Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):6

Ա․ Լոպուխին

«Սակայն տարիներ հետո նրանք պիտի մտերմանան, և հարավի թագավորի դուստրը պիտի գնա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի նրանց միջև ճիշտ հարաբերություններ հաստատի, բայց դուստրը իր ձեռքում ուժ չպիտի ունենա, նրա սերունդը ևս կանգուն չի մնա, այլ պիտի մատնվեն ինչպես նրա դուստրը, այնպես էլ նրան ուղեկցողները, նրանից ծնվածը և նրան այն ժամանակներում օգնողները»։  (Սինոդական թարգ․)[6]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):5
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Տարիներ յետոյ նրանք պիտի մերձենան միմեանց: Հարաւի թագաւորի դուստրը պիտի գայ Հիւսիսի թագաւորի մօտ՝ նրա հետ դաշինք կնքելու, բայց չի պահպանուելու նրա բազկի զօրութիւնը, նրա սերունդը չի մնալու, եւ ինքն ու իրեն բերողները, նաեւ այն օրիորդն ու նա, որ խնամում էր նրան այդ ժամանակ, մահուան պիտի մատնուեն:
(Արարատ թարգ․ 11։6) Եվ տարիներ հետո պիտի դաշնակցեն իրար հետ, և հարավի թագավորի դուստրը համաձայնության համար հյուսիսի թագավորի մոտ պիտի գնա, բայց դուստրը բազկի ուժ չպիտի ունենա, և թագավորի բազուկը ևս չպիտի դիմանա, այլ նրա դուստրը և նրան բերողները, նրա ծնողները և նրան այն ժամանակներում օգնողները պիտի մատնվեն։
(Գրաբար) և յետ ամացն իւրեանց խառնակեսցին ընդ միմեանս։ Եւ դուստր արքային հարաւոյ մտցէ առ արքայն հիւսւսոյ, առնել դաշինս ընդ նմա. և ո՛չ հանդարտեսցէ զօրութեան բազկին. և ո՛չ կացցէ զաւակ նորա. և մատնեսցի ինքն և ածելիքն իւր. և օրւորդն, և որ զօրացուցանէր զնա ի ժամանակին։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Սելևկյանների հետ պտղոմեացիների ձախողված դաշինքը (մ.թ.ա. 246): Այստեղ պատմությունը քառասուն տարի առաջ է շարժվում: Այս ընթացքում տեղի են ունենում առաջին և երկրորդ սիրիական պատերազմները (մ.թ.ա. 274–271; մ.թ.ա․ 260–253), որոնք հիմնականում Սիրիայի առևտրային ուղիները, նավահանգիստները և բնական ռեսուրսները վերահսկելու համար էին: Երկրորդ պատերազմից հետո կողմերը խաղաղության հասնելու ցանկություն են դրսևորում, և հաջորդիվ տեքստում ուսումնասիրվում է նրանց հարաբերությունների պատմության այս առանցքային պահը: Մ.թ.ա. մոտ 252 թվականին Պտղոմեոս II Ֆիլադելֆոսը (մ.թ.ա. 285–246) իր դուստր Բերենիկեին ուղարկում է Սելևկյան թագավոր Անտիոքոս II Թեոսին (մ.թ.ա. 261–246)՝ նպատակ ունենալով նրանց ամուսնությամբ դաշինք կնքել երկու թագավորությունների միջև: Այս դաշինքի միջոցով Պտղոմեոսը կարող էր իր վերահսկողությունը հաստատել Սիրիայի, իսկ Անտիոքոսը՝ Փոքր Ասիայի վրա: Նրանց միջև հաստատված այս փխրուն հարաբերությունները շարունակվում են երկու տարի։ Բերենիկեն երեխա է ունենում, բայց Անտիոքոսի նախկին կինը՝ Լավոդիկիան, որի որդիներին հեռացրել էին գահաժառանգների շարքից, ինչպես պնդում են ասեկոսեները, թունավորում է Անտիոքոսին, իսկ հետո սպանում է Բերենիկեին և նրա որդուն (նրա աջակիցներից շատերի հետ միասին): Պտղոմեոս II–ը մահանում է նույն թվականին: Ավելորդ է ասել, որ այս դաշինքը քանդվում է. հաջորդ հիսուն տարիների ընթացքում երկու թագավորությունների միջև բազմաթիվ ռազմական բախումներ են տեղի ունենում: