է հափշտակեր ու Իր հավատացյալները դարձներ: «Հզոր»–ը պետք է կապվի: «Հայտնության» մեջ առաքյալն ասում է. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ: Եվ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն և Սատանան, և հազար տարով կապեց նրան» (Հայտ. 20:1, 2), այսինքն՝ զսպեց ու սանձեց նրա իշխանությունը մարդկանց նկատմամբ, որոնց նա գայթակղեցրեց ու իշխեց, որպեսզի նրանց կրկին ազատ դարձնի:
Նա սատանային հաղթեց նախ արդարությամբ, ապա՝ ուժով: Արդարությամբ, քանի որ Նա որևէ մեղք չուներ (Բ Կորնթ. 5:21), սակայն ծայրաստիճան անարդարությամբ սպանվեց նրանց կողմից: Ուժով, որովհետև Նա հարություն առավ մեռելներից, որպեսզի այլևս չմեռնի (Հռոմ. 6:9)... Հետևաբար, Քրիստոս խաչվեց մահկանացու մարմնով ընդունած թուլությամբ, այլ ոչ թե անմահության ուժով (Բ Կորնթ. 13:4): Այս թուլության մասին խոսում է նաև առաքյալը. «Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթացիներ. 1.25):
Դժվար չէ տեսնել, թե ինչպես սատանան պարտվեց ճիշտ այն ժամանակ, երբ հարություն առավ Նա, ում ինքը սպանել էր: Ավելի կարևոր և շատ ավելի դժվար է հասկանալու համար տեսնել, թե ինչպես սատանան պարտվեց հենց այն պահին (այսինքն՝ Քրիստոսի խաչվելու ժամանակ), երբ իրեն թվում էր թե հաղթել է: Որովհետև հենց այդ պահին մեղք չունեցող Քրիստոսի արյունը հեղվեց մեր մեղքերի թողության համար (Մատթ. 26:28, Ա Հովհ. 3:5): Նրանց, ում սատանան արժանիորեն մեղքի մեջ էր պահում՝ առաջնորդելով դեպի կործանում, արժանի կերպով ազատում է Նա, ով մեղք չունենալով, անարդար կերպով ընդունում է մահը (Եբր. 2:14): Այս արդարության միջոցով հզորը պարտվեց և այնպես կապվեց շղթաներով, որ այժմ նրա անոթները հնարավոր էր թալանել: Նրա և իր հրեշտակների հետ եղած բարկության անոթները, այսուհետ դարձան ողորմության անոթներ (Հռոմ. 9:22, 23):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Ոչ ոք չի կարող, հզօրի տունը մտնելով, նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
«Ինչպե՞ս է հնարավոր,– ասում է,– հզորի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզորին»։ Այս բառերը նշանակում են հետևյալը. «Հզոր»–ը սատանան է. նրա «ունեցածը» նրան որպես շտեմարան ծառայող մարդիկ են: Այսպիսով, եթե ինչ–որ մեկը նախապես չի կապում և չի տապալում սատանային, ինչպե՞ս կարող է նրանից կողոպտել նրա ունեցածը, այսինքն՝ դիվահարներին: Հետևաբար, եթե ես կողոպտում եմ նրա ունեցածը, այսինքն՝ ժողովրդին ազատում եմ դիվային բռնությունից, ապա ես նախապես կապել և հալածել եմ դևերին, ուստի պարզվում է, որ ես նրանց թշնամին եմ: Այսպիսով՝ ինչպե՞ս եք ասում, որ ես իմ մեջ Բեղզեբուղ ունեմ, այսինքն՝ հրաշագործ և դևերի ընկերը լինելով՝ միաժամանակ հալածում եմ նրանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: