Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):1

Սուրբ Հովհան Ոսկեբերան

1-26. «Բաղդասար արքայի երրորդ տարում մի տեսիլք երեւաց ինձ: Ես՝ Դանիէլս, առաջին տեսիլքից յետոյ, Էլամի երկրում գտնուող Շօշ ապարանքում էի, Ուբաղ գետի մօտ: Բարձրացրի աչքերս եւ տեսայ, որ, ահա, մի խոյ կար Ուբաղ գետի դիմաց, եւ նրա եղջիւրները բարձր էին. մէկը բարձր էր միւսից, եւ այն, որ բարձր էր, յետոյ էր դուրս գալիս: Տեսնում էի, որ խոյը ոգորում էր ծովի արեւմուտքի, հիւսիսի եւ հարաւի դէմ, ոչ մի գազան չէր կարող նրա դիմաց կանգնել, չկար մէկը, որ փրկուէր նրանից, նա անում էր այն, ինչ ուզում էր եւ հզօրանում: Ես հետեւում էի ու մտածում: Եւ ահա մի քօշ գալիս էր արեւմուտքից երկրի վրայով եւ գետնին չէր դիպչում. քօշը ունէր մի եղջիւր իր աչքերի միջեւ: Նա հասաւ եղջիւրաւոր խոյին, որին ես տեսնում էի Ուբաղի դիմաց, եւ յարձակուեց նրա վրայ իր ամբողջ ուժով: Ես տեսայ նրան, որ հասաւ մինչեւ խոյը: Նա կատաղեց, հարուածեց խոյին եւ խորտակեց նրա երկու եղջիւրները, իսկ խոյը ուժ չունէր նրան դիմադրելու: Քօշը խոյին գետին գցեց, ոտքի կոխան արեց նրան, եւ չկար մէկը, որ խոյին ազատէր քօշից: Քօշը մեծապէս հզօրացաւ, եւ հզօրանալիս խորտակուեց նրա մեծ եղջիւրը, որի տակից չորս այլ եղջիւրներ ելան՝ ուղղուած դէպի երկնքի չորս հողմերը: Դրանցից մէկից ելաւ մի հզօր եղջիւր, առաւել հզօրացաւ դէպի հիւսիս, ուժ ստացաւ, բարձրացաւ մինչեւ երկնքի զօրութիւնները եւ երկնքի զօրութեան ու աստղերի մի մասը նետեց երկրի վրայ եւ կոխոտեց դրանք այնքան ժամանակ, մինչեւ որ զօրավարը փրկի գերութիւնը. նրանով զոհաբերումները խանգարուեցին, եւ այդպէս եղաւ, ու դա յաջողուեց նրան. սրբութիւնը խաթարուեց, մեղքեր բարդուեցին զոհաբերումների վրայ, եւ արդարութիւնը վերացաւ երկրից. այդպէս արեց, եւ դա յաջողուեց նրան: Ես լսեցի մի սրբից, որ խօսում էր. եւ մի այլ սուրբ, որ խօսում էր նրա հետ, ասաց. «Մինչեւ ե՞րբ այդ տեսիլքը պիտի մնայ. զոհաբերումները վերացել են, մեղքերը աւերներ են գործել, եւ սրբութիւնն ու զօրութիւնը կոխոտուել»: Եւ ասաց նրան. «Պիտի մնայ մինչեւ երեկոյ եւ մինչեւ վաղորդեան, մինչեւ հազար երկու հարիւր վաթսունութ օր, ապա պիտի սրբանայ սրբարանը»»: «Եւ երբ ես՝ Դանիէլս, տեսիլքը տեսայ եւ փորձում էի խելամուտ լինել, ահա իմ առջեւ կանգնեց մի բան մարդու տեսքով, եւ ես Ուբաղ գետի միջից մի մարդու ձայն լսեցի, որ կանչեց եւ ասաց. «Գաբրիէ՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»: Եւ նա եկաւ կանգնեց այնտեղ, ուր ես էի կանգնած: Նրա գալու ժամանակ ես ապշեցի եւ ընկայ երեսիս վրայ: Նա ասաց ինձ. «Իմացի՛ր, մարդո՛ւ որդի, որ տեսիլքդ ժամանակի վախճանի մասին է»: Եւ մինչ նա խօսում էր ինձ հետ, յիմարացայ եւ երեսիս վրայ գետին ընկայ: Նա բռնեց ինձ, կանգնեցրեց ինձ ոտքերիս վրայ եւ ասաց ինձ. «Ահա ես ցոյց կը տամ քեզ, թէ վերջում ինչ է լինելու երկրի վրայ, քանի որ տակաւին հեռու է վախճանը: Եղջիւրաւոր այն խոյը, որ տեսնում էիր, պարսիկների եւ մարերի թագաւորն է. եւ այն քօշը յոյների թագաւորն է, իսկ այն մեծ եղջիւրը, որ նրա աչքերի միջեւ էր, նոյն ինքն առաջին թագաւորն է: Երբ նա խորտակուի, նրա տակ գտնուող միւս եղջիւրները՝ չորս թագաւորներ, կ՚ելնեն նրա ազգից, բայց ոչ իրենց ուժով: Նրանց թագաւորութիւնից յետոյ, երբ իրենց լրումին հասնեն նրանց մեղքերը, ժպիրհ երեսով մի թագաւոր պիտի բարձրանայ: Այս առեղծուածը խորհրդաւոր է, եւ հզօր է նրա զօրութիւնը: Նա սքանչելի բաներ պիտի կործանի, եւ դա պիտի յաջողուի ու կատարուի, նա պիտի ոչնչացնի հզօրներին եւ սուրբ ժողովրդին. նրան յաջողուելու է լծի տակ դնել ուրիշներին, նենգութիւն նիւթել իր ձեռքով, նա պիտի մեծամտանայ իր սրտում,  նենգութեամբ պիտի ապականի շատերին, շատերին կորստի պիտի մատնի եւ ձուերի պէս պիտի մանրի իր ձեռքում: Երեկոյեան եւ առաւօտեան տեսիլքը, որի մասին ասուեց, ճշմարիտ է, եւ դու կնքի՛ր քո տեսիլքը, որովհետեւ այն շատ օրերի համար է»:
   
   «Մի մարդու ձայն լսեցի,– ասվում է,– որ կանչեց և ասաց. «Գաբրիե՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»»։ Նայի՛ր հրեշտակների և հրեշտակապետերի պարտականություններին: Կա՞ արդյոք որևէ այլ մեծ զորություն: «Եվ նա մոտեցավ,– ասում է մարգարեն, – այն տեղին, որտեղ ես կանգնած էի, և երբ նա եկավ, ես սարսափեցի և երեսի վրա ընկա»: Ո՞ւր են նրանք, որոնք զրպարտում են հրեշտակներին: Հրեշտակն ինքնուրույն  ոչինչ չարեց: Տեսնո՞ւմ ես, որ նրանք էլ են բազում աստիճանների և տեսակների բաժանված: Առաջին տեսիլքում մարգարեն ասում է. «Մոտեցա այնտեղ գտնվողներից մեկին և հարցրի» (Դան. 7։16), սակայն այստեղ այդպես չեղավ: «Ես լսեցի մի սրբից, որ խոսում էր»․ կարծես չիմանալով՝ մեկ ուրիշին է հարցնում, որպեսզի Դանիելը իմանա: «Եվ ասաց,– ասում է նա,– Նրանց թագավորությունից հետո, երբ  լրումին հասնեն նրանց մեղքերը, ժպիրհ երեսով մի թագավոր պիտի բարձրանա» (Դան․ 8։23)։ Տե՛ս, թե ինչպես է մարգարեն հրեաներին ցույց տալիս, որ իրենք են մեղավոր. բայց նա դա հստակ չի արտահայտում, որ նրանք միտումնավոր չար չմնան։ Քանի որ եթե նրանք այդպիսին մնացին, երբ նմանատիպ որևէ բան չէր ասվել, ապա էլ առավել նրանք այդպիսին կմնային, եթե դա հստակ ասված լիներ. նաև այն բանի համար, որ դու իմանաս, որ Հոգին ամենուր զորություն ունի, որ Աստված կանխատեսում է ամեն ինչ,  և որ Նա թեև գիտեր նրանց ապագա մեղքերի մասին, բայց նրանց ազատեց գերությունից: Եվ ուշադրություն դարձրո՛ւ. եթե նա մատնացույց աներ տարիները, ժամանակը չշարունակվող կթվար։ Հետևաբար նա հաշվում է օրերը, որպեսզի նրանց վախեցնի դրանց բազմությամբ, և, ավելին, նա հաշվում է ոչ միայն օրերը, այլև գիշերները:

   Նա երկար ժամանակով  է կանգ առնում Անտիոքոսի օրոք տեղի ունեցած տխուր իրադարձությունների վրա, որպեսզի գոնե այս կերպ վախեցնի: «Եվ նրա ուժը կամրապնդվի», այսինքն՝ Աստված կարող էր կանգնեցնել նրան, սակայն հրեաների մեղքերի համար թույլ տվեց, և ոչ միայն մեղքերի համար, այլ նաև այն պատճառով, որ այդ չափը (այսինքն՝ մեղքերի չափը) լրացել էր: Մի՞թե մեղքերին չափ կա: «Որովհետև ամորհացիների մեղքերը,– ասում է Աստված,–  դեռ իրենց լրումին չեն հասել» (Ծննդ. 15։16): Եվ ուշադրություն դարձրո՛ւ. ոչ թե այրվելն է կանխատեսվում, այլ սպանության առանձին դեպքերը: Քանի որ ոմանք իրենց հայրերից ավելի լավ ու բարի կլինեն, ուստի նաև պատիժն ավելի փոքր կլինի: Սա ասվում է, որպեսզի նրանք, հպարտանալով Զորաբաբելի օրոք եղած հաղթանակներով, անփույթ չդառնան: Եվ տե՛ս, թե ինչպես նա Անտիոքոսի ժամանակներից հետո ոչ մի պայծառ բան չի մատնանշում, այլ խոսում է միայն աղետների ավարտի և նրանց ընդունվելու ժամանակի մասին: Ի՞նչ է։ Նա չի՞ կանխատեսել այս գերության մասին: Կանխատեսել է, բայց ոչ ամբողջությամբ: Այդ պատճառով էլ Քրիստոսը ասել է. «Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը,− որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով,− որ հաստատված է սուրբ վայրում» (Մատթ. 24։15): «Աղետները կգան»,– ասում է նա, բայց այնպես է ասում, կարծես թե  չի կանխատեսում:

   Այնուամենայնիվ, ոմանք ասում են, որ այս մասին արդարացիորեն չի կանխատեսվել, քանի որ այս գերությունը հստակ որոշված ժամանակ չի ունեցել: «Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց,– ասում է մարգարեն,– բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ» (Ես. 53։9): «Բայց դու թաքցրո՛ւ այս տեսիլքը, որովհետև այն վերաբերում է հեռավոր ժամանակներին», այսինքն՝ փրկի՛ր ու պահպանի՛ր, որպեսզի այն երկար ժամանակի ընթացքում չխեղաթյուրվի:

   Տե՛ս, թե ինչպես է Աստված միշտ խնայում հրեաներին: Նրանք եկան Եգիպտոս և չարացան. Նա նրանցից ոչ թե հեռացավ, այլ առաջնորդեց դեպի անապատ: Նրանք մնացին չարության մեջ. Նա նրանցից ոչ թե հեռացավ, այլ նրանց առաջնորդեց դեպի խոստացված երկիրը: Անտիոքոսի օրոք Նա նորից դուրս բերեց նրանց, և նրանք կրկին մնացին նույնը: Քրիստոսի օրոք նրանք կրկին նույնն էին. բայց նույնիսկ այդ ժամանակ Նա չհեռացավ նրանցից, այլ անընդհատ հոգ էր տանում նրանց մասին: Ինչպես բնությունից մեզ տրված բնական հատկությունները չեն լքում մեզ, ինչ էլ որ պատահի, այնպես էլ Աստված: Կամ ավելի ճիշտ, դրանք կարող են լքել մեզ, բայց Աստված երբեք չի հեռանում իր նախախնամությամբ և հոգատարությամբ: «Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին,– ասում է Տերը,– և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Եսայի. 49․15): Ինչպես մայրն է կատարում բնության օրենքը և չի նայում իր երեխաների լավ կամ վատ լինելուն, նույն կերպ էլ, նույնիսկ և ավելիով, Աստված է անընդհատ հոգ տանում, երբեք չի թողնում, միշտ գործում է:
   

Ա. Լոպուխին

«Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում ինձ՝ Դանիելիս, մի տեսիլք երևաց նախկինում ինձ երևացածից հետո»։ (Սինոդական թարգ․) [1]
   
   Այս գլխում զզետեղված տեսիլքի հիմնական առարկան Մեդապարսկական տիրապետության հունամակեդոնականով փոխարինվելու պատմությունն է (Դան. 8։3–7) և վերջիններիս Աստծո ընտրյալ ժողովրդի հանդեպ ունեցած վերաբերմունքի առանձնահատկությունները (Դան. 8։8–14): Երկու կետերում էլ այն լրացնում է նախորդ գլխի տեսիլքը:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Բաղդասար արքայի երրորդ տարում մի տեսիլք երեւաց ինձ:
(Արարատ թարգ․ 8։1) «Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում մի տեսիլք երևաց ինձ՝ Դանիելիս, նախապես ինձ երևացածից հետո։
(Գրաբար) Յամին երրորդի թագաւորութեանն Բաղտասարայ արքայի, տեսի՛լ երևեցաւ ինձ։ Ես Դանիէլ յետ տեսլեանն առաջնոյ,
   
   Պատմամշակութային մեկնություն
   Ժամանակագրություն։ Այս տարվա որոշման պարագայում էլ առկա են այն  նույն դժվարությունները, որոնք առկա էին 7։1 համարում եղած ժամանակի որոշման պարագայում (այս մասին ընթերցի՛ր վերոնշյալ համարի մեկնաբանությունը): Բաղդասարի երրորդ տարին, հավանաբար, համընկնում է մ.թ.ա. 550 կամ 547 թվականներից մեկին: 7–րդ գլխում նկարագրված տեսիլքում միայն մեկ թագավորության անուն է տրվում (Բաբելոն): Հիմա՝ երկու տարի անց, ևս երկու թագավորությունների անուններ  են տրվում: