Մաղաքիա արք. Օրմանյան
24-30․ Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի, սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»: Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»: Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»: Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21
Որոգինես
Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ:
Հավանաբար, նա հեռացավ, քանի որ փարիսեցիները գայթակղվեցին, երբ լսեցին, թե «ոչ թե մտնողը, այլ ելնողն է մարդուն պղծում» (Մատթ. 15։17-18): Նա խուսափեց Իր ուսմունքից գայթակղված փարիսեցիներից, քանի որ տառապանքի համար ավելի հարմար ժամանակի էր սպասում:
Ըստ Մարկոսի՝ Հիսուսը հասել էր Տյուրոսի սահմանները, այսինքն՝ հեթանոսական շրջանները, որպեսզի նույնիսկ այդ հատվածներում եղած հավատացյալները կարողանային փրկվել... Մեզանից յուրաքանչյուրը, ով մեղք է գործում, պետք է համարի, որ կա՛մ Տյուրոսի, կա՛մ Սիդոնի, կա՛մ փարավոնի, կա՛մ Եգիպտոսի, կա՛մ էլ որևէ այլ երկրում է, բայց ոչ Աստծուն պատկանող հատվածում:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ:
Ուտելիքի մասին խոսելուց և հրեաների անհավատությունը տեսնելուց հետո Տերն անցնում է հեթանոսների սահմանները, որովհետև հրեաների անհավատության պատճառով փրկությունը պետք է անցներ հեթանոսներին: Սկզբում Տերը փորձում է թաքնվել, որպեսզի, որպես անմաքուր հեթանոսների կողքին կանգնող, հրեաները Նրան մեղադրելու համար առիթ չունենան: Այնուամենայնիվ, Նա չէր կարող թաքնվել, քանի որ Նրա համար թաքնվելը և ոչ մեկի կողմից չճանաչվելը անհնար էր:
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: (Սինոդական թարգմ․) [24]
Քանանացի կնոջ դստեր բժշկման հրաշքի մասին ընթերցի՛ր Մատթ. 15։21−28 համարների մեկնաբանությունները: Մարկոսը հավելում է, որ Քրիստոս, գտնվելով զուտ հեթանոսական երկրի սահմաններում, չէր ցանկանում այստեղ քարոզել և մնում էր իրեն ծանոթ ինչ−որ հրեայի տանը։ Իր թշնամիների ատելությունից այս վայրում Քրիստոսի թաքնվել ցանկանալու մասին միտքն (Միքայել եպիսկոպոս) այս հատվածում չի արտահայտվում:
---------------------------------------
[24] (Էջմիածին թարգմ․) Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի ("Յունարէնը չունի ու Սիդոնի բառերը ) սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ:
(Արարատ թարգմ․) Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի և Սիդովնի սահմանները։ Նա մի տուն մտավ և չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։
(Գրաբար) Եւ անտի յարուցեալ ե՛կն ի սահմանս Տիւրոսի եւ Սիդովնի. եւ մտեալ ի տուն՝ ո՛չ ումեք կամէր յայտնել, եւ ո՛չ կարաց ծածկել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: