Ա. Լոպուխին
21-23. «Այն ժամանակ Դանիելն ասաց թագավորին. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր»։ [21] «Իմ Աստվածն ուղարկեց Իր հրեշտակին և փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև ես մաքուր գտնվեցի Նրա առաջ, և քո առաջ նույնպես, ո՛վ թագավոր, ես ոչ մի հանցանք չեմ գործել»։ «Այդ ժամանակ թագավորը չափազանց ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից, և Դանիելին հանեցին գբից, ու նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև նա հավատում էր իր Աստծուն»։ (Սինոդական թարգ․)
Դանիել մարգարեի փրկությունը Աստծո ամենազորության գործը և մարգարեի մոտ հրեշտակի հայտնվելու հետևանքն էր: Ինչպես Հրեշտակը հրաշքով փոխեց բնության տարրերի ազդեցությունը և կրակին ոչ թե այրել, այլ արդարներին հովացնել հրամայեց (Դան. 3։49–50), այնպես էլ այս դեպքում նա արգելեց առյուծներին դիպչել մարգարեին: Հիմքեր չկան կարծելու, որ Դանիելն աչքերի մագնիսական ուժ ուներ, որի օգնությամբ նա ընտելացնում էր վայրի կենդանիներին: Անհնար է նաև ենթադրել, որ առյուծները կուշտ էին, կամ էլ Հրեշտակը հրաշքով հագեցրել էր նրանց քաղցը (Կոռնելի, Կնաբենբաուեր): Նույն կենդանիները պատառոտեցին մարգարեի թշնամիներին նախքան վերջիններիս գբի հատակին հասնելը (համար 24):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի.
(Արարատ թարգ․ 6։21) Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։
(Գրաբար) Եւ ասէ Դանիէլ ցարքայ. Արքայ՝ յաւիտեա՛ն կեաց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: