Դանիելի մարգարեության մեկնություն 11(10):1

Սուրբ Հովհան Ոսկեբերան  

1-3․ Պարսից Կիւրոս արքայի երրորդ տարում պատգամ յայտնուեց Դանիէլին, որը կոչւում էր Բաղդասար: Ճշմարիտ է պատգամը. մեծ ուժ եւ հանճար տրուեց նրան տեսիլքում: «Այդ օրերին ես՝ Դանիէլս, երեք շաբաթ սուգի մէջ էի: Լաւ հաց չկերայ, միս եւ գինի չմտաւ իմ բերանը, իւղով չօծուեցի, մինչեւ որ վերջացան երեք շաբաթները:
   
   Ինչո՞ւ է նա կրկին սգում: Եթե ​​Կյուրոսի թագավորության առաջին տարին եկել է, ապա ինչի՞ համար է նա լալիս, և ավելին՝ ինչի՞ համար է նա լալիս այս բոլոր օրերին, թեև կարելի էր միայն մեկ օր սգալ: Եվ կրկին նա ոչինչ չի լսում այն մասին, ինչի համար աղոթում է: Ինձ թվում է, որ նա աղետների ավարտի համար է աղոթում, բայց Աստված ոչ մի նման բան չի ասում, այլ նախկինում եղած նույն բանն ավելի հստակ է արտահայտում: Մարգարեն աղոթում է, որ բոլոր հրեաները վերադառնան, թեև նրանց մեծ աղետներ էին սպասվում, թեև Աստված ցանկանում էր զրկել նրանց իրենց հայրենիքից: Եվ այստեղ Աստված դա ավելի պարզ ու ճշգրիտ է ասում: Եթե ուշադիր լինես, կտեսնես, որ Դանիելը միշտ տեսիլքի է արժանացվում միայն ծոմ պահելուց հետո: Երբ անհրաժեշտ էր իմանալ (Նաբուգոդոնոսորի) երազը, դրան նախորդում է ծոմապահությունը։ Երբ Գաբրիելն է հայտնվում,  կրկին ծոմ է, մոխիր և քուրձ: Այժմ էլ՝ հրեշտակի հայտնվելու ժամանակ, կրկին ծոմ է և աղոթք: Բայց տե՛ս, թե ինչպես է Դանիելի առաջ նա գրեթե արդարացնում իրեն:
   

Ա․ Լոպուխին

«Պարսից Կյուրոս թագավորի երրորդ տարում մի հայտնություն եղավ Դանիելին, որին Բաղդասար անունով էին կոչում։ Եվ այդ հայտնությունը ճշմարիտ էր և մեծ զորությամբ էր։ Նա հասկացավ այդ հայտնությունը և ըմբռնեց այդ տեսիլքը»: (Սինոդական թարգ․)[1]
   
   Հայտնությունը  կատարյալ ճշմարտություն է. դա այն բանի ուղերձն է, ինչն անպայման իրականանալու, կատարվելու է: Ըստ իր առարկայի (այսինքն՝ բովանդակած նյութի կենտրոնական թեմայի) այն մեծ նեղության («ուժի») հայտնություն է։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պարսից Կիւրոս արքայի երրորդ տարում պատգամ յայտնուեց Դանիէլին, որը կոչւում էր Բաղդասար: Ճշմարիտ է պատգամը. մեծ ուժ եւ հանճար տրուեց նրան տեսիլքում:
(Արարատ թարգ․ 10։1) Պարսից Կյուրոս թագավորի երորդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր և մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։
(Գրաբար) Յամին երրորդի Կիւրոսի արքայի Պարսից, բանն յայտնեցաւ Դանիելի՝ որոյ անուն կոչեցաւ Բաղտասար. և ճշմարի՛տ է բանն. և զօրութիւն մեծ և հանճա՛ր տուաւ նմա ‘ի տեսլեանն։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ժամանակագրություն։ Բաբելոնում Կյուրոսի թագավորության երրորդ տարին ընկնում է մ.թ.ա. 537/536 թվականներին: Սա ժամանակային առումով շատ մոտ է հրեաների գերությունից վերադարձի առաջին ալիքին և տաճարի վերականգնման մեկնարկին (այս մասին հաղորդվում է Բ Եզրաս 1−ին գլխում): 4−րդ համարը ցույց է տալիս, որ տեսիլքը եղել է առաջին ամսվա (Նիսան) քսանչորսին, այսինքն՝ ապրիլի սկզբին` ըստ ժամանակակից օրացույցի: Դանիելի ծոմ պահելու երեք շաբաթների ընթացքում են Զատկի և Բաղարջակերաց տոները (նիսանի 14–21):

   Կյուրոսը։ Պարսից արքա Կյուրոսը համաշխարհային պատմության մեծագույն նվաճողներից մեկն է: Նա Պարսից գահը ժառանգել է իր հայր Կամբիզ I−ից մ.թ.ա. 559 թվականին: Մ.թ.ա. 556 թվականին Նաբոնիդը, առաջնորդվելով իր ստացած տեսիլքով, դադարեցնում է ավելի քան հիսուն տարի իր երկիրը Մեդիայի հետ կապող պայմանագիրը և դաշինք է կնքում Կյուրոսի հետ: Սա Կյուրոսին հնարավորություն տվեց ընդդիմանալու Մեդիային (այս երկիրը ղեկավարում էր նրա պապը՝ Ասթյագեսը) և մ.թ.ա. 550 թվականին նվաճել այն: Այսպես առաջացավ Պարսկական կայսրությունը, որը տիրում էր Իրանի ամբողջ տարածքում: Մ.թ.ա. 546 թվականին Կյուրոսը նվաճում է Լիդիայի և Իոնիայի անատոլիական թագավորությունները: Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա ամրապնդում է իր վերահսկողությունը Իրանի հյուսիս−արևելքում գտնվող ցեղերի վրա: Այս ամենը ճանապարհ է հարթում նրա ամենակարևոր հաղթանակի՝ մ.թ.ա. 539 թ. Բաբելոնի նվաճման համար: Մ.թ.ա. 530 թվականին՝ այն տարում, երբ Կյուրոսը զոհվեց ճակատամարտում, ամբողջ Մերձավոր Արևելքը պարսիկների տիրապետության տակ էր: Լրացուցիչ մանրամասների համար ընթերցի՛ր Բ Եզրաս 1−ին գլխի մեկնաբանությունները: