Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):98

Ա.  Լոպուխին

98-100. «Նաբուգոդոնոսորը՝ բոլոր ժողովուրդների, ցեղերի և լեզուների, ողջերի թագավորը»։ [98] «Ես ուրախ եմ ձեզ հայտնել այն նշաններն ու հրաշքները, որոնք Բարձրյալ Աստված գործել է իմ նկատմամբ»։ «Որքա՜ն մեծ են Նրա նշանները, և որքա՜ն զորավոր են Նրա հրաշքները: Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և Նրա իշխանությունը սերնդից սերունդ է»: (Սինոդական թարգ․)
   
   Նաբուգոդոնոսորի թագավորության վերջին տարիներին նրա անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները` երկրորդ երազը, հիվանդությունն ու ապաքինումը (գլուխ 4), այնքան նշանակալից էին, որ դրանց մասին նա իր հպատակներին հայտնեց հատուկ հրովարտակով: Այս դեպքում նա վարվեց ասորեստանցի մյուս թագավորների նման, որոնք հանդիսավոր հրովարտակներով խոսում էին իրենց գահակալության շրջանում տեղի ունեցած իրադարձությունների և նույնիսկ իրենց երազանքների մասին:
   Սկսելով Բաբելոնական կայսրության մեջ մտնող ժողովուրդներին և ցեղերին խաղաղություն մաղթելով (Ա Եզրաս. 4:17)՝ Նաբուգոդոնոսորի հրովարտակը անցնում է Բարձրյալ Աստծո մեծությունն ու թագավորի վրա կատարած հրաշքները փառաբանելուն: Դատելով այսպիսի սկզբից և համանման եզրակացությունից (Դան. 4:31–34)՝ մենք կարող ենք մտածել, որ հրովարտակի հրապարակման ամենամոտ պատճառը Բարձրյալի Աջի հանդեպ Նաբուգոդոնոսորի ունեցած խորագույն հարգանքի զգացումն էր, որով Տերը հարվածել և բուժել էր նրան: Իր անձնական փորձով համոզվելով, որ Բարձրյալը ղեկավարում է թագավորությունները (Դան. 4:29)՝ Նաբուգոդոնոսրն իր պատմության միջոցով ցանկանում է դրանում համոզել նաև ուրիշներին: Ենթադրվում է, որ հրովարտակի հրապարակման համար այլ խթաններ ևս եղել են: Նաբուգոդոնոսորի հիվանդությունը գաղտնիք չէր: Օրինակ՝ այդ մասին գիտեին նրան ժողովրդից հեռացրած արքունի պաշտոնյաները (Դան. 4:29–30), գիտեին նաև այն խորհրդականներն ու ազնվականները,  որոնք  ապաքինվելուց հետո գտան թագավորին (Դան. 4:33):  Նրանց միջոցով արքայի հիվանդության մասին լուրերը, բնականաբար, թափանցում են նաև ժողովրդի մեջ: Ուստի կեղծ և վնասակար մեկնաբանություններից խուսափելու և հիվանդության ու դրա պատճառների մասին ճիշտ պատկերացում  կազմելու նպատակով է Նաբուգոդոնոսորը դրա մասին հատուկ հրովարտակով պատմելն անհրաժեշտ համարում:
-------------------------------
[98](Էջմիածին թարգ․) Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին եւ լեզուներին, որոնք բնակւում են ամբողջ աշխարհում. «Թող բազմապատկուի՛ ձեր խաղաղութիւնը:
(Արարատ թարգ․ 4։1) Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։
(Գրաբար 4(3):98) Նաբուքոդոնոսոր արքայ, առ ամենայն ազգս և լեզուս որ բնակեալ են յամենայն երկրի, խաղաղութիւն բազմասցի ձեզ։