Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-9. Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»: Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը: Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին: Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել: Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

1-3․ Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
   
    Տերը նախկինում էլ էր նման հրաշք կատարել: Բարեպատեհ առիթ ունենալով՝ Նա հիմա էլ է հրաշքներ գործում: Իսկ պարագան այնպիսին էր, որ մարդիկ արդեն երեք օր Նրա մոտ էին, և ճանապարհորդության համար վերցրած ամբողջ սնունդը սպառվել էր: Տերը միշտ չէ, որ սննդի վրա հրաշք էր գործում, որպեսզի չմտածեին, որ մարդիկ ուտելու համար էին Իրեն հետևում: Նա այժմ էլ հրաշք չէր գործի, եթե մարդկանց, ըստ երևույթին, սննդի անբավարարության վտանգ չսպառնար: Ընդհակառակը, Տերը չի դատապարտում նրանց՝ դրանով մեզ՝ անփորձների վրա ոչ թե շատ հարձակվել, այլ նրանց՝ որպես չհասկացողների ներել սովորեցնելով: Խորհի՛ր նաև այն մասին, որ Քրիստոս չի ցանկանում որևէ մեկին քաղցած արձակել, Նա ցանկանում է բոլորին Իր նվերներով հագեցնել, և հատկապես նրանց, որոնք Իր հետ էին երեք օր, այսինքն՝ ովքեր մկրտվել էին: Քանի որ մկրտությունը կոչվում է սրբագործում և կատարվում է երեք անգամ ընկղմամբ, ուստի մկրտությամբ սրբագործվածները երեք օրական են: