Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։41

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ նա,  վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները,  նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին:
   
Այսպիսով՝ տե՛ս, թե ինչպես է Նրա միջոցով արարչագործություն կատարվում: Մեր Տերը  վերցրեց փոքրաքանակ հացը և վայրկենաբար բազմացրեց։ Այն, ինչը ստեղծվում է տասը ամիս տևող համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, Նա իր տասը մատներով նույն պահին կատարեց: Քանի որ Նա հողի փոխարեն Իր ձեռքերը դրեց հացերի տակ, դրանց վրա խոսք ասաց, որ նմանվեց ամպրոպի, Իր շուրթերի խշշոցով անձրևի փոխարեն ցողեց դրանք, Իր բերանի ջերմությամբ փոխարինեց արևին, և ​​այդպիսով կարճ ժամանակում ավարտեց այն, ինչը երկար ժամանակ տևող աշխատանքի արդյունք է համարվում։  Այսպիսով՝ հացի փոքր քանակի մասին մոռացվեց, քանի որ փոքր քանակից բազումը հայտնվեց, ուստի այս օրհնությունը նմանվեց առաջինին. «Աճե՛ք, պտղաբերե՛ք և բազմացե՛ք» (Ծննդ. 1:28): Քանի որ հացերը  նախկինում անպտուղ և երեխաներից զուրկ կանանց նման  Նրա օրհնության միջոցով բազմապատկվեցին բեկմամբ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա,  վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները,  նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:35
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները,  նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին:
   
   Տերը նայում է դեպի երկինք, որպեսզի․ առաջին՝  մեզ սովորեցնի ուտելիք խնդրել Աստծուց  և ոչ թե սատանայից, ինչպես անում են անարդար եկամուտներով ապրող մարդիկ, և երկրորդ՝ ժողովրդին ցույց տալու համար, որ Քրիստոս Աստծու հակառակորդը չէ, այլ, ընդհակառակը, Ինքն էլ է Աստծուն կանչում: Հացը տալիս է աշակերտներին, որպեսզի իրենց ձեռքերով հացը վերցնելուց հետո նրանք չմոռանան հրաշքի մասին: Եվ տասներկու սակառ ավելցուկն այն բանի համար է մնում, որպեսզի առաքյալներից յուրաքանչյուրը, սակառը ուսի վրա տանելով, հրաշքը միշտ իր հիշողության մեջ պահի: